ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ոստիկանության անհամարժեքության սինդրոմը. ծեծվել է Շանթ Հարությունյանը

Ոստիկանության անհամարժեքության սինդրոմը. ծեծվել է Շանթ Հարությունյանը
07.11.2013 | 12:40

Տիգրան Առաքելյանի` ազատության մեջ հայտնվելով թվում էր, թե ազատվեցինք «քաղբանտարկյալ» եզրույթի ճնշող բեռից, սակայն նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածից հետո այս եզրույթը կրկին կվերադառնա մեր քաղաքական առօրյա: «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը և երկու տասնյակ ՀՀ քաղաքացիներ ազատազրկված են արդեն երկու օր և միանշանակ է, որ նրանք ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով: Նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը հեղափոխության երթ էր իրականացնելու, որը ականատեսների (ոչ ըստ ոստիկանության հայտարարության) վկայությամբ հրահրվել է ոստիկանների ու անհայտ անձանց կողմից, որոնց մեջ նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել: Այս մասին հայտարարել են ակցիայի մասնակիցները, ականատեսները: Նրանք չէին կարող սխալվել, քանի որ ոստիկանության աշխատողներին լավ ճանաչում են ակցիաների մասնակցության փորձ ունեցող թե՛ քաղաքացիական, թե՛ քաղաքական ակտիվիստները: Տրամաբանական է հարցնել` ինչո՞ւ էին ոստիկանության աշխատակիցները քաղաքացիական հագուստով: Իրավապահ մարմինը, փաստորեն, օրենք է խախտում, իսկ սա թույլ է տալիս եզրահանգել, որ ոստիկանները այդ օրը ադեկվատ չեն եղել: Ոստիկանության անհամարժեքության երկրորդ փաստն այն է, որ ձերբակալվածները ծեծի են ենթարկվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս երեկ այցելել է ձերբակալվածների պահման վայր, որտեղ հանդիպել է բոլոր 20 ձերբակալվածներին: «Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի ոստիկանությունում իր նկատմամբ բռնություն են գործադրել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանը և ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս նաև սպառնալիքներ է տեղացել Շանթ Հարությունյանի որդու հասցեին և նվաստացուցիչ սեռական բնույթի հայհոյանքներ տվել: Ըստ Շանթ Հարությունյանի, մի խումբ ոստիկաններ այդ ընթացքում իր ձեռքերը բռնած են եղել: Անձամբ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը: Ոստիկանները Վարդանյանի կրծքից պոկել են նաև պետական պարգևների արժանացածի կրծքանշանը»,- գրել է պատգամավորը: Այսինքն` ծեծն ու սպառնալիքները կատարվել են երկրի ոստիկանության ղեկավարության մակարդակով: Դեռևս մեկ տարի առաջ` 2012-ի սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Վլադիմիր Գասպարյանը, անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ընթացքին, նշել է, թե «ամենակարևորը այն է, որ ոստիկանությունը գնում է սխալներն ու թերությունները հետևողականորեն շտկելու ճանապարհով, ինչը հաջողության գրավականն է»: Այս մասին նշված է ոստիկանության պաշտոնական կայքի «Համակարգ» բաժնում: «Վլադիմիր Գասպարյանը ցավով նշեց, որ ոստիկանության բոլոր գործողությունները չէ, որ համարժեք գնահատական են ստանում հասարակության այս կամ այն շերտի կողմից, ինչը պայմանավորված է առկա կարծրատիպերով ու ոստիկանության հանդեպ կանխակալ վերաբերմունքով»,- ասված է հաղորդագրության մեջ: Խորհրդակցությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ և ենթադրվում է, որ ոստիկանությունը այս մեկ տարում պետք է որ իր «սխալներն ու թերությունները» գոնե որոշ չափով շտկած լիներ: Բայց ոստիկանության աշխատակիցները, փաստորեն, աշխատանքի են ներկայանում առանց համազգեստի, ավելին` նրանք քաղաքացիական հագուստը օգտագործում են խառնակչության նպատակներով` հրահրելով քաղաքական ակցիայի մասնակիցներին, իսկ ոստիկանության ղեկավարությանը` ի դեմս պետի և նրա տեղակալի, ձերբակալվածի են ծեծում, ավելին` տեղակալը հորը սպառնում է նրա 14-ամյա երեխայով, իսկ ազատամարտիկի կրծքից պոկում նրա վաստակի համեստ վկայությունը: ՈՒրեմն` հասարակության ի՞նչ «համարժեք գնահատականի», «կարծրատիպերի» ու «կանխակալ վերաբերմունքի» մասին է խոսել Վլադիմիր Գասպարյանը դեռևս մեկ տարի առաջ, երբ ձերբակալվածների վկայությամբ իր իսկ կողմից թույլ են տրվում այդ կարծրատիպերը էլ ավելի ամրացնելու գործողություններ: Ի դեպ, Շանթ Հարությունյանը և Վարդան Վարդանյանը միակ ծեծվողը չեն եղել: Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, news.am կայքին տված հարցազրույցում ասել է. «Ինձ ծեծեցին, հետո բերման ենթարկեցին, նստեցրին տաքսին ու տարան: Ճանապարհին էլ ծեծեցին, ու էլ բան չեմ հիշում»: Այսքանից հետո հասարակությունը չի կարող ազատվել ոստիկանության նկատմամբ ձևավորված իր կանխակալ վերաբերմունքից և ակնկալել ձերբակալվածների նկատմամբ իրականացված ծեծի և ընդհանրապես նոյեմբերին 5-ին տեղի ունեցածի կապակցությամբ պատշաճ քննություն, որպիսին պահանջել է Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան հայտարարությամբ:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ