«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ` ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ԵՐԵՔ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

ԽՈՍՔ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ` ՈՒՂՂՎԱԾ ՀՀ ԵՐԵՔ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ
04.10.2011 | 00:00

ԱՆԿԱԽ ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ
ՀՀ ոստիկանության պետ Ալիկ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ

Պարոն Անդրեասյան, եթե ոչ ողջ հայ ժողովուրդը, ապա Արարատյան դաշտի բորբ արևի տակ տանջվող, ապրուստը մի կերպ հոգացող ժողովուրդն իր ամենօրյա աղոթքը ոչ թե առ Աստված է ուղղում` խնդրելով իր հացը հանապազօրյա, այլ Ձեզ` Հայաստան երկրի ջրերի թագավորին, ասելով.
-Պարո՛ն Անդրեասյան, տո՛ւր մեզ մեր ջուրը հանապազօրյա, մեր աղի քրտինքով մշակվող դաշտերը մի՛ վերածիր անապատի, բերքի հասունացման պահին բույսի մոտ ծաղկավիժում մի՛ առաջացրու, մի՛ ստիպիր գյուղացուն անիծելու իր ծնունդը, նրան մի՛ վանիր երկրից դուրս, զսպի՛ր քո տեղական ցեցերի ախորժակը և Աստծո բարիք ջուրը դժոխքի կրակ մի՛ դարձրու մեզ համար:
Քեզ աղոթելուց հետո ժողովուրդը խոսքն ուղղում է Աստծուն.
-Տե՛ր Աստված, Անդրեասյանի կաբինետը ձմռանը տաք պահիր, իսկ ամռանը զով, հանկարծ նա դուրս չգա արևի տակ քայլի փոշոտ ու չոր դաշտերով, հանկարծ չքրտնի, չմրսի, և տեսնի մեզ` պլեբեյներիս, ծով քրտինքի մեջ հողի հետ կռիվ տալիս: Միայն ականջին ասա, թույլ մի տուր քեզնից ներքև կանգնածներին, հատկապես ջրպետներին (դե, սրանք ովքեր են, չնչին ոչնչություններ, բայց որոնց հետևի կանգնածները իսկական զևսեր են), որ ջուրը սուր դարձնեն և ամեն րոպե ճոճեն ժողովրդի գլխին:
Այսքանը որպես նախաբան: Իսկ հիմա ավելի մանրամասն ասենք պարոն Անդրեասյանին իր բնագավառում տիրող հոռի բարքերի, աշխատողների անբարո վարքագծի մասին, և այդ վարքագծով աշխատողներին հայտնենք, որ դուք բոլորդ ձեր չնչին ոչնչությամբ հողի աշխատավորին մի՛ հանեք պետության դեմ, նախագահի դեմ: Մեկ անգամ չէ, որ ծարավից չորացած բույսը ձեռքին աշխատասենյակ է մտել գյուղացին, զայրույթը հազիվ զսպելով, թե. «Ասում ես` սիրի՛ր հայրենիքդ: Ասա՛, ինչպե՞ս սիրեմ իմ քրտինքը չգնահատող հայրենիքը»:
Ես բարձր պաշտոնյա չեմ, ընդամենը գյուղապետ, որն ամեն օր շփվում է գյուղացու հետ, տեսնում է նրա օրը, նրա ծանր աշխատանքը, իր յուղի մեջ մի կերպ տապակվող մարդկանց, ուստի լավ եմ հասկանում նրա զայրույթը, թեպետ այն էլ եմ հասկանում, որ նրա զայրույթը լեզվին է, նա հոգով չի ատում իր հայրենիքը, այլ նրանց, ովքեր երբեմն ապաշնորհությամբ, երբեմն ընչաքաղցությամբ, երբեմն էլ լկտիությամբ հայրենիքը իր համար լեղի են դարձնում:
Որ այսօր ոռոգման ջուրը Հայաստանի առաջնային պրոբլեմներից մեկն է, գաղտնիք չէ: Եվ փա՜ռք Տիրոջը, որ Հայաստանը սակավաջուր երկիր չէ: Պարզապես Տիրոջ տված հարստությունը բնագավառի անբանների անբանության պատճառով միլիարդավոր խորանարդ մետրերով հոսում է դեպի Կասպից ծով: Խոշոր ներդրումներ են պետք, գուցե կասեն այդ անբան «խելոքները»: Չվիճարկելով գումարի պրոբլեմը, պարզապես կասեմ` գումարից առավել սրտացավություն է պետք: Քանի՞ միլիարդ դրամ ծախսվեց Ազատ գետի հունը մաքրելու համար, այսինքն` գետի միջի ավազախիճը այս ու այն կողմ տալով մի՞թե հարցը լուծվեց: Ահռելի գումարներ ծախսվեցին նաև այլ գետերի հուները նման ձևով մաքրելու համար: Եվ մի՞թե դա հարցի լուծում էր: Այսօր ոռոգման ջրի հազար խորանարդ մետրն արժե 11 դրամ: Դե եկ ու մի ասա, այ քեզ էշություն, միլիարդավոր խորանարդ մետրեր ջուրը գնա ու լցվի Կասպից, իսկ սեփական ժողովրդի վրա այն վաճառվի 11 դրամով: Ասենք այդ էշությունը հին ժամանակներից է գալիս. կար Մարտիրոսյան անունով մի նախարար, որը բացահայտ հայտարարում էր, թե ավելի լավ է ջուրը գնա և լցվի Արաքսը, քան ձրի տանք ժողովրդին: Խոսքը գարնանային հեղեղումների ջրերի մասին է: Ճիշտ է, այս տարի վարչապետն ապսպրեց այդ ջրերը մինչև մայիսի վերջն ուղղել Արարատյան դաշտ և անվճար տրամադրել ջրօգտագործողներին։ Բայց դե, վարչապետն ո՞վ է, որ ջրպետը ենթարկվի նրա որոշմանը: Որպեսզի խոսքերս անհիմն չլինեն, նշեմ կոնկրետ օրինակներ: Այգեստանում «գլխավոր» ջրպետ Տիգրան Հովսեփյանը (այդ հերոսի և նրա համախոհ ջրպետի մասին ավելի մանրամասն` քիչ հետո), ինձ ստիպում է վճարել 42 հազար դրամ գումար մինչև մայիսի 30-ը օգտագործած ջրի համար: Եվ ոչ միայն ինձ:
Իմ կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս (իսկ դա կհիմնավորեմ կոնկրետ փաստերով և օրինակներով), որ իրականում գյուղացուց ավելին են գանձում, քան 11 դրամը:
Այգեստան գյուղի համար միշտ էլ պրոբլեմ է եղել ոռոգման ջուրը: Գյուղի հողերի մի մասը` մոտ 125 հա, սնվում է Մխչյան ՋՕԸ-ի ծառայություններից, իսկ մնացած մոտ 280 հեկտարը` Արտաշատ ՋՕԸ-ից:
Մխչյան ՋՕԸ-ից օգտվողները հաճախ են դիմել ինձ, որպես գյուղապետի, և հայտնել իրենց բողոքը ջրի սակագնի վերաբերյալ, որ յուրաքանչյուր հազար մետր այգի, ծառ, առվույտ ջրելու համար իրենցից վերցնում են 2000 դրամ, իսկ բանջարաբոստանային կուլտուրաների համար` 1500 դրամ (այդքան առայսօր մուծել են): Հիմա մի փոքր զբաղվենք թվաբանությամբ և ցույց տանք, թե այդ թվի դեպքում ինչ գումարներ են կորզվում գյուղացուց:
0,1 հեկտար առվույտը մեկ անգամ ջրելու համար պիտի վճարվի 2000 դրամ: Տարին առվույտը հնձվում է է 4-5 անգամ (և ամեն հնձվելուց առաջ ջրվում 2 անգամ): Վերցնենք մինիմումը` չորս անգամ: Ջրի գումարը չորս անգամվա համար կլինի. 4 x 2 x 20 հազ=160 հազար դրամ: Թե գյուղացու ստացվելիք եկամուտը որքան կլինի մեկ հեկտարից, թողնենք պարոն Անդրեասյանին: Թվաբանությամբ զբաղվելիս պարոն Անդրեասյանը թող հաշվի առնի հնձելը` 30 000 դրամ, հավաքելը, բեռնելը, տեղափոխելը` 15 000 դրամ: Չհակավորելու դեպքում կծախվի մեկ տոննան 30 000 դրամ, իսկ հակավորելու դեպքում մեկ հակը` 800 դրամ: Չհակավորելու դեպքում եկամուտը կկազմի 360 000 դրամ, հակավորվելիս` 480 000 դրամ: Եթե հանենք հակավորելու արժեքը` 108 000 դրամ, համարյա նորից նույնն է մնում` 360 000 դրամ: Հաշվարկները կատարվել են հեկտարից 12 տոննա ելակետային տվյալներով:
Փաստորեն գյուղացու ծախսերը`
չորս անգամ հնձելը -120 000
հավաքել, բեռնել, տեղափոխելը- 60 000
ջրի ծախսը -160 000
հողի վարձը - 25 000
Ընդհանուր ծախսերը -345000 դրամ
12 տոննա առվույտը պիտի լինի 600 հակ: Հակը 800 դրամով կստացվի 480 000 դրամ: Գյուղացու եկամուտը կկազմի 480 – 345 = 135 հազ. դրամ: Դա շատ է, թե քիչ, չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ Ձեր նախարարական կաբինետում տարվա ընթացքում Դուք միայն այդքան գումարի կապուչինո, թեյ կամ զովացուցիչ ըմպելիք կխմեք, պարոն Անդրեասյան:
Հիմա անցնենք 1500-ի հաշվարկին: Մեկ հեկտար կաղամբ ջրելու համար (ջրպետ Տ. Հովսեփյանը իր չգրանցված գործընկեր Ս. Մկրտչյանի միջոցով գյուղացուց վերցնում է, այն էլ կանխիկ, 1500 դրամ) կպահանջվի 15-20 «ջուր»:
Վերցնենք 15 թիվը: Կստացվի 1 հա-ի հաշվով 15 x 15 = 225 հազ. դրամ: Երբ ստացա գրավոր բողոք գյուղացիներից և այն ուղարկեցի Արարատի մարզի դատախազություն, այսինքն, երբ կեղտը դուրս եկավ ջրի երես, հետաքննիչ Ա. Վահանյանին դեմ տվեցին Մխչյան ՋՕԸ-ից հետևյալ թուղթը, որի բովանդակությունը մեջ բերվում է ամբողջովին.

Քաղվածք Վարչական խորհրդի նիստի թիվ 2 28.03.11 թ. արձանագրությունից

Վարչական Խորհրդի նիստի օրակարգի 3-րդ հարցը վերաբերվում էր ընկերությունում ջրի վարձաչափերի հաստատմանը:
Այս հարցի շուրջ ելույթ ունեցավ ընկերության գլխավոր ճարտարագետ Գ. Ալոյանը: Նա նշեց, որ 2010-ից սկսած, երբ ոռոգման ջրի սակագինը դարձել է 11 դրամ, ընկերության բոլոր համայնքներում կատարվել են բազմակի ջրաչափումներ, տարբեր գոտիներում, տարբեր կուլտուրաների համար:
Ջրաչափումները ցույց են տվել, որ պտղատու, խաղողի այգիների, առվույտի համար 1 հա-ն 1 անգամ ջրելուց ծախսվում է մոտավորապես 1800։2000 խմ ոռոգման ջուր, իսկ բանջարաբոստանային կուլտուրաների համար մոտավորապես 1100։1200 խմ:
ՈՒստի, միջինացնելով այս բոլորը, որոշվել է պտղատու, խաղողի այգիների, առվույտի համար սահմանել 1 հա-ն 1 անգամ ջրելու վարձը` 20000 դրամ, իսկ բանջար-բոստանային կուլտուրաները` 1 հա-ն 1 անգամ ջրելը` 13000 դրամ:
Խնդրում եմ Վարչական խորհրդից քննարկել և ընդունել նոր որոշում` կապված 2011-ի վարձաչափերի հետ:
Վարչական խորհուրդը քննարկեց և միաձայն որոշեց.
Անփոփոխ թողնել սահմանված վարձաչափերը, քանի որ սակագնի փոփոխություն տեղի չի ունեցել:

Նիստի նախագահ Հ. Հովհաննիսյան
Քարտուղար Ա. Փիրումյան


Եթե ելակետային տվյալը վերցնենք 13000 դրամը, ապա 1 հեկտար կաղամբի համար (Տիգրան Հովսեփյանի կողմից հողերը մշակող թութունի դաշտերի մասին իր տեղում) կստացվի 15 x 13000 = 195 հազար դրամ: Թե վերջում ինչ կմնա գյուղացուն, այդ մեկ հաշվարկն էլ կթողնենք նախարարին: Այդ թվերի մասին ինչ կասեք, պարոն Անդրեասյան: Իբրև թե 11 դրամը քիչ է, վերադիրն էլ ջրպետների համար պետք է վճարի գյուղացին: Գուցե դու ասես` 1000 խորանարդ մետրն արժե 11 դրամ: Թող հաշվիչներ օգտագործեն և վճարեն ըստ հաշվիչի: Խելացի միտք եք հղում, պարոն Անդրեասյան, բայց ասեք խնդրեմ, ո՞վ է այդ ազնիվ հաշվարարը, որ պիտի հաշվի խղճի մտոք, կամ էլ թե այսօրվա գյուղացին գլուխ կհանի՞ այդ հաշվիչից կամ նրան կից աղյուսակներից: Ասելիքս հիմնավորեմ փաստով: Երբ նյութեր էին նախապատրաստվում մեղավոր անձանց քրեական պատասխանատվության հարցը լուծելու համար, ջրպետները սկսեցին գործել իսկ և իսկ Թումանյանի հեքիաթի աղվեսի պես` գնամ կացինը բերեմ, ծառը կտրեմ: Այժմ, պարոն Անդրեասյան, ասեմ, որ այսօրվա հայ գյուղացին հեքիաթի կկվից շատ հարցերում ավելի միամիտ է, անգամ նաիվ: Երբ հաշվիչը դրեցին Տիգրան Ավետիսյանի դեղձանոցի վրա, նրան համոզեցին, որ քո մեկ ջուրը ստացվեց 23 հազար դրամ, ուրախ եղիր, որ քսան հազար ենք գանձում: Ես Ավետիսյանին խնդրեցի ստանալ հաշվարար հանձնաժողովից իրենց տված ջրի չափի և կազմած գումարի մասին. տեղեկա՞նք, ասաց, ինձ նման թուղթ չեն տալիս: Ավետիսյանը չհասկացավ, թե ինչու, բայց ինձ դա պարզ էր: Պարզ էր, որովհետև երբ հաշվիչը տեղադրեցին գյուղապետարանի աշխատող, մասնագիտությամբ գեոդեզիստ Էդիկ Մկրտչյանի 0,48 հա հողամասի ջրի ակունքի մոտ, և հաշվարարները, երբ համոզվել էին, որ գործ ունեն մասնագետի և ոչ թե կկվի միամտությամբ մեկի հետ, լռել էին: Իսկ այդ լռությունն ասել է, որ Էդիկ Մկրտչյանի մեկ ջրի գինը 5 հազար դրամ է և ոչ թե 10 հազար դրամ, ինչպես ամեն անգամ գանձել են ապօրինի աշխատող Սամվել Մկրտչյանը և սրա «հրամանատար» Տիգրան Հովսեփյանը: Ավելին ասեմ, պարոն Անդրեասյան, երբ բողոքողներից մեկը` Լյուդվիգ Հովհաննիսյանը, կես հեկտարի համար մուծել է 50 հազար դրամ, չեկերն էլ առկա են, արդեն քսան օրից ավելի ջուր չեն տալիս, որովհետև պահանջում է հաշվիչ տեղադրել, որպեսզի ջրի այդ հողամասը: Մտածում եմ, արդյոք 11 դրամը հաշվիչ տեղադրելը այն գլխից միտումնավոր չի՞ տված խեղճ ու կրակ գյուղացուն հավերժ կեղեքելու համար: Իսկ տողերիս հեղինակին ջուր չեն տալիս, որովհետև . . . Բացեմ այդ «որովհետևը»: Որպես գյուղապետ առաջին խնդիրս է ապահովել հարկային մուտքերը: Տիգրան Հովսեփյանը մշակում է Արայիկ Խաչատրյանի 0,53 հա հողամասը, էլի ուրիշ հողեր, մոտ 4 հա: Երբ Խաչատրյանից պահանջեցի հողի հարկը, նա թե` Տիգրան Հովսեփյանը պիտի մուծի, նա է մշակում: Երկրորդ անգամ պահանջելուց հետո Տ. Հովսեփյանը մոտեցավ ինձ և մի պարզ գործարք առաջարկեց` դու ինձնից հողի հարկ մի ուզիր, ես քեզնից ջրի վարձ չեմ ուզի: Նա իր համար չսպասված պատասխանը ստացավ ինձնից: Այս տարի Սամվել Մկրտչյանին, որը նույնպես մշակում է ուրիշի հողեր, ասացի, որ ես մուծել եմ (առկա են համարակալած չեկերը) քո, Արսեն Կարապետյանի, Բենիամին Բենիամինյանի հողերի վարձը` 42 հազար դրամ, խնդրում եմ դրան համապատասխան ինձ տուր այդքան հազար դրամի հողերը ջրելու չեկ: Այդ երկու պարոնները սկսեցին ինձ բոյկոտի ենթարկել: Էն էլ ասեմ, պարոն նախարար, որ ես ամեն անգամ մեկ անգամ ջրելու համար հողի 0,1 հա համար վճարում եմ 1000 դրամ: Այսինքն` այնքան, ինչքան հաշվիչով վճարել է Էդիկ Մկրտչյանը: Տեղին է նշել համագյուղացի Մելսիկի հողը` առվույտը, որը, երկրորդ տարին է, չեմ կարողանում ջրել, թեպետ հողի հարկը մուծում եմ, այդ մասին կա Տիգրան Հովսեփյանի տված տեղեկանքը: Տեղին է գյուղացու խոսքը, եթե դու գյուղապետ ես և չես կարողանում ջրել, ապա ես ինչպե՞ս ջրեմ: Ջուրը նորմալ չի մատակարարվում, ավելի ճիշտ, ջրպետները հայտ չեն ներկայացնում, որպեսզի հասույթ չերևա, կամ էլ այնքան են ներկայացնում, որ ջրեն իրենց թութունի, կաղամբի և մշակվող այլ հողերը: Պարոն Անդրեասյան, երբ հետաքննիչի հետ փորձեցի պարզել մի շարք հարցեր, փաստացի պարզվեց ավելին, քան կարող էի պատկերացնել: Պարզվեց, որ ես ունեմ օգտագործած ջրի համար վճարած չեկեր, բայց իմ, եղբորս, հարազատներիս անունով ավելի քիչ է մուտքագրված: Խոսքը 2010 թվականի մասին է: Այսպես, Կարինե Հովսեփյանի անունով ունեմ վճարած 29 000 դրամի չեկ, իսկ մուտքագրված է 17 000 և հասույթն էլ գրված է 63 800 դրամ: Նշեմ, որ հողամասի չափն է 0,51 հա: Իսկ Հարությունյան Սամվելի անունով, որը գնել եմ աղջկաս անունով, տարիներ շարունակ մուծած գումարները չեն մուտքագրվել և ջուր օգտագործող մնացել է դեռևս Ս. Հարությունյանը: Պարոն Անդրեասյան, չեմ հրապարակում ջրպետների կողմից կատարված մախինացիաների ողջ ծավալը, որովհետև կասկածում եմ կատարվող քննության օբյեկտիվությանը: Եվ դրա առիթը տվեց հետաքննիչ Ա. Վահանյանը: Երբ համագյուղացի Գագիկ Սահակյանը հայտնեց, որ ինքն իր սեփական տրակտորով ծառայություններ է մատուցել Ս. Մկտչյանին և Տ. Հովսեփյանին, որի դիմաց նրանք ջուր են տվել և ջրել է իր 0,5 հա հողամասը, մյուս օրը Սահակյանի ասածը հայտնի դարձավ չգրանցված ջրպետ Սամվել Մկրտչյանին և սրա «հրամանատար» Տիգրան Հովսեփյանին և երկուսով միասին սկսեցին ահաբեկել Գ. Սահակյանին, ոչ ավելի, ոչ պակաս անվանելով բարոյական օրենքներից զուրկ մարդու տղա: Երբ այդ հարցը քննարկվում էր մարզի դատախազի մոտ, հետաքննիչի արարքը որևէ գնահատականի չարժանացավ: Հետաքրքիր է, այդքանից հետո ո՞վ կհանդգնի ցուցմունք տալ և ասել ճշմարտությունը: Ավելին ասեմ, այդ երկու ջրպետները այնքան «հզոր» են, որ գյուղացիներին ահաբեկում են, ասելով, թե դա Հովիկ Աբրահամյանի կանալն է (իհարկե, նրանք այդքան կուլտուրական չեն արտահայտվում), ո՞վ ինչ կարող է անել: Ես հիմա եմ հասկանում, թե ինչու Ջոնիկ Աբրահամյանը Ազգային ժողովի ընտրություններում պարտվել է Այգեստան գյուղում: Պրովոկատորները միշտ էլ ունակ են խաբելու ժաղովրդին: Ի՞նչ կապ ունեն Հովիկ Աբրահամյանը կամ նրա եղբայրը Մխչյանի ջրանցքի հետ, այդպես էլ ինձ պարզ չէ:
Երբ պատահաբար ձեռքս ընկավ Մխչյան ՋՕԸ-ի Այգեստան համայնքի ջրի մատակարարների ցուցակը, տեսա, որ գյուղացիների վրա կուտակվել է 49 700 585 դրամ պարտք: Իմ հարցին, թե ինչո՞ւ չեք տալիս դատարան, մի պատասխանատու աշխատող ասաց, թե ինչ է, մենք հայ ժողովրդի թշնամի՞ն ենք: Լավ է, չէ՞, հայ ժողովրդի թշնամին չեն, բայց նրա վրա ջուրը հավելագրում են ու հավելագրում: Գուցե հենց դրա համար չեն տալիս, որպեսզի նեխահոտը չփչի: Ես գիտեի, որ իմ և հարազատներիս վրա հասույթ չկա և ամեն տարի կանոնավոր մուծել եմ վարձերը: Այդպես հավատացած է նաև Գագիկ Սահակյանը, որ ինքը ծառայություններ է մատուցել և դրա դիմաց փակել են 2010-ին իր ջրի վարձը, մինչդեռ, դրա դիմաց գրված է Սահակյան Ռիմա (մայրը)` 0,5 հա, 20 900 հասույթ, մուծում 10 000 դրամ, պարտքը` 222 050,4 դրամ: 10 հազար դրամ, այսինքն` այնքան, որքան մուծել է նա: Բա ի՞նչ եղավ ծառայությունների վարձը: Հավանաբար այն, որ 0,5 հեկտարի հասույթը գրել են 20 900 դրամ: Իսկ թե Գագիկ Սահակյանի հետ ուրիշ ինչ մախինացիաներ են արել և նորից խաբել, գուցե լրացուցիչ հարց տալ, կասի ինքը: Թե տրակտորիստ Սամսոն Եղիազարյանի 0,5 հա-ի համար ջրի հասույթն ինչո՞ւ է կազմում 9900 դրամ, գուցե քննությունը կպարզի: Երևի Սամսոնի կողմից տրակտորով մատուցած ծառայություններն էլ այս կարգով են գնահատել: Տեղին է հարցնել, Եղիազարյան Սոսիկի (Սամսոնի հայրն է) հողը 0,4 հա է, իրար կողքի են, հասույթը կազմել է 31 900 դրամ, գուցե նրա համար, որ ինքը տրակտոր չունի և ծառայություններ չի մատուցել: Եվս մեկ օրինակ. Հախնազարյան Վահագն ունի 0,504 հա հող: Հասույթը գրել են 106 700 դրամ: Ի՞նչ տարբերություն Սամսոնի և Վահագնի կես հեկտարների միջև: Եվ նման օրինակները բավական են, բավական է նաև այն հողամասերի թիվը, որոնց վրա հասույթ չի գրված, բայց փարթամորեն աճել են: Քննիչին կուտ են տալիս, և նա գիտակցաբար ընդունում է այդ կուտը (հավանաբար զեկուցելու ժամանակ վերևներին խաբելու համար): Հարգելի քննիչ, Արայիկ Խաչատրյանի տված կուտն ուտելուց հետո, կխնդրեի տեղազննություն կատարել նրա հողում և ճշտել ասածների ճշտությունը: Կուզենայի նաև ասել, հարգելի քննիչ, Արայիկ Խաչատրյանի անունով 2010-ի` գրած անմշակ հողի համար, 2011-ի մուծած 20 հազարը արդեն հանցավորության բացահայտումից հետո է: Իսկ 2009-ի մուծած չեկերն ո՞ւր են։
Էլի՞ շարունակեմ, հարգելի պաշտոնյաներ, թե վերջակետ դնեմ և սպասեմ, որ քննիչը բարեհաճի ինձնից էլ ցուցմունք վերցնել: Սամվել Մկրտչյանը և Տիգրան Հովսեփյանն իրենց մշակած ծաղկակաղամբի և հատկապես Հովսեփյանի մշակած 2,5 հա (եթե ոչ ավելի) թութունի համար առայսօր որքա՞ն են մուծել: Եթե ոչ, ապա բարոյական ո՞ր իրավունքով ջրի հայտ չեն ներկայացնում և գյուղացուն զրկում են իրենց քրտինքով հացը վաստակելու իրավունքից:
Պարոն Անդրեասյան, փաստերը շատ են: Վերջում կուզենայի հարցնել, քանի՞ տարին մեկ անգամ է ձեր КРУ-ն (չգիտեմ այսօր այն ինչպես են անվանում նախարարությունում) երբևէ ստուգում ՋՕԸ-ները, թե նստած կաբինետում ստորագրում եք, ինչ մատուցում են: Ասում են` եկող տարի ջուրը ևս մեկ դրամով թանկանալու է: Այո՞, պարոն Անդրեասյան: Իմ կարծիքով, ջուրը չի կարող լինել հինգ դրամից ավելի: Պարզապես հարկավոր է հոգալ գյուղացու մասին և ոչ թե կաբինետում նստել և սպասել, թե ո՞վ ինչ կհրամցնի:
Դուք, պարոն Անդրեասյան, ղեկավարում եք մի բնագավառ, որը կենսական է: Ղեկավարելն արվեստ է և ոչ ամենքին տրված:
Հարգելի ոստիկանապետ, հավատացած եմ, որ նման ծանր բանդայի բացահայտումից հետո, Դուք ձեռնամուխ կլինեք այս բնագավառում կատարված մախինացիաների բացահայտմանը:
Հարգելի Աղվան Գառնիկիչ, գյուղացին երկրի բուրգի առաջին աստիճանն է: Խնդրում ենք Ձեր անմիջական հսկողությունը նյութերի, թե քրեական գործի (ես չգիտեմ, թե մոտ 40 օրվա ընթացքում այն որտե՞ղ և ո՞ւմ մոտ է գտնվում):
Վերջում, եթե ես ճիշտ չեմ, պատրաստ եմ պատասխան տալու օրենքի առաջ: Ես երդվել եմ իմ գյուղացիների առջև, որ կպաշտպանեմ նրանց շահերը, անկախ ամեն ինչից:
(շարունակությունը` առաջիկա համարներում)
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հ. Գ. - Բոլոր փաստերը հնարավոր չէ նշել մեկ հոդվածում: Բացի այդ, ինչո՞ւ նախապես բացահայտեմ բոլոր փաստերը; Ասեմ, որ ես կուտ տվող չեմ:

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ