«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՎԱՂՈՒՑ ԱՅՍՊԻՍԻ ՀԱՃԵԼԻ ՊԱՀԵՐ ՉԷԻՆՔ ԱՊՐԵԼ»

«ՎԱՂՈՒՑ ԱՅՍՊԻՍԻ ՀԱՃԵԼԻ ՊԱՀԵՐ ՉԷԻՆՔ ԱՊՐԵԼ»
11.05.2010 | 00:00

Հանրապետության առաջին տիկին ՌԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում մայիսի 8-ին կազմակերպված «Սերունդների կամուրջ» միջոցառումը Մեծ հայրենականում տարած Հաղթանակի 65-ամյակին էր նվիրված: Դահլիճում էին Մեծ հայրենականի վետերաններն ու մայրաքաղաքի դպրոցների աշակերտները: «Այս միջոցառումն ամենաօրինակելի ու ամենաերկար պատմության դասը կլինի մեր աշակերտների համար»,- ասաց հանրապետության առաջին տիկինը, ավելացնելով, թե մատաղ սերունդն իր հերոս պապերի, նրանց գործած սխրանքների ոգով պիտի դաստիարակվի: «Պատահական չէ, որ դահլիճում այսօր դպրոցականներն ավելի շատ են, քան մեծահասակները»,- շեշտեց Ռիտա Սարգսյանը, հետո մոտեցավ և երախտիքի ջերմ խոսքերով մեկիկ-մեկիկ շնորհավորեց վետերաններին` փառքով վաստակած տոնի առթիվ:
Ավելի քան մեկուկես ժամ տևած համերգային ծրագրի ընթացքում ոչ մի պրոֆեսիոնալ դերասան բեմ չբարձրացավ, միայն դպրոցականներն էին: Նրանց շուրթերով նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդների լեզուներով խաղաղության, հիշատակի ու խոնարհումի խոսքեր հնչեցին: Ժողովուրդների ազգային երգն ու պարը ներկայացնելուց զատ, երեխաները կատարեցին նաև Մեծ հայրենականի տարիներին հնչող, մարտիկների ու ժողովրդի կողմից սիրված երգեր։ Հիշողություններից խոնավացած աչքերով նրանց մեղմ ձայնակցում էին վետերանները:
Համերգային ծրագիրն ավարտվել էր, բայց վետերաններից շատերը չէին հեռանում դահլիճից, ջերմ զրուցում էին առաջին տիկնոջ հետ, իսկ ավելի ուշ խմբերով կամ առանձին լուսանկարվեցին։ Ռիտա Սարգսյանը խոստացավ լուսանկարները փոխանցել վետերաններին, որոնց խորհրդանշական նվերներ մատուցվեցին:
«Վաթսուն տարի Երևանում եմ ապրում, շրջել եմ ողջ Եվրոպայում, սակայն երեխաների մասնակցությամբ համերգային այսպիսի փայլուն ծրագիր դեռ չէի տեսել»,- հուզմունքով նշեց վետերաններից մեկը։
«Վաղուց այսպիսի հաճելի պահեր չէինք ապրել,- հաստատեցին վետերանները։- Այս ամենը վկայում է, որ չենք մոռացվել, որ իզուր չեն եղել մեր պայքարն ու հաղթանակը»:
Անի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 1921

Մեկնաբանություններ