Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Մեծ Բրիտանիան ջանում է Հայաստանին ինտեգրել ԵՄ-ին

Մեծ Բրիտանիան ջանում է  Հայաստանին  ինտեգրել ԵՄ-ին
26.11.2013 | 18:43

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի այսօրվա հյուրն էր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսը:Նա հանդիպեց հայաստանյան մի շարք բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Դեսպանը ուսանողներին ներկայացրեց իր կենսագրությունը: Ջոնաթան Էյվսը պատմեց, որ ինքը ավարտել է Մոսկվայի համալսարանը, մասնագիտությամբ պատմաբան է, զբաղվել է գիտական աշխատանքով, դասավանդել է Անգլիայի Սասեքսի համալսարանում: 1996 թվականից նա աշխատանքի է անցել արտգործնախարարությունում: Քանի որ Ջոնաթան Էյվսը տիրապետում է ռուսերենին, նրա հնարավորություններն անհամեմատ բարձր են եղել հետխորհրդային երկրներում աշխատելու համար: Նա առաջին անգամ Հայաստան է եկել 1991 թվականին, խորհրդային իշխանության փլուզումից հետո: 2000 թվականին Ջոնաթան Էյվսը աշխատել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, երբ ռուս-անգլիական հարաբերությունները եղել են բավականին ջերմ: Այնուհետև նա հինգ տարի աշխատել է Ճապոնիայում:

Հետաքրքրական է, որ Ջոնաթան Էյվսը Հայաստանում դիվանագետի իր աշխատանքը համատեղում է կնոջ՝ Քեթրին Լիչի հետ, և նրանք աշխատում են հերթափոխով: Նա նշեց, որ թիմային աշխատանքը օգնում է, որպեսզի դիվանագետը բավարար ժամանակ հատկացնի նաև իր ընտանիքին:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը բացվել է 1994 թվականին, թեև անկախությունից հետո արդեն հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ երկու երկրների միջև:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ թագավորության դեսպանը կարևորեց Լեռնային Ղարաբաղի խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև՝ Իրանի դերը:

Ջոնաթան Էյվսը նշեց, որ ԵՄ-ն նպատակ ունի Հայաստանում խթանել ժողովրդավարության զարգացումը, պաշտպանված տեսնել մարդու իրավունքները և մեր երկիրը ներգրավել եվրաինտեգրման գործընթացներում: Դեսպանը կարևորում է նաև երկու երկրների միջև համատեղ բիզնես ծրագրեր իրականացնելը:

Հանդիպման մասնակիցներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք դեսպանը եղե՞լ է Լեռնային Ղարաբաղում: Ջոնաթան Էյվսն ասաց, որ Մեծ Բրիտանիան վարում է հավասարակշռված քաղաքականություն և աշխատում է չզայրացնել կողմերից որևէ մեկին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին: Այդ իսկ պատճառով էլ ինքը ձեռնպահ է մնում ԼՂ կատարելիք այցից: Այդպես չէ, օրինակ, Հարավային Օսիայի և Աբխազիայի դեպքում, որտեղ իրենք այցելում են առանց խոչընդոտների:

Այնուհետև դեսպանը նշեց, որ Հայաստանը ստիպված է վարել կոմպլեմենտար քաղաքականություն՝ ելնելով իր աշխարհագրական դիրքից, որպեսզի պահպանի իր հարաբերությունները խոշոր պետությունների հետ:

Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Մաքսային միությանը միանալու մասին, ըստ դեսպանի, անակնկալի է բերել և հիասթափեցրել Եվրամիությանը: Սակայն, անկախ հիասթափությունից, ԵՄ-ն ցանկանում է իր ջերմ հարաբերությունները շարունակել Հայաստանի հետ:

Անդրադառնալով տարածաշրջանում հնարավոր պատերազմի հավանականությանը՝ Ջոնաթան Էյվսը նշեց, որ Մեծ Բրիտանիան անում է ամեն ինչ, որ պահպանվի խաղաղությունը և ԵԱՀԿ Մինսկի խումբը հաջողության հասնի իր առաքելության մեջ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ