«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Զրոյական վերջնարդյունքով խաղեր Եվրամիությունը չի խաղում

Զրոյական վերջնարդյունքով խաղեր  Եվրամիությունը չի խաղում
18.10.2013 | 00:19

Արևելյան գործընկերության չորս տարիները արդյունքների և մարտահրավերների կտրվածքով հոկտեմբերի 16-ին գնահատում էին եվրոպացիներն ու հայերը` Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան ու Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ:

ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար ՊԵՏՐ ՄԻԿԻՍԿԱՆ հիշեցրեց, որ չորս ամիս առաջ բոլորովին այլ իրավիճակ էր` Հայաստանը պետք է ստորագրեր ԵՄ-ի հետ ասոցացման և խոր, համապարփակ, ազատ առևտրի համաձայնագրերը: Սեպտեմբերի 3-ից իրավիճակը փոխվել է, բայց չորս տարիների աշխատանքի արդյունքները չեն կարող հերքվել: Նա համոզված է, որ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում մեծ ձեռքբերումներ են եղել, որոնցով կարող են հպարտանալ և Եվրոպան, և Հայաստանը: Հայաստանը կարող է դրանք ընդունել որպես եվրոպական արժեքների փոխանցման արդյունք, որոնց գոյությունը հերքում են որոշ քաղաքական գործիչներ որոշ երկրներում, ովքեր ուզում են, որ Հայաստանն ունենա ավտորիտար քաղաքական ռեժիմ և քաղաքացիական ազատություններին զրոյական մասնակցություն: «Մենք զգում ենք, որ ազատ, ժողովրդավար և բարեկեցիկ տարածաշրջանին միանալու ցանկություն ունեն հայերը: Այսօրվա Եվրոպայում այդ տարածաշրջանը կոչվում է ԵՄ: Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության կամքը, որը քանիցս հայտարարել է սեպտեմբերի 3-ից հետո, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ»,- ասաց նա: Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հատուկ դեսպանորդը Արևելյան գործընկերության հարցերով` ՊԵՏՐ ՄԱՐԵՇԸ, «խիստ հետաքրքիր» որակեց ժամանակաշրջանը. «Մի քանի ամիս առաջ ԵՄ-ում քննարկվում էր, թե ինչպես հայերը կարողացան արագացնել բանակցությունները և հասնել ասոցացման նախաստորագրման, այսօր այլ վիճակ է, և ես պատրաստ չեմ հիմա քննարկել այն, ինչ մի քանի ամիս առաջ պատրաստ էի քննարկել իբրև ձեր հաջողություն: ԵՄ-ում բոլորին մտահոգել է այս իրավիճակը, քննարկումներ են տեղի ունենում գրեթե ամեն օր: Հայկական խնդրի վերաբերյալ եզրահանգման դեռևս չենք եկել: Համոզված եմ, որ սա գործերի սովորական ընթացքը չէ, չի կարելի շարունակել այնպես, իբր ոչինչ տեղի չի ունեցել: Դուք լուրջ որոշում եք կայացրել, գնդակը այսօր մեր խաղադաշտում է, մենք դեռ չենք որոշել ինչպես վերադարձնել ձեր խաղադաշտը: Եվրոպական մայրաքաղաքներում շատ լավ հասկանում են` ինչ է կատարվել, հասկանում են ձեր յուրահատուկ վիճակը, հասկանում են, որ պետք է պահել Հայաստանը մեր կողքին, բայց դա չի լինի նույն դիրքը, որ կար նախկինում: Անցած օրերին մի քանի բացատրություններ են հնչել կատարվածի վերաբերյալ ձեր մեկ այլ հարևանից, բայց ԵՄ-ն փաստարկների այդ գնացքի մեջ չի ցատկելու, չի վարելու աշխարհաքաղաքական խաղեր: Այդ խաղերը չեն համապատասխանում Հայաստանի մասին մեր մտածելակերպին ու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների պատկերացումներին, Արևելյան գործընկերության ապագայի մասին մեր ծրագրերին: Մենք համոզված ենք, որ այդ պատկերացումները մնացել են պատմության գրկում: Իմ երկրի փորձից գիտեմ, որ շատ դժվար է լինել եզրային տարածքներում: Աշխարհաքաղաքական խաղեր չխաղալը շատ կարևոր է ոչ միայն Բրյուսելի համար, այլև Հայաստանի»: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար ՏՐԱՅԱՆ ՀՐԻՍԹԵԱՆ կարծում է, որ սեպտեմբերի 3-ի որոշումից հետո ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր հնարավոր չէ ստորագրել, այնուհանդերձ ԵՄ-ն պատրաստակամ է աշխատել Հայաստանի հետ` գտնելու հնարավոր համագործակցության ուղիներ: ԵՄ-ն սպասում է հայկական կողմի առաջարկներին: Նա համաձայն է Պետր Մարեշի հետ, որ փոխհարաբերությունները նախկին մակարդակը ունենալ չեն կարող: Իր քաղաքականությունը ԵՄ-ն կառուցում է արժեքների հիման վրա և պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ իրավունքի գերակայության, մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման և այլ ոլորտներում:
Խորհրդարանական քաղաքական ուժերի տեսակետները քննարկման ընթացքում ներկայացնում էին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ և Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ: Նաիրա Զոհրաբյանը խոսքը սկսեց խորհրդարանական անեկդոտով, որ առաջիկայում իր ղեկավարած հանձնաժողովը կվերանվանվի եվրասիական ինտեգրման, և հույս հայտնեց, որ անեկդոտը անեկդոտ էլ կմնա: Նա համաձայն է, որ պետք չէ ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել. «Ցավոք, պիտի ընդունենք, որ տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնության համար լուրջ փոփոխություն արտաքին քաղաքական դաշտում: Այն, ինչ բանակցվել է ԵՄ-ի հետ 4 տարի շարունակ, բանակցվել է հիմնավոր, համապարփակ ու խոր, իսկ վերջին մեկուկես տարում ավելի ինտենսիվ ու գլոբալ, քան Մոլդովայի ու Վրաստանի հետ, չի կարելի ձևացնել, թե տեղի չի ունեցել, դա ազնիվ քաղաքականություն չէ: Որպես ՀՀ քաղաքացի` վստահ կարող եմ ասել. աներկբա է, որ Հայաստանի հիմնական քաղաքական ուժերի միջև կար հստակ կոնսենսուս եվրոպական վեկտորի ընտրության հարցում, իսկ սեպտեմբերի 3-ից հետո մենք նոր իրադրության առջև ենք»: Նաիրա Զոհրաբյանը համոզված է, որ հիմա եվրոպացի գործընկերների հետ պետք է գտնել այն սահմանը, մինչև որտեղ հնարավոր է համագործակցել` չվնասելով Մաքսային միության անդամությամբ ստանձնած պարտավորություններին: ԲՀԿ-ական պատգամավորը փաստում է, որ հարաբերությունները նորովի վերաձևավորելու անհրաժեշտություն կա, 4 տարվա բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնագիրը Վիլնյուսում չի կարող ստորագրվել: Որոշ քաղաքական ուժեր համառորեն դա չեն հասկանում կամ ձևացնում են, թե իրապես ոչինչ չի եղել: Որքան արագ երկրի ներսում քաղաքական ուժերը այս հարցին լուծումներ գտնեն, այնքան կշահի Հայաստանի եվրոպական հեռանկարը` ըստ Նաիրա Զոհրաբյանի: «Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի` Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքն է, այլ ճանապարհ ես ինքս չեմ տեսնում»,- ասաց տիկին Զոհրաբյանը: Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Սամվել Ֆարմանյանը դժվարանում է միանշանակ գնահատականներ տալ ՀՀ-ԵՄ հարաբերություններին, առավել ևս` հեռանկարին: «Մեր քննարկումների և տոնայնությունը, և շեշտադրումները այլ կլինեին երկու ամիս առաջ, վստահ եմ, այլ կլինեն Վիլնյուսի գագաթնաժողովից հետո: ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա դիմանկարը ճգնաժամային է` կային երկուստեք ակնկալիքներ ու պայմանավորվածություններ, կար գործընթաց, որը տրամաբանական հանգուցալուծման էր հասնում, բայց դա տեղի չունեցավ: Հոկտեմբերի 16-ի դրությամբ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարները մշուշոտ են, բայց ես վստահ եմ, որ վիլնյուսյան գագաթնաժողովից հետո, երբ Արևելյան գործընկերության մյուս երկրների կարգավիճակը պարզ կդառնա, առավել հստակ կդառնան ՀՀ-ԵՄ փոխհարաբերությունների հեռանկարները»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Նա համոզված է, որ այդ հեռանկարները չպետք է անջատել աշխարհաքաղաքական գործընթացներից: ՈՒկրաինայի, Մոլդովայի առնչությամբ տեղի ունեցող աշխարհաքաղաքական շահերի բախումը իր ազդեցությունն է ունենում Հարավկովկասյան տարածաշրջանի վրա: Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների չկարգավորվածությանը, որ նրա գնահատմամբ` էապես պայմանավորեց դեպքերի զարգացումը: Պատգամավորը հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները անկեղծ շահագրգռված են եվրաինտեգրման գործուն քայլեր անելու մեջ, ինչը դրսևորվել է բոլոր մակարդակներով: Նա ակնկալում է քաղաքական ուժերի անկեղծ արձագանքը տեսնել հիմա, երբ ԵՄ-ՀՀ հարաբերությունները ճգնաժամային են: Իր ելույթի որոշակի հատված Սամվել Ֆարմանյանը նվիրեց բիզնես շրջանակների արձագանքին, քանի որ ստորագրվելիք համաձայնագիրը` խոր և համապարփակ, ազատ առևտրի վերաբերյալ, առաջին հերթին նրանց շահերն էր շոշափում, իսկ նրանք բավարար տեղեկացված չէին, թե ինչ է բանակցվում: Նույնը վերաբերում է Մաքսային միությանը: Գործընթացների հրապարակայնությունը չի ապահովվում, ինչը Սամվել Ֆարմանյանը համարում է բացթողում: Ընդհանրապես հանրային իրազեկվածության մակարդակը նրան չի բավարարում, և նա այն կարծիքին է, որ անցած 4 տարիներին չհաջողվեց հանրությանը ամբողջությամբ ներկայացնել Արևելյան գործընկերության նպատակները և Հայաստանի շահերը:
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն ՌԻՉԱՐԴ ԳԻՐԱԳՈՍՅԱՆՆ էլ պնդում է, որ հիմա ինչ էլ ասվի, որոշումը, որը ռազմավարական սխալ էր, չի փոխվելու, ուստի կոչ արեց կենտրոնանալ ներկայի ու ապագայի վրա: Նա կարծում է, որ բարեփոխումները վտանգված են, և բարեփոխիչները էապես թուլացել են: Ռիչարդ Գիրագոսյանը ևս համոզված է, որ Հայաստանը չպետք է դեգերի աշխարհաքաղաքական հարաբերությունների թակարդում, շատ ավելի կարևոր է տեղական քաղաքականությունը: Սեպտեմբերի 3-ի որոշումը նա որակեց «հայկական ինքնազոհողություն», որ նվեր էր ուկրաինացիներին, մոլդավներին, վրացիներին, որպեսզի ավելի ուժեղ լինեն ու համարձակ: Հայկական քաղաքականության մեջ նա տեսնում է պատասխանատվության և հաշվետվողականության պակաս: «Կա ճգնաժամ, և սա այլևս սովորական ընթացք չէ: Հայաստանի համար այսօր մարտահրավեր է իր կորցրած վստահությունը վերականգնելը: Ամեն ճգնաժամ իր հետ հնարավորություններ է բերում: Հայաստանը հիմա փաստացի նոր հարաբերություններ պետք է կառուցի ԵՄ-ի հետ 4 տարվա ինտենսիվ բանակցություններից հետո: Ո՞Ւր ենք գնալու հիմա, ի՞նչ ենք անելու հետայսու»,- հարցրեց պարոն Գիրագոսյանը և իր հարցին պատասխանեց, որ պետք է փրկենք ձեռքբերումները` հայտնվելով Արևելյան գործընկերության երկրորդ շերտում, Ադրբեջանի ու Բելառուսի կողքին: «Ավելին` ավելիի դիմաց» քաղաքականությունը, ըստ նրա, դառնում է «Պակասը` պակասի դիմաց»: Դուռը դեպի Եվրոպա փակվեց, բայց չկողպվեց: Համեմատության համար Ռիչարդ Գիրագոսյանը նկատեց, որ եթե ՌԴ-ն չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունը, ԵՄ-ն հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը` որոշումներ կայացնելու իրավունքը թողնում է հայկական կողմին:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆԸ անցած ժամանակը բաժանեց երկու մասի` մինչև սեպտեմբերի 3-ի ժամը 18-ը և 18-ից հետո: Օրվա առաջին կեսին Հայաստանը համարվում էր եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս և սահման չուներ Մաքսային միության հետ, հաստատակամ էր Վիլնյուսում նախաստորագրելու ասոցացման համաձայնագիրը, իսկ երեկոյան որոշեց միանալ Մաքսային միությանը: Պարոն Ղազինյանի ելույթում շեշտադրվեցին իրավական հարցեր` Հայաստանը իրավասո՞ւ է միանալ ՄՄ-ին: «Որպես իրավաբան, եվրոպական ինտեգրացիոն իրավունքի 15 տարվա մասնագետ կարող եմ ասել, որ ՀՀ Սահմանադրությունը արգելում է ինքնիշխան լիազորությունների փոխանցումը որևէ վերպետական միջազգային կազմակերպության: Սահմանադրության առաջին 2 հոդվածները սահմանում են, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է և իշխանությունը պատկանում է ժողովրդին: Որևէ վերպետական միջազգային կազմակերպություն, որպես իշխանության իրացման մարմին, Սահմանադրությունը չի նախատեսում: Եվրոպական բոլոր երկրները, միանալով ԵՄ-ին, փոփոխություններ են կատարել իրենց Սահմանադրություններում և ներքին օրենսդրության մեջ, վերպետական մարմիններին ինքնիշխան լիազորությունների փոխանցման հնարավորություն տալով»,- ասաց Արթուր Ղազինյանը: Սեպտեմբերի 3-ի որոշումը նա որակում է «հուզական և իրավիճակային, փակ ռեժիմով ընդունված»: «Այդ որոշումը խախտեց քաղաքական ուժերի կոնսենսուսը, բայց պարադոքս է, որ այսօր այդ նույն կոնսենսուսը կա նաև Մաքսային միությանը միանալու հարցում: Խորհրդարանական ուժերի 1-2 խմբակցություններ միայն հայտարարեցին, որ Հայաստանին պետք չէ միանալ մի կառույցի, որ դեռ գոյություն չունի, որ փորձում է կայանալ ու իր տեղը գտնել հետխորհրդային տարածքում: Ակնհայտ է, որ չկա որևէ քաղաքական ուժ, որը կարող է կասեցնել անկախության և պետականությանը դեմ գնացող, հակասահմանադրական գործընթացը: Պետք է րոպե առաջ այդ գործընթացը կասեցնել և Հայաստանը պատրաստել հաջորդ գագաթնաժողովին` ավարտուն տեսքով ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար»,- համոզված է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆԸ համարում է, որ ասոցացման համաձայնագիր կնքելուն Հայաստանի իշխանությունը ձգտում էր միայն ակնկալվող ֆինանսների համար: Նա հիշեցրեց, որ հայաստանյան համապետական վերջին ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, բայց իշխանություններին ամեն ինչ ներվում է, և հարց է, թե ասոցացման պայմանագիրը նախաստորագրելուց հետո ընտրությունների արդյունքները չէի՞ն կեղծվելու: Սեպտեմբերի 3-ը Ավետիք Իշխանյանի համար անձնական շոկ է եղել, նրա գնահատմամբ` մենք նորից հայտնվել ենք 20-րդ դարի 20-ական թթ. վիճակում` կորցնում ենք ինքնուրույնությունը: Նրա կարծիքով` ԵՄ-ն Հայաստանի պարագայում աշխատել է ոչ թե «Ավելին` ավելիի դիմաց» սկզբունքով, այլ` «Քչին` շատ»: Հայաստանում չկա կառավարման որևէ կոլեգիալ մարմին. թագավորը մեկ օրում կարող է որոշում կայացնել, և վասալները, որ երեկ գովերգում էին երեկվա որոշումը, այսօր կգովերգեն այսօրվա որոշումը` Ավետիք Իշխանյանի կարծիքով:
Փորձագետ ՎԱՀԱԳՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ անդրադարձավ հարցի տնտեսական կողմին` կասկածներ հայտնելով, որ ՄՄ-ին անդամակցումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական դաշտի վրա: «Միջազգային առևտրատնտեսական հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային դաշտը կանոնակարգվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերով, որի անդամ են Հայաստանը, ԵՄ երկրները, Ռուսաստանը: ՄՄ-ն որպես միավոր կամ ազատ առևտուր որպես փոխադարձ առևտրատնտեսական հարաբերություն` կոնցեպտուալ տարբեր իրողություններ են: Ազատ առևտրի պարագայում երկիրը որոշում է իր առևտրատնտեսական փոխհարաբերությունները կոնկրետ երկրի հետ, բաց թողնելով արտաքին սահմանները, որ նշանակում է ԵՄ-ի հետ խոր և համապարփակ, ազատ առևտրի պայմանագիրը ստորագրելուց հետո Հայաստանը ազատ կլիներ որոշել իր առևտրատնտեսական հարաբերությունները մյուս երկրների հետ:

ՄՄ-ին միանալ նշանակում է առևտրատնտեսական հարաբերության հիմնական բաղադրիչ մասը` որոշումներ կայացնելը, փոխանցել ՄՄ-ին, որը պետք է որոշի ինչ ռեժիմներ են կիրառվելու ՀՀ արտաքին մաքսային սահմանի վրա»,- կարծում է Վահագն Ղազարյանը: Վերլուծված չէ, թե Հայաստանը ՄՄ-ին անդամակցելիս ի՞նչ է ստանում, հնչում են մակերեսային տեսակետներ տնտեսական աճի մասին: ՄՄ-ն անցումային շրջան ունի մինչև 2020 թ., այսինքն` ընթացքում խաղի կանոնները փոխվելու են բոլոր անդամների համար: ՄՄ-ին անդամակցելը նշանակում է արտաքին մաքսային սահմանը փակել, բարձրացնել մաքսատուրքերը, խստացնել ընթացակարգերը, թողնելով մեկ միջնորդավորված խողովակ, որովհետև ՄՄ-ի հետ ընդհանուր սահման չունենք: Վահագն Ղազարյանը կանխատեսում է ոչ ՄՄ անդամ երկրներում արտադրված ապրանքների գների կտրուկ բարձրացում (Ղազախստանում բարձրացել են 30-40 տոկոսով):
Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ համոզված է, որ ասոցացման համաձայնագրով Հայաստանը շանս էր ստանում իրավական պետություն դառնալու. «Այսօր շատ է խոսվում, թե մենք սովոր ենք բիզնես անել Ռուսաստանի հետ: Հասկանալի է, չէ՞, ինչի մասին է խոսքը` ատկատներ, կաշառք... Թողնենք այն հարցը, թե տնտեսապես որն է շահավետ, մենք շանս ունեինք, որից հրաժարվեցինք: Ի՞նչ տվեց ԵՄ-ն մեզ: Մեր հեռուստաալիքներն ասում են` ոչինչ: Ես կնշեմ միայն այն ոլորտը, որտեղ մեր կազմակերպությունը մոնիթորինգ է անցկացրել` վիզաների հեշտացման հարցում: Համեմատեք 5-6 տարի առաջ և այսօր անձնագրերի ստացումը: ԵՄ-ն և տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, և վերապատրաստում անցկացրեց կենտրոնների աշխատողների համար: Սխալ է չխոսել այն ամենի մասին, ինչ ԵՄ-ն արել է` չսպասելով համաձայնագրերի ստորագրման: Վերջին տարվա ընթացքում ապրանքաշրջանառությունը ՄՄ-ում 15 տոկոսով անկում է ապրել` ՄՄ-ի պաշտոնական կայքի տվյալներով: Գազի, նավթի առևտուրն այդ ապրանքաշրջանառության 65 տոկոսն է, 35 տոկոսն ապրանքարտադրությունն է: Հայաստանը չունի գազ առնել-վաճառելու խնդիր, մեզ պետք են նոր տեխնոլոգիաներ: Ամենակարևորը` ՌԴ-ի ու Բելառուսի միջև կարող է երկրորդ 2008-ը սկսվել: Այսօր ՌԴ-ն չի թողնում, որ Բելառուսի արտադրանքը մտնի Ռուսաստան: Գազը Բելառուսին տալիս է ցածր գնով, հետո վերահաշվարկ է արվում, թե այդ գազով ինչ է արտադրվում և մաքսատուրք է դրվում այդ ապրանքների վրա: Այս մասին հայ տնտեսագետները չգիտե՞ն»: Ստեփան Գրիգորյանը խստիվ կասկածում է, որ դրսի ապրանքների գների բարձրացումը աջակցություն է ներսի արտադրողներին: Այսինքն` մենք արտադրելու ենք գերմանացիներից լավ «Մերսեդեսնե՞ր», թե՞ կենցաղային տեխնիկա: Ստեփան Գրիգորյանը նաև կարծում է, որ ասոցացման համաձայնագիրը չստորագրելը թուլացնում է ՀՀ անվտանգությունը` եթե անվտանգության ամբողջ փաթեթը մեկի ձեռքում է, նա է քեզ թելադրում: Պետք է հիշել Ադրբեջանի գրավչությունը Ռուսաստանի համար: Ակտիվ աշխատանքը ԵՄ-ի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի հետ իսկապես անվտանգ էր դարձնում Հայաստանը, վտանգ ստեղծում է հավասարակշռության խախտումը: Նա մի քանի հարցերի վրա հրավիրեց ներկաների ուշադրությունը` եթե վիզաների պայմանագիրը Կրեմլին դուր չգա, Հայաստանը չի՞ վավերացնի, պաշտոնապես ՌԴ-ում հայտարարվել է, որ գազի ներքին գները բարձրանալու են` ՌԴ-ն ԱՀԿ-ի անդամ դառնալով պարտավորություն է ստանձնել ազատ արձակել գազի գինը, պարզ չէ՞, որ Հայաստանում գազի սակագինը նորից բարձրանալու է:
Քննարկման մասնակիցները շարունակ դիմում էին փակված դռան խորհրդանիշին` մեկ այս, մեկ մյուս կողմից բացելու հնարավորություն տեսնելով: Գուցե այդպես է, եթե Մաքսային միությունը չդառնա կողպեք, առավել ևս խափանված կողպեք, որ նույնիսկ սեփական բանալին չի բացում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Իսկ ամենադիպուկը Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան էր: Նա պատմեց Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ լինելու իր երկրի փորձի մասին 1947 թ. Եվրոպայի վերակառուցման Մարշալի ծրագրով: Երբ արդեն սեփական ժամանակացույցն էին մշակել ու Փարիզ մեկնող պատվիրակության կազմը հաստատել, վարչապետին Կրեմլ է հրավիրում Ստալինը, և նա վերադարձին բացատրում է ազգակիցներին, որ Մարշալի ծրագիրը Տրումենի, Չերչիլի դավադրությունն է Ռուսաստանի դեմ, որին միանալ իրենք չեն կարող: Չեխերը հրաժարվում են մտադրությունից: Ստալի՞նն էր մեղավոր` հարցրեց պարոն Միկիսկան ու ինքն իրեն պատասխանեց: «Ոչ, մենք ինքներս էինք պատասխանատուն մեր կայացրած որոշման: Շատ վտանգավոր է կամուրջներով խաղալը, առաջին իսկ վտանգի պահին հենց կամուրջներն են պայթեցնում»,- ասաց չեխը, ում երկրի մայրաքաղաքում է աշխարհի գեղեցկագույն կամուրջներից մեկը` Կարլ արքայի կամուրջը, ով շատ լավ գիտի փոքր պետության ճակատագիրը մեծերի կողքին:

Դիտվել է՝ 1260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ