«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԵՍ ԱՆԶՈՐ ԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ, ԱՅԼԱՊԵՍ ԻՄ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ»

«ԵՍ ԱՆԶՈՐ ԵՄ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՄ, ԱՅԼԱՊԵՍ ԻՄ ԴԵՄ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ»
05.04.2011 | 00:00

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Խորհրդային տարիներին, մինչ հայերս լենինյան ինտերնացիոնալիզմի սին քարոզով ոգեշնչված` բարեկամության երգեր էինք ձոնում «հարևան-եղբայր» ժողովուրդներին, ինտերնացիոնալիզմի «օրորը» մեկ օր իսկ չմթագնեց վրացու և ադրբեջանցու հակահայ մտքի զգոնությունը, գեթ մեկ օր չլռեց ավերիչ քլունգը, որն անխնա ոչնչացնում էր այդ տարածքների բնիկ հայ ժողովրդի մշակութային արժեքները:
Վրաստանում հիմնահատակ քանդվում էին հայոց եկեղեցիները, ոչնչացվում հայկական հուշարձանները, խաչքարերը, տապանաքարերից քերվում-ջնջվում էին հայատառ արձանագրությունները: Հայի` իր պատմական հայրենիքում ստեղծած մշակույթը ոչնչացնելու քաղաքականությունը Վրաստանում սկիզբ է առել դեռ անցած դարի 50-ականներին: 1988-ի ազգային զարթոնքը բացեց մեր աչքերը. խորհրդային «ազգերի բարեկամության» կեղծ քողն ընկել էր ու պարզել սպիտակ ջարդի զարհուրելի հետևանքները: Չկա մշակույթը, չկա այն կրող ժողովուրդը։ Այս քաղաքականությունը շարունակվում է և այսօր, միայն մեկ տարբերությամբ. եթե խորհրդային տարիներին դա արվում էր ծածուկ, զգուշավոր, ապա այսօր բացահայտ ու ցինիկաբար` վրաց հոգևոր դասի և պետական այրերի գործուն մասնակցությամբ:
Վրաց կաթողիկոս Իլյա Բ-ն տարիներ առաջ մի այսպիսի հայտարարություն հնչեցրեց, թե Վրաստանի տարածքի բոլոր հուշարձանները, առավել ևս կրոնականները, վրաց պետության և եկեղեցու սեփականությունն են… Սա հերթական մեսիջ էր` ուղղված հայկականը սեփականելու մոլուցքով տառապող վրաց հոգևորականներին: ՈՒ հայտարարության արձագանքները չուշացան. վրաց հոգևորականները մեկը մյուսի հետևից անկեղծանում էին, թե վրացական Սիոնի հարևանությամբ իրենք չեն կարող հանդուրժել հայոց եկեղեցիների գոյությունը, հետևապես հայկական բոլոր եկեղեցիները պետք է վրացականացվեն… Խոսքից գործի անցնելը երկար ժամանակ չպահանջեց:
«ՑՈՐԵՆ ԳՈՂԱՑՈՂ ՄԿԱՆ ՊԵՍ»
Տասնամյակներ շարունակ ջավախքահայերին պարտադրվել է այն պատմական կեղծիքը, թե տարածաշրջանի հուշարձաններն ու եկեղեցիները զուտ վրացական ծագում ունեն: Ջավախքցին հավատացել է, լռել ու սուտն ընդունել իբրև ի գիտություն: Ասում են` «ստի ոտքը կարճ է լինում», բայց, արի ու տես, այդ «կարճը» շա՜տ երկար ձգվեց…
Խորհուրդների փլուզումից հետո առաջին հայ ճարտարապետը, որ հայտնվեց Ջավախքում, Սամվել Կարապետյանն էր: Եկել էր ճշմարտությունը բացահայտելու ժամանակը: Ջավախքցիները հավաքվում էին, խնդրում ճարտարապետին պարզել իրականությունը: Ճշմարտության բացահայտման առաջին քայլն սկսվեց Ջավախքի հայաբնակ Էխթիլա գյուղի եկեղեցուց: Առանձնակի ճիգեր հարկավոր չէին ճշմարտությունն ի հայտ բերելու համար, քանզի հայկական ծագման մասին խոսում էր հենց ինքը` եկեղեցին. բարձր բեմ, հյուսիսային պատի մեջ անշարժ, միակտոր քարից կերտված մկրտարանի ավազան, սրանք ճարտարապետական լուծումներ են, որ հատուկ են միայն հայկական եկեղեցիներին, և ոչ երբեք` վրացականին: Եվ վերջապես, հայկականությունն ապացուցում էին եկեղեցու բակի տապանաքարերը, որոնցից մեկի վրա հրաշքով պահպանվել էին հայատառ արձանագրություններ:
Ճշմարտության բացահայտումից օրեր անց, երբ վրացի ճարտարապետները սովորականի պես գալիս ու պահանջում են եկեղեցու բանալիները, հայ գյուղացիները, որ մինչ այդ հլու-հնազանդ դրանք տրամադրել էին ու անգիտությամբ օտարել սեփական մշակութային հարստությունը, ոչ միայն մերժում են, այլև տիրոջ իրավունքով գյուղից դուրս քշում ինքնակոչներին: «Այդ իրավիճակը շատ նման էր «Չարի վերջին», երբ կկուն տեղեկանում է, որ աղվեսը կացին չունի. համարձակություն է ստանում ու նրան քշում սարից, փրկում երրորդ ձագին»,- նկատում է ճարտարապետը:
Ջավախքցիները Սամվել Կարապետյանին տեղեկացնում են, որ վրաց իշխանությունների հրահանգով տարիներ շարունակ կազմակերպվել է հայկական խաչքարերի անխնա ոչնչացում: Այսպես. Ջանդիերի ազգանունով մի վրացուհի հնագետ Ախալքալաքում երկարատև պեղումներ է կազմակերպում: Տեղացիները, որ հետաքրքրությունից դրդված հաճախ են այցելել այդ վայրը, նկատում են, որ հայտնաբերված խաչքարերը հողից հանվելուն պես անհետանում են: Պարզվել է, որ վրացուհին իրականում զբաղված է ոչ թե հնագիտական աշխատանքներով, այլ հայկական հուշարձանների ոչնչացմամբ: Տեղացիներին այլ բան չէր մնում, քան սեփական ուժերով հայոց խաչքարերի ջարդը կանխելը` հնագետ վրացուհու հեռանալուն պես, կեսգիշերով դրանք մեքենաներով տեղափոխվում են մեկ այլ հայկական եկեղեցու բակ:
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆԵՐ` ԹԱՂՎԱԾ ԽԱՉՔԱՐԵՐԻ ՎՐԱ
Միամիտ է այն պատկերացումը, թե վրացիները հայկական մշակույթի հետքերը փորձում են ջնջել միայն հայոց պատմական Ջավախքից: Հայկական հուշարձանների ավերն իրականացվել ու շարունակվում է Վրաստանի ողջ տարածքում: 30-ականներին դրանց մի մասը հիմնահատակ քանդվեց, իսկ կանգուն մնացածներին այլ ճակատագիր էր սպասում. նորանկախ Վրաստանի իշխանությունների հրահանգով հայոց եկեղեցիները մեկը մյուսի հետևից վերաօծվեցին վրացականի: Այս ճակատագրին արժանացավ նաև Թբիլիսիի Վերա թաղամասում գործող Սուրբ խաչ եկեղեցին` կառուցված հայոց ազնվական դասի գերեզմանատան կենտրոնում, որտեղ հանգչում էին Վրաստանի հայ քաղաքապետների աճյունները:
Հիշեցնենք, որ 800 տարում Թիֆլիսը կառավարած 47 քաղաքագլուխներից 45-ը հայ է եղել: Իսկ այսօր նրանցից և ոչ մեկի գերեզմանը պահպանված չէ, որովհետև ողջ գերեզմանատունն է ավերված: «Երախտապարտ» վրաց ժողովուրդն այսպես վարձահատույց եղավ Թիֆլիսի շենացման գործում մեծ ավանդ ներդրած հայ քաղաքագլուխներին: Նույն ճակատագրին արժանացավ նաև Խոջիվանքի հայոց եկեղեցին` կառուցված 1655-ին: Նրա շուրջն ամփոփված հայոց Բեյբության իշխանական տոհմի գերեզմանոցը պարզապես վերածվեց քարհանքի. Խոջիվանքի տապանաքարերով վրացիները ԽՍՀՄ տարիներին կառուցեցին մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի շենքը և Կուր գետի հենապատերը: Իսկ արդեն 1996-ին գերեզմանատան տեղում հիմնվեց վրացական առաջնորդանիստ եկեղեցին: Հիմքերը փորելիս խոփի յուրաքանչյուր հարվածի հետ աճյուններ էին դուրս գալիս, շաբաթներ շարունակ բեռնատարները, որպես շինարարական աղբ, գանգ ու ոսկոր էին տեղափոխում։
Հայ մշակույթի հետքերը ոչնչացնելու մոլուցքը հասնում է այն աստիճանի, որ որոշ տեղերում խաչքարերը թաղել են խոր փոսերում և վրան ծառեր տնկել: Խորհրդային տարիներին այդ տարածքներն անվանվեցին «Բարեկամության զբոսայգիներ»։
ՎՐԱՑ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ` ՄՈԼԵՌԱՆԴ ԱԶԳԱՅՆԱՄՈԼՆԵՐ
Վրաստանի իշխանությունների խայտառակ քաղաքականության գագաթնակետը Նորաշենի եկեղեցու յուրացումն է: Տարիել անունով վրացի քահանան քլունգը ձեռքին անձամբ է քանդել Նորաշենի եկեղեցու բեմը, մկրտարանի ավազանը, պատերից քերել հայկական որմնանկարները: Եկեղեցու վրացականացումն այդքանով ավարտված չհամարելով` քահանան դիմել է մեկ այլ հրեշավոր քայլի։ Սամվել Կարապետյանի տեղեկացմամբ, 2005 թ. գարնանը եկեղեցու հարավային պատին կից հանկարծ հայտնվում է «վրացական» մի փոքրիկ նորաթուխ գերեզմանոց` 19-րդ դարի մի քանի տապանաքար` վրացերեն արձանագրություններով: Դրան հաջորդում է թերթերից մեկին քահանայի տված հարցազրույցը, ուր նա հայտարարում է, թե ինքը եկեղեցու բակում վրացական գերեզմանոց է հայտնաբերել. «Պետք չէ զարմանալ, չէ՞ որ եկեղեցին վրացական է»,- եզրահանգել է քահանան: Սակայն տեղացի հայերին հաջողվում է բացահայտել վրացի հոգևորականի ձեռքով իրականացված խեղկատակությունը. պարզվում է, որ 19-րդ դարի աճյունները վրացական Մլեթի գյուղից Տարիելն անձամբ է տեղափոխել ու վերաթաղել հայկական եկեղեցու բակում: Այս դժվար աշխատանքը նա կատարել է միայն մեկ նպատակով, որ եկեղեցին հայտարարի վրացական: «Եթե այս ազգի հոգևոր հովիվն ընդունակ է իր հանգուցյալների գերեզմանները քանդելու և նրանց տապանաքարերը տեղից տեղ փոխադրելու` պղծելով նրանց հիշատակը, պարզ չէ՞, որ օտարինը կպղծի՛ էլ, կքանդի՛ էլ: Վրացի հոգևորականներն իրենց ազգայնամոլական նպատակներին հասնելու համար պատրաստ են սեփական ազգի հե՛րն էլ անիծելու»,- նկատում է հուշարձանագետը:
Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, որ համարվում է 1356 թվականի կառույց, խորհրդային տարիներին վրացիները նախ վերածեցին ազգագրական թանգարանի, ապա ծառայեցրին որպես պահեստ, իսկ 1990 թվականին վրացի փորձագետները, որակելով վթարային, առաջարկեցին ամբողջությամբ քանդել տաճարը:
Վրաստանի մշակույթի նախարարությունում գիտեին, որ վաղ թե ուշ եկեղեցին փլվելու է, և համբերությամբ սպասում էին այդ օրվան։ 2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին վերջնականապես փլուզվեց: Ի պատասխան հայկական կողմի բողոքների, Վրաստանի իշխանությունները հերթական սուտ խոստումները տվեցին, թե 2010-ի գարնանը եկեղեցին կվերականգնվի: Եկեղեցին, բնականաբար, շարունակում է չվերականգնված մնալ, փոխարենը գարնանը մեզ հասավ մեկ այլ հայկական եկեղեցու` Ախալցխայի Երևման Սուրբ Խաչի քանդման լուրը: Այն դարձյալ հայկական եկեղեցիները ոչնչացնելու վրացական քաղաքականության հերթական «զոհն է», հերթական յուրացվող, «վերականգնվող» հուշարձանը: Պեղումների անվան տակ վրացի շինարարներն այսօր զբաղված են եկեղեցուց հայկական հետքն իսպառ ոչնչացնելու գործով. ջարդում են խաչքարերը, ջնջում հայատառ արձանագրությունները:
Ի՞նչ անել շարունակվող սպիտակ ջարդը կանխելու համար: Քանի որ վրաց իշխանություններն ու հոգևոր թևն անամոթաբար շարունակում են միայն խոստումներ շռայլել, ՀՀ իշխանություններին այլ բան չի մնում անելու, քան հայկական հուշարձանների ոչնչացման հայցով դիմելու միջազգային դատարան: Ի դեպ, մեր պետության սահմաններից դուրս հայկական մշակութային արժեքների պահպանությունը ՀՀ գլխավոր օրենքի` Սահմանադրության պահանջն է:
ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՊԱՏԱՆԴ ՀՈԳԵՎՈՐ ԴԱՍԻ ՁԵՌՔՈ՞ՒՄ
Տարիներ առաջ ամերիկյան Դետրոյտ քաղաքի հայ հոգևոր հովիվը Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերջինիս մեծ ցավով փաստում է Վրաստանում հայկական եկեղեցիների վրացականացման զարհուրելի քաղաքականության մասին: Զրույցից հետո հոգևոր հովիվը Սաակաշվիլուն է նվիրում հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հեղինակած «Վրաց պետական քաղաքականությունն ու հայ մշակույթի հուշարձանները» գիրքը, Վրաստանի նախագահի արձագանքը լինում է այսպիսին. «Ինչ որ գրված է այս գրքում` ճշմարտություն է, բայց ես անզոր եմ դուրս գալու մեր եկեղեցու դեմ, այլապես իմ դեմ դուրս կգան»։ Անկե՞ղծ էր Սաակաշվիլին, թե՞ ոչ, դժվար է ասել: Չնայած դա առանձնապես էական էլ չէ, կարևորն այն զարհուրելի իրողությունն է, որ քրիստոնյա Վրաստանը շարունակում է բարբարոսաբար ոչնչացնել քրիստոնյա հայ ժողովրդի` դարերով ստեղծած հոգևոր արժեքները, և բարբարոսի ձեռքը բռնող չկա։
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1752

Մեկնաբանություններ