«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ «ՕՐԵՐԸ ՀԱՇՎՎԱԾ» ԵՆ

ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ «ՕՐԵՐԸ ՀԱՇՎՎԱԾ» ԵՆ
25.02.2011 | 00:00

Ինչպես արդեն տեղյակ ենք, 2011-ն այնքան էլ լավ չսկսվեց նրանց համար, ովքեր փորձում են հայկական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշի մեքենայով, վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշի մեքենայով հատել Վրաստան-ՀՀ սահմանը: Սկզբում վերջիններիս համար «ներդրվեց» պարտադիր ապահովագրման համակարգը (մեկ ամսվա համար` 5-6000, մեկ տարվա համար` 32000 հայկական դրամ), զուգահեռ` վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշերով մեքենայի վարորդի համար սահմանվեց ՀՀ-ում գտնվելու առավելագույն ժամկետը` 1 ամիս (հայկական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշի մեքենայի վարորդի համար այդ ժամկետը գործում էր վաղուց): Ս.թ. փետրվարի 5-ից «համակարգ ներմուծվեց» ևս մեկ նորարարություն. վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշով մեքենայի վարորդի համար ՀՀ-ում գտնվելու առավելագույն ժամկետը կրճատվեց` հասցվելով առավելագույնը 15 օրվա: Սա դեռ ամենը չէ: Վերջինս կարող է մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում գտնվել առավելագույնը 90 օր: Այսինքն, եթե վարորդն իր համար նախատեսված 15 օրը լիարժեք վայելի ՀՀ-ում, ապա բաղձալի 7-րդ մուտքի ժամանակ նրան կարգելվի մտնել ՀՀ տարածք: Իսկ հայկական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշով մեքենայի վարորդի համար այս ժամկետը, ճշտված տեղեկությունների համաձայն, տարեկան առավելագույնը 30 օր է` թվով 2 մուտքի թույլտվությամբ:
Փորձենք հասկանալ այս թնջուկի իմաստը: Սկսենք նրանից, որ այս օրերին վրաց պետական բարձրաստիճան պաշտոնյաների օրումեջ այցերն այնքան էլ պատահական չեն: Հավաստի աղբյուրների համաձայն` հաճախակի այցերը (այն էլ` նախագահի ու վարչապետի մակարդակով) խոսում են այն մասին, որ մերոնցից լուրջ ակնկալիքներ ունեն, բան են ուզում հասկացնել, փորձում են անընդհատ զիջումներից ու օլիմպիադաներից խոսել, իսկ հայկական կողմը «կողի է ընկել» ու դեռ դիվանագիտորեն ժպտում է: Հրապարակված տեղեկությունների համաձայն` վրացիներն այս օրերին թանկացրել են հայկական բեռնափոխադրումներից գանձվող մաքսային արժեքը, իսկ հայկական կողմն էլ, այս ամենից նեղացած, կատարում է իր «համապատասխան հակաքայլը»:
Վերոնշյալն էլ հասկանալի է, և այս ամենի ֆոնին փորձենք մերոնց էլ հասկանալ. եղբայրք պատվարժան, իսկ ինչո՞ւ պետք է ՀՀ-ում գործածվող հայկական պետհամարանիշով մեքենայի վարորդը տեխզննում անցկացնի, կատարի պետական տուրքեր, ապահովագրի մեքենան, բյուջեն հարստացնի ու դրանով կենսաթոշակառուի մասին հոգ տանի, իսկ վրացական պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդը տարիներով ձրիակերի պես գործածի մեքենան: Օրինակ, ՀՀ հյուսիսային շրջանների` Տաշիրի, Շիրակի, Ալավերդու, Վանաձորի քաղաքացիների մեծ մասն արդեն օգտագործում է վրացական պետհամարանիշերով մեքենաներ (նշենք, որ խոսքը երկու դեպքում էլ հայկական քաղաքացիությամբ վարորդների մասին է): Այս նույն միտքը լսեցինք նաև Բավրայի սահմանային մաքսակետի աշխատակցից: Լավ: Սա էլ մի կերպ «մարսեցինք»: Հավելյալ նշենք, որ վրաց ղեկավարությունը դրա դեմն առնելու ուրիշ ձևեր ու մեթոդներ կիրառեց. վերջին տարիներին ազգայնացրեց իր քաղաքացիների գործածած բոլոր ռուսական, հայկական և այլ պետհամարանիշերով մեքենաները, ներկայումս էլ տուգանքի որոշակի չափ կա, եթե իրենց քաղաքացիները Վրաստանում շահագործում են այլ երկրների պետհամարանիշերով մեքենաներ: Ազգայնացրեց` գրեթե անվճար: Իսկ մերոնք, ինչ-ինչ հաշվարկներից ելնելով, մեքենայի մաքսազերծման համար պահանջում են աստղաբաշխական գումարներ։
Հետաքրքրական է, թե ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությունն ինչո՞վ է արդարացնում իր այն քայլը, որով այս անգամ ժամկետ է դնում վրացական քաղաքացիությամբ անձնագրով և վրացական պետհամարանիշով մեքենայի վարորդի համար:
Այստեղ հարկ ենք համարում մի փոքր կանգ առնել և հիշեցնել բոլորին, որ այս դեպքում խոսքը պատահական վրացու մասին չէ: ՊԵԿ-ի անձնակազմն էլ քաջ գիտի, որ խոսքը 150 հազար ջավախահայության, Վրաստանի ադրբեջանաբնակ հարավային Թեթրի-Ծղարո, Բոլնիս, Մառնեուլ շրջանների 30 հազար հայության (չխոսելով արդեն Թիֆլիսի ու Բաթումի հայության մասին) մասին է, որոնք բազմաթիվ թելերով կապված են մայր հայրենիքին: Ասենք, Բաթումի կամ Փոթիի վրացին հաստատ չի տոչորվում, որ սեփական մեքենայով իր գիշերներն անցկացնի Խուստուփի լանջին կամ Գառնու Ազատ գետի ափին: ՊԵԿ-ի ղեկավարները երբևիցե քննե՞լ են այս խնդիրը, թե՞ Վրաստանի հետ «բազարներից» հետո որոշել են այնպես, ինչպես կորոշեին ցանկացած օտար հարևանի դեպքում: Որևէ բարոյական հիմք չկա այս որոշման մեջ, երբ ջավախքցի վարորդը (ուսանող, հիվանդ, գործարար և այլն) իր սեփական ավտոմեքենայով 15 օրից ավելի չի կարող «գոյություն ունենալ» մայր պետության տարածքում, իսկ առավել սարսափելին այն է, որ այդ «15-օրյաներն» էլ ընդամենը 6-ն են: Հիմա ջավախքցին պետք է մանրամասն հաշվարկ անի, օրերով ու ժամերով պլանավորի իր այցը ՀՀ, քանի որ «օրերը հաշվված» են այստեղ:
Ինչպես արդեն նշեցինք, այս որոշման մեջ կան ջավախահայության համար նվաստացուցիչ «մանրուքներ»: Այս և այլ քայլերով ջավախահայությունն է՛լ ավելի է հիասթափվում և օտարանում մայր պետությունից:
Անդրադառնանք հարցի նյութական կողմին: Իսկապես, ի՞նչ վնաս պետք է տա ջավախահայը կամ Վրաստանի ցանկացած քաղաքացին` գտնվելով ՀՀ-ում: Մարդը մեքենայով եկավ ՀՀ, մնաց մեկ ամիս, բավականին բենզին ծախսեց, մեքենայի մասերը փչացան, գնեց մեր խանութներից, սարքել տվեց հայ ավտոմեխանիկների մոտ, հետն էլ մի լավ առևտուր արեց ու գնաց։ Իսկ ավելի քան 2000 ուսանողնե՞րը, ՀՀ-ում մշակութային, գործարար ու աշխատանքային գործունեություն ծավալող հարյուրավոր մարդի՞կ: Հետաքրքիր է` ո՞րն է վերջինիս հասցրած վնասը, որ ՀՀ ՊԵԿ-ի ղեկավարությունն այդչափ հմտորեն ձեռնամուխ է եղել նրանցից ազատվելու գործին: Զարմանալի է, իսկապես շատ զարմանալի է այս ամենը:
Վրաստանի ղեկավարությանը շատերն օբյեկտիվորեն քննադատում են, սակայն ստիպված ենք բերել վերջիններիս կողմից ազգային պետություն կառուցելու օրինակներ: Այս երկիրը վարում է ազատ տնտեսական քաղաքականություն, ամեն ջանք գործադրում է, որ խրախուսի ներդրումները, Աջարիայի ծովափնյա ու այլ շրջանների ներդրողները 15 տարով ազատված են հարկերից, բոլորին կոչ է արվում գալ, շուտ-շուտ այցելել Վրաստան, և դրա համար ամեն բան հեշտացված է: Սաակաշվիլին չի մոռացել անգամ իր «աներանցը»` հարավաֆրիկյան բուրերին (ծագումով հոլանդացիներ), որոնց տասնյակ հազարներով հրավիրում է Վրաստան` գյուղատնտեսությունը զարգացնելու: Վերջիններս ու աշխարհի բոլոր մահկանացուները (որոշ բացառություններով) կարող են գալ Վրաստան` ինչով ուզեն (բացի, իհարկե, ռազմական միջոցներից): Ահա իրականությունը: Իսկ ՀՀ-ում ամեն ինչ անում են, որ ոչ ոք այստեղ չգա, կամ, ասենք, վրացի զբոսաշրջիկը գա ոչ ավելի, քան 15 օրով (ի՞նչ է, 16-րդ օրվա ծախսածը աստվածահաճո չէ՞)։ Հնարավոր է, որ շուտով ՊԵԿ-ը ջավախահայության համար «թեժ ակցիաներ» իրականացնի` հետևյալ կարգախոսով. «ՀՀ-ում ջավախահայության համար լավ բաները չեն ավարտվում»:
Հա, մի կարևոր հարց բաց թողեցինք, կամ, ինչպես ասում են, մեծ էշն ախոռում մնաց: Ապահովագրման և մուտքի թույլտվության թղթերի ձևակերպումը սահմանի վրա տևում է բավականին երկար: Յուրաքանչյուր ավտոմեքենա նվազագույնը մեկ ժամ ավելորդ քաշքշուկների մեջ է հայտնվում: Շատ ջավախահայեր, որոնք առողջական, անվճար ծննդաբերության ու հետազոտման հետ կապված հարցերով դիմում են Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոց, այժմ, սահմանային խոչընդոտների պատճառով, բազմաթիվ խնդիրներ են ունենալու: Իսկ ամռանն այս պայմաններում զբոսաշրջիկների թող չսպասեն ՀՀ-ում: Հետաքրքիր է` որքա՞ն եկամուտ է ստանալու ՀՀ բյուջեն տարբեր ընկերություններից` ջավախահայության մեքենաների ապահովագրման դիմաց, և արժե՞ր, արդյոք, այսքան հեռահար հետևանքներով հղի որոշման տակ ստորագրել:
Ի վերջո, ինչպե՞ս են վարվելու մեր երեսփոխանները, որոնք հաճույքով վարում են վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ։
Թրաշները թողած և ամեն օր հեռուստաեթերներում փիլիսոփայող մեր որոշ քաղաքագետիկներին խորհուրդ կտայինք, օրինակ, Բրազիլիայի տնտեսության վրա, Չինաստանի հնարավոր ազդեցություններից բացի, մեկ-մեկ էլ անդրադառնալ այն հարցին, թե ինչպես և ինչու են հայրենի ՊԵԿ-ի անձնակազմն ու ղեկավարներն ազդում հայրենի Ջավախքի ժողովրդի առողջության ու նյարդերի վրա: Ինչպես ասում են` «նաղդը թողած, նիսիայի հետևից ենք ընկել»:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ
«Միտք» վերլուծական կենտրոն

Դիտվել է՝ 1441

Մեկնաբանություններ