«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ»

«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ»
08.10.2010 | 00:00

Վերջին շրջանում բանակում տեղի ունեցած իրադարձությունները փաստեցին, որ զինված ուժերում ուսումնասիրության կարոտ հոգեբանական խնդիրների ամբողջ կույտ կա: Ըստ հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ, հասունացել է բանակային ստորաբաժանումներում հոգեբանների առկայության խնդիրը: Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը ճանաչված հոգեբանի հետ։
-Տիկին Նալչաջյան, հանրության շրջանում վերջին տարիներին անցկացված սոցիոլոգիական հարցումների համաձայն` պետական ինստիտուտներից ամենամեծ հեղինակությունը վայելում է բանակը։ Զինված ուժերում տեղի ունեցած միջադեպերն արդյոք չե՞ն սասանում բանակի հեղինակությունը։
-Իհարկե, այդ դեպքերն իրենց տհաճ հետքը թողնում են և բանակի նկատմամբ կասկածամտություն առաջացնում են։ Սակայն շատ բան կախված է տեղի ունեցածի մատուցման ձևից։ Ցավոք, ես նկատում եմ, որ որոշ լրատվամիջոցների շատ էլ ձեռնտու է վերջին իրադարձությունները տեղնուտեղը որպես գործիք օգտագործելը։ Հակաքարոզչական տարրը նկատելի է։ Կան բաներ, որ չի կարելի անել։ Բանակի նկատմամբ նման հակաքարոզչությունն ինքդ քեզ թուլացնելու, ինքդ քեզ հարված հասցնելու «լավագույն» միջոցն է։ Բանակն ինքնապաշտպանություն է, իսկ առանց ինքնապաշտպանության Հայաստանը կարող է իր հետագա գոյության մասին չմտածել։ Ես կարծում եմ` եթե հիմա սոցիոլոգիական որևէ հետազոտություն անցկացվի, կպարզվի, որ հավատը բանակի նկատմամբ չի սասանվել։ Ասածս, այնուամենայնիվ, չի նշանակում, թե մենք պետք է աչք փակենք եղած բացասականի վրա։ Ակնառու է, որ պաշտպանության նախարարությունն օպերատիվությամբ արձագանքում է այդ իրադարձություններին։
-Դուք խոսեցիք մամուլում հակաքարոզչության մասին, մինչդեռ բանակի քարոզչություն, կարծես թե, չի իրականացվում, և բացասական երևույթներն անմիջապես ստվեր են գցում ամբողջ համակարգի վրա։
-Քարոզչությունն այստեղ ավելի նուրբ ձևեր պետք է ունենա։ Պաշտպանության նախարարությունն ունի ծրագրեր, բայց դրանք միայն որոշակի չափով կընկալվեն օբյեկտիվորեն։ Կապը հանրության հետ, իհարկե, կա։ Սակայն այդ կապը պետք է կատարելագործել, ավելի նուրբ ու ճշգրիտ եղանակներ գտնել։ Բանակը սրբություն է, բանակին ձեռք տալ չի կարելի, որևէ քարոզչական, քաղաքական նպատակ չի արդարացնի իրեն, եթե խոսքը բանակի մասին է։ Եվ շատ կարևոր է, որ տարբեր օղակներ՝ և՛ պետական, և՛ հասարակական, մտածեն իրար օգնելու, քարոզչական մեխանիզմները կատարելագործելու մասին։ Պետք է ամեն ինչ արվի, որ այդ կառույցն ամուր լինի, տհաճ ու ողբերգական իրադարձություններ տեղի չունենան։ Մյուս կողմից, եթե օբյեկտիվորեն նայենք, բանակն այնպիսի համակարգ է, որ այդպիսի իրադարձություններ ժամանակ առ ժամանակ ցանկացած երկրում էլ տեղի են ունենում։ Այն փակ, ուժային կառույց է, որտեղ հավաքված են երիտասարդ տղամարդիկ, որոնց մեջ ագրեսիվությունը, հուզականությունը, ինքնահաստատման ձգտումն ուժեղ են արտահայտված։ Այդ իսկ պատճառով այս կառույցի ներքին օղակները շատ աչալուրջ ու մտածված պետք է գործեն, այլապես տհաճ երևույթներն անխուսափելի են։ Ի վերջո, եթե մենք փոքր-ինչ լայն հայացքով փորձենք նայել, ապա բանակն այնպիսին է, ինչպիսին մեր հասարակությունն է։ Հասարակության ախտերը, միջանձնային հարաբերությունների մակարդակը, արժեքները տեղափոխվում են բանակ։ Եթե մենք ցանկանում ենք, որ բանակը կատարելագործվի, պետք է լուրջ աշխատանք տանենք հասարակության բոլոր օղակներում։ Այս ամբողջը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստում, և սրերը չուղղել դեպի բանակը։
-Խոսում ենք բանակի նկատմամբ հավատի և վստահության մասին, բայց խոստովանենք, որ մեր երիտասարդները զորակոչվում են բանակ ոչ թե հայրենասիրությունից, այլ պարտադրանքից դրդված։
-Դժվար է պատկերացնել մի իդեալական վիճակ, երբ մեր բոլոր երիտասարդները հայրենասիրության տենչով համակված կլինեն։ Այդպիսի վիճակներ լինում են, երբ անվտանգության նկատմամբ ուժեղ սպառնալիք կա, դամոկլյան սրի նման ինչ-որ բան կախված է երկրի գլխին։ Հայրենասիրական նման պոռթկումներ լինում են, և բոլորը մղվում են դեպի մարտի դաշտ։ Խնդիրն այն է, որ այսօր հասարակությունն ունի ապահովության զգացողություն, և դա ի պատիվ մեր բանակի, քանի որ մենք հանգիստ ենք, և մեր սահմանները պաշտպանված են։ Այնպես որ, Ձեր նշած հանգամանքն ինչ-որ չափով ես նորմալ եմ համարում, բայց միայն ինչ-որ չափով։ Երբ վերհիշում ենք պատմությունը, տեսնում ենք, որ զինվորական ծառայությունն ամենապատվաբերն էր։ Ազնվականությունը (թե՛ ռուսական, թե՛ եվրոպական) պատիվ էր համարում զինվոր լինելն ու բանակում ծառայելը։ Ցավոք, զինվորական ազնվականությունն արդեն անցյալ է։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ հայրենասիրությունը մեզ մոտ, այնուամենայնիվ, կաղում է։ Մենք չպետք է մոռանանք՝ ինչ հասարակության մեջ ենք ապրում. մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ գերակայում են շուկայական արժեքները, իսկ հոգեբանությունն ասում է, որ կան մարդկանց սոցիալական տիպեր, որոնցից մեկն էլ շուկայական տիպի մարդն է։ ՈՒզենք, թե չուզենք, մեր հասարակության գերակշռող տիպը հենց շուկայական մարդն է։ Այդ ճանապարհով անցել են բազմաթիվ բարգավաճ երկրներ։ Իսկ շուկայական տիպին բնորոշ է շահ ստանալը, ամեն ինչ գնելն ու վաճառելը։ Շատ բացասաբար մոտենալ այս տիպին չի կարելի, որովհետև մարդկային տիպերից մեկն է։ Բայց երբ շուկայականությունն ուռճացվում է, մնացած ամեն ինչ հետին պլան մղելով, մյուս արժեքները խամրում են։ Եվ մենք այսօր տեսնում ենք, որ որոշ քարոզչամիջոցներով հայրենասիրությունը ծաղրի առարկա է դառնում։ Շատ լուրջ մարդիկ, խոսելով ինչ-որ թեմայի մասին, շեշտում են՝ հանկարծ չմտածեք, թե հայրենասեր եմ։ Զարմանալի բան է։ Ո՞նց թե։ Հայ ես, հայրենասեր ես, և դա գովելի է։ Մարդիկ կան, որ տրտնջում են, թե բավական է հայրենասիրությունից խոսեք։ Անկեղծ ասած, վերջին մի քանի տարիներին ես հայրենասիրությունից խոսող մարդկանց առանձնապես չեմ հանդիպել. ինչո՞ւ են այդքան հոգնել, չեմ հասկանում։ Այսինքն, հայրենասիրական դաստիարակությունը մեզ մոտ կաղում է, պահանջված չէ և հետամնացության, գավառականության նշան է համարվում։ Մինչդեռ բոլորովին էլ այդպես չէ։ Օրինակ, ամերիկացու համար մեծագույն հպարտություն է ԱՄՆ-ի քաղաքացի լինելը։ Եվ ընդհանրապես, ազգային հպարտությունը լուրջ գիտական կատեգորիա է։ Այսօր մենք այդ հարցում շատ ենք թերանում, և մեր գավառամտությունն ու թույլ երկիր լինելն է պատճառը, որ մենք վախենում ենք հայրենասիրությունից։ Իսկ դա մեծագույն արժեք է։ Հենց որ հայրենասիրական դաստիարակությունը, ազգային ավանդույթների փոխանցումը սերնդեսերունդ բարձր մակարդակով կազմակերպվի, հենց որ մենք հպարտության զգացողություն ունենանք մեր երկրի քաղաքացին լինելու համար, բանակ գնալն էլ հպարտության տարրեր կպարունակի, հայրենասիրությունից դրդված կգնան ծառայելու։ Իսկ հիմա մենք վարկաբեկում ենք բանակը՝ եղած մեկ դեպքն ընդհանրացնելով, տարածելով ամբողջ բանակի վրա։ Հասկանալի է, վատ բանն անմիջապես աչքի է զարնում, բայց լավն էլ կա, չէ՞, ինչո՞ւ չի քարոզվում և ստվերում է մնում։
-Բանակում կարևորագույնը կադրերի խնդիրն է։ Չե՞ք կարծում, որ զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտը պայմանավորված է նաև սպայական կազմով, և պրոֆեսիոնալ կադրային բանակ ունենալն ավելի նպատակային է։
-Իհարկե, ավելի նպատակահարմար է պրոֆեսիոնալ բանակ ունենալը։ Եվ որքան տեղյակ եմ՝ արդեն որոշակիորեն ունենք պայմանագրային բանակ։ Բայց տնտեսական տեսակետից անհնար է ամբողջովին անցնել պրոֆեսիոնալ բանակի։ Եվ քանի որ մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, ցանկացած հայ մարդ պետք է լինի պոտենցիալ զինվոր ու երկրապահ։ Մենք չունենք այնքան ռեսուրսներ, որ 100 տոկոսով պրոֆեսիոնալ բանակ պահենք։ Յուրաքանչյուրս ինչ-որ չափով պետք է մասնակից լինենք երկրի պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է սպայակազմին, դա, իրոք խնդիր է։ Բանիմաց, պրոֆեսիոնալ սպայակազմ ունենալը կարևորագույն խնդիր է։ Բայց երբ ռեալ ենք նայում իրականությանը, ապա տեսնում ենք, որ եթե պատերազմական տարիներին չլիներ կամավորական շարժումը, չէինք կարող հաղթանակ տոնել։ Անհրաժեշտ են աստիճանական բարեփոխումներ, և կարծում եմ՝ այդ ճանապարհով ենք գնում։ Այսօր կա բարձրագույն ուսումնական հաստատություն, որը, լավ, թե վատ, մասնագետ սպաներ է պատրաստում։ Սպա-զինվոր հարաբերությունները շատ կարևոր են։ Երբ դիտարկում ես կոնֆլիկտները, մեծ մասամբ մարդկային փոխհարաբերությունների խնդիրներ են՝ վիրավորված ինքնասիրություն, սպայի պաթոլոգիական ինքնահաստատում։ Այս հարցերը շտկելու համար լուրջ, օպերատիվ քայլեր պետք է ձեռնարկել։ Իհարկե, պետք է հասկանալ, որ միանգամից այդ ամենն անել հնարավոր չէ, ժամանակ է անհրաժեշտ։ Որքան գիտեմ, շատ բան է փոխվել բանակում. թե՛ կենցաղային պայմանների, թե՛ միջանձնային հարաբերությունների տեսակետից դրական տեղաշարժ կա։ Իսկ եթե կա դրականը, եկեք գուրգուրենք, փայփայենք այն։
-Հոգեբանի ինստիտուտի ներդրումը բանակում որքանո՞վ կնպաստի Ձեր նշած խնդիրների հաղթահարմանը։
-Հոգեբանները մեծ դեր կարող են ունենալ բանակում։ Հոգևորականների ինստիտուտը, օրինակ, ինչ-որ չափով ներդրված է, սակայն այն չի կարող փոխարինել հոգեբաններին։ Հոգեբանը պետք է մտնի բանակ, շփվի մարդկանց հետ, հոգեբանական խնդիրներ լուծի, հոգեբանական խորհրդատվություն իրականացնի, ինչը, սակայն, չկա։ Բայց հոգեբանի առկայությունը բանակում միայն դրանով չի սահմանափակվում. այն բազմաթիվ այլ ասպեկտներ ունի։ Օրինակ, հետազոտական ասպեկտը։ Պրոֆեսիոնալ հոգեբանը պետք է անցնի բոլոր օղակներով և ընդհանուր մի պատկեր ունենա։ Ոչ մի կոնֆլիկտ մի օրում չի պայթում, այն հասունանում է ժամանակի ընթացքում։ Եթե ժամանակին հոգեբանները հետազոտեն, ճշտեն թե՛ մարտունակության, թե՛ միջանձնային հարաբերությունների վիճակը, հնարավոր է խնդիրները լուծել և չեզոքացնել արթնացող վտանգը։ Մենք խոսում ենք հոգեբանական, տեղեկատվական պատերազմների մասին. այդ ամենը պետք է գիտական հիմքերի վրա դրված լինի։ Բանիմաց, իր գործի գիտակ զինվորական պաշտոնյան ինտուիտիվ ձևով կարող է ճիշտ կողմնորոշումներ ունենալ, բայց հակառակորդի հետ հոգեբանական պատերազմներին դիմագրավելու համար լուրջ կառույցի պահանջ կա։ Իմ պատկերացմամբ` մեր պաշտպանական գերատեսչությունը պետք է ունենա հոգեբանական թեկուզ փոքր, բայց մոբիլ, արագ արձագանքող կառույց։ Մարդկանց մեծ մասը կարծում է, որ իրենից լավ հոգեբան չկա։ Իհարկե, ցանկացած մարդ, իր վերլուծական կարողություններից, կենսափորձից ելնելով, հոգեբանական պատկերացումներ ունի, կարող է ինչ-ինչ հարցեր ճիշտ լուծել, բայց հոգեբանությունը լրջագույն գիտություններից մեկն է, և չօգտագործել հնարավորությունները չի կարելի է։ Բանակում, ի դեպ, հոգեբանական պատրաստվածությունը շատ ավելի հզոր գործոն է, քան զենքն ու մարդաքանակը։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1425

Մեկնաբանություններ