«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ԴՄԱԿՆ ՈՒ ՈՍԿՈՐԸ (օգոստոսյան տապին ընդառաջ)

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ԴՄԱԿՆ ՈՒ ՈՍԿՈՐԸ  (օգոստոսյան տապին ընդառաջ)
29.07.2011 | 00:00

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ


«Տականքը փրփուր է դառնում, փրփուրը` շամպայնի չափանիշ։ Երբ մեկի պոչը մյուսի տակին է, մեկի ձեռքը մյուսի «ջեբին» է, մեկի «Ջիպը» մյուսի տակին է... Աշխարհն ինչո՞ւ տակնուվրա եղավ։ Մի ժամանակ կոլխոզբանտարկյալներին ազատում էին միայն աքսորելու գնով։ Քաղաքական կուլիսներից Նազարը բեմ բարձրացավ ծափահարությունների ալիքների վրա։ Ներկայացման ավարտից քիչ անց դահլիճը սուզվում է իր բնական խավարի մեջ»։

Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, «Խոհերի արկածախնդրություն»

ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԵՐԸ ՓՈԽԵԼԻՍ
(հանրագումարային ֆելիետոն)

ՀԱԿ-ը, համաձայն մեր նորագույն պատմության վերջին լուսանցքի, և կոալիցիան, ըստ նորանկախ ազատականության նախավերջին շուրջպարի, քաղաքական առևտրի նոր խաղադրույքներ սահմանեցին։ Նոր, թարմաշունչ և խիստ խոստումնալից։
Հե՜յ գիտի օրեր, երբ ՀԱԿ-ի պատվիրակներն ու կոալիցիոն պատգամախոսները ճեմընթաց հարթում էին վերջին մետրերը (պատմություն էր կերտվում ձեռամբ պատվիրակաց և պատգամախոսաց, հայոց նորագույն պատմության լուսանցքում խաղադրույքները խաղեր էին տալիս), լճիցլիճյան հոգիս անզուսպ թնդաց, ոգիս զուգահեռաբար լալահառաչ բառաչեց, ի՜նչ օրեր էին և ինչպիսի՜ պահեր։ Չէ՞ որ նույնական պետականաշեն դիմախաղով, միևնույն ազգափրկիչ կիսաժպիտով և սիգաճեմ-վեհընթաց քայլքով Կոմիտեի (չշփոթել բնավ Կոմինտերնի հետ, ասենք, ինչու չէ, շփոթելը մեծ հանցանք չէ, զի գումարելիների տեղերը փոխելիս գումարները փորկապ են ընկնում) տղաները հարթակ ելան։ Պատմության բեմահարթակ։ Իսկ պատմությունը, գիտեք, չէ՞, Բիսմարկի բերանով ինչ է պատգամել։

Առաջ ենք թիավարում։ Վաղ առավոտյան մշուշում մի ալ առագաստ է նշմարվում։ Ճերմակահեր, հռոմեական կիսադեմով պատկառելի թիավարողը պատվիրակ Ֆելիքսն է, Խաչատրյան, ժողովրդավար պատրիկի նորոգ շինվածքը մեր օրերում։
Սեխաբույր մշուշը հարևան լճախորշում փոխարկվել է անուշ-մեղուշ հոտաշփոթի (ո՛չ ոչխարա-այծահոտի)։ Ղափամա է եփվում։ Վստահության շերեփը բարգավաճ Բոստանջյանի թևատակին է։ Բոստանջյանի կիսաժպի՜տը, չնկարագրենք, հանրահռչակ է, բնույթով խիստ եզակի։ Էսպես ժպտում էր ֆերմայի վարիչը յայլաներում շրջկոմի պատվիրակության արտագնա նիստը բարեհաջող կազմակերպելով, հորթի սուկիից պատրաստված չոբան-խորովուն սեղանին քաշելով։ (Կոլխոզի հաշվին էր էս ամենը)։

Մարդն իրավունք ունի։ Մի հանելուկային միտք է շեփորում` հանրապետությունում եզակիներին հասանելի։ Այնինչ ժամանակը հասունացավ պատմականորեն գնահատելու բոստանջյանական գլուխգործոցը։ Հիշո՞ւմ եք, գազի թանկացման շուրջ հանրային աղաղակները կարկտաբեր ամպեր էին կուտակել երկրով մեկ։ Խոսքերն ավելորդ էին, պատճառաբանությունները` առավել ևս։ Տիար Բոստանջյանը կիսաժպիտ լրջախոհությամբ եզրահանգեց, թե նա, ով բողոքում է գազի գների անհասանելիությունից, թող արտագաղթի գյուղական համայնքներ և շատ ավելի մատչելի վառելիքով, այսինքն` աթարով ջեռուցվի, սուրճ եփի և լոգանք ընդունի։ Չհասկացանք ու չգնահատեցինք դարակազմիկ զեղումը։ Պարսավանքի էլեկտրասյանը գամեցինք նրան։ Այսինքն` «տուպագալովի» գտնվեցինք։ Ազգովին։ Հանրորեն։ (Ներառյալ տիկին Փոստանջյանը)։
Այնինչ մարդը մեր ձեռքն էր տալիս ազգապետափրկչականության բանալին։ «Աթարապատում» ծրագրով մայրաքաղաքն էապես բեռնաթափվում էր, ասենք, կիսով չափ, զի երևանաբնակների բողոքավոր զանգվածը կամովին արտագաղթում էր աթարաշեն սահմանամերձ և մերձսահմանամերձ գյուղեր։ Երկու նապաստակ մի գնդակով գետնեցի՞նք։ Անշո՛ւշտ։ Եվ ահա երրորդ նապաստակը, չորրորդն ու տասներորդը։ Աթարի հարաճուն պահանջարկը չէ՞ որ լրջագույնս կխթաներ անասնապահության աճին։ Մոտավոր հաշվարկներով, յուրաքանչյուր «Աթարային արտագաղթողի «դամավոյում» կգրանցվի՞ չորս խոշոր, քսանչորս մանր եղջերավոր։ Կբացվեի՞ն կոտոշի ու սմբակի մթերման ժամանակակից կայաններ, այսինքն, արտագաղթողների ինտելեկտուալ ջահելությունն ու նարդիագետ ահելությունը հրաշալի հումք (աշխատուժ) չէի՞ն հանդիսանա սույն կայաններում։ Իհարկե։ Զուգահեռաբար կզարգանար զբոսաշրջությունը, զի երկիր-մոլորակի ճգնաժամից ուժասպառ կառավարությունները Հայաստան կժամանեին։ Փորձի փոխանակման։ Մի խոսքով։

Այսպիսով, երկխոսության առաջին փուլը բարեհաջող տապալվում է։ Զի պարզորոշ ուրվագծվում է գերնպատակը` ապագա խորհրդարանում ունենալ գեթ մի երկու տասնյակ աթոռ ՀԱԿ-ի, մի հինգ այդքան էլ` իշխանության համար։ Դզե՜ց ու չխնայեց։ Եվ հանուն սրա սկիզբ է առել այս սերիալային ծածկադմփոցը։ Բայց և այնպես հավասարակշռման պահը չպետք է անտեսել։ Ասենք Բոստանջյանի հետ պիտի երկխոսի առնվազն նրան չզիջող մեկը։ Բազմաբեղուն մտահանգումների և սևեռուն իդեաֆիքսերի իմաստով (տե՛ս վերը նշված աթարապատումը)։ Սակայն նրան համարժեքը, հազար ու մի ներողություն, ՀԱԿ-ը չունի։ Տիար Ֆելիքսն ընդամենը փորձում էր դիմակայել։ Ահա նման մտագալարներով. «...մենք մեր ճանապարհը ներկայացրել ենք, որ մինչև սեպտեմբեր խաղաղ բանակցելու ենք, դրանից հետո անցնելու ենք ջրբաժանը», «Ոչ, միևնույն սեղանի շուրջ նստելը չի նշանակում ընդունել նրանց լեգիտիմությունը։ Պարզապես իշխանությունը նրանց ձեռքում է...»։ Չի ձգում։ Ակնհայտ է։ Բայց գուցե Բոստանջյանը (նաև Գալուստը, նաև Նաիրան, նաև մեկ-երկու-երեք-չորս օլիգարխներ կոալիցիայից) փոխատեղո՞ւմ իրականացնեն։ Այսինքն` էսպես։ Նրանք կներկայացնեն ՀԱԿ-ը, Ֆելիքսը, Դավիթը, Լևոնը և այլք` իշխանական թևը։ Եվ երկխոսությունը համ ու հոտ կստանա, նպատակներ կուղենշի, հանրային խնդիրներն ուշագրավ, քիչ էլ ծիծաղաշարժ տեսանկյունից կմատուցի հանրությանը։ Թե չէ ինչի է նման, հնարամիտների քննաշրջան ասես լինի։ Իսկ էսպես, հաստատ մի տարի կձգեն։ Զի արդեն իսկ տեղը տեղին անհամացել են։ Այնինչ նրանց առջև անմահացման խնդիրն է ինքնաառաջադրվել։

ԴՄԱԿԻ ԵՎ ՈՍԿՈՐԻ ՋՐԲԱԺԱՆՈՒՄ
(պամֆլետ` քաղանասնապահական հոգնաներով)

Անհավանական է, որ հրատապ խնդիրները ներառվեն երկխոսության համատեքստում։ Առնվազն «տուպագալովի» պիտի լինես (կամ հավատաս, թե, օրինակի համար, հնարավոր է Հայաստանում անհնարինը։ Այսինքն` ժողովրդավարություն, երբ հանրապետությունը ճռռում է տնտեսական առկա և հեռակա ճգնաժամի ճիրաններում, խորհրդարանը պալատ է կառուցում և դահլիճ վերաձևում, կառավարությունը երկնիշ ցուցանիշով ավելացնում է գործուղումների ծախսերը...), որ թեկուզ ենթադրության սահմաններում երազես, թե գուցե և երկխոսվի այն մասին, որ հանրապետությունը վերաձևվել է հակապետականության ոգով ու մտքով, թիզ առ թիզ և հանդիսանում է միջինացված մի քաղաքակրթական փորձանմուշ, սուլթանական արյունռուշտ Թուրքիայի, բյուզանդական շփերթ խառնակության և սովետական հումանիտար վայրագության միջև։ ՈՒր տնտեսաքաղաքական հարյուրյակի ողորմածությամբ է երկիրը շնչում։ Շնչում այնքան, որ կարողանա արտաշնչել, շարունակելով իր բարձրագույն առաքելությունը` գերնպաստավոր հումք, այլ կերպ որակած` հանդիսանալով սպառողական ցանկալի զանգված։ Ո՞Ւմ համար, մի՞թե պարզ չէ։

Միջանկյալ զեղում։ Լեռը երկնեց, մկնդեղ արտավիժեց։ Կար-չկար, սովետաանկախական մի լրագրող կար։ Ազգանունը` Ղուշչյան։ Ղուշչյանը մասնագիտական գերհասունացման կիզակետում հեռուստատեսային ակադեմիա հիմնադրեց։ Դե, բնական է, որտեղ ակադեմիա, այնտեղ ակադեմիկոսներ։ Ղուշչյանը նաև պատվավոր ակադեմիկոսներ է թողարկում, ի համալրում «շիրպոտրեբային ակադեմիկոսների», ասել է, թե հեռուստաօպերատորների, մոնտաժողների և այլնի։
Առկա՞ է պատվավոր ակադեմիկոսի դափնեպսակը։ Այն պետք է ոմանց պարանոցներին ագուցել։ Առաջին երկու «զոհերն» էին «Արմենիայի» Արտեմն ու «Շարմի» Գագոն։ Եվ այսպես, Գագոն` Բունիաթյան Գագիկը` ակադեմիկոս, «Հ1»-ի տնօրենն է։ Նորույթներն սպասել չտվին, հանրային-հակահասարակականի եթերում քայլարշավի ելավ հիգիենիկ պարագաների գովազդը, ազգային ինքնության ապազգային ուրվականներն այլևս եթերային գերհերոսներ են և այլն։
Եվ քանզի երկխոսություն է հրապարակում, ինչու հեղինակային հաղորդաշարի իրավունք չտալ, օրինակ, ՀՀՇ-ի Գևորիկին։ Հանուն քաղաքական ներդաշնակության։

Լեռը երկնեց, և ավազակապետության կազմաքանդումը վերաձևվեց տրանսպորտի կազմալուծման։
Հանրապետությունը դմակ է, պարարտ, բազմաբույր, գրգռիչ։ Հարյուրյակը դագանակ է, դանակ և մորթազերծումից առաջ բարյացակամ ու հոգեշահ է այնքան, որ նախ շշմեցնում է հոնքամիջին հասցրած քաղաքակիրթ աքացիով։
Ասա, ո՞ւմ հետ ես երեկոյան երկխոսելու, և ես կավետեմ ապագա կաշառաչափիդ տեսլականը։
Տնտեսական աճ և աշխատատեղերի խրախճանք։ Արտագաղթի մուղամի ներքո։
Զուգահեռաբար Սևանում բազմանում է խեցգետինը։ Եվ սպառնում դառնալ կապտաչ կոհակների թագուհին։
Երբ ՀԱԿ առաջնորդն իր կենսագրության երկրորդ «Իններորդ ալիքի» փոթորկումից առաջ շեփորեց ավազակապետության կազմաքանդման մասին, ի պատասխան Աշտարակի ձորում և Հրազդանի կիրճում մի պահ կարկամեցին ստամոքսահյութով սնուցվող ուղեղագալարները, յա՜, էդիկ ոնց, մենք ալամ աշխարհից ապրանքը սրանց բողազը լցնենք ու հլա ավազակ ե՞նք։

Երկխոսում ենք։ Բարով-խերով երկխոսեցինք։ Սակայն այս նեխահոտ ճահճուտից երկիրը դուրս կգա միայն, իսկապես, ավազակապետա-քրեապետա-տխմարապետական համակարգի փլուզմամբ։ Միայն, երբ օլիգարխ ասվածը կդառնա պատմաքաղաքական դառը հիշողություն։ Այնինչ որոշ տկարամիտ երեսպաշտներ նրանց դասում են ազգի ու պետության փրկիչների շարքին։ Եվ ի՞նչ։ ՈՒ մինչև ե՞րբ։ Եվ բավ չէ՞ այս ամենը շրջանցել, գրպանում բռունցք ցույց տալ և, ներողագրեր բյուր-բազում, զբաղվել ապաքաղաքական պորտապարով։
Իսկ «մազութի գործը՞»։ Եղե՞լ է, թե՞ չի եղել։

Երբ լճիցլիճը նոր էր ներկայացվում պատվելի ընթերցողների դատին, խոսեցինք (համոզված եմ, մտահան չեք արել), որ ազատ ու ինքնիշխան հանրապետության քաղաքացիներիս մանկուրտացնում են մեր իսկ ուսերի վրայով իշխանության հասած մեր իսկ համազգային պայքարի զինակից-եղբայրները։ Իսկ վերջերս երկրի անտառների գլխավոր պատասխանատուն ամենայն լրջությամբ վստահեցնում էր, թե իրականում մեր անտառները չեն նվազել, ընդամենը զեռուններն են ակտիվացել։ Հավանաբար, հենց այդ զեռուններն են խիստ շահագրգռված հայկական որակյալ անտառանյութն ահռելի քանակությամբ արտահանելով, մայրաքաղաքը և հանրապետությունը տրանսպորտային կոլապսի ենթարկելով և այլն։ Մի խոսքով, օգոստոսյան զովաշունչ հանգիստ ձեզ ու մինչ հանդիպում` ս.թ. սեպտեմբերի 6-ին։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ