«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԼԱՆՉԻ» ԻՐԱՎՈՒՆՔ(չշփոթել «լինչի» հետ)

«ԼԱՆՉԻ» ԻՐԱՎՈՒՆՔ(չշփոթել «լինչի» հետ)
23.04.2010 | 00:00

Ժամը 13-ի և 15-ի արանքում, երբ մտնում ենք խանութ, ականատես ենք լինում հետևյալ տեսարանին. վաճառողուհին կամ վաճառողուհիները վաճառասեղանի տակ թաքնված փորձում են ուտել իրենց կերակուրը, կամ վերջերս, օ՜, ինչ առաջընթաց, մեկը կամ երկուսը մնում են իրենց «դիրքերում», իսկ մյուսները, նահանջելով թիկունք, հավանաբար պահեստ, կամ հայտնի չէ ուր, հագեցնում են իրենց քաղցը։ Առաջին դեպքում խեղճերը թողնում են իրենց գդալը և պատառը կոկորդին ստիպված վերսկսում են սպասարկել քեզ, երկրորդ դեպքում նույն մարդը վազում է մեկ այս բաժին, մեկ մյուս, որ սպասարկի ոչ պատեհ ժամին խանութ մտած այցելուներին։
Դուք ուշադրություն դարձրե՞լ եք (եթե ոչ, դարձրեք) նրանց դեմքի արտահայտությանը` որքան տառապանք ու անելանելիության զգացում է դրոշմված կանանց գեղեցիկ այդ դեմքերին (խանութների աշխատակիցների 90 տոկոսը կին է), էլ չեմ ասում, թե ինչ է կատարվում նրանց հոգում, նյարդերի հետ և ստամոքսներում (դրեք ձեզ նրանց տեղը և ամեն ինչ կհասկանաք)։ Նույնիսկ ցանկացած ուսանող բժիշկ ձեզ կարող է ասել, թե ինչ հետևանք է ունենում դա առողջության վրա. ժողովրդի խոսքերով ասած, հարամ ենք անում կերածը։ Գումարենք դրան նաև այն, որ երկրորդ անգամ նրանք պիտի սնվեն, հնարավոր է` նույնիսկ չսնվեն, ուշ երեկոյան, կամ գիշերը ու... (այո, այստեղ` բազմակետ)։
Երբ այս ամենի մասին որոշեցի խորհել ձեզ հետ, միտք հղացավ սկզբում թերթելու աշխատանքային օրենսգիրքը, ստուգելու, գուցե այնտեղ չկա՞ ընդմիջման մասին հոդված, կետ առ այն, որ յուրաքանչյուր վարձու աշխատող ունի իրավունք դադարեցնելու աշխատանքը տարրական խնդրի` ուտելու համար։
Հետո մտածեցի` ինչպե՞ս կարող է չլինել, հո մեր երկիրը ստրկական կարգերում չի ապրում, այ մարդ, զարգացող երկիր ենք, դեմոկրատական ուղի բռնած, եվրոպական արժեքներ դավանող։ Ասենք չկա, բայց արհմիությունները հո կա՞ն, որ պաշտպանեն աշխատավորին։ Իսկ գուցե չկա՞ն։ Էլի կասկածներ։ Հիմա կա՞ն, թե՞ չկան։ Չէ՛, կան։ Ինչպե՞ս է հնարավոր, որ չլինեն։ Արհմիություններ էլ ունենք, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպան էլ ունենք` իր գրասենյակով։ Բա ո՜նց, հո մենք հետամնաց երկիր չե՞նք... (բազմակետ մի քիչ մտորելու համար)։
Մնում է մի եզրակացություն։ Ինչպե՞ս էի մոռացել. այդ պաշտոնյաները խանութից չեն օգտվում, դա նրանց փոխարեն անում են իրենց աղախինները և անձնական վարորդները, մեկ-մեկ էլ` թիկնապահները։ Քոռանամ ես, դարձյալ ժողովրդի լեզվով ասած, տեղյակ չեն, թե չէ կթողնեի՞ն, որ այդպես մնար... (նորից բազմակետ)։
Հա, քիչ էր մնում մոռանայի հիմնական ասելիքս։ Մարտի 8-ից ապրիլի 7-ը Հայաստանում հայտարարված է կանանց մեծարման միամսյակ (եթե չեմ սխալվում, աշխարհում միայն մենք ենք այդքան շնորհքով ազգ, ուրիշների բոլորովին պետքն էլ չէ` կին կա, կին չկա, ի՞նչ միամսյակ, միօրյակ էլ չունեն)։
Դարձյալ շեղվեցի։ Շարունակեմ. միամսյակի օրերին հեռուստացույցով մեր պետական այրերը ցանկություններ և հորդորներ էին հնչեցնում, որ մենք` տղամարդիկս, չսահմանափակենք մեր հոգատարությունը միայն այդ մեկ ամսվա շրջանակներում, այլ ուշադիր լինենք ամբողջ տարին, միշտ սիրենք և ձեռքերի վրա պահենք մեր կանանց, ազգի քնքուշ մասին, մեր մայրերին, քույրերին, դուստրերին։
Այ մարդ, ի՞նչ կենաց է կորչում, նկատենք, որ դա ասել նրանց մեր պաշտոնյաներին ոչ ոք չէր ստիպում, լեզվից չէր քաշում, հանգիստ ապրում էինք, այստեղ էլ ուզում էի ասել` բազմակետ, բայց ոչ, այստեղ` շեշտ և նոր տողից.
-Բաց արեք ձեր աչքերը, պարոնայք, քանզի այդ խանութների հիմնական, ճնշող մասը հենց ձերն է։
«Լանչ»` թարգմանաբար` ճաշ ընդմիջման ժամին։
Եթե համոզիչ չէր, բացիր Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգիրքը, ավելի հստա՞կ ես ուզում, խնդրեմ` 72-րդ էջ, հոդված 152։
Օրվա մեջ մի ժամ էլ փող մի վաստակեք, հավաստիացնում եմ, բան չի պատահի։ Կանանց սիրելն ավելի կարևոր է։ Դե, իսկ ինչ վերաբերում է մեզ` գնորդներիս, մեկից երկուսը մի կերպ կդիմանանք։ Չէ՞...
Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՀՀ վաստակավոր նկարիչ, սովորական քաղաքացի

Դիտվել է՝ 1809

Մեկնաբանություններ