«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               

ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ, «Facebook»-Ը և ԲՈԼՈՐԸ, ԲՈԼՈՐԸ

ՑՈՒԿԵՐԲԵՐԳԸ, «Facebook»-Ը և ԲՈԼՈՐԸ, ԲՈԼՈՐԸ
28.01.2011 | 00:00

Կարծում եմ, բոլորը գիտեն, որ մեր օրերում ամենաեկամտաբեր մասնագիտությունը ծրագրավորումն է: Համակարգչային ծրագրավորումը: Եվ զարմանալի չէ, որովհետև չկա մարդուն և նրա կենսագործունեությանն այս կամ այն չափով առնչվող ոլորտ` գիտություն, աշխատանք, տուն, անձնական կյանք, ֆինանսներ, արվեստ, ուր ներթափանցած չլինեն համակարգիչներն ու համակարգչային տեխնոլոգիաները։ ՈՒր էլ նայես` ամենուր մեզ ուղեկցում են մեր «երկաթյա բարեկամները»: Օր օրի նորանում և կատարելագործվում են համակարգչային ծրագրերը, ստեղծվում են գերարագ, օգտագործման համար ավելի հարմար մոդելներ:
Ամբողջ աշխարհում ՏՏ բնագավառը կոչված է հեշտացնելու և ավելի «արագ» դարձնելու օգտագործողների կյանքն ու աշխատանքը: Սակայն մեզ մոտ` Հայաստանում, համակարգչային տեխնոլոգիաների նկատմամբ չկա նույն վստահությունը. փորձիր հասարակ մարդուն բացատրել, որ տանը նստած, համակարգչի օգնությամբ կարելի է գրավել մի ամբողջ պետություն, տիեզերք ուսումնասիրել և, ինչու չէ, ունենալով ձեռքի տակ համակարգիչ, ինտերնետ և, իհարկե, համապատասխան գիտելիքներ, վաստակել ահռելի գումարներ: Միգուցե շատերդ գիտեք սրա մասին: Լսել եք: Գուցե անձամբ ճանաչում եք մարդկանց, ովքեր հենց համացանցի միջոցով են գումար վաստակում: Իսկ գիտե՞ք, թե ինչպես է աշխատում այս համակարգը, կոնկրետ ինչ գործիքներ և հմտություններ են անհրաժեշտ սարդոստայնում մեծ գումարային հաջողությունների հասնելու համար:
Ստորև կպատմեմ 26-ամյա մի մարդու մասին, ով, ըստ բազմաթիվ սոցիոլոգների, շատ շուտով գերազանցելու է «մեծն» Բիլ Գեյթսին (հիշեցնեմ` «Մայքրոսոֆթ» ընկերության ստեղծողն ու տնօրենը, համաձայն «Forbes» ամսագրի, աշխարհի համար մեկ մեծահարուստն է):
Գեյթսի պոտենցիալ մրցակցի անունն է Մարկ Ցուկերբերգ: Ծնվել է Նյու Յորքում, ծագումով հրեա բժիշկների ընտանիքում:
Մարկի ու համակարգչի «հարաբերություններն» սկսվել են, երբ տղան տասը տարեկան էր: Ծննդյան 10-ամյակի կապակցությամբ ծնողները նվիրում են նրան առաջին համակարգիչը, ինչն էլ Մարկի կյանքում դառնում է ճակատագրական:
Իր տարեկիցների պես օրնիբուն համակարգչային խաղեր խաղալու փոխարեն 10-ամյա համակարգչամոլն սկսում է էլեկտրոնային գրքերի միջոցով ծրագրավորման տարբեր լեզուներ սովորել (մինչ համակարգչով տարվելը Ցուկերբերգն այլ հետաքրքրություններ ուներ, զբաղվում էր անտիկ աշխարհի, լատիներենի և հունարենի ուսումնասիրմամբ): Մեկ տարի անց նա ստեղծում է տեղային մինի ցանց, որի միջոցով հաղորդագրություններ է փոխանակում ընտանիքի անդամների հետ:
ՈՒսումնասիրելով ՏՏ բնագավառի տարբեր ճյուղեր, սովորելով համակարգչային լեզուների մի ամբողջ ցանկ` Ցուկերբերգը ձեռք է բերում կայացած հակերին (համակարգչային կողոպտիչ) անհրաժեշտ բոլոր գիտելիքները, սակայն այդ հեշտ, բայց անարդար ճանապարհն ընտրելու փոխարեն նա շարունակում է թվային աշխարհի գրավումը:
Դպրոցում ուսանելու տարիներին Մարկն ստեղծում է նախատիպը չունեցող փոքրիկ երաժշտական ծրագիր, որը, գրանցելով օգտագործողի լսած երաժշտությունը օրվա տարբեր ժամերին, ավտոմատ վերլուծություն անելով, կարողանում է կազմել երգերի ցանկ, որը, ըստ ծրագրի, պետք է ցանկանա լսել տվյալ օգտագործողը:
«Մայքրոսոֆթ» ընկերությանը հետաքրքրում է այս ծրագիրը, վերջինս ցանկություն է հայտնում անհապաղ գնելու այն Մարկից` առաջարկելով ահռելի գումար: Սակայն երիտասարդն անկանխատեսելի և արտառոց քայլ է անում` հրաժարվում է գումարից:
Ավարտելով քոլեջը` Մարկն ընդունվում է Հարվարդի համալսարան: Կարծում եք` ծրագրավորում ուսումնասիրելու նպատակո՞վ: Ամենևին: Նա ընտրում է հոգեբանության բաժինը, երևի շատ լավ գիտակցելով, որ համացանցում հաջողության հասնելու համար պետք է շատ լավ ճանաչես նրան, ով օգտագործում է այն` մարդուն:
Հետագայում, մշակելով բազմաթիվ ծրագրեր, Ցուկերբերգն իր մի քանի ծրագրավորող ընկերների հետ սկսում է ամենամեծ նախագծի, այժմ արդեն ամբողջ աշխարհում հայտնի կապտասպիտակ, բավականին «հմայիչ» ինտերֆեյս ունեցող սոցիալական ցանցի` «Facebook»-ի ստեղծման աշխատանքները: Սկզբնական փուլում ցանցն ուներ շատ քիչ օգտագործողներ և նախատեսված էր միայն ուսանողների համար: Անցնելով դժվարությունների ու մի շարք դատավարությունների միջով, ունենալով տարաձայնություններ ու հակասություններ գործարար ընկերների հետ, Մարկը, այնուամենայնիվ, կատարելագործում է իր մտահղացումը` դարձնելով այն ամենաայցելվող (այժմ ցանցն ունի 250 մլն հաճախորդ ամբողջ աշխարհում) ու հարմար սոցիալական ցանցերից մեկը:
Իսկ ինչպիսի՞ն է այս երիտասարդ համակարգչային հանճարն առօրյա կյանքում:

Ընկերներն ու մարդիկ, ովքեր շփում են ունեցել Մարկի հետ, հավաստում են, որ նա ավելի քան համեստ և հասարակ տղա է, մեծ տեղ չի տալիս արտաքին տեսքին, հագնվում է բավականին զուսպ, ամերիկացուն հատուկ ազատ ոճով, կաշկանդված է զգում իրեն հարցազրույցների ժամանակ, չի սիրում շատ խոսել: Մի խոսքով, ավելի շատ շփվում է թվերի, քան մարդկանց հետ: Ի դեպ, Մարկը մարդկանց բաժանում է երկու տիպի` հասարակ օգտագործողների և ծրագրավորողների: Ըստ նրա, համակարգիչ ունեցող մարդկանց մեծ մասը մտածում է միայն այն օգտագործելու մասին, մյուս մասը` այն փոփոխելու և կատարելագործելու: Նրան, միանշանակ, դուր է գալիս մարդկանց այս երկրորդ տիպը:
Ի միջի այլոց, Մարկն ի ծնե դալտոնիկ է և, բացի կապույտ գույնից, ուրիշ ոչ մի գույն չի զանազանում: Երևի հենց այդ պատճառով, իր իսկ կողմից իդենտիֆիկացումը հեշտացնելու համար, նա «Facebook»-ը կապույտ ու սպիտակ է ստեղծել:
«Forbes» ամսագրի գնահատմամբ` 2010-ին Մարկ Ցուկերբերգը համարվել է ամենաերիտասարդ միլիարդատերը. նրա կարողությունը 4 մլրդ դոլար է:
Ինչ վերաբերում է անձնական կյանքին, արդեն մի քանի տարի Մարկը հանդիպում է չինուհի Պրիսցիլա Չենի հետ, ուսումնասիրում է չինարեն ու մտադիր է այս տարի ռոմանտիկ ճանապարհորդություն կատարել Չինաստան: Սակայն հարցը միայն ռոմանտիկան չէ. վերջին լուրերի համաձայն` նախատեսվում է չինական «Facebook»-ի մոտալուտ բացումը:
Դե ինչ, կարծում եմ` ժամանակն է, որ մեր երիտասարդ ծրագրավորողներն էլ մտածեն իրենց առաջին համացանցային գյուտի և առաջին «համակարգչային» միլիոնի մասին: Ինչո՞վ ենք պակաս հրեաներից։
Անի ՄԱՐԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ