Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Շնորհավոր ծնունդդ, Մաեստրո

Շնորհավոր ծնունդդ, Մաեստրո
27.01.2014 | 12:36

Այսօր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Մի մարդու, մտավորականի, որը վերջին տարիներին նախընտրում է քիչ խոսել, քիչ երևալ, ավելի շատ լինում է արտերկրում և հիմնականում այնտեղ էլ ներկայացնում իր ստեղծագործությունները:

Տիգրան Մանսուրյանը խուսափում է ավելորդ աղմուկից, մեծարանքից, կեղծիքից, հարցազրույցներ շռայլելուց, սակայն նրա՝ տարիներ առաջ տված գնահատականներն էլ չեն կորցրել իրենց թարմությունը և կարծում ենք, կհետաքրքրեն ընթերցողներին:

Ներկայացնում ենք «Ժամանակ» օրաթերթին 2006 թվականի մայիսի 17-ին Մաեստրոյի տված հարցազրույցից մի հատված:

-Մաեստրո, տպավորություն կա, որ Դուք մեկուսացած եք հասարակությունից: Արդյո՞ք ստեղծագործական հագեցած աշխատանքը լրացնում է մարդկային շփումների բացը:

-Չէի ասի, թե մեկուսի եմ ապրում: Ինձ ապրեցնողն իմ աշխատանքն է, իմ ստեղծագործությունը: Իրականության մեջ, ուր ապրում ենք, կեղծ շարժումներն են շատ, նրանք մեծ տեղ են զբաղեցնում, և այդ ֆոնին դառնում եմ մեկուսի մարդ: Մինչդեռ ես ունեմ շփվելու հրաշալի աշխարհ: Դա իմ տան դասական երաժշտության մեծ ձայնադարանն է, ունեմ նաև շատ լավ գրքեր: Երկու տարի է, ինչ սեղանիս է Իոսիֆ Բրոդսկու էսսեների գիրքը, որին անընդհատ անդրադառնում եմ: Ամբողջ սովետական գրականությանը տրված նրա գնահատականն ինձ հիացնում է իր խորաթափանցությամբ, մտքի մեծ սթափությամբ:

-Մի ժամանակ քաղաքում կար «բոհեմիկ» մի միջավայր, որն իրենց հոգևոր ներկայությամբ ստեղծել էին մշակույթի մեր մեծերը: Նրանց բացակայությունը մեծ կորուստ չէ՞ հոգևոր վայրիվերումների մեր ժամանակներում:

-Ես ծանր ապրեցի քաղաքին օտարանալու շրջանը: Հաճախ քայլում էի և մտածում՝ մի՞թե այս փողոցով մի օր Սևակն է քայլել կամ Մինասը: Օտարանալու այդ սուր զգացումը հետո բթացավ: Հիմա մեր քաղաքում նրանց հետքերը ոչ էլ փնտրում եմ: Միևնույն է՝ չեմ գտնելու:

Մեր այս հիվանդ վիճակը ապրած եզակիներից եղավ Հրանտ Մաթևոսյանը: Դժվար բան է, երբ լեզուն տրվում է սուտ խոսելու համատարած հրդեհին: Հրանտը հայոց լեզվի տերերից մեկն էր: Չինական մի ասացվածք կա. «Ինչ մութ են բառերը, որ նրանցով կարելի է և՛ ճիշտն ասել, և՛ սուտը»: Մտածում եմ, որ լեզվի մեջ սուտ և ճշմարտություն ասելու ուժը իր համամասնության չափերի մեջ է: Այդ համամասնությունը երբ խախտվում է հօգուտ ստի, գրողը կա՛մ պապանձվելու է, կա՛մ խոսելու նմանակությամբ է զբաղվելու:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ