«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԵՂՅԱԼ ԲԵՐԱՆԱՑԻ ԱՍԵՄ ՉԵՂՅԱԼ ԹՈՇԱԿԻՍ ՄԱՍԻՆ

ԵՂՅԱԼ ԲԵՐԱՆԱՑԻ ԱՍԵՄ ՉԵՂՅԱԼ ԹՈՇԱԿԻՍ ՄԱՍԻՆ
22.03.2011 | 00:00

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Իմ սիրելի որդի Գիքոր ջան։
Եղել են եղյալ երանելի ժամանակներ, երբ մարդ մարդամեջ է մտել իր եղյալ-ունեցած խելքով։ Խելքի զորությունը տարին բոլոր պետք է եղել և՛ ունեցողին, և՛ տնեցիներին, և՛ հարևան-բարեկամներին, և՛ համայնքին։ Հեռատես ծնողներն իրենց զավակներին խորհուրդ են տվել լսել խելացի մարդկանց, ականջները պահել նրանց խոսք-խրատներին։ Գլուխները լցնել տնօգուտ պետքական խելքով։ Մարդ կա, որ լեն օրվան էլ չի դիմանում, մարդ էլ կա, որ նեղ օրով ոչ միայն իր ու իր ընտանիքի գլուխն է պահում, այլև մի ճար է գտնում բոլորի համար։ Աշխատող մարդը ճանաչվել է իր լծկանով, ձիով, վարած հողով, մշակած այգով։ Ծույլը ծույլ է. տանձենու տակ պառկած լինի, քամին շարժի ճյուղը, մի ջրջրալի տանձ ընկնի բերանը` պոչն էլ վերև։ Մարդ միշտ էլ իր ունեցվածքով է ճանաչվել, մարդամեջ մտել։ Հիմա մարդ ամաչում է ինքն իրենից. տնից դուրս գա` ի՞նչ անի, տանը մնա` ի՞նչ անի։ Հիմա ո՛չ տան մեջ տուն կա, ո՛չ տնից դուրս տուն կա։ Ասում են` հին հույները տարվա մեջ միայն մի օր տոն չեն ունեցել։ Մենք էլ պակասը չենք։ Ամիսը մեկ տոն ենք անում։ Իմաց են անում, թե թոշակը եկել է։ Դրանից լավ տոն էլ ով է շաշվել, որ մեզ տա։ Առիթ է` գյուղամիջում հանդիպում ենք։
Որդի Գիքոր ջան։
Մարդու քայլվածքից երևում է, թե նա ինչ տեղ է գնում։ Դեռ տնից մի երկու լոք չարած` ճակատիս խոսք է կպչում` թոշակ ստանալո՞ւ ես գնում։ Չես ասի` բարով, բարի օրը կտրե՞լ է, որ միանգամից թոշակիս ես աչքով տալիս։ Մարդիկ ասես քիչ են, հիմա էլ թռչունները, շուն ու գելերը։ Գող կաչաղակի ձենն եմ լսում. «Թոշակի՞, մենակ ո՞նց ես տանելու, գոնե մի ձիուց, էշից, բանից, որ բարձեիր ու քարվան կտրողի նման տանդ ճամփան բռնեիր»։ Գող կաչաղակն ասես հերիք չէ, հիմա էլ էն ծիտիկի թոռնիկը, որի տատիկը զբաղվում էր բացահայտ սպեկուլյացիայով` փուչիկ էր տալիս` լոշիկ էր առնում, վերջում էլ` հարսիկ էր առնում։ Սազը չընկներ, չկոտրվեր` ավելի լավ կլիներ, բայց, դե, ուրախություն է։ Հիմա ծիտիկի գործն էլ են մեր օլիգարխներն առել իրենց ձեռքը` միայն թե փող դուրս գա։ Ասում եմ` այ ծիտիկ, դու էիր պակաս, որ ինձ վրա լեզու հանես։ Ի՞նչ ասի, որ լավ լինի։ Նամարդի խոսք է ասում։ Ասում է` ծլտեմ թոս... թոս... թոշակիդ վրա։ Զգում ես, որ նոր սերունդը դաստիարակության խիստ կարիք է զգում։ Ասում եմ` եթե իմ թոշակի վրա ծրտում ես, ուրեմն ծրտում ես ինձ թոշակ նշանակողի վրա, հասկացիր, ասում եմ, դու վիրավորում ես մեր պետությանը։ Ծիտիկը թե` ճանապարհին, գետի ափին մի շքեղ ավտո է տեսել, էլ ո՛չ դես, ո՛չ դեն, ծրտել է նաև մեքենայի վրա։ Տերը զայրացել է վարորդի վրա` խելքդ որտե՞ղ էր, ասել է, 250 հազար դոլարանոց ջեյրանիս վրա... ՈՒ հայհոյել է։ Գող կաչաղակն ու փուշ վաճառողի թոռնիկ ծիտիկն ասես քիչ էին, հիմա էլ անտեր մի շուն է կտրում դեմս։ Հարցնում է` թոշակ ստանալո՞ւ ես գնում։ Ասում են` շուն մի հաչեցրու։ ՈՒմ շունն էլ լինի` պիտի նայես, որ նա էլ քո դռանը, քո գյուղին, քո հանդ ու չոլին նայի։ Շնից չպրծած` հիմա էլ գոմեշը։ Ասում է` թոշակի՞ ես գնում։ Ասում եմ` գոմեշ ջան, մի՛ մռլնգա, հո դու գող կաչաղակ չե՞ս։ Գոմեշն էլ թե` թրքեմ թոշակիդ վրա։ Լսածիս չեմ հավատում։ Ասում եմ` գոմեշ, հին արևելքից հիշատակ դու ես մնացել, քեզ վայել չէ էդ ոճով խոսելը։ Եթե դու թրքում ես իմ թոշակի վրա, նշանակում է` թրքում ես պետության վրա։
Էսպես` ի՞նչ ասեմ, ծիտը ծրտեց, ձին փթրեց, էծը կճրեց, մինչև հասա հոտավետ թոշակիս։ Պարապ ջահելներ են, ալևորներս գոնե թոշակ ենք ստանում` լավից, վատից։ Պարտադիր բան է դարձել. ամեն թոշակի ձեռնբացները մի շիշ արաղ են առնում ջահելների համար։ Անցած անգամներում սամիս ծռել էի, փախել։ Հիմա ասացի, ադաթից չընկնեմ, մի շիշ արաղ մենակս առա։ Շիշը տեսան` լեզուները բերաններում շարժվեց` բա զակուսկի՞ն։ Ասացի` հայերեն ասեք` առնեմ։ Չասացին, ես էլ ասացի` ձեր բաժին խորտիկները հրեն ծիտը, գոմեշը, ձին, հավը, շունը նվիրել են։ Նրանք զարմացած նայում են, իսկ ես ծիծաղում եմ։ Իսկ նրանք հարցնում են` հավ ես մորթել, ո՞ւր է։
Իմ սիրելի որդի Գիքոր ջան։ Մարդ ենք, երկիր ենք։ Կյանք է` մարդու նեղ տեղն էլ ենք տեսել, երկրի նեղ տեղն էլ։ Բայց էսքան նե՞ղ. ես որ իմ օրում տեսած չկամ։ Վրա տված էնպես են փախչում, ոնց որ հենց հիմա ՈՒշաբաձորից վիշապը դուրս է եկել, որ գա ու տանի նրան, ում սիրտն ուզում է։ Էսպես ապրել չի լինի։ Ո՛չ մարդու քեֆն է տեղը, ո՛չ բնության և ո՛չ մեկի։ Սարերն առաջվանը չեն, ջրերն առաջվանը չեն։ Ոչ մի բանի մեջ առաջվա համ ու լազաթը չեն մնացել։ Անհամություն է համատարած։ Գիտեմ, կասես` ա հեր, մի՛ սրտնեղիր, տարիքը սրտնեղություն է բերում։ Գյուղացու տունը պիտի լիքը լինի, գոմը պիտի լիքը լինի, ամբարը պիտի լիքը լինի... Հիմա միայն սիրտն է լիքը։ Էն էլ ծանրացած դարդ ու ցավով։ Աշխատող, ձգող մարդու աչքին ոչ մի թոշակ էլ չի երևում։ Բայց հիմա խեղճ գյուղացին, թոշակից բացի, ի՞նչ է տեսնում։ Հենց թոշակը տեսնելու բան չէ։ Ես ասելու բան չունեմ։ Պետության ուժն էդքան է պատում` էդքան է տալիս։ Խեղճ պետությունը հո զոռ չի անելու, տա ունեցած քամակն էլ ճղի։ Անգլուխ իշխանություններ շատ ենք տեսել։ Անթիկունք ժողովուրդ շատ ենք տեսել, բայց ո՞վ է տեսել, որ պետությունն անգլուխ-անքամակ լինի։ Հենց մե՞զ պիտի էս ցավը հանդիպեր։ Ցավը մարդու համար է։ Ցավքաշությունը մեզ բոլ-բոլ հերիքում է։ Բայց հիմա ցավքաշություն չկա։ Սա խայտառակություն է։ Հողերը մնում են վարելու։ Մեր սարերում լիքը ոչխարներ էին, խոշոր եղջերավորներն աճում ու աճում էին։ Այգիները լավ բերք էին տալիս։ Իսկ հիմա ի՞նչ է կատարվում։ Շնողնեցի մի լավ մարդ կար։ Տղան դարձել էր նախարար։ Քանիսն են առավոտ-իրիկուն նրան ասել` այ քեռի, մինիստր տղա ունես, էս կով ու ոչխարն ինչի՞ ես պահում։ Թե` մինիստր է, իր համար է մինիստր, ինձ ի՞նչ։ Էսօր կասեն` մինիստր, էգուց էլ կասեն` մի՛ նստիր։ Ես իմ տղային իմ արած յուղ ու պանիրը չտամ, եկած ժամանակ ոտքերի տակ մի ոչխար չմորթեմ, թե մինիստր է՞... Հիմա ո՛չ նախարարի հեր է մնացել, ո՛չ էլ դուռդ լիքը ապրանք` կով ու ոչխար։ Ջրերն առաջվա նպատակով չեն հոսում, անտառն առաջվա կանաչով չի խշշում, արևը մի տեսակ ծուլանալով է դուրս գալիս ու մայր մտնում։ Գուցե ինձ է էդպես թվում։ Երևի շատ եմ ծերացել։ Ծերացել եմ, թե ինչ, որդի ջան, արար աշխարհում ես մի տեղ ունեմ` հորս մոտ։ Կգա՞ս, չե՞ս գա, քո ժամանակը, քո միջոցը գիտեն, ես մի բան գիտեմ, որ խելոք մարդն իր թոշակը չի թողնի էս աննամուս շան տղերքին, թե ինքը գնում է, թե ամեն ինչ թողնում եմ ու մեռնեմ, վախենում եմ հետևիցս խոսք ասեն` Գիքորի հեր Համբոն վախեցավ, մի շիշ բան չառավ, վախից գնաց ու մեռավ։ Չէ, որդի Գիքոր ջան, ես էն վախկոտ ու փախչող Համբոներից չեմ, որ հետևիցս մեկնումեկի բերանը բացել տամ։ Մի բան եմ հասկանում, որ Թումանյանի ասածն ամենաճիշտն է` ապրել չի լինի էսպես ամեն օր։ Ցանկությունս է, որ լավ ծերություն ունենաս, թոշակի հույսին թե մնաս, օխտը կորածի մինն էլ դու կդառնաս։ Աստված չանի։
Քո թոշակահույս հայր ՀԱՄԲՈ

Դիտվել է՝ 1854

Մեկնաբանություններ