ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում»

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր ձեր մարմինն են վնասում, այլ վախեցեք նրանցից, ովքեր ձեր հոգին են վնասում»
14.08.2009 | 00:00

«ՀՈԳԵՎՈՐ ՀԱՑ» 70-ԱՄՅԱ ՀՈԳԵՎՈՐ ՍՈՎԻՑ ՀԵՏՈ
(սկիզբը` նախորդ համարում)

Հիմա անդրադառնանք հետևյալ հարցին։
Արդյոք բավարար աշխատանք տարվո՞ւմ է ժողովրդին աղանդներից հեռու պահելու համար։
Դեռևս 1999 թվին ես բաց նամակ էի պատրաստել` ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին, որում իմ մտահոգությունն էի հայտնում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Սակայն ոչ մի լրատվամիջոց չհամաձայնեց տպագրել իմ բաց նամակը, պատճառաբանելով, թե եկեղեցու գործերին չեն միջամտում։ Նամակում ես հորդորում էի հարգարժան կաթողիկոսին, որպեսզի նա, օգտագործելով իր դիրքը և հեղինակությունը, հասնի այն բանին, որ երկրի գերագույն օրենսդիր մարմինն ընդունի 2 կետից բաղկացած օրենք.
1. Հայաստանի Հանրապետությունը քրիստոնյա պետություն է։
2. Հայաստանի Հանրապետությունում քրիստոնեությունը մերժող և նրան հակասող բոլոր կրոնական կազմակերպությունների քարոզն արգելվում է։
Սա ակնհայտորեն կփակեր աղանդների ճանապարհը։
Արդյունքում ի՞նչ ունեցանք։ Մի քանի տարի անց Հայաստանի կառավարությունը պաշտոնապես գրանցեց «Եհովայի վկաներ» աղանդը։
Կառավարությանը սա ձեռնտու է, միայն թե բյուջեն լցվի։ Հատկանշական է, որ այս աղանդը մեր հանրապետության խոշոր հարկատուների ցանկում է։ Արդյոք Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի վարքը և գործելակերպը նպաստո՞ւմ են ժողովրդի մեջ հոգևոր դաստիարակությունը բարելավելուն և աղանդներին դիմակայելուն։
Ի՞նչ անուն տալ այն քահանային, որը 2000-ին Արարատյան թեմի առաջնորդարան Սուրբ Սարգիս եկեղեցում մկրտության արարողություն էր կատարում։ Արարողությունից առաջ դիմում է քավորին` հարցով.
-Քավորը կնքվա՞ծ է։
Քավորն ազնվորեն պատասխանում է.
-Ո՛չ, տեր հայր, քավորը կնքված չէ։
Եվ, ի՞նչ եք կարծում, ի՞նչ է ասում քահանան.
-Կատակ անելու ժամանակ չէ, բերեք մոմերը, սրբիչը։
Քավորն ասում է.
-Տեր հայր, չեմ կատակում, ես կնքված չեմ։
Քահանան թե.
-Վերջացրեք, ժամանակ չունեմ, սկսում ենք,- և անցնում է գործի։ Վերջացնում է իր արարողությունը, գումարը վերցնում և սրանով եզրափակում։
Ի՞նչ անուն տալ այն քահանային, ով ինքնասպանություն գործածին թաղման պատարագ է մատուցում և վերջում էլ դիպլոմատը դնում գերեզմանի կողքին` հավաքվածները փող են գցում մեջը, և, վերցնելով դիպլոմատը, քահանան գոհ-գոհ հեռանում է։ Քանի՜ հազարավոր դեպքեր են եղել, երբ քահանան հաստատել է «կոմունիստի» քավորությունը։ Ի՞նչ ասել այն, այսպես կոչված, քրիստոնյային, ով վզին հսկայական խաչ է կրում, միաժամանակ գողանում է, շնանում է, մարդ է սպանում։ Ինչ անուն տալ այն հաստավիզ սափրագլխին, որը, «խաչը վզից» կախած, 70 տարեկան հայ կնոջը գցում է քացու տակ։
Փորձեք կանգնել եկեղեցու դռան մոտ և եկեղեցուց դուրս եկողներին հարցնել.
-Դուք հավատացյա՞լ եք։
100 հոգուց առնվազն 90-ը կպատասխանի` ոչ։ Եղբայր, եթե հավատացյալ չես, ինչո՞ւ ես մտնում եկեղեցի, չէ՞ որ եկեղեցին հավատացյալների համար է, դա Աստծո տունն է, ինչո՞ւ ես պղծում այն։
Մարդկանց թվում է, որ եթե իրենք հայ են, ուրեմն քրիստոնյա են։ Ազգային պատկանելությունն ամենևին չի ենթադրում կրոնական պատկանելություն։ Կարող է լինել հայ-մահմեդական, հայ-բուդդայական, հայ-«Եհովայի վկա»։ Քրիստոնյա չեն ծնվում, քրիստոնյա դառնում են։ Եթե կնքված ես, չի նշանակում` քրիստոնյա ես։
Մկրտությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է քրիստոնյա համարվելու։
Աստված ասում է` Ճշմարիտ Հովիվը նա է, ով, եթե իր հոտի 100 ոչխարներից մեկը կորչի, ապա 99-ին կթողնի և կընկնի, այդ մեկին ման կգա։ Արդյոք մեր հոգևոր հովիվների պահվածքը համապատասխանո՞ւմ է Աստծո բնորոշմամբ Հովվին։ Մտածելու բան է։
-Այդ հարցը կաթողիկոսին տվեք, ես միշտ ձեզ հետ եմ եղել, հիմա էլ ձեզ հետ եմ։ Ես ուրիշի փոխարեն չեմ կարող պատասխանել։ Ամեն մարդ պատասխանատու է իր համար։
Աստված ասում է. «Շատ առաջիններ կլինեն վերջիններ, և շատ վերջիններ կլինեն առաջիններ»։ Աշխարհի ժողովուրդների մեջ քրիստոնեություն ընդունած առաջին ազգը լինելով, այսօր, հավատի տեսակետից, հայտնվել ենք գրեթե ամենավերջին տեղերում։ Ռուսները մեզանից հազար տարի հետո են ընդունել քրիստոնեությունը, սակայն այսօր հազար անգամ ավելի հավատացյալ են, քան մենք։ Հավատացյալ երկրի պատրանք ենք ստեղծում։ Քրիստոնեությունը հավաստող միայն հինավուրց եկեղեցիներն ու ճարտարապետական կոթողներն են մնացել և քիչ տոկոս կազմող ճշմարիտ հավատացյալներ։ Հոգևոր դասի զգալի մասը վերածվել է, ըստ Աստծո բնորոշման, լումայափոխների։ Եկեղեցու սպասավորությունը վերածվել է բիզնեսի։ Մկրտություն, պսակադրություն, հուղարկավորություն կատարեն, իրենց փողն աշխատեն և վերջ։ Ահա այս իրականությունն է, որ մարդկանց մեջ մեռցնում է հավատը, հեռացնում եկեղեցուց և գցում աղանդների գիրկը։
Այսպե՞ս ենք մենք հարգում մեր մեծերի, մեր սրբերի (ս. Գ. Լուսավորիչ, ս. Գ. Նարեկացի, ս. Ս. Պարթև, ս. Մ. Մաշտոց, ս. Ներսես Շնորհալի) հիշատակը։
Ազգովի վերածվել ենք Աստծո անառակ որդու։ Վերջապես, ե՞րբ պիտի խելքի գանք, կանգ առնենք ու մեզ հարց տանք` ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և դեպի ո՞ւր ենք գնում։
Այսօր Հայաստան երկիրն Ավարայրի դաշտի է վերածվել, նորից կարգախոսը նույնն է. «Վասն հայրենյաց, վասն հավատո»։ Ազգովի պիտի հաղթահարենք այս արհավիրքը և ծագման վտանգը, վերադառնանք մեր ակունքներին։ Շատ է խոսվում ազգային գաղափարախոսության մասին։ Ի՞նչ ազգային գաղափարախոսություն։ Ի՞նչ գաղափարի շուրջ կարող է համախմբվել հայ ազգը։ Միմիայն հավատի շուրջ։
Հավատն է, որ դարեր շարունակ պահել է մեր ազգը, սակայն այժմ շատ վտանգավոր եզրի ենք հասել, այսուհետ այսպես շարունակելը կործանարար կլինի։
Դերենիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ