ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առանց չեկիստ Հայաստան

Առանց չեկիստ Հայաստան
09.11.2013 | 18:16

Թեև Ֆեյսբուքով տարածվել էր հայտարարություն, որ այսօր Ազատության հրապարակից երթ է տեղի ունենալու՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների, սակայն ակցիան այնքան էլ մարդաշատ չէր: Քաղաքացիները, որոնք եկել էին ցուցապաստառներով («Հայաստանն առանց Պուտինի», «Երկիրը վաճառքի հանած հանցագործ իշխանություններ. ազատեք խցերը ձեզ համար», «Ամեն օր հեղափոխություն ենք անելու» և այլն), հիմնականում իրավապաշտպաններ էին, լրագրողներ: Քաղաքական գործիչներից ներկա էին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, հասավ մինչև Ոստիկանություն, այնտեղից էլ՝ դեպի Գլխավոր դատախազություն: Երթի կազմակերպիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ազատության հրապարակում ելույթ ունեցավ, ներկայացրեց այն պահանջները, որոնց համար մարդիկ դուրս էին եկել իրենց բողոքն արտահայտելու:

Ոստիկանության շենքի մոտ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք փորձեցին սադրանք հրահրել, որը, բարեբախտաբար, կանխվեց Զարուհի Փոստանջյանի միջամտությունից հետո:

Նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին, որը նույնպես մասնակցում էր երթին, հիշեցրինք, որ ինքը շաբաթներ առաջ հարցազրույցներից մեկում մտավախություն էր հայտնել, որ ժողովուրդը կարող է ապստամբել իշխանությունների դեմ փայտերով ու մահակներով:

«Սպասված իրավիճակ է, և դրա պտուղներն արդեն տեսնում ենք: Իշխանությունների հայտարարած ռեպրեսիաների հետևանքով կարող են առաջանալ օջախներ, և մարդիկ այդ ժամանակ դուրս կգան փայտերով զինված: Այս մարդիկ իշխանության են եկել Մարտի 1-ի տասը զոհերի արյան գնով, ես իրենց համարում եմ ահաբեկիչներ: Շանթի գործողությունները շատ ադեկվատ են այսօր ոստիկանների գործողություններին: Ի՞նչ աներ Շանթը, գնա՞ր կամուրջից իրեն նետեր այս ռեպրեսիաների ֆոնին»,- մեր զրույցի ժամանակ նշեց Տիգրան Առաքելյանը, որը հազիվ քսան օր է, ինչ հայտնվել է ազատության մեջ: Նա դժվարացավ ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների քայլը:

Ակցիան, որն ավարտվեց Գլխավոր դատախազության մոտ, հատկանշական էր նրանով, որ վերջին տարիներին հաճախ հնչող «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան» վանկարկումներին զուգահեռ՝ հնչեցին նաև «Առանց չեկիստ Հայաստան» վանկարկումները:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ