«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՈՒ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԿՅԱՆՔ»

«ՈՒ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ՍԿՍՎՈՒՄ Է ՆՈՐ ԿՅԱՆՔ»
12.07.2011 | 00:00

Երևանի կենդանաբանական այգին հիշեցնում է նախորդ դարի 60-ականների գերմանականը: Այս կարծիքին է ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փոխնախագահ Դիրկ Բուբերգը: Օրեր առաջ հյուրընկալվելով մեր այգում` նա խոստովանեց, որ վերապրում է իր ծննդավայր Օսնաբրուկի կենդանաբանական այգում անցկացրած մանկական հիշողությունները, և որ մեր այգին, փաստորեն, մի ամբողջ հիսնամյակով հետ է մնում եվրոպականից: Որ այն նախորդ դարի 80-ականներին ցավալիորեն զիջում էր (մինչ օրս էլ զիջում է) Բեռլինի կենդանաբանական այգուն, կարող եմ վկայել ականատեսի իրավունքով. խոսքը գլխավորապես կենդանիների համար ստեղծված կենսապայմանների մասին է: Ավգյան ախոռները մաքրելու հերկուլեսյան սխրանքի հետ համեմատելի` Երևանի կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն, FPWC-ի (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ) հիմնադիր նախագահ ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ տքնանքը տվել է առաջին պտուղները: Որպեսզի ասվածը պատկերավոր համեմատություն կամ դատարկ պերճախոսություն չհամարվի, ընդամենը թվարկենք այն քայլերն ու ձեռքբերումները, որոնք արդեն իսկ առկա են երկու ամսվա աշխատանքի արդյունքում. կատարվել է ասֆալտապատում, եվրոպական չափանիշներին համապատասխան վերանորոգվել է հասարակական զուգարանը, կարգավորվել են հանրային սննդի օբյեկտների, ատրակցիոնների, տոմսերի իրացման աշխատանքները, սեզոնային համազգեստներով են ապահովվել այգու բոլոր աշխատակիցները, խստացվել են պահակային ծառայությունը և տարածքի հսկողությունը, տեղադրվել են տարատեսակ աղբարկղեր, փոխվել է աշխատանքային ռեժիմը` ըստ աշխատանքային օրենսգրքի, մշակվել և կիրառության մեջ է մտել արտաժամյա և տոնական օրերի աշխատանքի համար սահմանված վճարման և պարգևատրումների համակարգը: Աշխատավարձերի զգալի բարձրացում է սպասվում սեպտեմբեր ամսին: Այս ամենի մասին տեղեկացանք կենդանաբանական այգու փոխտնօրեն Գայանե Սարգսյանից: Այլ մանրամասներ հաղորդեց ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով, Ռուբեն Խաչատրյանի պատվերով, արդեն իրականացված և իրականանալիք բարենորոգումների անմիջական մասնակիցն է: Առաջիկայում այգու նախկին փոքրիկ ակումբը կվերանորոգվի ու կդառնա ուսումնական կենտրոն, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ կենդանիների կյանքին, համակողմանիորեն տեղեկացվել համացանցի միջոցով: Նախատեսվում է վագրերի և առյուծի համար առանձնացնել ցանկապատված ընդարձակ տարածքներ` ներկայիս վանդակներից անհամեմատ մեծ չափերով:
Հայաստանի պայմաններում փոքր-ինչ դոնքիշոտյան թվացող այս ծրագրերը հավատ են ներշնչում օտարազգի պաշտոնյաներին: «Լսելով Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, տեղեկանալով այգու զարգացման ծրագրերին` լիովին վստահ եմ, որ դրանք կիրականանան: Այն բոլոր զարգացումները, որ 15-20 տարվա ընթացքում ես տեսել եմ իմ քաղաքի կենդանաբանական այգում, պահանջում են մեծ ներդրումներ: Հարկավոր է կենդանիների համար առնվազն ապահովել բնականին մոտ միջավայր: Դրան հասնելու համար պետք է ունենալ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ: Այն քաղաքական կամքը, այն ցանկությունը, որ կա բոլոր շահառուների կողմից, բնակչության ներգրավվածությունը այգու գործունեությանը (մենք տեսնում ենք, որ մարդիկ նախընտրում են գալ և իրենց հանգստյան օրերն անցկացնել այստեղ), իսկապես ցույց են տալիս, որ առկա հավակնոտ նպատակը կարելի է իրագործել»,- ասում է Դիրկ Բուբերգը:
Գերմանացի պաշտոնյային համակարծիք է Հայաստանում Անգլիայի դեսպան Չարլզ Լոնցդեյլը: «Շատ բան կա անելու, բայց կարելի է ասել, որ ունենք լավ մեկնարկ»,- նկատում է նա:
Օրվա խորհրդի և առաջիկա անելիքների մասին պատմում է Ռուբեն Խաչատրյանը. «Այսօրվա միջոցառումը հնարավորություն էր միջազգային կառույցների ներկայացուցիչներին ցույց տալու, որ կա կենդանաբանական այգի, և այն ուզում է արդիականացնել իր մոտեցումները, դառնալ ոչ միայն ժամանցի վայր, այլև կրթական կենտրոն, որտեղ կկրթվեն հայ հասարակությունը, հայ երեխաները, ինչպես և իրենց հետա-քրքրությունները կբավարարեն արտերկրից ժամանած զբոսաշրջիկները: Այն կենսաբազմազանությունը, որ կա Հայաստանում, հպարտանալու հիմքեր է տալիս մեզ, և պետք է դա ըստ արժանվույն մատուցել մարդկանց»: ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի կողմից արդեն իսկ այգուն աջակցելու, ֆինանսական ներդրում կատարելու առաջարկություն է արվել, ստեղծվել են տարբեր կառույցների հետ կապեր հաստատելու նախապայմաններ: Այգին հավակնում է դառնալու հարուստ կենսաբազմազանություն ներկայացնող տարածաշրջանային կենտրոն, իր նոր մոտեցումներն առաջարկելու էներգիայի այլընտրանքային միջոցների և խնայողության, կենսաբազմազանության վերարտադրության, երեխաների էկոլոգիական կրթության և այլ խնդիրների առնչությամբ:
«Առհասարակ, արժե՞ ունենալ կենդաբանական այգի, արժե՞ կենդանիներին փակել վանդակներում` իրենց բնությանը ոչ հարիր պայմաններում: Արդյո՞ք սա մարդկային քմահաճույքի պարտադրանքը չէ կենդանի բնությանը»,- հարցնում եմ Ռուբեն Խաչատրյանին:
«Երկու տարբերակ կա այս իրավիճակից դուրս գալու,- ասում է նա,- կա՛մ փակում ենք այգին, վերակառուցում, հիմնովին վերափոխում, ապա նոր բացում, կա՛մ գնում ենք քայլ առ քայլ` ավելի դժվար ճանապարհով, և սա հանգեցնում է այն բոլոր աժիոտաժներին, որոնք առկա են այսօր: Իհարկե, ինձ համար ավելի հեշտ կլիներ ընտրել նշածս առաջին ճանապարհը, բայց կա քաղաքապետարանի որոշումը, համաձայն որի` այգին պիտի գործի, չկտրի կապն այցելուների հետ: Հետևաբար, մենք փորձում ենք բարեփոխումներն իրականացնել առօրյա աշխատանքին զուգահեռ, որը, իհարկե, բարդությունների առաջ է մեզ կանգնեցնում: Ամենակարևորն այն է, որ մարդիկ գան այգի ոչ թե ատրակցիոն խաղերի, զուտ ժամանցի, այլ կենդանիների համար, որ ճանաչեն բնությունը, կենդանիների աշխարհը, որովհետև իրենք մի մասնիկն են այս միջավայրի, այլ ոչ թե ասֆալտի, բետոնի, քարե շինությունների: Աշխարհի բոլոր մասնագետները գալիս-հիանում են մեր բնությամբ, իսկ մենք նույնիսկ չգիտենք մեր ունեցածի արժեքը»:
Հայրենի բնության պահպանության և կենդանաբանական այգու զարգացման ծրագրերին մասնակցելու ուշագրավ առաջարկներ են արված «Համահայկական նկարչական օր-մրցույթ», «Արևորդի», «Կենդանիների խնամակալություն» նախագծերի շրջանակներում, որոնց մասին մանրամասն տեղեկացնում են www.paintingday.sunchild.am և www.yerevanzoo.am կայքերը:
Ըստ Վոլտերի` ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում: Եվ այս ճշմարտությունը չի շրջանցում որևէ մեկին` անկախ Պարզ լճում մոտորանավակային սթրեսից կամ վիրուսային ինֆեկցիայից սև կարապների վախճանվելու հանգամանքից: Իսկ որ կենդանիների անկման դեպքերը ցավալի, բայց անխուսափելի են ամենուր, վկայում է նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչը. «Եվրոպայի լավագույն այգիներում ևս մահանում են կենդանիներ, բայց այդ կորուստները փոխհատուցվում են նրանով, որ ծնվում և ձեռք են բերվում նորերը, ու կենդանաբանական այգում սկսվում է նոր կյանք»:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1490

Մեկնաբանություններ