Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Քաղաքապետը կայցելի բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ

Քաղաքապետը կայցելի բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ
03.03.2014 | 16:21

2014թ. մարտի 4-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այց կկատարի Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն Քարամյան) կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի շրջանակում կառուցվող բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ:
Աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետը կշրջի շինարարական հրապարակում, կծանոթանա կառուցվող շենքերի ճարտարապետական լուծումներին, շինարարական աշխատանքների որակին և տեմպերին:
Հաշվի առնելով այն, որ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում առաջիկա տարիներին նշված տարածքը բավականաչափ խիտ բնակեցվելու է և դրա հարակից տարածքում տեղակայված ՀՀ ներքին զորքերի զորամասը տեղափոխվում է այլ վայր, ՀՀ նախագահի հանձնարարությամբ զինվորական ավանի տեղում հիմնվելու է քաղաքային պուրակ, և կառուցվելու է մանկական նախակրթարան:
Քաղաքապետի այցի շրջանակում տրվելու է նաև քաղաքային պուրակի ձևավորման և մանկական նախակրթարանի կառուցման աշխատանքների մեկնարկը:
Պուրակի ձևավորումը կավարտվի ընթացիկ տարվա մայիս ամսին, իսկ նախակրթարանը շահագործման կհանձնվի 2015թ. սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո նշված հասցեներում իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:
Ծրագրերի շրջանակում կառուցվում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են ՀՀ երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին, մարզիկներին, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների, բանկային համակարգի, պետական և հատուկ ծառայությունների երիտասարդ մասնագետներին:
Բազմաբնակարան շենքերի կառուցման և սպասարկման համար ձեռք բերված (գնված) հողամասն ունի 35000 քմ ընդհանուր մակերես:
Բնակելի համալիրներն ունեն 12 մասնաշենքեր, որոնցից հինգը (338 բնակարաններով)՝ շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին, իսկ մնացած յոթը (490 բնակարաններով)՝ 2015թ. հուլիս ամսին:
Համալիրների կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էյ Դի Էյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով (առևտրի, կենցաղ-սպասարկման կենտրոններ, ցուցասրահներ և այլն):
Շենքերի հարակից տարածքներն ամբողջությամբ բարեկարգվելու են, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ և ծառուղիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն:
Բնակարանաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 16,5 մլրդ ՀՀ դրամ:
Ծրագրերի իրականացման ընթացքում ստեղծվել են ավելի քան 1600 աշխատատեղեր:

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ