ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը

Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը
28.11.2020 | 22:52

«Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար:


Պետքարտուղարը նշել է, որ Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու արցախահայությանը: Ֆրանսիան արդեն երկրորդ հումանիտար առաքելությունն է ուղարկում: Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է օժանդակել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը:


Զրուցակիցները կարևորել են միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից օժանդակության ցուցաբերումը:
Վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության անդամների հետ: «Բարձր եմ գնահատում այն առաքելությունը, որով ժամանել եք: Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի Ֆրանսիայի հայության գործունեությունը, որը նրանք ծավալում են Հայաստանում: Այս առումով մենք չէինք էլ կասկածում, որ Ֆրանսիայի հայ համայնքը և դուք կշտապեք լինել Հայաստանի և Արցախի կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ առաքելության համար: Իհարկե, հիմա դժվար ժամանակներ ենք ապրում, և համոզված եմ, որ մեր բարեկամների և մեր հայրենակիցների աջակցությամբ Հայաստանը և Արցախը այս դժվարին իրավիճակը կհաղթահարեն»՝ ասել է Փաշինյանը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են պետական, միջազգային մարդասիրական, մասնավոր կազմակերպությունների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ՝ Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավարությունը: Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը կարող են լիարժեք հենվել Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի աջակցության վրա, որը վկայում է հայ-ֆրանսիական սերտ բարեկամության մասին և որը շարունակական է լինելու: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մարդասիրական օժանդակության պատվիրակության անդամներին աջակցության խոսքերի և աշխատանքի համար և խնդրել իր ջերմ ողջույններն ու երախտագիտության խոսքերը փոխանցել նախագահ Մակրոնին:

Դիտվել է՝ 2266

Մեկնաբանություններ