ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Տյառնընդառաջի» տոնը զուտ ազգային բնույթի է և գուշակության խորհուրդ իր մեջ չի կրում

«Տյառնընդառաջի» տոնը զուտ ազգային բնույթի է և գուշակության խորհուրդ իր մեջ չի կրում
07.02.2013 | 18:29

«Տյառնընդառաջը», որը Բարեկենդանից հետո մեր ժողովուրդը Հայ առաքելական եկեղեցու հետ մեծ հանդիսավորությամբ տոնում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 14-ին, ազգային, քրիստոնեական ծիսակատարություն է և գուշակության խորհուրդ չի կրում:

Ինչպես մեր թղթակցի հետ զրույցում նշեց պատմաբան Վահե Անթանեսյանը, այդ օրը (ըստ Ավետարանի) նշանավորվում է 40 օրական Հիսուսին ծնողների կողմից տաճարին ընծայելու փաստով, որի ճանապարհին ակամա հայտնվել է ջահերով թափորը: Կրակը, որն այդ օրը լուսավորել է տիրոջ ճանապարհը, խոր խորհուրդ ունի, որն անառարկելիորեն ընդունում են բոլոր քրիստոնյաները: Օրը խորհրդանշելու նպատակով, փետրվարի 13-ի երեկոյան, եկեղեցում օրհնված ջուր բաժանելուց բացի, խորանից վերցրած կրակով քահանաները վառում են հավատացյալների բերած ճրագներն ու մոմերը, որոնք նրանք հետո տեղափոխում են տուն` այս կերպ իրենց օջախ մտցնելով Քրիստոսի լույսն ու օրհնությունը:
Պատմաբանի խոսքով, «Տյառնընդառաջ» եկեղեցական տոնը ի դեմս Մարիամ Աստվածածնի ու նորածին Հիսուսի, մայրական ծիսակատարության, նորապսակների և օրհնության, ինչպես նաև ժառանգի ակնկալման օր է, որը ծնվելուց հետո պետք է առաջնորդվի քրիստոնեական ճշմարտությամբ և օրհնությամբ:
Խարույկի կրակը (ցանկալի է` ցորենի ծղոտից) վառում է նորապսակ երիտասարդը` արևին և քառասնօրյա Քրիստոսին ուժ տալու նպատակով: Վառվող կրակը տան նահապետը կամ քահանան օրհնում են` Տիրոջը դիմելով տարվա բարեբերության և այն բնական աղետներից զերծ պահելու խնդրանքով:
«Տյառնընդառաջի» կրակի շուրջն առաջինը պտտվում են հարսնացու աղջիկները` երգով գովաբանելով Մարիամ Աստվածածնին: Այնուհետև խարույկի շուրջն սկսվում է կլոր պարը: Կրակի վրայից առաջինը թռչելու իրավունքը վերապահվում է նորահարսին ու նորափեսային: Պտղավորվելու և արու զավակ ունենալու ակնկալիքով խարույկի վրայից թռչում են նաև ամուլ կանայք` նույն կրակով այրելով իրենց զգեստի քղանցքը, ապա երիտասարդները, տղամարդիկ` մաքրվելու, և վերջում երեխաները` «ցավուչոռից» ազատվելու նպատակով:
«Տյառնընդառաջի» կամ «Տրնդեզի» մոխիրը համարվել է սրբազան: Այն, բարեհաջող ծննդաբերության նպատակով, կանայք լուծել են ջրում և խմեցրել ծննդկանին: Առատության ակնկալիքով տարեցները «Տրնդեզի» մոխիրը շաղ են տվել գոմերում, հավաբներում, արտերում:
Հավելենք նաև, «Տյառնընդառաջը», ինչը նաև ազդարարում է ձմռան ավարտն ու գարնանամուտը, նշվել է բնապաշտական ժամանակաշրջանում` խորհրդանշելով Վահագն աստծո ծնունդը, որի երկունքը տևել է քառասուն օր: Վահագնը ծնվել է հրից, որից էլ քուրմը կրակ է վերցրել և նվիրել համայնքին:
Ըստ Վ. Անթանեսյանի, «Տյառնընդառաջի» տոնական սեղանը ցանկալի է զարդարել յոթ տեսակի հատիկաընդեղենով, փոխինձով և հայկական ավանդական` կլոնդակ, փուռնիկ, խաշիլ ճաշատեսակներով: Ցանկալի է նաև տան ծառատեսակներից կամ բույսերից մեկը զարդարել ընկույզով, տանձով, խնձորով ու նռով:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ