«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Տնտեսական ավազակության հիմքում ընկած է ագահությունը»

«Տնտեսական ավազակության հիմքում ընկած է ագահությունը»
23.07.2013 | 17:51

Կառավարման փորձագետ Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆԻ ձևակերպմամբ` Հայաստանի տնտեսական դաշտում կատարվող թանկացումներն ուղղակի ավազակություն են: «Հայաստանը մարդկանց աչքում արհավիրք է`ցունամի, երկրաշարժ: Մի առավոտ աչքերդ բացում ես` մի օյին բերում են գլխիդ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց նա` հավելելով, որ փոխանակ պետությունը մարդկանց հոգսն ու պրոբլեները թեթեևացնելու, դեռ մի բան էլ ինքն է խնդիրներ ու դժվարություններ ստեղծում. «Հայաստանը իր քաղաքացիների նկատմամբ պարտավորությունները չի կատարում...Մարդիկ պետություն են ստեղծում, որ իրենց հոգսը թեթևացնի, իսկ մեզ մոտ պրոբելմներ է ստեղծում մեր պետությունը: Բոլոր հարցերը իշխանությունների կողմից պետք է թափանցիկ կերպով լուծվեն, մինչդեռ նման պարագայում չկան հստակ հաշվարկներ»,-շարունակեց բանախոսը` նշելով, որ այն աստիճանի են հասցրել մեր ժողովրդին, որ Հայաստանը մեզ համար արհավիրք է դարձել:

Մ. Հարությունյանը բարձր գնահատեց մերօրյա երիտասարդության ակտիվությունն ու պայքարելու ձգտումը: Դա, ըստ նրա, թույլ է տալիս հուսալ, որ համակարգային փոփոխություններ հնարավոր է. «Միակ լուծումը համակարգային փոփոխություններ անելն է, իսկ կոնկրետ այս դեպքում երիտասարդների պայքարն է,որը ճիշտ է»,-համոզմունք հայտնեց բանախոսը`ընդգծելով, որ ժողովրդին համատարած թունավորումից փրկելու համար թարմ արյուն է հարկավոր`դա երիտասրադությունն է:

Կառավարման փորձագետի խոսքով, տնտեսական ավազակության հիմքում ընկած է ագահությունը և կարճատեսությունը: Վերջինիս կարծիքով այս համընդհանուր թանկացման մթնոլորտում մարդիկ շատ բուռն արձագանքեցին հատկապես տրանսպորտի թանկացմանը:Պատճառը, ըստ նրա,շատ պարզ է. «Նրանք կարող են գազ քիչ վառել, հաց քիչ ուտել, բայց չեն կարող տրանսպորտ չնստել»:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Լուսինե ՅԱՂՈՒԲՅԱՆՆ էլ մտահոգվեց, որ շուտով կսկսվի ուսումնական տարին և տրանսպորտի թանկացումն իր ծանր հետևանքը կթողնի դպրոցականների, ուսանողների և թոշակառուների վրա:Նա հայտնեց, որ իրենց ՀԿ-ն հաշվարկ է կատարել, ըստ որի, ամսվա ընթացքում,100 դրամի դեպքում`աշխատանքի, դպրոց կամ բուհ հաճախելու համար տրանսպորտի համար կհատկացվի 6 հազար դրամ, իսկ 150 դրամի դեպքում`9 հազար: Յաղուբյանի խոսքով, Հայաստանում տրանսպորտի ոլորտը ամենաբարդ կառավարվող ոլորտներից է, որտեղ լուծված չեն բազմաթիվ խնդիրներ`այդ թվում անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ:

«Աբսուրդն այն է, որ թանկանում է սակագինը, բայց ծառայության որակը մնում է նույնը: Մարդիկ շարունակում են կռացած իրար գիրկ նստած գնալ: 45 հազար դրամ աշխատավարձ ստացողը պետք է 9 հազար դրամ ծախսի միայն գնալ-գալու համար: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է լինելու ուսանողների վիճակը, էլ չեմ խոսում, որ մենք ունենք թոշակառուներ, որոնք խոցելի խումբ են»,- ասաց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Միայն պատկերացնել կարելի է այն մարդկանց վիճակը, որոնք որևէ տեղ գնալու համար ոչ թե մեկ, այլ երկու տրանսպորտ են փոխում.երկու` գնալու և երկու`վերադարձի համար...Թե արդյունքում որքան գումար է կազմում, հաշվեք ինքներդ:

Դիտվել է՝ 1253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

«Չն­չին» պարգևավ­ճար են ստա­ցել