Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Խաղից դուրս արդյունքներ

Խաղից դուրս արդյունքներ
20.09.2013 | 11:05

Սեպտեմբերի 18-ի երեկոյան Երևանի կենտրոնում գտնվող մի գողտրիկ վայրում էին հավաքվել ժամանակակից արվեստը գնահատող մի խումբ երիտասարդներ՝ լսելու Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն ՆԱԶԱՐԵԹ ԿԱՐՈՅԱՆԻ և Թբիլիսիի ժամանակակից արվեստի կենտրոնի կրթական ծրագրերի համադրող ԿԱՏԱՐԻՆԱ ՇՏԱԴԼԵՐԻ երկխոսությունը այլընտրանքային կրթության մասին: Վիեննայում ծնված, Բեռլինում և Ռեյկյավիկում ուսանած Կատարինան այժմ բնակվում է Թբիլիսիում, որտեղ էլ դասավանդում է հնչյունային արվեստ: 2012 թ. աշնանը Թբիլիսիի Ժամանակակից արվեստի կենտրոնի կազմակերպած արվեստի կրթության և հետազոտության «Խաղից դուրս արդյունքներ» առաջին տրիենալեի ընթացքում Երևանի Ժամանակակից արվեստի ինստիտուտը արվեստի այլընտրանքային կրթության հարթակներից մեկն էր, որը հրավիրվել էր՝ ցուցադրելու և քննարկելու դպրոցների մեթոդաբանությունը: «Երբ ես Թբիլիսիի ժամանակակից արվեստի կենտրոնի հիմնադիր Վատո Ծերեթելիից ստացա այդ առաջարկը, դա ինձ համար փոքրիկ մարտահրավեր էր՝ ցուցադրել կրթությունը»,- հանդիպման ժամանակ ասաց Նազարեթ Կարոյանը: Կատարինա Շտադլերը նշեց, որ Թբիլիսիում կան հաստատություններ, որոնք զբաղվում են այլընտրանքային արվեստի կրթությամբ: Եթե իրենց՝ այդ գործի կազմակերպիչների համար հստակ է, որ այլընտրանքային ծրագիրը գալիս է լրացնելու ակադեմիականը, ապա ակադեմիական կրթությամբ հաստատությունները այլընտրական ծրագրերով հաստատություններին վերաբերվում են իբրև ախոյանի: Նազարեթ Կարոյանի դիտարկմամբ՝ այլընտրանքային կրթությանը կատարված դարձով նախանշվում է մեծ ճգնաժամը դիմագրավելու ուղիներից մեկը: Կատարինա Շտադլերի կարծիքով էլ՝ պետք չէ անընդհատ շեշտել, որ այլընտրանքային կրթությունը ճգնաժամի մեջ է: «Երբ կարդում ենք անտիկ փիլիսոփաներին, նրանք էլ են նշում, որ երկու հազար տարի առաջ եղել են ճգնաժամեր: Արվեստի ճգնաժամերը կապված են այն բանի հետ, որ արվեստի ծրագրերի հետևում կար մի գաղափար՝ արվեստը ծառայեցվում է քաղաքականությանը և տնտեսությանը: Մեր խնդիրն է՝ վերաիմաստավորել կրթությունը»,- ասաց Կատարինա Շտադլերը: Նազարեթ Կարոյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանը հետխորհրդային երկիր է, և երբ ժամանակին փլուզվեց ԽՍՀՄ-ը, դա մեզ համար նշանակում էր պատմության ավարտ: Ըստ նրա՝ ճգնաժամի գործոնը կապված է ոչ այնքան գաղափարաբանության, որքան տեխնոլոգիաների հետ: Անդրադառնալով կրթության և արվեստի կապին՝ Նազարեթ Կարոյանը հիշեց 20-րդ դարի երկրորդ կեսի գերմանացի արվեստագետ Յոզեֆ Բոյսին, որի համար արվեստը նախ և առաջ կրթության և դասավանդման արվեստն էր: Երկու արվեստաբանների զրույցը շարունակվեց՝ այլընտրանքային կրթության և արվեստի մասին բանավեճից հասնելով մինչև պերֆորմանսի մասին քննարկում: Եվ եթե Նազարեթ Կարոյանի դիտարկումները բխում էին հետխորհրդային իրականությունից, ապա Եվրոպայում ուսանած Կատարինա Շտադլերը առաջ էր քաշում կրթության, այլընտրանքային արվեստի վերաիմաստավորման գաղափարը, փորձարարությունը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ