«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Տեսողության համաշխարհային օրն է

Տեսողության համաշխարհային օրն է
10.10.2013 | 11:25

Այսօր տեսողության համաշխարհային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում շուրջ 285 մլն մարդ թույլ տեսողություն ունի, 19 մլն երեխա տեսողության խանգարումներ ունի, 39 մլն մարդ կույր է. նրանց 90 տոկոսը բնակվում է ոչ զարգացած երկրներում։ Կուրության տանող դեպքերի 80 տոկոսը կանխարգելելի է:

Տեսողական խանգարումներ ունեցող մարդկանց 65 տոկոսը 50-ից բարձր տարիքի են։ Սա վկայում է այն մասին, որ տարիքի հետ ավելանում է տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թիվը։ Մինչդեռ տարիքային այս խումբը կազմում է երկրագնդի բնակչության 20 տոկոսը:

Տեսողության համաշխարհային օրվա 2013-ի կարգախոս է ընտրվել «Ստուգ՛եք տեսողությունը»:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» կազմակերպությունը (ՀԱՆ) ՀՀ առողջապահության նախարարության հետ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում իրականացնում է բնակչության ակնային լայնածավալ զննումներ և ցուցաբերում անհրաժեշտ բուժօգնություն:

Այս ծրագրով աչքի շարժական հիվանդանոցում անվճար բուժում ստացած բազմաթիվ մարդկանց շարքում Շիրակի մարզի Իսահակյան գյուղի բնակիչ Սասուն Հարեյանի ապաքինումը Տեսողության համաշխարհային օրվա խորհուրդը ներկայացնող դեպքերից է: Բժիշկների օգնությամբ 25-ամյա երիտասարդի տեսողությունը վնասվածքից հետո ամբողջությամբ վերականգնվել է: Սասունը նախ անվճար վիրահատվել, այնուհետև լազերային բուժում է ստացել: Նա այժմ որպես լիարժեք առողջ երիտասարդ կարող է վերադառնալ նախկին կյանքին և նոր ծրագրեր իրականացնել:

«Վիրահատությունից հետո տեսողությունս 10% -ից դարձավ 60%, իսկ լազերային բուժումից հետո ՝ գրեթե 70%: Բժիշկն ասաց, որ նշանակված դեղորայքն աչքերիս մեջ կաթեցնելուց հետո էլ ավելի լավ եմ տեսնելու: Շարժական այս հիվանդանոցը աչքի բուժումը հասանելի է դարձնում շատ մարդկանց համար: Շնորհակալություն բոլորին»,-ասում է Սասունը:

Տեսողության համաշխարհային օրվա նպատակն է ամբողջ աշխարհում բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրները և երկրներին հիշեցնել իրենց ստանձնած պարտավորությունների մասին: Այսօր առավել քան տեղին է հիշատակել, որ այստեղ ևս անչափ կարևոր է բնակչության ակտիվ մասնակցությունը: Ակնհայտ է, որ տեսողության վերականգնման և կուրության կանխարգելման ռազմավարություններն ամենաարդյունավետն են։ Վերջին 20 տարիների ընթացքում աշխարհում էապես նվազել է ինֆեկցիոն հիվանդությունների պատճառով կուրության տանող դեպքերի թիվը:

Օրվա խորհուրդը բոլորին հորդորում է պարբերաբար այցելել ակնաբույժին և ժամանակին ստուգել տեսողությունը: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը և ՀԱՆ-ը համատեղ ուժերով կանեն հնարավորինս հատկապես անապահով և հեռավոր բնակավայրի բնակիչներին որակյալ ակնաբուժական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Հատուկ այս օրվա խորհրդով ստեղծված «Ստուգե'ք տեսողությունը» խորագրով պաստառը, որի նպատակն է մարդկանց հորդորել հաճախակի այցելել ակնաբույժին և ստուգել տեսողությունը, կհասցվի մինչև Հայաստանի հեռավոր գյուղերի բուժկետեր:

Ակնաբուժության ոլորտում ծրագրային նոր փուլ է սկսվում։ Ակնաբուժական ծառայությունը մարզերում հասանելի դարձնելու նպատակով ՀԱՆ-ը ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռնամուխ են եղել մարզային ակնաբուժական հինգ կենտրոն ստեղծելու գործին։ Շարունակվում է կուրության կանխարգելման նպատակով նորածնային սկրինինգի և բուժման ծրագիրը, որի շրջանակներում Երևանում ստեղծում է «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն»։

Դիտվել է՝ 2344

Մեկնաբանություններ