ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Բանակի օրը՝ զինվորի հետ

Բանակի օրը՝ զինվորի հետ
28.01.2014 | 21:40

Հունվարի 28-ին՝ Բանակի օրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնը տոնական միջոցառումներ էր կազմակերպել Վանաձորում տեղակայված զորամասերից մեկում։ Զինվորական շքերթ, զինվորների շախմատային մրցամարտ գրոսմայստերների հետ, ազգային խաղերի մրցումներ, համերգային ծրագիր, պարգևատրումներ. այս և այլ միջոցառումներով վանաձորցի երիտասարդները զինծառայողների օրը դարձրին տոնական։

Կրտսեր սերժանտ Հովհաննես Գուսիկյանը ծնունդով Մեծ Պառնիից է, բանակ է զորակոչվել Հայկական պետական մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսից, ապագա զինվորական հոգեբան է և ասում է, որ յուրաքանչյուր տղամարդու համար շատ կարևոր է զինվորական ծառայությունը։ Բանակում ծառայելը Հովհաննեսին կօգնի նաև իր ապագա մասնագիտության հարցում։ «Զինվորական հոգեբանը չի կարող լավ մասնագետ դառնալ, առանց բանակում ծառայելու,- ասում է Հովհաննեսը՝ ավելացնելով,- զինվորի առօրյան հագեցած է՝ հերթապահություն, տեսական դասեր, գործնական պարապմունքներ և զորավարժություններ, որոնք կոփում են մարդուն»։
Զորամասի հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Խորեն Հարությունյանի համար Բանակի օրը պանծալի, ուրախ, հպարտության օր է։ «Մեր զինվորները կատարում են նաև մարտական առաջադրանք՝ պետական սահմանի պահպանություն։ Զինվորները մեծ պատրաստակամությամբ են ներգրավվում պետական սահմանի պաշտպանության գործին, ունեն բարձր կազմակերպվածություն, կամք, զգոնություն»,- նշեց հրամանատարի տեղակալը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, շնորհավորելով զինծառայողներին ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ, ընդգծեց, որ երիտասարդական հիմնադրամը, մշտապես ծրագրեր իրականացնելով բանակում, չէր կարող տոնական այս օրը չլինել զինվորի կողքին։ «Ես շնորհավորում եմ զինծառայողներին և բոլոր այն մարդկանց, ովքեր կանգնած են ՀՀ զինված ուժերի կազմավորման ակունքներում։ Ցանկանում եմ ուժ, կորով, անկոտրում կամք, հաղթական ոգի, ինչը մենք տեսել ենք 22 տարիների ընթացքում, ինչի շնորհիվ հայկական բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ, ամենակարգապահ բանակներից է»,- նշեց Կարեն Ավագյանը։
Բանակի օրը տոնական էր նաև զինվորի ճաշացանկը. ավանդական ապուրին, փլավին, հավի մսին, վինեգրեդին, կետչուպին ավելացել էին շոկոլադն ու քաղցրաբլիթները, որոնք զինվորները ճաշակելու նստեցին միայն Տերունական աղոթքից հետո։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ