«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վետերաններին չհանդիպեցի` փոխարենը ստացվեց այսպիսի նյութ

Վետերաններին չհանդիպեցի` փոխարենը ստացվեց այսպիսի նյութ
09.05.2013 | 17:26

Ամեն տարի այս օրը մայրաքաղաքի զբոսայգիները լեփ-լեցուն են Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներով և ոչ միայն:

Այս տարի, սովորության համաձայն, որոշեցի դուրս գալ, շրջել ինձ հարազատ «Կոմայգում», զրույցի բռնվել իրենց արյան գնով մեր երկրի խաղաղությունն ապահոված ալեզարդ ծերակույտի հետ:
Զարմացա, երբ զբոսայգում (Գ. Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում), նստարանների վրա, չհանդիպեցի վետերան-պապիկներին, ովքեր անքուն գիշեր անցկացնելուց հետո, բոլորից վաղ էին դուրս գալիս զբոսայգի` զուգված-զարդարված, կոստյում-փողկապ կապած, մեդալները կրծքներին շարած: Նրանք հավաքվում էին որևէ ծառի տակ և հիշողությունների գիրկն ընկնում:
Կոմայգին առաջվանը չէր, ինչպիսին սովոր էի տեսնել այս օրը. դե իհարկե ամեն ինչ նույնն էր, բացի պապիկներից: Ոգևորությունս սառեց, բայց մոտեցա առաջին հանդիպած տարեց մարդուն և հարցուփորձ արեցի. «Այս տարի չկան, չգիտեմ, երևի անձրևն է պատճառը, կամ մոնումենտ են բարձրացել...Ամեն տարի այս օրը մոնումենտ բարձրացողը բարձրանում է, չբարձրացողն էլ պարտադիր այստեղ է լինում...չգիտեմ թե ուր են»: Մեկ ուրիշն էլ ասաց, որ այգու մյուս հատվածում` մանկական զբոսայգում, հաստատ կգտնեմ նրանց: ՈՒղևորվեցի դեպի մանկական զբոսայգի, սակայն այստեղ էլ «մարդ» չկար, բացի մի երկու տեղ իրար գրկած սիրահարներից և միմյանց գլխի հավաքված «բլոտ» ու նարդի խաղացող տարեցներից: Հա, մեկ էլ ասֆալտի վրա մանկական ավտոմեքենաների գլուխ տանող գռռոցից:
Այ քեզ բա՜ն: Մի՞թե այս տարի բոլորը մի մարդու պես ձեն-ձենի տվել, մոնումենտ են բարձրացել: Այդուհանդերձ, շարունակեցի որոնումներս և, անցնելով ինձ ծանոթ ծառուղիների միջով, ուղղվեցի դեպի Հանրապետության Հրապարակ: Մինչ հրապարակ հասնելը, պետք է անցնեի Վ.Սարգսյանի փողոցին հարող երկու փոքրիկ անցումներով, որոնց էլ, թարսի պես, լուսակիրները չէին աշխատում: Սպասեցի երկար, մինչև ավտոմեքենաների շարժը դադարեց ու հասցրեցի տեղը տեղին նյարդայնանալ: Հասա հրապարակ, ոչ մի տոնական տեսք ու տրամադրություն, ոչ, գոնե, պաստառներ,փուչիկներ...թե՞, թվարկածս, գուցե մոդայից դո՞ւրս են արդեն, միգուցե ե՞ս եմ մոդայից հետ մնացել...Ինչևէ, Հրապարակն էլ էր «դատարկ»: Հանկարծ հիշեցի, որ մայիսի 9-ին, մեր թանկագին հերոս-պապիկները Երկաթուղային կայարանի մերձակա հրապարակում են շատ հավաքվում, լուսանկարվում, և ճանապարհ ընկա դեպի այնտեղ: Անցնելով «Սասունցի Դավիթ» կայարանի գետանցումի երկայնքով, (որտեղ, ի դեպ, ներկա դրությամբ շինարարական աշխատանքններ է տարվում), շնչելով փոշեխառն օդը, մի կերպ շրջանցելով գետնին կուտակված շինարարական աղբը, որի հենց կողքին վաճառվում է պոնչիկ, պերաշկի, խաչապուրի, դուրս եկա դեպի լույս և խո՜րը մաքուր օդ կուլ տվեցի...Դե, իսկ նպատակը, որի համար այս «տառապանքի» միջով անցա` այդպես էլ չիրականացավ: Այստեղի վետերանները նույնպես, ամենայն հավանականությամբ, գնացել էին մոնումենտ:
Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներից և ոչ մեկին չտեսա, բայց փոխարենը ստացվեց այ այսպիսի նյութ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ.- Խելացի մեկը ինձ կարող է հարցնել`ավելի լավ չէ՞ր Մոնումենտ գնալ, քան թե` ամբողջ քաղաքը ոտքի տակ տալ: Գուցեև` այո: Անկեղծ` ինքս էլ չգիտեմ, թե ինչու էի ուզում հենց զբոսայգում զբոսնող պապիկներին հանդիպել: Ռոմանտիկ զգացողությունն էր անշուշտ պատճառը...

Դիտվել է՝ 2346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ