ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թեհրանը դատապարտում է Էրդողանի Բաքվում հնչեցրած ռազմատենչ հայտարարությունները

Թեհրանը դատապարտում է Էրդողանի Բաքվում հնչեցրած ռազմատենչ հայտարարությունները
11.12.2020 | 20:38

Թեհրանը բացատրություններ է պահանջում Անկարայից և դատապարտում է նախագահ Էրդողանի ծավալապաշտական հակումներն ու Բաքվում հնչեցրած վերջին ռազմատենչ հայտարարությունները:

«Մենք ԱԳՆ ենք հրավիրել Թուրքիայի դեսպանին և փոխանցել նրան, որ տարածքային հավակնությունների ու կայսերական զավթողական քաղաքականության ժամանակները վաղուց անցել են», - այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Այսօր Իրանի ԱԳ նախարարն էր հրապարակավ պնդել, որ Էրդողանը խարխլում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու հայտ ներկայացնում Իրանի տարածքների նկատմամբ: Մեկը մյուսին հաջորդած հայտարարությունների պատճառը Թուրքիայի նախագահի վերջին ելույթն է Ադրբեջանում։ Երեկ Բաքվում մասնակցելով ղարաբաղյան հաղթանակին նվիրված զորահանդեսին՝ Ռեջեփ Էրդողանը ոգևորել էր եղբայրական Ադրբեջանին, ռազմաշունչ կոչեր էր հնչեցրել Հայաստանի հասցեին, իսկ հետո ընթերցել էր մի հատված Բախտիար Վահաբզադեի «Գյուլիստան» պոեմից: Դեռևս խորհրդային տարիներին գրված այդ ստեղծագործության մեջ ադրբեջանցի բանաստեղծը գրել էր` «Ինչ է, չգիտե՞ն, որ տարածքը մեկն է, և Բաքուն, և Թավրիզը Ադրբեջան են, ժողովրդին իր լեզվից ու ոգուց թղթի վրա միայն կարող են բաժանել»:


Էրդողանը, ճիշտ է, երեկ այս պոեմի մեկ այլ հատված էր մեջբերել. - «Արազը կիսեցին,/ Ավազով այն լցրեցին։/Ես քեզ երբեք չէի լքի,/Մեզ ուժով բաժանեցին»:
Ի պատասխան, Իրանի ԱԳ նախարարն այսօր գրել է․ «Նախագահ Էրդողանը տեղյակ չէ, որ Բաքվում իր արտասանածը վերաբերում է Արազի (Արաքսի) հյուսիսում ընկած տարածքների բռնազավթմանը և անջատմանը մայր Իրանից»:
Զարիֆի քննադատությունը այսքանով չի սահմանափակվել։ «Էրդողանը չի՞ հասկանում, որ խարխլում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը», - գրել է նա, ու հատուկ մեծատառերով ընդգծել` ՈՐԵւԷ մեկը չի արող այդպես խոսել ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին:
Խոսքը Իրանի հյուսիսում ընկած երեք խոշոր նահանգների` Արևելյան, Արևմտյան Ադրբեջանների ու Արդաբիլի`պատմական Ատրպատականի մասին է, որտեղ շուրջ 10 միլիոն ադրբեջանցի է բնակվում: «Թեհրանը որևէ մեկին թույլ չի տա իր տարածքային ամբողջականությունը խախտել», - հայտարարել է ԱԳՆ-ն: Իրանի կապի նախարար Ազարի Ջահրոմին հրապարակել է միջնադարյան հայտնի կայսրության` սեֆյանների ժամանակաշրջանի քարտեզը, արքայատոհմ, որն իր արքայանիստ քաղաքը հենց իրանական Ադրբեջանում` պատմական Ատրպատականում է հիմնել:


Թեհրանում միշտ են ընդգծված զգուշավորությամբ արձագանքել Ադրբեջանի հետ մշակութային ու լեզվական բազմաթիվ ընդհանրություններ ունեցող այդ տարածքների վերաբերյալ Բաքվից հնչող հայտարարություններին: Այդ հարցում տարաձայնությունները առավել ակնհայտ ու խոր էին 90-ականներին, երբ Ադրբեջանում իշխող Ժողովրդական ճակատը բացահայտ հայտարարում էր իրանական Ադրբեջանը «վերադարձնելու» և ներկայիս Ադրբեջանի հետ միավորելու մասին: Այդ ելույթներում Ադրբեջանի նախկին նախագահ, պանթյուրքիստական հայացքներով հայտնի Աբուլֆազ էլչիբեյը Էրդողանի նման, նույն պոետի` Բախտիար Վահաբզադեի տողերն էր մեջբերում:


Փորձագետները փաստում են, որ Թեհրանի կոշտ հայտարարություններն ու կշտամբանքը նաև այլ ենթաշերտեր ունեն. Իրանը ղարաբաղյան վերջին պատերազմի առաջին օրերից հետևողականորեն դատապարտել է սիրիացի վարձկանների տեղափոխումը հակամարտության գոտի: Դրանք այն խմբերն են, կամ այն խմբավորումների աջակիցները, որոնց դեմ Թեհրանը տարիներ շարունակ միջնորդավորված պայքար է մղել Սիրիայի ներքաղաքական պատերազմում: Թեհրանն այդ բախումներում իր դաշնակից, նախագահ Բաշար ալ Ասադին էր պաշտպանում, Թուրքիան` նրա դեմ մարտնչող ընդդիմադիրներին: Հիմա Անկարայի «ձեռքով» այդ գրոհայինները հայտնվել են Իրանի սահմաններից ոչ հեռու` ղարաբաղյան հակամարտության գոտում: «Մենք այդ փաստի հետ չենք համակերպվելու», - շաբաթներ առաջ հայտարարել էր Իրանի ԱԳ փոխնախարար, Ղարաբաղի հարցով Թեհրանի հատուկ բանագնաց Աբաս Արաղչին`մեկնելով Անկարա, Մոսկվա, Երևան և Բաքու:


Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին էլ շաբաթներ առաջ զգուշացրել էր. - «Եթե ծայրահեղականներին Ղարաբաղ տեղափոխելու լուրերը հաստատվեն, բոլոր նրանք, ովքեր կանգնած են դրա ետևում, պատասխան կտան»։

Դիտվել է՝ 2029

Մեկնաբանություններ