«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐՆԵ՜Կ ԾՆՈՂՆԵՐՍ ԵՐԿՆՔԻՑ ՄԵԶ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՏԵՍՆԵԻՆ»

«ԵՐՆԵ՜Կ ԾՆՈՂՆԵՐՍ ԵՐԿՆՔԻՑ ՄԵԶ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՏԵՍՆԵԻՆ»
11.05.2010 | 00:00

ոզեֆ, երնեկ մեր հայրը մեզ տեսներ,- ասել էր Նապոլեոնն իր թագադրության ժամանակ` դիմելով եղբորը:
Վիկտոր Դալլաքյանն այս խոսքերը հիշեց, երբ փորձում էր շնորհավորել որդուն ու իր նորահարս Տաթևիկին` ասելով. «Երնե՜կ ծնողներս երկնքից մեզ այս պահին տեսնեին»:
Սերնդի համար այդ կարևոր պահին ծնողները, իհարկե, արթուն են լինում վերևում և տեսնում-օրհնում են, մանավանդ սերնդի շարունակականությունը: Իսկ երկնքում եղողներ Վիկտոր Դալլաքյանը շատ ունի:
Պարզվում է` երկրի վրա եղողներն էլ քիչ չեն: Եվ չնայած հարսանիքները քաղաքական կատեգորիա չեն, այնուհանդերձ, ԵՐՎԱՆԴ և ՏԱԹԵՎԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆՆԵՐԻՆԸ մի քիչ այդպես «ստացվեց»:
Նախ սիրելի էր, որ փորձ էր արվել համերաշխության մի փոքրիկ հարթակ սարքել այդ արարողությամբ. ներկա էին թե՛ «աջերը, թե՛ ձախերը, թե՛ հները, թե՛ նորերը»: Ներկա էր երկրի նախագահը` տիկնոջ հետ, ՍԴ նախագահը, քաղաքապետը, «ուժայիններն» էլ էին այնտեղ, ընդհուպ մինչև Գորիկ Հակոբյան ու Աղվան Հովսեփյան, դե, իսկ Սեյրան Օհանյանն ինքնին հասկանալի է: Կուսակցություններն էին` բոլոր։
Այնտեղ էր նույնիսկ Արշակ Սադոյանը. առանց 4-րդ խոսափողի, բայց պար չեկավ. ոտքը վնասել է վերջերս: Հրավիրվել էին Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զավենի Սարգսյանը (Արամ Գասպարիչը կար), մինչև վերջին վայրկյանն ասել էին` կգանք, նույնիսկ տեղերի հետ կապված բանակցել էին, բայց վերջին պահին չեկան: «Արդարություն» դաշինքը գրեթե ամբողջությամբ էր այնտեղ` Գրիգոր Հարությունյան, Վազգեն Մանուկյան... Այնտեղ էր և Արտաշես Գեղամյանը...
Չէին հրավիրվել երկրորդ նախագահը, ԱԺ նախագահը, ԲՀԿ առաջնորդը:
Եվ, այնուհանդերձ, քաղաքական երկխոսությունն ստացվեց, որովհետև մերանի դերում էին մտավորականները. հայոց գրեթե ողջ ընտրանին այնտեղ էր: Լոռեցիներն էլ մի առանձին շարքով էին նստել, իսկ Սոս Սարգսյանը կենաց ասաց, ու էդ կենացը տխուր-սիրուն ու նույնիսկ հայրենասիրական ստացվեց:
Վարպետը` Հակոբ Հակոբյանը, մասնակցեց հարսանիքին հավուր պատշաճի` տոհմահոր պես, տիկին Մարիի հետ, եկեղեցում, հետո ծեր-ծեր գնացին հարսի տուն, Վիկտորանց տուն, իսկ հարսանյաց դահլիճը լքեցին վերջիններից:
Հավուր պատշաճի պար եկավ նաև երկրիս նախագահը` յուր տիկնոջ հետ, մնացածն էլ իրենց քեֆն արեցին:
Հա, չմոռանանք, լիքը ուրախ էր ու նաև` գեղեցիկ: ՈՒ ահագին էլ` հուզիչ: Ամենահուզիչը, երբ Երվանդն ու Տաթևիկը պարեցին հատուկ սովորած իրենց պարը` էդ օրվա առիթով (շատ հուզիչ էր. էդ երևի նրանից, որ երկնքում եղողներն էլ ուշի ուշով նայում էին տոհմի բեռն իրենց վրա վերցնող ջահել էրեխեքի պարելու տեսակին):
Դե ի՞նչ հարսանիք, եթե այնտեղ մաղթանք ու օրհնություն չասի տան «կոճղը»` Վիկտոր Դալլաքյանը: Նախ` պարզվեց, որ նա համ էլ անուղղելի ռոմանտիկ է, որովհետև պատմում ու պատմում էր, թե արդեն քանի տարի իրենց պատշգամբի քիվին «աղունիկներն» են բուն դրել` որձ և էգ, երբ ցուրտ է, «աղունիկները» չեն գալիս, երբ արև է, գալիս ու ղունղունում են, բայց հետո` էլի քիչ մը քաղաքական ստացվեց, բայց սիրուն քաղաքական. «Առաջին նախագահի հետ իմ հարաբերությունները խիստ հարգալից էին, ու երբ առաջին նախագահը գրեց «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը», ես ուզում, շատ էի ուզում, որ առաջին նախագահը չսխալվի-պրոբլեմ չունենա: Երկրորդ նախագահի հետ իմ հարաբերությունները եղել են պաշտոնական: ՈՒ երբ նա Քի-Վեստ էր գնում, ես դարձյալ շատ ուզում էի, որ նա պրոբլեմ չունենա: Երրորդ նախագահի հետ իմ հարաբերությունները հարգալից, պաշտոնական, մարդկային ու բարեկամական են, ու երբ նա գնում էր հանդիպելու Օբամայի հետ, ես ուզում էի, որ նա ու մեր երկիրն ուժեղ լինեն»,- ասաց պատգամավոր Դալլաքյանը, որովհետև ուժեղ երկրում է ուժեղ ընտանիք ստեղծվում-կայանում:
Սենց բաներ։ Չէ, էլի մի բան: Երբ, ուրեմն, Հակոբ Հակոբյանին մենք բոլորս («Իրավունք de facto»-ն էլ էր հրավիրված հարսանիքին) ճանապարհում էինք, Վիկտորի տաղանդավոր-քանդակագործ եղբայրը, թե` «այ տիկին Մարի, էս վարպետին մի գլուխ ասում եմ` գնանք «լևի», ասում է` տիկին Մարին կնեղանա»:
Տիկին Մարին աղջիկ-հարս ժամանակվա ժպիտն աչքերում նայեց դեպ նորահարսն ու հայացքով նրբորեն հասկացրեց` չի կարելի նման բաներ խոսել նորապսակների մոտ, մեղք է։ Մանավանդ երբ երկնքից նայողներ կան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հ. Գ. -«Իրավունքը de facto»-ն արևշատություն է մաղթում Վիկտոր Դալլաքյանի օջախի ծուխ Երվանդին ու նրա սրտի տիրուհի Տաթևին` ցանկանալով նրանց սեր և աղավնիներ։ Թող հավատարմությունը թևածի ձեր տանիքի տակ։

Դիտվել է՝ 1841

Մեկնաբանություններ