«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՍԱ Է ԳԻՐՔԸ ՀԱՆՃԱՐԵՂ ԵՎ ԶԱՐՄԱՆԱԼԻ»

«ՍԱ Է ԳԻՐՔԸ ՀԱՆՃԱՐԵՂ ԵՎ ԶԱՐՄԱՆԱԼԻ»
04.03.2011 | 00:00

Օրերս Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում նշվեց կրթական ոլորտի մասնագետ, «Նոր վերնատան» և «Տաճար» կրթամշակութային գրական-գեղարվեստական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ Սերգեյ Մաճկալյանի «Զրույց Նժդեհի հետ կամ հուշարձան Նժդեհի 125-ամյակին» գրքի շնորհանդեսը: Մեծ զորավարի թողած բազմահատոր գրականությունը հեղինակն ընթերցողին է ներկայացնում զրույցի տեսքով: «Մեծ ժառանգություն է թողել Նժդեհը, և շատ եմ ափսոսում, որ ժամանակին չենք կարողացել կարդալ նրան, այդպիսի հսկային, բազում շնորհներով օժտված մարդուն»,- իր խոսքում ասաց մանկավարժ Սլավիկ Միքայելյանը և առանձնացրեց զրույցից երկու հարց ու պատասխան, որ բնորոշում են մեծ հային: «Հարցին` ի՞նչը ձեզ կերջանկացնի կյանքում, Նժդեհը պատասխանում է` չկա Հայաստան, ինձ համար չկա երջանկություն: Եվ հաջորդ հարցը` ի՞նչ արժեք ունեն պոեզիան և երաժշտությունը Ձեր կյանքում: Պատասխանը` մեռցրեք պոեզիան, երաժշտությունը, և մեր աշխարհը կդառնա խոզանոց»: Բանասիրական գիտությունների թեկնածու Ռոլանդ Ավետիսյանը կարևորեց այն, թե ինչ դասեր ենք քաղում նրանցից, ում համարում ենք հոգևոր մեծեր, առաջնորդներ: «Որովհետև կարող ենք ասել` ազգին պահողը լեզուն է և հավատը, բայց տեսնում ենք, ինչ է կատարվում իրականում»,- ասաց նա: «Սա է գիրքը հանճարեղ և զարմանալի»` Սերգեյ Մաճկալյանի գիրքը Եղիշե Չարենցի այս խոսքերով բնորոշեց Պավել Անանյանը: «Նժդեհի մասին շատ գրքեր են գրվել վերջին տարիներին, բայց այսքան պարզ ու զարմանալի մոտեցում առաջին անգամ եմ տեսնում,- ասաց նա:- ժողովուրդը կարդալ չի սիրում, Նժդեհի հատորները կարդալը շատերի համար անհնար է: Մաճկալյանի գիրքն օգնում է միանգամից մտնելու Նժդեհի աշխարհը: Հարկ է այն տարածել դպրոցներում, բանակում և այլուր»: Հարկ է նշել, որ Պավել Անանյանը մեծ աշխատանք է տարել Նժդեհի գաղափարախոսությունը տարածելու գործում, ՊԱԿ-ի հսկողության տարիներին, խիստ գաղտնի պայմաններում Ռուսաստանի Վլադիմիր քաղաքից Հայաստան է տեղափոխել Նժդեհի աճյունը: Սույն գրքի ստեղծման գործում նա նույնպես դեր է ունեցել: Գրքի առաջաբանում հեղինակը գրում է. «Թումանյանի 140-ամյակի առիթով գրված գրքի մեկ օրինակ նվիրեցի Նժդեհի թոռնուհուն` տիկին Գոհարինեին և իր ամուսնուն` իսկական մտավորական Պավել Անանյանին։ Մի քանի օր հետո պարոն Անանյանն այցելեց ինձ և կատարած աշխատանքի վերաբերյալ իր գոհունակությունը հայտնելով` առաջարկեց, որ նման մի գիրք էլ գրեմ Նժդեհի մասին»: Շնորհանդեսը համեմվեց ազգային, հայրենասիրական երգերով: Սերգեյ Մաճկալյանն իր խոսքում հույս հայտնեց, որ ընթերցողը, թերթելով գիրքը, կզգա այն, ինչ ինքն է զգացել` գրելով այն:
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ