ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ «ԴՐԱՄԸ» ԻՐԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ Է

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ «ԴՐԱՄԸ» ԻՐԵՐԻ ԵՎ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՏԵՍՔՈՎ Է
19.11.2010 | 00:00

Պարզվում է` մայրաքաղաքի նախադպրոցական հաստատություններում ևս տիրում է նույն «առքուվաճառքի» մթնոլորտը, ինչ հանրակրթական դպրոցներում: Բազմաթիվ ծնողներ կհաստատեն այն փաստը, որ այսօր երեխային մանկապարտեզ ընդունելու համար ոչ միայն անհրաժեշտ է ունենալ միջնորդ, ծանոթ, ազդեցիկ կապեր, այլև «լիքը» գրպաններ:
Ընդունելուց հետո էլ «փաստի» առաջ են կանգնեցնում:
Գաղտնիք չէ, որ միջին մակարդակի մանկապարտեզներում ամսական վարձավճարը 4000-5000 դրամ է, սակայն ծնողները շատ հաճախ անտեղյակ են լինում, որ, վարձից բացի, պետք է վճարեն ֆոնդի գումար, ապահովեն հիգիենիկ և տնտեսական իրեր, սպասք, անկողին, գրենական բազմատեսակ պիտույքներ և այլն։ Փաստորեն, որպես պետական հաստատություն, մանկապարտեզներն ապահովված չեն նույնիսկ այդ տարրական կենցաղային իրերով:
Բարեկամուհիս, որը նախադպրոցական տարիքի երկու երեխա ունի, դեպքերի բերումով առնչվել է տարբեր մանկապարտեզների հետ: Երեխային Էրեբունի համայնքից տեղափոխելով Կենտրոն համայնքի մանկապարտեզ (հասկանալի պատճառներով մանկապարտեզների անունները չենք նշում)` նա առաջին իսկ օրից ապշել է` ծանոթանալով տեղի «կարգուկանոնին»:
Չբավարարվելով միայն վերջինիս տեղեկություններով, որոշեցի հարցումներ անցկացնել մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում և համոզվեցի, որ այստեղ ևս տիրում է նույն «առքուվաճառքի» մթնոլորտը, միայն մեկ տարբերությամբ: Եթե դպրոցներում տեղի է ունենում բացահայտ դրամահավաքություն, մանկապարտեզներում այդ «դրամ» ասվածն իրերի և առարկաների տեսքով է: Այսինքն, այստեղ երբեք ծնողներից ավելորդ գումար չեն պահանջում, ընդհակառակը, ամեն ինչ «օրենքի» շրջանակներում է իրականացվում. թե՛ հիգիենիկ և տնտեսական պարագաները (զուգարանի թուղթ, անձեռոցիկներ, սպասք, անկողին, որը պահանջվում է ծնողներից), թե՛ պարապմունքները` պարը, անգլերենի և ռուսերենի դասընթացները, վճարովի հիմունքներով են: Կարևոր չէ` 4-5 տարեկան երեխան ընկալո՞ւմ կամ սովորո՞ւմ է մի բան, թե՞ ոչ (նշեմ, որ անգլերենը դպրոցներում ուսումնասիրում են 2-րդ կամ 3-րդ դասարաններում, համարելով այն բարդ և դժվարին լեզու): Ամենամսյա վարձին կցվում է նաև ֆոնդի 300 դրամը, որը, պարզվում է, նույնպես «օրինական է»: Թեև դա (300 դրամը), դպրոցներում հավաքվող ֆոնդի համեմատությամբ, չնչին է, բայց երբ գումարում ենք այդ մանր ու միջին վճարները, ստացվում է բավականին մեծ գումար: Փաստորեն, 5000 դրամ վարձավճարի փոխարեն ծնողը մեկ երեխայի համար ամսական վճարում է 10 հազար դրամից ավելի գումար:
«ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՔ` ՏԵՂՈՒՄ ԴԻՏԵՔ»
Չմոռանամ ամենակարևորի մասին: Պարզվում է, տիկնիկային թատրոններ հաճախելու նախկին ավանդույթը, որպես բարի հուշ, մնացել է անցյալում: Այսօր մանուկները ոչ թե ծնողների ձեռքը բռնած` մանկական հետաքրքրությամբ շտապում են տիկնիկային թատրոն (ինչը, ի դեպ, խիստ կարևոր է երեխայի կրթության, ինտելեկտի զարգացման և գեղագիտական ճաշակի ձևավորման համար), այլ տիկնիկային «կենդանիներն» ու «հերոսներն են» մանկապարտեզներ ժամանում։ Ծնողների կարծիքով, այս երևույթն անարդարացի է հատկապես նրանց հանդեպ, ովքեր հնարավորություն չունեն ամիսը մեկ կամ երկու անգամ վճարելու մանկապարտեզում ցուցադրվող ներկայացման համար: Հրաժարվել նույնպես չեն կարող, քանի որ երեխան չի կարող խմբից առանձնանալ և չդիտել: «Հարցնող լինի, մենք համաձա՞յն ենք, որ ամիսը երկու անգամ տիկնիկային ներկայացում են բերում և պարտադրում վճարել 500-ական դրամ: Եթե տարվա մեջ մեկ-երկու անգամ լինի, այդքան չենք նեղվի… Չգիտենք էլ` ովքե՞ր են դերասանները, ի՞նչ են ցուցադրում, քանի՞ րոպե է տևում, ի՞նչ է երեխան ստանում դրանից»,- դժգոհում էին շատ ծնողներ:
ՈՒսումնասիրությունների արդյունքում պարզեցի նաև, որ տարբեր մանկապարտեզներում տիկնիկային ներկայացումների գները տարբեր են (ըստ երևույթին, դա կախված է տնօրենների հայեցողությունից, նրանից, թե որ համայնքում է գտնվում մանկապարտեզը, և թե ո՞ւմ հետ են «գործ բռնել»): Մի տեղ «տիկնիկայինն» արժե 300 դրամ, մյուսում` 400, կենտրոնում` 500: Այնուամենայնիվ, մի՞թե տնօրենների կողմից այս քայլը նախօրոք մտածված և կշռադատված է, քանի որ վերջիններս փայլուն գիտակցում են, որ տոմսեր վաճառելու դեպքում հնարավորություն չունեցող շատ ծնողներ կհրաժարվեն դրանք գնելուց, պատճառաբանելով «ժամանակ չունենալը»: Իսկ մեր հոգատար և շատ հարգելի մանկապարտեզների տնօրեններն ամեն ինչ անում են, որ «թեթևացնեն» նրանց հոգսը: Տեսնես, էլ ե՞րբ պետք է մեր փոքրիկները ոտք դնեն Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, հետաքրքիր է, ո՞ր տարիքում, եթե ոչ` նախադպրոցական:
ՏՆՕՐԵՆՆԵՐԸ «ԹԵԹԵՎԱՑՆՈ՞ՒՄ ԵՆ» ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈԳՍԸ
Վերոնշյալ հարցադրումներում պարզություն մտցնեու համար «Իրատես de facto»-ն փորձեց զրուցել մայրաքաղաքի մի շարք մանկապարտեզների տնօրենների հետ:
Նոր Նորքի թիվ 3 մանկապարտեզի տնօրենուհին տեղեկացրեց, որ իրենց մոտ ո՛չ օտար լեզուների պարապմունքներ են անցկացվում, ո՛չ էլ «տիկնիկայինի» ցուցադրում է կազմակերպվում: Պատճա՞ռը: Նա դժվարացավ պատասխանել: «Միգուցե փո՞քր մանկապարտեզ է»,- հարցրի: «Ինչո՞ւ է փոքր, վեց խումբ ունենք, պարզապես այդ պարապմունքների կարիքը չենք զգում»:
Էրեբունու թիվ 91 մանկապարտեզի տնօրենն էլ ասաց, որ օտար լեզուների պարապմունքներ չեն անցկացնում. «Կուզենայինք, բայց հնարավորություն չկա: Դե, չգիտե՞ք, քաղքենի ժողովուրդ ենք, օտար լեզուների ենք ձգտում, բայց… Մի ժամանակ անցնում էինք, բայց երբ գալիս էր վճարելու պահը, ծնողները դժվարանում էին վճարել: Իսկ «տիկնիկայիններ» ցուցադրվում են, իհարկե, ոչ հաճախակի, տարվա մեջ մեկ-երկու անգամ»:
Կենտրոն համայնքի թիվ 35 մանկապարտեզի տնօրենն էլ այսպես պատասխանեց. «Ո՛չ օտար լեզուներ ենք անցնում, ո՛չ էլ ներկայացումներ կազմակերպում: Երբեմն ստվարաթղթերով «տիկնիկայիններ» ենք ցուցադրում, որը երեխաները մեծ հաճույքով են դիտում»:
Իմ հարցերին մեծ դժկամությամբ պատասխանեց Կենտրոն համայնքի թիվ 33 մանկապարտեզի տնօրենուհին: Նա, լսելով հարցերը, չցանկացավ պատասխանել: «Ես իրավասու չեմ այդ հարցերին հեռախոսով պատասխանելու, եկեք այստեղ»,- ասաց (այն տպավորությունն էր, որ նա, կարծես, պատրաստվում էր մի շատ կարևոր գաղտնիք բացելու): Տնօրենուհին, որն ի սկզբանե կասկածանքով էր վերաբերվում ինձ, վստահաբար հայտնեց, որ ես ոչ թե լրագրող եմ, այլ իր մանկապարտեզի ծնողներից մեկը, և եթե որևէ դժգոհություն ունեմ, կարող եմ իրեն հանդիպել և զրուցել. «Ես չգիտեմ` կոնկրետ ո՞ւմ ծնողն եք Դուք, բայց եթե այդ հարցերը Ձեզ շատ են հետաքրքրում, կասեմ. «տիկնիկայինների» համար մեր ծնողները նախապես տեղյակ են եղել, ծնողական ժողով ենք արել, ստացել բոլորի համաձայնությունը: Նրանք ուրախ են, որ հենց տեղում ենք ներկայացումները ցուցադրում, քանի որ ժամանակ չունեն»։ «Միգուցե հնարավորությո՞ւն չունեն»,- ասացի ես։ «Ո՛չ, ժամանակ չունեն»,- շեշտեց տնօրենուհին: Ինչ վերաբերում է դասընթացներին, նա, որ արդեն մարտականորեն էր տրամադրվել, վրա բերեց. «Նախ` դասընթաց չէ դա, այլ պարապմունք, որը տեղի է ունենում օրենքի սահմաններում: Ծնողը ծանոթանում է իրեն ներկայացվող պայմանագրին, որում նշված է այդ լեզուների ուսուցումը»: Ի՞նչ արժեն պարապմունքները: «Նայած թե որ մանկապարտեզը շաբաթական քանի անգամ է պարապում, եթե երկու` ուրեմն ամսական 1000 դրամ, եթե երեք` 1500 դրամ»,- պարզաբանեց թիվ 33-ի տնօրենուհին:
Հարց է առաջանում, եթե այս ամբողջն իրականացվում է «օրինական ճանապարհով», ինչպես պնդում է թիվ 33 մանկապարտեզի տնօրենուհին, ինչպե՞ս է, որ այդ «օրենքը» չի կիրառվում մայրաքաղաքի վերը նշված մյուս մանկապարտեզներում:
Անշուշտ, հարկավոր է նոր պարզաբանումներ ստանալ կրթական ոլորտը ղեկավարող ավելի բարձր կառույցներից, ինչը կփորձենք անել առաջիկայում:
Նարե ԱՂԱՅԱՆ

Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ