Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Մարդը մահից հետո դառնում է հուր` մաքուր էներգիա»

«Մարդը մահից հետո դառնում է հուր` մաքուր էներգիա»
12.12.2008 | 00:00

«Նախաքրիստոնեական կռապաշտությո՞ւն, թե՞...»։ Այս թեմայի շրջանակներում «Իրավունք de facto» ակումբին երեկ հյուրընկալվել էին «Արորդաց ուխտի» քրմական խորհրդի նախագահ ԶՈՀՐԱԲ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ և քուրմ ԳԱԳԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ։
«Նախ` ասեմ, որ արորդի նշանակում է արարչի որդի, իսկ ուխտ` սրբազան դաշինք... Սկսած 19-րդ դարից` շատ հայ մտավորականների շրջանում եղել է անդրադարձ դեպի հին հավատքը` Վարուժան, Սիամանթո, Աբովյան, որն ավելի շատ գրական-ստեղծագործական միտումներ է ունեցել»,- խոսքն այսպես սկսեց Զոհրաբ Պետրոսյանը։- «Սակայն սա ավելի խոր պատմական անցյալ ունի», իսկ «Արորդաց ուխտ» համայնքը հիմնադրվեց 1992 թվականի մայիսի 2-ին, երբ այն պետականորեն գրանցվեց որպես կրոնական երրորդ կազմակերպություն ՀՀ-ում` առաքելական և կաթոլիկ եկեղեցիներից հետո։ Քրմական խորհրդի նախագահը լրագրողներին հավաստիացրեց, սակայն, որ այն իր էությամբ ոչ թե կրոնական, այլ ազգային կազմակերպություն է, որի արմատներն ավելի հին են և հասնում են մինչև նախորդ դարի 20-ական թվականներն ու կապվում Գարեգին Նժդեհի հետ. «Ազգի ամենակրիտիկական պահին` դա 1920 թվականն էր, Խուստուփում, երբ որ Նժդեհը պարտվել էր, փաստորեն մենակ էր մնացել, ու հենց նրա միջոցով ընկճված ազգի մեջ ձայն լսվեց` Աստվա՛ծ, արի հայության, ինչը հիմք դարձավ Վահագնի հանդեպ հավատի...»։ Ի դեպ, քրմական խորհրդի նախագահը փաստեց, որ Գարեգին Նժդեհն ինքը քահանայի թոռ էր և ոչ բնավ աթեիստ։
Այդ տարիներին էր, որ ստեղծվում են դավիթբեկյան ուխտերը, և միայն հետո, երբ Նժդեհը գնում է արտասահման, դրանք փոխարինում է «Ցեղակրոն ուխտերով»։ Այս ամբողջ պատմական անդրադարձի նպատակը, ըստ պարոն Պետրոսյանի, նպատակ ունի բացատրելու, որ «ինչ-որ մի օր, ինչ-որ մեկը չզարթնեց ու ասաց` արի՛ էսպես անենք։ Սա ունի պատմություն»։ Իսկ ա՛յ, համաձայն պատմության երկրորդ մասի` Էդվարդ Կակոսյան անունով մի մարդ Խորհրդային Հայաստանում զբաղվում էր ազգային հարցերով։ 1964-ին նրա նկատմամբ «7-ի գործով» քաղաքական հալածանքներ են սկսվում, և 1979-ին նրան աքսորում են ԱՄՆ, որտեղ էլ տեղի է ունենում նրա հանդիպումը «Նժդեհյան ուխտի» ողջ մնացած երեք անդամների հետ։ Վերջիններս էլ նրան օծում են «Ցեղակրոն ուխտի» քրմապետ, որը դարձավ «Արորդաց նորոգ ուխտ»։ 1988 թ. վերջերին, բանախոսների հավաստմամբ, Էդվարդ Կակոսյանը վերադառնում է Հայաստան, իբրև Սլկունի տոհմի ժառանգորդ և արդեն որպես Սլակ Կակոսյան, սկսում է «Արորդաց ուխտի» գործունեությունը։
«Իրավունքը de facto»-ի լրագրողի հարցին, թե արդյոք ճի՞շտ է, որ Սլակ Կակոսյանն առաջինն էր, որին մահից հետո դիակիզեցին և ի պահ տվեցին բնության «չորս տարերքներին», քուրմ Գագիկ Հայրապետյանը պատասխանեց. «Գոյություն ունի հոգի և ոգի։ Հոգին նյութականացված էներգիան է, իսկ ոգին` մաքուր էներգիան։ Մարդը մահից հետո դառնում է հուր, այսինքն` ոգի, մաքուր էներգիա»։ Սակայն սա միակ խորհուրդը չէր. կար նաև «Կտակ», որն ամենևին էլ պարտադիր չէ։ Արորդին կարող է նաև մահանալուց հետո հուղարկավորվել` իր կամքի համաձայն։ Քուրմ Գ. Հայրապետյանն ասաց, որ Սլակ Կակոսյանը միակը չէ։ 2005 թ. մահացավ ու դիակիզվեց քուրմ Արան նույնպես։ Անդրադառնալով «Արորդիների ուխտի» գործունեությանը` հյուրերը նշեցին, որ կազմակերպությունը հիմնականում ազգային ծեսեր է նշում` կնունք, պսակադրություն, մահվան, մատաղի և այլն։ Միայն թե սրանք ոչ թե կրոնական բնույթ ունեն, այլ ազգային։ Հիմնական նպատակը, սակայն, նժդեհյան պատգամները պահպանելն է, որոնք էլ իրենց հերթին նպատակ ունեն խոսել, հարաբերվել մեր աստվածների հետ։ Իսկ տարակուսած լրագրողներից մեկի հարցին, թե «մեր աստվածներ ասելով` հին աստվածների՞ն նկատի ունեք», պարոն Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Աստված հին ու նոր չի կարող լինել, պարզապես կարող է լինել խորթ և հալալ։ Իսկ արարիչը մեկն է, և այն խորհուրդ է»։ Ինչ վերաբերում է տոներին, բանախոսը նշեց, որ պատահական տոներ չկան, թեև իրենք էլ Ամանորին սեղան են գցում, հյուր գնում և հյուր ընդունում, բայց «Արորդաց ուխտը» Նոր տարին նշում է մարտի 21-ին, որի խորհուրդը Վահագնի ծնունդը և բնության զարթոնքն է։ Իսկ մարտի 21-ից 40 օր առաջ նշում են Տրնդեզը։ Հիմնական ծեսերից է նաև Զատիկը, որը նշվում է մարտի 21-ից հետո առաջին կիսալուսնին հաջորդող առաջին կիրակի օրը։ Շուտով` դեկտեմբերի 27-ին, Էրեբունու բլուրում կնշվի հերթական տոներից մեկը ևս` Միհրի ծնունդը։ Իսկ ծիսակատարությունների վայրի ընտրությունն արորդիները կապում են այն տեղերի հետ, որոնք համարվում են էներգիայի դաշտ` Էրեբունին, Մեծամորը, Կարմիր բլուրը, չնայած հիմնական վայրը մնում է Գառնին։ Նրանք բոլոր ծեսերը կատարում են ժամը 13։00-ին, քանի որ արորդիների կեսօրը հենց այդ ժամն է։ Իսկ լրագրողներից մեկի հարցին էլ` ինչպե՞ս դարձաք արորդի, քուրմ Գագիկ Հայրապետյանն ասաց. «Մի պահ է գալիս, որ կարիք ես զգում դառնալ արորդի»։ Կազմակերպության անդամների թվի և ֆինանսավորման հետ կապված հարցերին անդրադառնալով` հյուրերը հավաստիացրին, որ դրսից ոչ մի օժանդակություն չեն ստանում, չեն էլ ակնկալում։ Ինչ վերաբերում է արորդիների քանակին` «երեք հոգուց մինչև ողջ ազգ», սակայն փաստացի` 1000-2000, ի դեպ, տարբեր կուսակցական պատկանելության։ «Արորդաց ուխտը» ունի նաև «ՈՒխտագիրք» և «Հայ ռազմիկի ավետարան», որոնք ծառայում են որպես միջոց` արորդիների գաղափարախոսության տարածման համար։
Մենք էլ հավատանք, որ «Արորդաց ուխտ» կազմակերպությունն իսկապես ազգային արմատներ ունի և զերծ է աղանդավորական այլևայլ նկրտումներից։
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 5901

Մեկնաբանություններ