«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԻՐ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՄԱՑՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱԼ» Գարեգին ՆԺԴԵՀ

«ԻՐ ԱՆՑՅԱԼԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻՄԱՑՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՆԱԼ» Գարեգին ՆԺԴԵՀ
27.09.2011 | 00:00

Այս խորագրով սեպտեմբերի 16-ին և 17-ին Երևանի Հայ ավետարանչական ընկերակցության գրասենյակի դահլիճում կազմակերպվեց հետաքրքիր միջոցառում` նվիրված Մուսա լեռան հերոսամարտի 96-ամյակին: Միջոցառումը հագեցած էր հետաքրքիր և բովանդակալից ծրագրով` թատերական ներկայացում, հյուրասիրություն, երգ ու պար, մուսալեռցու կենցաղը հիշեցնող ձևավորում. դահլիճի նախամուտքը զարդարված էր հին հայկական կարպետներով և թանգարանային կենցաղային իրերով: Դահլիճում յուրաքանչյուր նստարանի թիկնակին դրված էր մեկական բուկլետ` «Անվերջ վերադարձ» խորագրով, որը ներկայացնում էր մուսալեռցիների 40-օրյա կյանքի և մահվան հերոսական պայքարը, իսկ բուկլետների վրա` մեկական կարմիր խնձոր: Դահլիճը լեփ-լեցուն էր հյուրերով, որոնց շարքում մեծ թիվ էին կազմում մուսալեռցիները սփյուռքից և հայրենիքից:
Միջոցառումն սկսվեց Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանի բացման խոսքով, որը, նախ ներկայացնելով Մուսա լեռան շրջակա յոթ գյուղերի հերոսական պայքարը, պարզաբանեց նաև բուկլետների վրա դրված խնձորների իմաստը. միտքը վերցված էր հայկական «Նահապետ» ֆիլմի այն դրվագից, որտեղ բերքառատ խնձորենին խորհրդանշում էր արևմտահայությունը: Նրա ճյուղերը 1915 թ. թուրքական փոթորկից կոտրատվեցին, իսկ խնձորները գլորվեցին ու թափվեցին արագահոս գետը, որն էլ դրանք տանելով տարբեր ուղղություններով` ձևավորեց աշխարհով մեկ սփռված հայկական սփյուռքը: Բացման խոսքին հաջորդեց Հայ ավետարանչական ընկերակցության «Հայասա» թատերական խմբի ներկայացրած Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսի մոտիվներով գրված «Անվերջ վերադարձ» բեմականացումը (ռեժիսոր` Նունե Աբրահամյան): Այն ներկայացնում էր Սողոմոն Թեհլերյանի` 1921 թ. դատավարությունը Բեռլինում, որտեղ Եվրոպայի առաջադեմ հասարակության ճնշմամբ դատարանն արդարացնում է Թեհլերյանին: Վերջինս ողջ հայության հաշվեհարդարն էր տեսել արյունարբու Թալեաթ փաշայի նկատմամբ: Դերակատարների խաղին զուգահեռ, ովքեր ներկայացնում էին դրվագներ 1915 թ. դաժան կոտորածից, ցուցադրվում էր նաև փաստագրական ֆիլմ: Չնայած այն հանգամանքին, որ դերակատարներից մի քանիսը 7-8 տարեկան երեխաներ էին, դերասանական խաղն անթերի էր, չափազանց կենդանի և հուզիչ, ուստի ժամանակ առ ժամանակ ներկայացումն ընդհատվում էր հանդիսատեսի բուռն արձագանքներից: Բեմականացումն ավարտվեց Հայաստանի անկախ Հանրապետության 20-ամյա տարեդարձին նվիրված տեսաֆիլմով: Ներկայացումից հետո կազմակերպվեց մուսալեռցիներին բնորոշ հյուրասիրություն. մատուցվեցին միջուկով քյուֆթա, հայկական գաթա, մրգեր և այլն: Հյուրասիրության ժամանակ հնչեցին մուսալեռցիների նվիրական դհոլը և զուռնան, որոնց հնչյունների ներքո հյուրերը մեծ ուրախությամբ շուրջպար բռնեցին:
Շուրջ երեք ժամ տևած միջոցառումը հյուրերին կրկին հիշեցրեց, թե ինչի է ընդունակ հայ ժողովուրդը, երբ հանդես է գալիս քաջությամբ, միասնական համախմբվածությամբ, նվիրումով և վեհանձնությամբ: Մասնակցելով այս միջոցառմանը` ակամա հիշեցի Ֆրիտյոֆ Նանսենի խոսքերը. «Ես պարզապես զարմանում եմ, թե մարդ, որ ծանոթ է այս սքանչելի ժողովրդի ճակատագրին, ինչպես կարող է հոգեկան խոր ցնցում չապրել»:
Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2147

Մեկնաբանություններ