ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ամերիկյան ռազմակայաններն Ադրբեջանում

Ամերիկյան ռազմակայաններն Ադրբեջանում
14.08.2009 | 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԱ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալ, Եվրոպայում ամերիկյան զորքերի հրամանատարի տեղակալ Չակ ՈՒոլդը մատնանշել է այն երկրները, որտեղ հնարավոր է համարվում ՆԱՏՕ-ի ռազմակայանների ստեղծումը։ Այդ պետություններն են Ադրբեջանը, ՈՒգանդան, Սան-Տոմե և Պրինսիպի կղզի-պետությունը։ Ինչպես նշել է ՈՒոլդը ամերիկյան Defence news թերթին տված հարցազրույցում, Ադրբեջանում ամերիկյան զորքերի ապագա խնդիրներն են լինելու պարեկությունը և նոր էներգետիկ խողովակաշարերի անվտանգության ապահովումը։
Ամերիկացի զինվորականները կցանկանային տարաբաժանել Հարավային Կովկասում իրենց զինված ուժերի օբյեկտները ձևավորելու ծրագրերը տարածաշրջանի ռազմաքաղաքական հակամարտություններից։ Դա մեր տարածաշրջանում Պենտագոնի հիմնական խնդիրներից մեկն է։ ԱՄՆ-ը ձգտում է ամրագրել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում` պայմանավորելով դրանք Կասպից ծովի ավազանում անվտանգության ապահովման խնդիրներով։ Ադրբեջանի տարածքում խորհրդային բանակի թողված ենթակառուցվածքներն ամբողջությամբ քայքայված են։ Տեսականորեն ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը կարող էին օգտագործել «Նասոսնայա» ռազմաօդային բազան, որտեղ նախկինում տեղակայված էր ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության զորքերի ՄԻԳ-25 կործանիչների գունդը։ Օգտագործման են ենթակա նաև Քյուրդամիրում գտնվող նախկին ռազմաօդային բազան, Բաքվի միջազգային օդանավակայանը, Կիրովաբադի օդանավակայանը, ուր ժամանակին տեղակայված էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի 104-րդ օդադեսանտային դիվիզիան։ Սակայն այս օդանավակայանների մեծամասնությունը կապիտալ վերանորոգման և ամերիկյան բանակի չափորոշիչներին հարմարեցնելու խնդիր ունի։
Առայժմ ԱՄՆ-ը նախընտրում է զրոյից ռազմակայաններ չստեղծել, այլ օգտագործել գոյություն ունեցող հարմար ենթակառուցվածքները։ Այդպես, 2001-ի վերջին 2002-ի սկզբին Պենտագոնի աջակցությամբ վերակառուցվեց և շահագործվեց Դալյարի օդանավակայանը։ Այդ ծրագիրն իրականացվեց Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի կենսագործունեության ապահովման համատեքստում։ Սակայն այդ օդանավակայանի վերակառուցման հետ կապված` Հայաստանի պաշտպանության նախարարությունն իր մտահոգությունը հայտնեց Պենտագոնին, քանի որ այդ օդանավակայանը կարող է արդյունավետ օգտագործվել Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կողմից ընդդեմ Հայաստանի և ԼՂՀ-ի։ Դալյարի օդանավակայանն ավելի քիչ խոցելի է, քան Կիրովաբադինը։ Ամերիկյան զինվորականները պնդում են, թե այդ օդանավակայանի շահագործումն Ադրբեջանի կողմից իրենց վերահսկողության ներքո է, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Որովհետև գոյություն չունեն ոչ հաստատված կանոնակարգ, ո՛չ էլ ամրագրված պայմանավորվածություններ այդ հարցում ԱՄՆ-ի և Ադրբեջանի համագործակցության առումով։ Դժվար է պնդել, որ Դալյարի օդանավակայանը դարձել է Ադրբեջանի մերձճակատային ռազմական ինքնաթիռների մշտական բազավորման վայր, սակայն ադրբեջանական ռազմաօդային ուժերը և AH-24 տրանսպորտային ինքնաթիռներն օգտագործում են այն։ Կան նախանշաններ, որ Ադրբեջանը փորձում է Դալյարի օդանավակայանը վերածել «Նասոսնայայից» հետո նշանակությամբ երկրորդ ռազմաօդային բազայի։ Հնարավոր է` Ադրբեջանի ղեկավարությունը զգուշանում է մարտական ինքնաթիռները Կիրովաբադի օդանավակայանում կենտրոնացնելուց, որովհետև վտանգի տակ կդնի այդ մեծ քաղաքը։ ԱՄՆ-ը գործնականում չի կարող ազդել Դալյարի օդանավակայանն ադրբեջանական ռազմաօդային ուժերի կողմից շահագործվելու հարցում, թեպետ այնտեղ գոյություն ունեն նաև ենթակառուցվածքային պրոբլեմներ։
Որոշ քաղաքական փորձագետներ Ադրբեջանի տարածքում ամերիկյան ռազմական հնարավոր ներկայության կոնկրետ վայրեր են մատնանշում, սակայն ռազմական աղբյուրները դա չեն հաստատում։ Հայկական աղբյուրները, հենվելով ԱՄՆ-ում հավաստի աղբյուրների վրա, պնդում են, որ Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հավանական վայրեր կարող են դառնալ Նախիջևանը, Ղուբաթլին և Ֆիզուլին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե այդպիսի տեղեկատվություն չունի, սակայն միաժամանակ ԱՄՆ-ի մշտական ռազմակայանի զանգվածային տեղափոխման հարցը անվերջանալի քննարկման առարկա է ամբողջ աշխարհի առաջատար ԶԼՄ-ներում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, Իրանում և Թուրքիայում երևան եկող վերլուծական աշխատություններում։
Ամերիկացի քաղաքագետ Դևիդ Շրիբմանը «Փիթսբուրգ փոստ գազեթ»-ում հանդես է եկել կոնկրետ այս թեմայի վերաբերյալ լայնածավալ վերլուծությամբ և մասնավորապես նշել. «Տարիներ են անցել այն օրերից, երբ գիտնականները մեծ փոփոխություններ կանխատեսեցին աշխարհի կյանքում ԱՄՆ-ի ունեցած դերակատարության առումով։ Հիմա նրանք կարող են հետևություն անել այն մասին, որ առաջիկա կես դարի ընթացքում ԱՄՆ-ի ռազմական ազդեցությունը սեղմված զսպանակի արագությամբ կտարածվի աշխարհով մեկ։ Այդ գիտնականները կտեսնեն կարևոր տեղաշարժեր, որոնք տեղի կունենան ամերիկյան ռազմական հզորության երկու ֆորպոստներում` Կորեական թերակղզում և Գերմանիայում։ ԱՄՆ-ը կհրաժարվի Արաբական թերակղզում իր խոշորագույն հենակետից, որպեսզի ձևավորի ավելի փոքր բազաներ Պարսից ծոցի շուրջ։ Ի հայտ կգան նոր ռազմահանգրվաններ Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Վարշավյան պայմանագրի երբեմնի անդամ պետություններում։ Ճիշտ նույն ձևով, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքները, որոնք ստեղծեցին խորհրդա-ամերիկյան հակադրության երկբևեռ աշխարհ, ինչի արդյունքում ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնվեցին Եվրոպայում։ Ահաբեկչության դեմ ներկայիս պատերազմը ստիպելու է ԱՄՆ-ի բանակին գտնվել Աֆղանստանի լեռներում և Իրաքի լայնածավալ անապատներում։ Ամերիկյան բազաներն ապագայում կտեղակայվեն Լեհաստանում, Ռումինիայում, Օմանում, ԱՄԷ-ում։ Այդ զորամիավորումների կազմն ու նշանակությունը կարելի կլինի տարբեր կերպ բնութագրել։ Դրանք կլինեն ոչ մեծ և մոբիլ պահեստային բազաներ, ինչպես նաև տարբեր վայրերում տեղակայված ու միմյանցից տարանջատ ռազմահանգրվանների ցանց։ Այդ ամենը տեղի կունենա արագ և առանց հետաձգելու»։ Հեղինակն այս տողերը գրել է շատ տարիներ առաջ և միաժամանակ նկարագրել ԱՄՆ-ի 18-հազարանոց զորախմբի հեռանալը Կորեական թերակղզու կենտրոնում գտնվող ապառազմականացված գոտուց, երբ Փհենյանը միջուկային հարվածով կսպառնա Սեուլին։
Մոնրեալի McGill համալսարանի քաղաքագետ Սթիվեն Սեյդմենը նույնպես նշում է, որ Գերմանիայում ամերիկյան ռազմական ներկայության նվազումը հավանական է։ «Ենթակառուցվածքը, որը զարգացել է ողջ «սառը պատերազմի» ընթացքում, այժմ ոչ միայն չի պաշտպանում ամերիկյան շահերը, այլև կարող է վնասել դրանց։ 70 հազար ամերիկյան զինվորների առկայությունը Գերմանիայում ոչնչով արդարացված չէ նոր աշխարհակարգի պայմաններում, որը վտանգի է ենթակա ահաբեկչական խմբավորումների, քան սուվերեն պետությունների կողմից։ ԱՄՆ-ն այլևս կարիք չունի պահպանելու զորքերը Գերմանիայում` ԽՍՀՄ-ին հակադրվելու համար, և նույնը կարծես վերաբերում է Բալկաններին»,- նշում է հեղինակը, որի կարծիքով` ռազմական հանգրվանների նոր դասավորվածությունը պետք է համապատասխանի նոր հազարամյակում ԱՄՆ-ի առջև կանգնած մարտահրավերներին։
Ամերիկյան բանակի նախկին գնդապետ Էնդրյու Բասևիչը, որն այժմ պրոֆեսոր է Բոստոնի միջազգային հարաբերությունների ինստիտուտում, գրում է հետևյալը. «Այն, ինչ կատարվում է, ջանքեր են ամերիկյան ուժերը տեղաբաշխելու այն վայրերում, որտեղ առկա են անհրաժեշտ միջամտության ավելի մեծ հնարավորություններ։ Նոր ռազմահանգրվանները կլինեն մոբիլ, դրանցում տեղակայված զորքերը հնարավորություն կունենան արագ տեղաշարժվելու անհրաժեշտ վայրեր ու նույնքան արագ հետ վերադառնալու։ Սակայն գլխավորն այն է, որ դրանք տեղակայված կլինեն հակամարտությունների հնարավոր գոտիներին ավելի մոտ։ Բազավորման այսպիսի ռազմավարությունը Բուշի վարչակազմի արտաքին քաղաքական ռազմավարության տրամաբանական շարունակությունն է, իսկ այդ ռազմավարությունն անհրաժեշտ է համարում կանխարգելիչ հարվածները, եթե ԱՄՆ-ը գտնվում է կամ կարող է հայտնվել ահաբեկչության և զանգվածային ոչնչացման զենքի կիրառման վտանգի ներքո»։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարության իրազեկ աղբյուրը տեղական լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ ԱՄՆ-ի ռազմաբազաների տեղակայումն Ադրբեջանի տարածքում մոտ ժամանակներս անհնարին է։ Փորձագետը դա բացատրել է նրանով, որ ամերիկացիները, մինչև Ադրբեջանի տարածքում ռազմաբազաներ հիմնելու որոշում ընդունելը, զբաղվելու են տեղանքի ուսումնասիրությամբ։ Ըստ ռազմական փորձագետի. «Ինչպես հայտնի է, ամերիկացիները պետք է իրագործեն առաջնահերթ միջոցառումները, որոնց թվում են տեղակայման վայրերի նախապատրաստումը, տարածքի մաքրումն ականադաշտերից, իսկ դա առայժմ չի նկատվում։ Բացի այդ, ամերիկացիները հրաշալի գիտակցում են, որ Ադրբեջանը սահմանակից է այնպիսի երկրների, ինչպիսիք են Իրանը և Ռուսաստանը, որոնց հետ ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունները լարված են։ Պաշտոնական Բաքուն հույսեր է կապում ամերիկյան ռազմական ներկայության հետ, բայց զգուշանում է ԱՄՆ-ի ռազմահանգրվանների տեղակայումից, որովհետև դա կարող հանգեցնել հակադրության խորացման Իրանի և Ռուսաստանի հետ։ Ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը մեր երկրի տարածքում հնարավոր է այն դեպքում, եթե Ադրբեջանը դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ»։
Այս հիմնախնդրի երկարատև և բազմակողմ դիտարկումից հետո կարելի է հանգել այն եզրակացության, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ և չի կարող լիովին պատճառաբանել իր ռազմաօդային բազայի տեղակայումն Ադրբեջանում։ Սակայն երկու տարուց ավելի է, ինչ իրականացվում են աշխատանքներ մի շարք օդանավակայանների նախապատրաստման և մոդեռնացման ուղղությամբ Ադրբեջանի տարածքում։ Եվ ԱՄՆ-ի գլխավոր փաստարկը ղարաբաղյան հակամարտությունը չէ, այլ իրավիճակը Կասպից ծովում ու իրանա-ադրբեջանական հարաբերությունները։ Ամերիկացիների համար դժվար կլիներ հիմնավորել իրենց ռազմական ներկայությունը Կասպիցի ավազանում Ռուսաստանի ռազմական ներկայության մեծացմամբ։ Սակայն իրանական թեման առաջնային է մնում ԱՄՆ-ի կովկասյան քաղաքականության մեջ, ինչի հետևանքով էլ Վաշինգտոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով առաջ քաշեց ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի տեղակայման հարցը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում։ Կասկածից դուրս է, որ ԱՄՆ-ին ամենից առաջ հետաքրքրում է Արաքս գետի երկայնքով անցնող իրանա-ադրբեջանական սահմանային գիծը։ Միաժամանակ ԱՄՆ-ը փորձում է լուծել կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը, որոնք կապում են Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանով և Մեղրիով։ 2000-ին ամերիկացիները և եվրոպացիներն աննախադեպ ճնշում էին գործադրում Հայաստանի ղեկավարության վրա, նպատակ ունենալով Մեղրու միջանցքի և Սիսիան-Բիչինեգ շրջանի վերահսկողությունը գործնականում Ադրբեջանին հանձնել` ձևական միջազգային վերահսկողությամբ։
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը համատեղ շահագործելու ռուսական առաջարկի կապակցությամբ հարկ է նշել, որ ԱՄՆ-ը և Ադրբեջանը բավական վաղուց սերտ համագործակցում են Կասպից ծովի ավազանում և Իրանի հյուսիսային շրջաններում համապատասխան հսկողություն կազմակերպելու առումով։ Ոչ լիարժեք տվյալներով` ներկայումս գոյություն ունի հետախուզական երեք օբյեկտ։ Ադրբեջանի Լերիկի շրջանում, համանուն գետի վերին հոսանքի մոտ, հենց իրանական սահմանի վրա հիմնվել է օդային տարածքի և հյուսիսային ու հյուսիս-արևմտյան Իրանի տարածքի հետախուզման կայան, ոչ պակաս, քան 1000 կմ դիտման շառավղով։ Այդ հենակետը պատկանում է ռադիոլոկացիոն կայանների առավել ժամանակակից տիպին և ընդունակ է ցանկացած բարձրության վրա հայտնաբերելու բոլոր տեսակի օդային ապարատները։ Վերոնշյալ հենակետի շահագործման արդյունքում ստացված տվյալներն առանձին դեպքերում օպերատիվորեն փոխանցվել են Ադրբեջանի ռազմական հրամանատարությանը, երբ Իրանի ինքնաթիռները խախտել են Ադրբեջանի օդային սահմանը կամ այդպիսի գործողությունների վերաբերյալ կասկածներ են եղել։ Թուրքիայի ռազմական հրամանատարության և ԱՄՆ-ի եվրոպական ուժերի հրամանատարության միջև գոյություն ունի պայմանավորվածություն Լերիկի հենակետից ստացված տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ։ 2005-ին ԱՄՆ-ն առաջարկեց Ադրբեջանին` քննարկել հիշյալ հենակետն ընդլայնելու և նոր սերնդի ավելի կատարյալ տեխնիկական միջոցներ տեղադրելու հարցը։ Լերիկի կայանի այդպիսի հզորացումը նպատակ է հետապնդում հետևել Իրանի ռազմաօդային և ռազմածովային օբյեկտներին Կասպից ծովում, նկատի ունենալով Չայրուսում հրթիռային կատերների իրանական բազաների կառուցումը, ինչպես նաև մեկ այլ բազայի ստեղծումը Բենդեր-Հոմեյնիում` փոքր տիպի սուզանավերի համար։
Ադրբեջանի Աստարայի շրջանում նույնպես կայան է ստեղծվել Կասպից ծովի ավազանը հետախուզելու համար, հատկապես նկատի ունենալով ոչ նորմատիվային ռադիացիոն ֆոների առկայությունը Կասպից ծովով տեղափոխվող տարբեր բեռնափոխադրումների կապակցությամբ։ Պրիշիբ ավանի մոտ ստեղծվել է ոչ մեծ հենակետ, որը կոչված է հետևելու Իրանի ռազմածովային ուժերի գործողություններին։ Սակայն, այլ տվյալներով, այդ հենակետը Աստարայում տեղակայված կայանի մի բաղադրիչն է և առանձին դեպքերում նրա հետ զուգահեռ հետախուզություն իրականացնելու խնդիր ունի։
Ներկայումս ԱՄՆ-ի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների միջև քննարկվում է խոշոր ռազմահանգրվանի կառուցման հարցը` Կասպից ծովի օդային տարածքը և ավազանը հսկողության տակ պահելու համար։ Այդ ռազմահանգրվանը նախատեսվում է տեղակայել Ապշերոնյան թերակղզուց արևելք ընկած Ժիլոյ կղզու վրա, կառուցել և շահագործել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև անվտանգության հարցերով համագործակցության շրջանակներում, որոնք նախատեսված են Վաշինգտոնում ստորագրված համապատասխան պայմանագրով։ Վերոնշյալ հենակետն իր տեսակի մեջ առավել խոշորներից է և կոչված է սպասարկելու ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին` հակաօդային պաշտպանության խնդիրների լուծման շրջանակում։ Ներկայումս ավարտվել են Ժիլոյ կղզու տեղական պայմանների ուսումնասիրման կոնկրետ աշխատանքները։ ԱՄՆ-ը նաև քննարկում է այլընտրանքային միջոցառումների հնարավորությունը հակաօդային պաշտպանության օբյեկտների ստեղծման ուղղությամբ։ Չպարզաբանված է մնում վերոնշյալ հենակետի գործառույթների նշանակությունը` նկատի ունենալով այդպիսի այլ հանգրվանների առկայությունն Ադրբեջանում։ Բացի այդ, վերոնշյալ ռազմահանգրվանի կառուցումը կախված կլինի Իրանի հետ կապված քաղաքական հիմնախնդիրներից։ Իրանական ղեկավարությունը քաջատեղյակ է ԱՄՆ-ի և Ադրբեջանի այդ ծրագրերին։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ