«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Եպիսկոպոսաց ժողով Էջմիածնում

Եպիսկոպոսաց ժողով Էջմիածնում
25.09.2013 | 17:44

Ինչպես հայտնում է Մայր աթոռի մամլո ծառայությունը` սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Ժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ժողովին մասնակցելու համար աշխարհի տարբեր ծայրերից Մայր Աթոռ Ս. Էջմիածին են եկել մեր եկեղեցու բոլոր թեմերի առաջնորդներն ու պատվիրակները` թվով 62 բարձրաստիճան հոգևորական։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի գլխավորությամբ քննարկելու են մի շարք օրախնդիր հարցեր: Եպիսկոպոսաց նման համահավաք ժողով, ըստ մեր հոգևոր հայրերի, տեղի է ունեցել 600 տարի առաջ:
«Հոգու բերկրությամբ ողջունում ենք ձեզ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Նշանավոր օր է այսօր բոլորիս համար: Առաջին անգամ եպիսկոպոսաց ժողով է գումարվում Ամենայն հայոց կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եպիսկոպոսաց դասի մասնակցությամբ»,- բացելով ժողովը, ասաց Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդը:
Ժողովի մասնակիցներին ողջույնի խոսք ուղղեց նախագահ Սերժ Սարգսյանը` վերհիշելով այն կարևորագույն առաքելությունը, որ դարեր շարունակ կատարել է մեր եկեղեցին մեր ժողովրդի և մեր հայրենիքի համար. «Հիրավի դարակազմիկ իրադարձության ականատեսն ենք դառնում: Հանգամանքների բերումով դարեր շարունակ, մասնավորապես վերջին վեց հարյուրամյակում, հնարավոր չի եղել գումարել Հայոց եկեղեցու եպիսկոպոսաց դասի ժողով: ՈՒրախությամբ պետք է արձանագրեմ, որ այժմ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու այդ հիմնախնդիրը»: Սերժ Սարգսյանը նաև վստահություն հայտնեց, որ ժողովը «կազդարարի նոր առաջընթաց հայոց հոգևոր կյանքում և թույլ կտա համայն հայությանը նոր եռանդով ու լիցքով լծվել ազգային իղձերի իրականացմանը»:
Մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ շարունակվելիք եպիսկոպոսաց ժողովի ծրագիր-օրակարգում նշված է, մասնավորապես, երկու հարց. Ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը և Սուրբ մկրտության ծիսական կանոնական արարողակարգին առնչվող խորհրդի փաթեթը:
«Եպիսկոպոսը Աստծո տնտեսն է, ասում է սուրբ Պողոս առաքյալը, և «խնամ տանի Եկեղեցւոյ, որ է քաղաք Աստուծոյ», հավելում է սուրբ Գրիգոր Տաթևացի մեծ վարդապետը: Այս պատասխանատվությամբ եպիսկոպոսաց սույն ժողովը պիտի քննարկի և որոշումներ կայացնի մկրտության ծեսի և սրբադասման կանոնի և այս համատեքստում` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման օրակարգային հիմնական հարցերի վերաբերյալ: Մկրտության ծեսի միօրինակության ապահովման և սրբադասման կանոնի հաստատման ուղղությամբ հետևողական աշխատանք են իրականացրել Ամենայն հայոց հայրապետության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերը»,- շեշտեց Գարեգին Երկրորդը:
Մեծ եղեռնի զոհերի սրբադասմանն իր խոսքում անդրադարձավ նաև Հայաստանի նախագահը. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր «ոչ»-ը հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի և ամբողջ մարդկության հանդեպ, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանությունների կրկնությունը: Այս օրերին Սիրիայում շարունակվում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձավ սիրիահայ համայնքի ծանրագույն փորձությունը: Սիրիայում կատարվողը մեր ամենամեծ ցավն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծված իրավիճակի համար հնարավորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը մեր բարեկամ երկրում»: Բացի օրակարգային նշված հարցերից, ժողովը կքննարկի նաև Հայ եկեղեցու այժմեական մարտահրավերները:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը իր խոսքում ներկայացրեց իր պատկերացումն ու տեսլականը եկեղեցական բարեփոխումների մասին. «Ի՞նչ կը հասկնանք «բարեկարգութիւն» ըսելով.- սոսկ անցեալի աւանդութեանց վերականգնո՞ւմը, մեր եկեղեցւոյ ծիսական կարգին վերադասաւորո՞ւմը կամ կրճատո՞ւմը, լոկ լեզուի փոփոխութիւնը, եւ կամ ծիսական նոր համակարգի մը հաստատումը` մեր կեանքին ներկայ դրուածքին պատշաճող: Մեր հայեցողութեամբ, բարեկարգութիւնը ըստ էութեան պէտք է ըմբռնել որպէս եկեղեցւոյ կեանքին ու մտածողութեան, վկայութեան ու առաքելութեան վերարժեւորումը, վերանորոգումը ու վերակենսաւորումը: Արդարեւ, եկեղեցին կը վերածուի թանգարանի, եթէ չվերանորոգուի»:

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ