Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԷԼ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ, «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԷԼ»

«ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԷԼ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՒՄ, «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԷԼ»
04.03.2011 | 00:00

ԳԵՎՈՐԳ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ` Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Տեսանկյուն» հեղինակային վերլուծական հաղորդաշարի 2010-ի դեկտեմբերի 11-ի` «Աղանդավորը սպանել է ծնողներին» խորագրով թողարկումը հարուցել էր «Եհովայի վկաների» զայրույթը: Վերջիններս դատի էին տվել հեռուստալրագրողին` պահանջելով ներողություն խնդրել: Գևորգ Ալթունյանի փոխանցմամբ` հայցադիմումի հետ կապված իրենց պատասխանը շուտով կներկայացնեն դատարան, որից հետո, առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում, կսկսվի դատական նիստը:
-Խնդիրը դիտարկենք այլ տեսանկյունից: Ինչո՞ւ իր ժամանակին ողջունեցինք «Եհովայի վկաների» և այլոց մուտքը, հիմա էլ փակում ենք դռները: Կարծես այն ժամանակ այդպես էր պետք, հիմա էլ` այսպես:
-Իհարկե, սխալ արեցինք, ասեմ ավելին. ինձ համար կտրականապես անհասկանալի է, անընդունելի, թե ինչպես այդ կազմակերպությունը գրանցվեց որպես քրիստոնեական կազմակերպություն: Այն մարդիկ, ովքեր գրանցում էին, որևէ մասնագետից կարծիք հարցրե՞լ են, փորձե՞լ են պարզել` կապ ունի՞ այն քրիստոնեության հետ: Հայ առաքելական եկեղեցին էլ է քրիստոնեական կազմակերպություն համարվում, «Եհովայի վկաներ» կազմակերպությո՞ւնն էլ:
-Ամեն դեպքում, եթերից հնչող քննադատական սուր դիտողությունները չե՞ն ոտնահարում այդ մարդկանց իրավունքներն ու ազատությունը:
-Ես չեմ ասում որևէ բան, որ հակասում է մարդկանց իրավունքներին, չեմ ոտնահարում նրանց իրավունքները, ովքեր կրոնական որևէ կազմակերպության անդամ են: Խոսքն այն երևույթի մասին է, երբ որոշ կրոնական կազմակերպություններ բացահայտ զբաղվում են հոգեորսությամբ, գործունեության մի ձևով, որն արգելված է Հայաստանի Հանրապետության տարածքում: Մեզ մոտ գործում են բազմաթիվ կրոնական կազմակերպություններ, և չեմ հիշում, որ երբևէ որևէ լրատվամիջոցով շատ լուրջ հրապարակումներ եղած լինեն նրանց մասին: Հիմնականում խնդիրներ ունենում են «Եհովայի վկաները», որովհետև նրանց պահվածքն ակնհայտ ագրեսիվ է, նրանք ամեն ինչ անում են մարդկանց իրենց կազմակերպությանն անդամագրելու համար: Այդ կազմակերպությունն իր կանոնադրության մեջ ունի դրույթներ, որոնք ուղղակի հակասում են ՀՀ օրենսդրությանը:
-Նրանց համարձակ գործելակերպը չի՞ խոսում հովանավորության մասին:
-Միանշանակ: Նախ` թվաքանակի աճի տեմպերով Հայաստանը «շատ լավ» ցուցանիշներ է արձանագրում: Մի քանի տարի առաջ Բրուքլինի (Նյու Յորք) իրենց կենտրոնակայանում գովաբանել էին հայաստանյան ղեկավարներին, ասել, որ այստեղի կառույցը շատ լավ է աշխատում, և հավաքագրման տեմպերն առավել քան գոհացուցիչ են: Այդ պահից սկսած նրանք սկսեցին լրջորեն հետաքրքրել ինձ: Իհարկե, հովանավորվում են շատ հզոր մարդկանց կողմից` և՛ ներսից, և՛ դրսից: Այդ կառույցը տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում միայն քարոզչական աշխատանքի համար: Եթե ուսումնասիրեք նրանց գործունեությունը, կտեսնեք, թե ինչպես են աշխատում, ինչպես են մարդկանց հավաքագրում, կամ ինչպես են սովորական համախոհից քարոզիչ դառնում, քարոզչից ավելի բարձր ատյաններ տեղափոխվում, կհամոզվեք, որ դա հսկայական ֆինանսական մի բուրգ է, որը, ըստ էության, կապ չունի քրիստոնեության հետ:
-Ինչո՞վ է պայմանավորված մեր երկրում նրանց աճը:
-Որքան գիտեմ, վերջին տարիներին բուռն աճի տեմպը դանդաղել է: Հիմնականում նրանք զարգանում են այն երկրներում, որոնք տնտեսապես թույլ են: Նույն կերպ մարդկանց խոցելի, թույլ կետերն են գտնում:
Ասենք, նրանց հարցերից մեկը` դուք հավատո՞ւմ եք, որ այսօրվա կառավարությունը լուծելու է ձեր բոլոր խնդիրները: Բնական է, որ տասից ութը պատասխանելու է` ոչ, չեմ հավատում, որ լուծելու են բոլոր հարցերը: Այսինքն, տալիս են հարց, որ սրտամոտ է, գրավում է:
-Գուցե բոլորովին տարբեր երևույթների մասին է խոսքը, բայց «Եհովայի վկաների» և մեր հեռուստասերիալների գործելաոճը մի տեսակ նման է: Մարդկանց հետաքրքրող թեմաներ են բարձրացնում, օգտվում նրանց հուսահատ, խոցելի վիճակից: Արդյունքում, հասարակության մակարդակը, ճաշակը բարձրացնելու փոխարեն, տեղի է ունենում ճիշտ հակառակը: Ըստ Ձեզ` այսօր հայկական հեռուստատեսությունը կատարո՞ւմ է իր ֆունկցիան:
-Նայած թե ինչ առումով ենք դիտարկում հեռուստատեսության ֆունկցիան: Ընդհանրապես, ցանկացած երկրում հեռուստատեսությունն անցնում է զարգացման որոշակի ճանապարհ, հասնելու համար որոշակի շեմի, որ միգուցե բավարարի հասարակության տարբեր շերտերի հետաքրքրությունն ու ճաշակը: Նախ միանգամից ամրագրենք, որ չի կարող լինել հեռուստատեսություն, որ բոլորի ճաշակին հարիր լինի ու բավարարի բոլորի պահանջները, նույնիսկ եթե վերցնենք աշխարհում գոյություն ունեցող ամենահեղինակավոր հեռուստաալիքները: Օրինակ, CNN հեռուստաալիքը նայում են այն մարդիկ, ովքեր հետաքրքրվում են նորություններով, ժամանցային հաղորդումների սիրահարների համար այն գրավիչ չէ: Ինչ վերաբերում է հայկական հեռուստաընկերություններին, ապա քանի որ մենք խորհրդային հեռուստատեսությունից անցում կատարեցինք, պայմանականորեն ասած, դեպի ավելի ազատական հեռուստատեսություն, իմ կարծիքով, կային որոշակի փուլեր, որոնք պետք է անցնեինք: Նույնը կարելի է ասել սերիալների առումով: Եթե համեմատենք սերիալները, որ կային երեք-չորս տարի առաջ և հիմա, ապա կտեսնենք, որ տարբերություն կա (միգուցե, շատերի համար աննշան) թե՛ որակի, թե՛ դերասանական խաղի, թե՛ սցենարի առումով: Սկզբում դրանց մեծ մասը գողական թեմաներ էին, գողական «ռազբորկաներ» և այլն, և ուղղակի անտանելի էր նայելը: Հիմա մեղմվել են այդ բոլոր դրսևորումները, թեև հեռու են նաև իդեալական լինելուց: Այսօր ես տեսնում եմ սերիալներ, որոնք այլ ուղղվածություն ունեն և որոշակի առումով մոտ են սերիալի այն տեսլականին, որն անձամբ ես ունեմ: Կարծում եմ, մոտ ապագայում սերիալները նույնպես բարեփոխման այդ փուլը կանցնեն, քանի որ ընթացքում հեռուստադիտողի ճաշակը նույնպես բյուրեղանում է, ավելի հասկանալի է դառնում հեռուստատեսության սեփականատերերի համար, թե ինչ պետք է ցույց տալ, որ հեռուստադիտողին դուր գա, միաժամանակ լավը լինի, խնդիրներ չառաջացնի բարոյականության, էթիկայի առումով ու նաև եկամուտ բերի:
-Այսինքն, համամիտ չեք այն կարծիքին, որ այսօր հեռուստատեսություն չնայելով ոչինչ չես կորցնում, եթե նայում ես, վնասը շատ է:
-Մենք կարող ենք խոսել կոնկրետ սերիալների կամ հեռուստահաղորդումների մասին, բայց ասել, որ հայկական հեռուստատեսություն դիտելը վնասում է, այդպես չէ: Կան շատ հեռուստահաղորդումներ, որոնց դիտումը շատ հաճելի է կոնկրետ ինձ համար:
-Դուք ներկայումս աշխատում եք Հանրային հեռուստատեսությունում, դա չի՞ փոխում Ձեր հարցադրումների, վերլուծությունների ուղղվածությունն ու սրությունը:
-Երևի թե բառերի ընտրության, սրության առումով փոփոխություն կլինի: Այն լսարանը, որ կար TV5-ում, և այն լսարանը, որ կա հանրային հեռուստատեսությունում, համեմատելի չեն, խոսքը քսան-երեսուն անգամ ավելի շատ մարդկանց մասին է: Բնականաբար, պատասխանատվությունն ավելի մեծ է: Եթե TV5-ում ես կարող էի ինձ թույլ տալ բառեր, որոնք, պատկերավոր ասած, կարող էին ծակել շատ մարդկանց ականջը, հիմա ես առավել բծախնդիր եմ դրանց ընտրության հարցում: Բնականաբար, դու որոշակի առումով հարմարեցնում ես քո բառապաշարը, հղկում ես և տեքստեր գրելիս խուսափում ծայրահեղություններից:
-Դա բառապաշարի առումով, իսկ սահմանափակումներ չկա՞ն, եթե հաշվի առնենք, որ Հ1-ը իշխանության շահերը ներկայացնող հեռուստաընկերություն է:
-Ասել` Հանրային հեռուստատեսությունն իշխանության շահերն է ներկայացնում, այնքան էլ ճիշտ չէ: Սա Հանրային հեռուստատեսություն է, այլ ոչ թե, ասենք, կառավարության, Ազգային ժողովի կամ առանձին վերցրած որևէ կուսակցության կամ խմբի հեռուստաալիքը:
-Լրագրողների բարձրացրած հարցերի, հենց Ձեր մատնանշած հարցերի, խնդիրների քանի՞ տոկոսն է լուծում ստանում կամ գոնե անհանգստացնում համապատասխան մարմիններին:
-Եղել են մի շարք հաղորդումներ, որոնց անմիջապես արձագանքել են, ինչը չէի ասի TV5-ի պարագայում: Թե՛ հասարակության, թե՛ պատկան մարմինների (ում վերաբերում է բարձրացվող խնդիրը) արձագանքը արագ է լինում, ու շատ դեպքերում ինձ արդյունքը գոհացնում է: Ամենաթարմ ու ամենահատկանշական դեպքերից մեկը ձվի թանկացման պատմությունն էր, բավական լուրջ պրոցեսներ հետևեցին այդ թողարկմանը, և երկու-երեք օրվա ընթացքում հարցը կարգավորվեց:
-Միշտ խոսում ենք վատի մասին, լավ բան չկա՞ մեր երկրում:
-Իհարկե` կա: Բայց, կարծում եմ, մեր երկրում խնդիրներ շատ կան, այդ խնդիրների մասին պետք է խոսել: Հիմնական խնդիրը համարում եմ մտածողությունը` հասարակական, պետական, իշխանական, ընդդիմական` մեր հանրային մտածողությունը: Ինձ համար ավելի կարևոր է գոնե փորձել որոշակի նրբերանգներ ավելացնել մարդկանց մտածողության մեջ, քան խոսել կոնկրետ բացահայտված կամ չբացահայտված հանցագործության մասին` տալով կոնկրետ անուններ և այլն: Երբեմն մեղադրում են, թե հաղորդումների ընթացքում անուններ չեմ տալիս: Եվ ես ասում եմ, որ իմ խնդիրը կոնկրետ մարդու դեմ պայքարը չէ: Եթե մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, իմ պայքարը մեկ կոնկրետ կաշառակերի դեմ չէ, պետք է խոսել երևույթի մասին, այնքան, մինչև դա ինչ-որ արդյունք տա կամ չտա, բայց գոնե պետք է խոսել երևույթի մասին, մեր մտածողության մասին, քաղաքացիական իրավունքների մասին: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք ուղղակի առնչվում են մեր մտածողության հետ: Կարող ենք խոսել կոռուպցիայի մասին, ասել, որ, ենթադրենք, բոլոր պետական կառավարման համակարգերում գոյություն ունի կոռուպցիան և այլն, բայց եթե փորձենք հասկանալ, թե կոռուպցիան սնող աղբյուրներից մեկը որն է, կտեսնենք, որ հիմնական աղբյուրն այն մարդիկ են, ովքեր պատրաստ են գումար տալու: Եթե չլինի գումար տվողը, չի լինի նաև գումար վերցնողը: Պարզ տրամաբանական շղթա է, որը կարող ենք դիտարկել նաև հակառակ տեսանկյունից` եթե չլինի գումար պահանջողը… Բայց, ամեն դեպքում, որքան մեր հասարակության մեջ շատ լինեն մարդիկ, ովքեր հասկանում են, որ կաշառք տալը հանցագործություն է, այնքան կպակասեն այդ երևույթը սնող աղբյուրները: Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց երեխան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը պետք է ընդունվի ոչ թե նրա համար, որ փողով ավարտի այն ու հետո ծախու դատավոր դառնա, այլ որ գիտելիք ունենա խորացնի դրանք, միգուցե ընդունվի Հարվարդի կամ մեկ այլ հեղինակավոր համալսարան և դառնա իսկապես լավ մասնագետ, հնարավորություն ունենա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի հզոր երկրներում որպես լավագույն իրավաբան հանդես գալու: Եթե այդ գիտակցությանը չհասնենք, բնական է, որ փող կտանք դասախոսին, որ մեր երեխան դիպլոմ ունենա, հետագայում միջակ որևէ աշխատանքի տեղավորվելու համար: Կրթությունը հիմնական պայմանն է , որ ապահովելու է մեր երեխայի վաղվա մրցունակությունը, քանի որ այսպես չի մնալու, տասը-քսան տարի հետո մենք «ստիպված» ենք լինելու մարդկանց ընդունել աշխատանքի ոչ թե ըստ ծանոթ-բարեկամության, այլ մասնագիտական կարողությունների: Նույնը` կապված այլ հարցերի հետ. եթե դու ունես հիվանդ և բժշկին փող ես տալիս, որ բժիշկը ավելի լավ նայի քո հիվանդին, իհարկե, քո հիվանդի համար լավ կլինի, բայց խնդիր է առաջանում բոլոր այն մարդկանց համար, ովքեր չունեն այդ գումարը: Այսինքն, գիտակցաբար թե անգիտակցաբար դու ոտնահարում ես ուրիշների իրավունքները:
-Ի դեպ, մեր երկրի խնդիրները, չասենք մտահոգել էին, չէին վրիպել նաև հանրահայտ Wikileaks-ի աչքից: Մի փոքր շեղվենք մեր իրականությունից: Ի՞նչ կասեք աղմկահարույց ու հակասական այս կայքի գործունեության մասին: Սա և՞ս մեկ միջոց է ուղեղների լվացման, քաղաքական հերթական խա՞ղ է, թե՞ ուրիշ մի բան:
-Wikileaks-ը, իմ կարծիքով, կոնկրետ ուժերի ձեռամբ հրապարակ նետված փաստաթղթերի փաթեթ է, որն ուղղորդված նշանակետեր ունի: Ասենք, այնտեղ չկան փաստաթղթեր, որոնք ուղղակիորեն կհարվածեն Միացյալ Նահանգների շահերին: Ես նման փաստաթուղթ դեռևս չեմ տեսել: Ես տեսել եմ փաստաթուղթ, որը հարվածում է Ադրբեջանի շահերին, Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների: Հարվածները, որ հասցվում են այդ երկրներին, տարօրինակ զուգադիպությամբ, միշտ համապատասխանում են Միացյալ Նահանգների շահերին:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ