«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԼԵՎՍ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ ՍՊԱՍԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՅԼԵՎՍ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԻ ՍՊԱՍԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»
23.07.2010 | 00:00

Բլից-հարցազրույց «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-ՀՀՇ-ի համագումարում Ձեր խոսքից կարելի էր ենթադրել, որ այդ կուսակցությունը զերծ է սխալներից։ Իսկապե՞ս այդպես եք կարծում։
-Ես կարող եմ խոսել «Հանրապետություն» կուսակցության թերություններից մեր համագումարի ժամանակ, բայց, երբ հրավիրված եմ ՀՀՇ-ի համագումարին` կա՛մ ընդունում եմ հրավերն ու ողջյունի խոսք ասում, կա՛մ չեմ ընդունում։ Իմ խորին համոզմամբ` ՀՀՇ-ի քաղխորհրդի կազմում ընդգրկված մարդիկ, որոնք Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման գործում լուրջ ազդեցություն են ունեցել, ունեն կամք, ուժ իրենց անցած ուղին վերագնահատելու համար։ Պիտի տեսնեն թերությունները, բացթողումները, սխալները, որպեսզի առաջիկայում դրանցից զերծ լինեն։ ՀՀՇ-ի թերությունների ու սխալների մասին այս իշխանությունն այնքան է խոսել, նույնիսկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից շատ, որ բոլորին զզվեցրել է։
-Կադրային քաղաքականության մեջ ՀՀՇ-ի վերնախավը ժամանակին լուրջ սխալներ թույլ չտվե՞ց։
-Աշխարհում չսխալվող մեկ մարդ է եղել, որին խաչեցին։ Մնացած բոլորը սխալական են։
-Հնարավո՞ր է, որ կոնգրեսի սյունը հանդիսացող ՀՀՇ-ն (և ոչ միայն ՀՀՇ-ն) առանձին մասնակցի հաջորդ ընտրություններին։
-Կոնգրեսում թիվ մեկ կուսակցություն գոյություն չունի։ Կան հիմնասյունային կուսակցություններ, որոնցից մեկը ՀՀՇ-ն է։ Ինչ վերաբերում է հաջորդ ընտրություններին, պիտի հստակեցնել` ո՞ր ընտրություններին։
-Խորհրդարանական։
-Արտահե՞րթ, թե՞ հերթական։
-Փաստորեն, կոնգրեսի քայլերը տանում են հերթականին։
-Ինքս ամեն ինչ անում եմ, որպեսզի Հայաստանում տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Կարծում եմ` ժողովուրդն այլևս ժամանակ չունի սպասելու հերթական ընտրություններին, առավել ևս, որ խորհրդարանական ընտրություններից հասարակությունը ոչ մի սպասելիք չի կարող ունենալ, որովհետև համարում է, որ դա անհատի, կուսակցության, սեփական շահը սպասարկող ընտրություն է։ Ժողովուրդը մի ընտրությունից ունի սպասելիք` նախագահականից, որովհետև այդ ընտրությամբ է հնարավոր կյանքը փոխել։ Այնպես որ, կողմնակից եմ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացմանը, և իմ ջանքը, եռանդը չեմ խնայի դա իրագործելու համար։ Կարող եք ասել, որ անընդհատ այս մասին եմ խոսում, սակայն անընդհատ ասելու եմ ու անելու եմ ամեն ինչ, ինչի հնարավորությունն ունեմ։ Թևերս ծալած չեմ նստի ու ծափ տա, կամ սրա-նրա թևի տակ չեմ մտնի բարեկեցությունս ապահովելու համար։
-Ասել է, եթե արտահերթ նախագահական ընտրություններ լինեն, այս անգա՞մ էլ կոնգրեսը նույն կազմով, նույն լիդերով կգնա այդ ընտրությանը։
-Կարծում եմ` այո։ Բայց կգա ժամանակը, հարցը կքննարկվի։ Անհատը, ում մենք նախընտրել ենք, առաջին հերթին ինքը պետք է իր համաձայնությունը տա։
-Խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանի մասի՞ն է։
-Այո։ Կարծում եմ` ՀԱԿ-ը նոր ընտրությանը կմասնակցի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությամբ։ Իհարկե, եթե Տեր-Պետրոսյանն այս անգամ էլ իր համաձայնությունը տա։ Համենայն դեպս, ես կգնամ նրան համոզելու, որ դարձյալ իր թեկնածությունն առաջադրի։
-Չե՞ք կարծում, որ նախորդ ընտրության համեմատ այս անգամ հասարակության վստահությունն ընդդիմության միասնական առաջնորդի հանդեպ նվազել է։
-Արտահերթ ընտրությունները հասարակությանը ոչ միայն վստահություն, այլև ոգևորություն կբերեն։ Դա լինելու է բացարձակ այլ իրավիճակ։ Արտահերթ ընտրություններն ապահովելու են այդ ընտրությունների արդարությունը, թափանցիկությունը, իսկ երկրում ազնիվ, մաքուր, փոխադարձ վստահության մթնոլորտ է ստեղծվելու առնվազն մեկից երեք տարիների համար, կախված այդ ժամանակ իշխանության եկած ուժերից։
-Նախագահի արտահերթ ընտրության համար կա՞ այն նախադրյալը, որը Ձեր ցանկությունը կյանքի կկոչի։
-Իհարկե, շատ նախադրյալներ կան։
-Մշտապես այդ նախադրյալները կան, սակայն ոչ մի կերպ արտահերթ ընտրությունների անցկացմանը նպաստող իրավիճակ չի ստեղծվում։
-2008-ի նախագահական ընտրություններից հետո այս երկրում ոչ մի բան դեպի լավը չի փոխվել։ Սա արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմնական նախադրյալն է։
-Եթե այդքան վատ է վիճակը, ինչո՞ւ են ուշանում արտահերթ ընտրությունները։
-Քաղաքականության մեջ «արագն» ու «ուշը» հարաբերական են, որոնք կախված են քաղաքական գործիչներից ու անհատներից, ինչպես նաև Աստծո կամքից։ Պետք է ամեն բան ճիշտ ժամանակին լինի, որ ժողովուրդը չկանգնի մարտահրավերների առաջ։ Կարծում եմ` ընտրությունները կլինեն ճիշտ ժամանակին` ճիշտ մարդկանցով։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1310

Մեկնաբանություններ