Դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Ազատության հրապարակում էին հավաքվել հանուն մարդու իրավունքների պայքարող քաղաքացիները: Ազատության հրապարակից մեկնարկեց ինչպես «Հայ ազգային կոնգրես» կուսակցության՝ նախօրոք հայտարարված երթը, այնպես էլ՝ այն անկուսակցական քաղաքացիների, որոնք դուրս էին եկել պայքարելու՝ ի պաշտպանություն տասնչորս քաղբանտարկյալների, ընդդեմ՝ բանակում, ոստիկանությունում քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունների: Երթերին մասնակցում էին այն քաղաքացիները, որոնք դժգոհ էին կենսաթոշակային նոր համակարգից, տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներից: Երթերի մասնակիցներն անցան Մաշտոցի պողոտայով, հասան մինչև Ազատության հրապարակ, այնտեղից էլ՝ Թումանյան փողոցով վերադարձան Ազատության հրապարակ: Քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած երթը, որին մասնակցում էին հիմնականում երիտասարդներ, մտավորականներ, աչքի էր ընկնում տարբեր գույների դրոշներով և ցուցապաստառներով: Նրանք երթի ընթացքում վանկարկում էին «Սերժիկ, հեռացի՛ր», «Պուտինկա», «Մենք բոլորս Շանթ ենք»: Երթի ժամանակ նրանք կոչ էին անում քաղաքացիներին դուրս գալ և միանալ իրենց:
«Armenian Todey» լրատվական գործակալության համակարգող, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքները զանգվածաբար խախտվում են բոլոր պետական կառույցներում, դատարաններում, ոստիկանությունում, դատախազությունում: Արգիշտի Կիվիրյանը կարծում է, որ մեր բոլոր քաղաքացիները պետք է գիտակցեն իրենց իրավունքները և ոչ մի վայրկյան չդադարեն պայքարելուց: Նա դժվարացավ մեկնաբանել, թե ինչու իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները պասիվ են և չեն պաշտպանում Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների իրավունքները:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ