«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՆԱ ԵՎՍ ԱՆՄՆԱՑՈՐԴ ԾԱՌԱՅԵՑ ՈՒՐԻՇԻՆ

ՆԱ ԵՎՍ ԱՆՄՆԱՑՈՐԴ ԾԱՌԱՅԵՑ ՈՒՐԻՇԻՆ
01.04.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Բազմաթիվ ուսումնակրթական բարեփոխումներ և նորություններ է կատարում Լոռիս-Մելիքովը Կովկասում: Նա հիմնում է գյուղատնտեսական գիտելիքներ տարածող ֆերմա, բարելավում և ոռոգման նոր համակարգեր է ստեղծում: Կառուցվում են հաղորդակցության նոր ճանապարհներ, սկսում են գործել մոտ 200 փոքր ու մեծ գործարաններ, բացվում են դրամատներ, որոնք բարերար ներգործություն են ունենում արդյունաբերության զարգացման վրա:
Տասներկու տարվա ընթացքում Կովկասում կատարած բարեփոխումներն այնքան ակնառու էին և մեծ, որ Ռուսական կայսրության ոչ մի նահանգի կառավարիչ, ո՛չ Լոռիս-Մելիքովից առաջ, ո՛չ նրանից հետո, չի կարող համեմատվել նրա հետ:
Իհարկե, Լոռիս-Մելիքովի այս և այլ աշխատանքներն ու ռազմական խիզախությունները ըստ արժանվույն գնահատում էր Ռուսիո Մեծ իշխանը. այս անգամ Լոռիս-Մելիքովը ստանում է գեներալ-նահանգապետի բարձր կոչում, դառնում է հեծելազորային զորքերի գեներալ, ստանում է սբ. Ալեքսանդր Նևսկու շքանշան:
1878 թ. (Բեռլինի կոնգրեսի տարին էր դա, երբ խափանվեց արևմտահայությանը ինքնավարություն տալու նախաձեռնությունը) Ռուսաստանի մայրաքաղաք լուրեր են հասնում, թե Վոլգա գետի ստորին հոսանքում` Հաշտարխանում, ժանտախտը մարդկային կյանքեր է հնձում:
Երկու ամիս անց` 1879 թ. հունվարին, ցարը Լոռիս-Մելիքովին` Ռուսական կայսրության «շտապ օգնությանը», ուղարկում է Հաշտարխանի, Սարատովի և Սամարայի նահանգներ` որպես ժամանակավոր նահանգապետ` ժանտախտի կանխարգելման և վերացման գործը կազմակերպելու:
Այդ շրջաններում կային գյուղեր և ավաններ, որոնց բնակչության 95 տոկոսը մահացել էր, շրջակա քաղաքներում և գյուղերում խուճապ էր տիրում. մարդիկ փախչում էին ուր կարող էին` դրանով նպաստելով վարակի տարածմանը:
Ժամանելով աղետի վայր` Լոռիս-Մելիքովը նախ և առաջ փակում է հաղորդակցության ճանապարհները` սահմանելով խստագույն հսկողություն: Նա ստեղծում է խորհրդակցական-սանիտարական հանձնաժողով իր իսկ գլխավորությամբ: Կարճ ժամանակահատվածում բացառվում է վարակի տարածումը, և հետևողական բուժումների շնորհիվ ժանտախտը նահանջում է:
Ժանտախտի դեմ պայքարելու համար պետական գանձարանից տրամադրվում է 4 միլիոն ռուբլի (այն ժամանակների համար դա ահռելի գումար էր, թեև այսօր էլ դա քիչ փող չէ), որից Լոռիս-Մելիքովը ծախսում է ընդամենը 308 հազարը, իսկ մնացածը վերադարձնում է պետական գանձարան: Ի դեպ, հայտնի էր, որ Լոռիս-Մելիքովի ընտանիքը ժամանակ առ ժամանակ նյութական միջոցների կարիք է ունեցել, և իշխանը, մեծացող ընտանիքի կարիքներն արժանավայել հոգալու համար, վաճառում է կայսեր նվիրած կալվածքը Կուբանում:
Փողը պետական գանձարան վերադարձնելու փաստը ժամանակին ռուսական իրականության մեջ արժանացել է բարձր գնահատականի, թեև որոշ ռուս ազնվականներ, որոնք ի բնե հակված էին կաշառակերության և պետական ունեցվածքը վատնելուն, հեգնել են նրան` մեղադրելով «կեղծ հայրենասիրության» մեջ:
Հայերիս համար այս փաստն առանձնահատուկ արժեք պիտի ունենա. Ռուսական կայսրության հայազգի բարձրաստիճան պաշտոնյան (ի դեպ, Լոռիս-Մելիքովի ժամանակակից և հետագա տարիների բոլոր հայազգի պաշտոնյաներն ու զորավարները նույնպես աչքի են ընկել ընդգծված նվիրվածությամբ և խնայողությամբ ռուսական պետականության հանդեպ) երկրի, պետության և կայսրի հանդեպ ունեցել է պարտքի և պատասխանատվության, նվիրվածության և սրտացավության անբացատրելի դրսևորում:
Ի՞նչ կանեին այսօրվա մեր պաշտոնյաները սեփական երկրում` նման իրավիճակում հայտնվելով: Եզրակացությունը թողնում ենք ընթերցողներին:
Արդյոք անհրաժեշտություն կա՞ր այսպես մանրամասն ներկայացնեու Լոռիս-Մելիքովի կովկասյան բարեգործությունների պատմությունը և ժանտախտի կանխարգելման համար դրսևորած նրա կազմակերպչական հմտությունները, չէ՞ որ նրա կենսագրության այս հատվածը, թվում է, որևէ կապ չունի հայ ժողովրդի և առհասարակ Հայաստանի հետ: Դա միայն թվում է:
Այն նույն ժամանակ, երբ ռուսաց ցարը հայազգի զորավար և պետական գործիչ Միքայել Լոռիս-Մելիքովի ռազմական և վարչատնտեսական տաղանդն ու ունակությունները վատնում էր կովկասյան լեռնական ցեղերին հնազանդեցնելու և մարզը բարենորոգելու համար, ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Հայաստանի մի հատվածն անցել էր Ռուսաստանի տիրապետության տակ և սոցիալ-տնտեսական ու կրթական շատ անմխիթար վիճակում էր, ռուս նահանգապետների գործունեությունը և կաշառակերությունն անողոքաբար քայքայում էին հայ նահապետական գյուղը. քաղաքն ու քաղաքացին ոչ միայն հեռանում էին իրենց սնող գյուղից, այլև ազգային ակունքներից, արմատներից և ավանդույթներից, ամենուրեք բացվում էին ռուսական գիմնազիաներ և փակվում էին հայկական դպրոցները:
Ահա թե որտեղ պետք է լիներ հոգու և խղճի կանչով Լոռիս-Մելիքովն իր բանիմացությամբ, բարեխղճությամբ, անկաշառ, սրտացավ ու մարդասեր բնավորությամբ, առաջադիմության և կրթության հանդեպ նախանձախնդիր հետևողականությամբ։
Ավա՜ղ, մեր մտքի և հոգու լույսը դարձյալ մեզ չի լուսավորել, և մեր բազկի ուժը թշնամու դեմ թուր չի բարձրացրել։
1876 թ. Լոռիս-Մելիքովը բուժվում էր Եվրոպայի նշանավոր առողջարաններից մեկում` Վիսբադենում, երբ շտապ հեռագիր է գալիս Կովկասի փոխարքայից, որը պահանջում էր իշխանից անհապաղ ժամանել Թիֆլիս և ստանձնել Թուրքիայում նախատեսվող ռազմական գործողությունների իրականացման համար կազմավորված զորամիավորման հրամանատարությունը: Այդ պաշտոնի համար Լոռիս-Մելիքովին ընտրել էր անձամբ Ալեքսանդր 2-րդը: Շուտով հայտնի է դառնում, որ այդ պաշտոնին հավակնել է մեծ իշխանի օգնական Սվյատոպոլկ Միրսկին` խորամանկ և նենգ մի անձնավորություն: Լոռիս-Մելիքովը հասկանում է, որ, ի դեմս Միրսկու, ձեռք է բերել ճարպիկ և կատաղի մի հակառակորդի, ավելի վտանգավոր, քան թուրքերը: Եվ նա չէր սխալվել իր կանխազգացումներում:
Ցարական Ռուսաստանի հայտնի պետական գործիչ Սերգեյ Վիտտեն հետագայում իր հուշերում գրում է, որ ինքը Լոռիս-Մելիքովի մոտ ծառայելիս մի անգամ Միրսկու ղեկավարած գլխավոր շտաբի մշակած տվյալների և քարտեզների հիման վրա ռազմական գործողությունների և տեղանքի նախնական զննում կատարելու հանձնարարություն է ստանում: Ճանապարհին Վիտտեի ջոկատն ընդհարվում է թուրքական մի քանի մարտկոցների հետ: Ճեղքելով թուրքերի շղթան` ռուսները շարժվում են առաջ և հայտնվում անդունդի եզրին, որը քարտեզում նշված չի եղել: Հրամանատար Վիտտեն իր ջոկատով վերադառնում է` երկրորդ անգամ գրոհելով թուրքական մարտկոցները, որոնք այդ ընթացքում համալրում էին ստացել: Ճեղքելով թուրքերի ուժեղացած հարձակումը` ռուսները, կորցնելով անձնակազմի գրեթե կեսը, մի կերպ փրկում են ջոկատի դրոշը և վերադառնում են բանակատեղի:
Լոռիս-Մելիքովն ընկնում է դժվար կացության մեջ: Եթե զեկուցեր Վիտտեի քաջագործության և պարգևի արժանացնելու վերաբերյալ, ապա ամբողջ գլխավոր շտաբը դատարանի առաջ կկանգներ քարտեզում եղած սխալի համար: Եվ Լոռիս-Մելիքովը լռում է:
Բարոյական դաս էր սա հայազգի զորավարի կողմից, սակայն այդ դասը ճիշտ չէր հասցեագրված: Միրսկու նման մեկն արժանի չէր նման վերաբերմունքի:
Մեծ իշխան Միխայիլը, որ ռազմական գործողությունների գլխավոր հրամանատարն էր, ժամանակակիցների վկայությամբ, ռազմական սահմանափակ մտածելակերպի տեր էր և զուրկ հրամանատարական ընդունակություններից, մանավանդ աչքի էր ընկնում իր երկչոտությամբ: Եվ ռազմական արվեստից ու համարձակությունից զուրկ այդ մարդու օգնականը եղել է Միրսկին, որը, ինչպես ռուս պատմաբան Ն. Բելյաևն է գրում, «մեծ ազդեցություն է ունեցել մեծ իշխանի վրա, իսկ այդ ազդեցությունն ունեցել է չափազանց բացասական դրսևորում, քանի որ ինքը` Միրսկին, ռազմական հարցերում լրիվ ոչնչություն էր»:
Հետևությունները թողնում եմ ընթերցողներին:
Ռազմական գործողություններից առաջ Լոռիս-Մելիքովը գլխավոր հրամանատար Մեծ իշխանից իր զորամիավորման համար բանակից անկախ և ինքնուրույն ղեկավարելու իրավունք է պահանջում: Ստանալով այդ իրավունքը` նա, պատերազմ հայտարարելուց չորս ամիս առաջ, մեկնում է թուրք-կովկասյան սահման` գործող զորամիավորումը կազմավորելու համար:
Մինչ ռուսական զորքերը կռվում էին բալկանյան ճակատում, և Ալեքսանդր 2-րդը մեկնում է ռազմակաճակատ` իր թագավորական ներկայությամբ ոգևորելու զինվորներին, Լոռիս-Մելիքովը եռանդուն գործողություններ է ձեռնարկում թուրքերի թիկունքում: Նա տեղի սահմանամերձ հայ բնակիչներից առանձին ջոկատներ է կազմակերպում, որոնց պարեկային գործունեության շնորհիվ ապահովում է շրջակա բնակավայրերի խաղաղ և ապահով կյանքը, իսկ ռազմաճակատում մարտական եռանդուն գործողություններով լարվածության մեջ է պահում կովկասյան ճակատը` ստիպելով թուրքերին բալկանյան գծից որոշ ուժեր տեղափոխել արևելք:
(շարունակելի)
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1432

Մեկնաբանություններ