ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանի քաղաքականությունն Իրանի նկատմամբ

Ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանի քաղաքականությունն Իրանի նկատմամբ
29.09.2009 | 00:00

Այս թեմայով դատողություններ անելուց առաջ անհրաժեշտ է որոշակիացնել, թե ինչպիսին են ԱՄՆ-ի ու Իրանի նպատակները մեկը մյուսի նկատմամբ։ Անսանձ քարոզչության քողի և մեկը մյուսին իբրև բացարձակ չարիք ներկայացնելու փորձերի հետևում ավելի ու ավելի են ի հայտ գալիս Թեհրանի ու Վաշինգտոնի իրական հետաքրքրությունները։ Կասկած չկա, որ երկու պետություններն էլ ձգտում են վերականգնել ու կարգավորել հարաբերությունները, ու այդ նպատակը մասն է կազմում նրանց ռազմավարության։
Իրանը խնդիր ունի վերականգնելու ԱՄՆ-ի հետ հարաբերություններն առավելագույնս բարենպաստ պայմաններով և թույլ չտալու, որ իր քաղաքականությունը ցանկացած ձևով պայմանավորված լինի ԱՄՆ-ի հետ հարաբերություններով։ Իրանը, չնայած տնտեսական զարգացման տպավորիչ արդյունքներին, վերջին 20 տարիների ընթացքում` Իրաքի հետ պատերազմն ավարտելուց հետո, այդպես էլ չկարողացավ լուծել տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրները, ինչը պայմանավորված է նրա նկատմամբ կիրառվող ու ԱՄՆ-ի կողմից վերահսկվող տնտեսական ու հարաբերական ֆունկցիոնալ շրջափակմամբ։ Այն բանից հետո, երբ առաջատար եվրոպական պետությունները փորձեցին Իրանին որոշակի այլընտրանք առաջարկել քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մասով, դա հանգեցրեց նրան, որ եվրոպացիներն էլ վերջին մեկ-երկու տարիներին գործնականում միացան Իրանի շրջափակմանը, ինչն էլ նկատելիորեն ազդեց այդ երկրում կատարվող արտաքին ներդրումների ծավալի վրա։
Հարկ է նշել, որ Իրանին տարածաշրջանային շրջափակման ենթարկելու ԱՄՆ-ի փորձերը, այնուհանդերձ, չհանգեցրին այդ ծրագրի իրականացմանը, քանզի Իրանի հարևան մի շարք պետություններ շահագրգռված չէին նրա շրջափակմամբ։ Իրանի հարաբերությունները հարևան պետությունների մեծամասնության հետ շարունակում են զարգանալ, բայց, այնուհանդերձ, Թեհրանը զգում է նոր իրավիճակի առաջացումը, երբ ինքը բառացիորեն շրջապատված է հակառակորդներով, որոնք սերտ համագործակցում են ոչ միայն ԱՄՆ-ի, այլև Իսրայելի հետ։ Միաժամանակ Բարաք Օբամայի վարչակազմի գլխավոր ձեռքբերումն այն է, որ հաջողվեց հասնել որոշակի ու սկզբունքային պայմանավորվածությունների Ռուսաստանի հետ` Իրանի վերաբերյալ։ Վերջին ամիսներին Ռուսաստանը ցույց տվեց իր պատրաստակամությունն ԱՄՆ-ի հետ փոխադարձ զիջումներ անելու վերաբերյալ։ Ամենից առաջ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման 1-ին պայմանագրի հետ կապված և Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի առնչությամբ։ Նաև դեպի Աֆղանստան օդային միջանցք տրամադրելով և, ինչպես պարզվեց, բոլորովին վերջերս փոխզիջումների այդ համակարգում ներառված էր նաև Կասպից ծովի ավազանում սահմանափակումների խնդիրը։ Այդ ամենը բավական շատ է այսքան կարճ ժամանակի ընթացքում` նկատի ունենալով ԱՄՆ-ի քաղաքականության մեջ «վերաբեռնաթափման» հայեցակարգի ընդունումը։
Ռուսաստանը գտնվում է շատ բարդ իրավիճակում, եթե նկատի ունենանք ոչ միայն արդի տնտեսական պրոբլեմները, այլև միջնաժամկետ արտաքին քաղաքական և սոցիալ-տնտեսական հեռանկարը։ Ռուսաստանը խորքային սոցիալական, ժողովրդագրական ու տնտեսական ճգնաժամ է ապրում և կարիք ունի արևմտյան հանրության գործընկերության, ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության։ Արդի ռուսական էլիտան հասկացել է, որ հետագա հակադրությունն ԱՄՆ-ի հետ ոչ մի դրական բանի չի բերի, և, չնայած ԱՄՆ-ում բազմաթիվ պրոբլեմների առկայությանը, Ռուսաստանը տանուլ կտա այդ անիմաստ հակադրության մեջ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի հարաբերություններում Իրանի հետ բազմաթիվ ընդհանուր խնդիրներ կան, և դրանց ոչինչ չի սպառնում։ Մոսկվայում ենթադրում են, որ նույնիսկ Իրանի նկատմամբ ամենակոպիտ վերաբերմունք ցուցաբերելու պարագայում Իրանը չի տարաբաժանվի Ռուսաստանից, որը նրա համար կարևոր է իբրև զենք, ավիացիա և տեխնոլոգիաներ մատակարարող երկիր։ Ռուսաստանը «հանձնել» է Իրանին խոշոր հաշվով, այսինքն` հիմնարար հարցերում։ Ռուսաստանը համաձայնել է, որ Իրանին առնչվող խնդիրներում ինքը միասնական է հանդես գալու ԱՄՆ-ի և առաջատար եվրոպական պետությունների հետ, այդ թվում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բեմահարթակում։ Ռուսական քաղաքական գործիչները ձգտում են օգտվել Բարաք Օբամայի առաջարկություններից ու մտադրություններից, որովհետև հայտնի չէ, թե ինչպիսին կլինի ԱՄՆ-ի քաղաքականությունն ապագայում։ ԱՄՆ-ի համար Ռուսաստանի դիրքորոշումը չափազանց կարևոր է, որովհետև ամերիկացիներն ականատես եղան ինչպես Բիլ Քլինթոնի, այնպես էլ Ջորջ Բուշի տապալված քաղաքական ջանքերին` Իրանին զսպելու ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը գլխավոր խոչընդոտն էր այդ խնդրի իրագործման ճանապարհին։ Ալբերտ Գոր-Վիկտոր Չեռնոմիրդին հայտնի համաձայնագիրը չեղյալ հայտարարելուց հետո, այսինքն` ավելի քան տասը տարի, Իրանը չի բախվել Ռուսաստանի այսպիսի կոշտ դիրքորոշման հետ իր նկատմամբ, այդ թվում` զենքի մատակարարման հարցում։ Սակայն Իրանի համար առավել վիրավորական է այն, որ հակաօդային պաշտպանության CC-300 համակարգերի չտրամադրման հարցում որոշիչ դեր է խաղացել Իսրայելը։ Ռուսաստանը հուսով է, որ Իրանի հետ հարաբերություններն առանց պրոբլեմների կվերականգնվեն ապագայում, բայց դա բոլորովին էլ միանշանակ չէ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի այդպիսի քաղաքականությունը կհանգեցնի տարածաշրջանում նկատելի փոփոխությունների։ Ինչպես նաև ԱՄՆ-ի պահվածքում, նկատի ունենալով նրա ռազմավարության մշակումն ու կիրառումը, ինչպես նաև ուժերի դասավորությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում, ու այդ կապակցությամբ կարելի է դիտարկել հետևյալ տարբերակները։
Վերջին տարիներին ԱՄՆ-ն իրականացրել է բավական համակարգված, բայց, այնուհանդերձ, ոչ միանգամայն վստահ քաղաքականություն Թուրքիայի նկատմամբ` ելնելով նրա` Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններից։ ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի արտաքին քաղաքական ու պաշտպանական հավակնությունները զսպելու ուղղությամբ շատ կողմերով պայմանավորված էր Ռուսաստանի և Իրանի դիրքորոշմամբ, որոնք գործնականում փորձում էին սեփական խաղը կառուցել այդ գործընթացում։ ԱՄՆ-ի այդ քաղաքականության հիմքերը դրվեցին Ջորջ Բուշի վարչակազմի օրոք և իրենց անհմուտ շարունակությունը ստացան Բարաք Օբամայի թիմի կողմից։ Բայց ԱՄՆ-ը երբեք չի կարող ամբողջովին իրագործել իր նպատակները Թուրքիայի նկատմամբ, քանի դեռ չկան որոշակի պայմանավորվածություններ Ռուսաստանի հետ, և գոնե նվազագույն չափով չի հաջողվել հասնել Իրանի հետ հակադրության թուլացման։ Ամերիկյան վերլուծական հանրությունն ինքն էլ համոզիչ կերպով չի պատկերացնում, թե որքանով է երկարաժամկետ քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ կախված Իրանի դիրքորոշումից։ Թուրքիայի արտաքին քաղաքական ջանքերի շրջափակումը, հատկապես Մերձավոր Արևելքի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ուղղություններով, Իրանի համար խիստ ցանկալի է։ Իրանցիները վաղուց են հասկացել, որ Ռուսաստանն ընդունակ չէ ինքնուրույն լուծելու Թուրքիայի էքսպանսիան Եվրասիայում շրջափակելու խնդիրը։ Թեհրանում ըստ արժանվույն են գնահատում ԱՄՆ-ի մտադրություններն ու ընդունակությունը` թույլ չտալ Թուրքիայի հզորացումը Կովկասում ու Կենտրոնական Ասիայում։ Միևնույն ժամանակ Իրանում հասկանում են, որ եթե ԱՄՆ-ը շահագրգռված լինի իրենց հակառակորդների ակտիվացմամբ տարածաշրջաններում, շատ հեշտությամբ կարող է այդ քաղաքականության մեջ ընդգրկել նաև Թուրքիային։ Այդ ամենն Իրանի համար ստեղծել է խաղարկային իրավիճակ, բայց այդ իրավիճակում նրա համար գնալով ավելի դժվարանում է սեփական խաղը կառուցելը։ ԱՄՆ-ի և Իրանի նույնիսկ ոչ այնքան նշանակալի մերձեցումը թույլ կտա կտրուկ և երկարաժամկետ նվազեցնել Թուրքիայի աշխարհառազմավարական դերը, կասկածի տակ դնել նրա գոյությունը տարածաշրջանային տերության կարգավիճակով, սահմանափակել նրա գեոտնտեսական հնարավորությունները մի շարք տարածաշրջաններում, ուր գոյություն ունեն բազային տնտեսական շուկաներ։ Թեհրանն ու Անկարան, ինչպես նախկինում, փորձում են համատեղ խորհրդատվություններ իրականացնել ու կառուցել համաձայնեցված քաղաքականություն։ Սակայն իրականում այդ հարաբերությունները մնում են ոչ անկեղծ և չեն հանգեցնում որևէ դաշինքի ստեղծման։ Իրանը լավ է պատկերացնում Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի պետությունների շահերը և վաղուց ի վեր որոշակիացրել է իր առաջնահերթությունները նրանց հետ հարաբերությունների առումով։ Իրանը բավական խանդով է վերաբերվում տարածաշրջաններում Թուրքիայի ջանքերին և նրա հետ հարաբերություններում երբեք չի գնա սկզբունքային զիջումների։
Իրանի հետ հարաբերությունների բարելավումը հնարավորություն կտա ԱՄՆ-ին` արմատապես վերանայելու Մերձավոր Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր քաղաքական և ռազմական ներկայության ամբողջ կոնֆիգուրացիան։ Բայց, ամենագլխավորը, հնարավորություն կստեղծվի լուծելու պրոբլեմներն Աֆղանստանում ու Պակիստանում։ Իրանն օբյեկտիվորեն ԱՄՆ-ի առաջնահերթ գործընկերն է նրա տարածաշրջանային քաղաքականության մեջ, ինչը սկսում են հասկանալ ոչ միայն ամերիկյան վերլուծաբաններն ու քաղաքական ծրագրավորողները, այլև հասարակության բավական լայն շերտեր ընդգրկող վերնախավը։ Ներկայումս ամերիկացիներն ավելի ուշադիր են հաշվարկում և վերաիմաստավորում Իրանի պրոբլեմները, սկսել են մեծ ուշադրություն դարձնել փորձագետների գնահատականներին, հասարակական-քաղաքական բանավեճը Վաշինգտոնում Իրանի վերաբերյալ սկսել է ընդունել այլ, ավելի բովանդակային բնույթ։ Սակայն նորմալ և քիչ թե շատ փոխվստահելի հարաբերությունների բացակայությունն Իրանի հետ ԱՄՆ-ին հանգեցրել է «նոր-հին» գործընկերների փնտրտուքի, դրանով իսկ կասկածի տակ դնելով ամերիկյան քաղաքականության համարժեքությունն ու արդյունավետությունը հեռանկարում։ Կասկած չկա, որ ԱՄՆ-ը Մեծ Մերձավոր Արևելքում իր քաղաքականությունը կառուցում է` հաշվի առնելով մի քանի տարածաշրջանային ուժային «բևեռների» իրական գոյությունը։ Այսինքն` այնպիսի պետությունների առավելությունները, ինչպիսիք են Եգիպտոսը, Սիրիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Իրանը և Պակիստանը։ Ամերիկացիներին հաջողվել է երկարաժամկետ, միգուցե և հավետ ջնջել Իրաքը տարածաշրջանի որոշիչ դերակատարություն ունեցող պետությունների ցանկից: Այդ հերթում հաջորդը Սիրիան է։ Սակայն Սիրիայի և Իրաքի նախկին կարգավիճակի կորստի պարագայում Եգիպտոսի համար շատ բարդ, գրեթե անհնարին կլինի պահպանել տարածաշրջանային տերության կարգավիճակը։ Արաբական աշխարհում առաջնորդությունը կանցնի Սաուդյան Արաբիային, որն այնքան խոցելի է, որ չի կարող գոյություն ունենալ առանց ԱՄՆ-ի տոտալ աջակցության։ Արաբական աշխարհն իր մեծամասնության մեջ արդեն ցույց է տվել իր լոյալությունը և ինտեգրվելու պատրաստակամությունն ԱՄՆ-ի քաղաքականության ուղեծրում, և տարածաշրջանում Վաշինգտոնի համար շուտով կմնա երկու պրոբլեմ` Թուրքիան և Իրանը։ Այդ իսկ պատճառով, միանգամայն հավանական է, որ ԱՄՆ-ը փորձի տարածաշրջանում իրականացնել «կրկնակի զսպման» քաղաքականություն, նկատի ունենալով Թուրքիան և Իրանը։ Դրան համարժեք քաղաքականություն ԱՄՆ-ն արդեն հաջողությամբ իրականացրել է Իրաքի և Իրանի նկատմամբ միաժամանակ, ինչն էլ ամերիկացիներին ընձեռեց մանևրելու ահռելի հնարավորություններ։ Դա շատ արդյունավետ ռազմավարություն է, որ ոչ միայն մանևրի հնարավորություն է ստեղծում, այլև թույլ է տալիս այդ ռազմավարությանը «կապել» բազմաթիվ այլ պետությունների։ Ինչպես ցույց է տալիս փորձը, «կրկնակի զսպման» քաղաքականությունը ենթադրում էր որոշակի նախապատվությունների դրսևորում Իրաքի նկատմամբ, ինչը թույլ էր տալիս ապահովել արաբական աշխարհի լոյալությունը։ Եթե Թուրքիան ունենար անվիճելի առավելություններ Մերձավոր Արևելքում, Կովկասում ու Կենտրոնական Ասիայում, ապա հնարավոր է, որ Թուրքիա-Իրան տանդեմից ամերիկացիները նախապատվությունը տային Թուրքիային։ Բայց դա չկա, և ամերիկացիները կարիք չունեն առավելություն տալու Թուրքիային` ի վնաս Իրանի։ ԱՄՆ-ն աշխատելու է պահպանել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, մանևրելով ու փորձելով այս կամ այն կողմին նախապատվություն տալ` զուտ իրավիճակից ելնելով։ Անշուշտ, Թուրքիան ԱՄՆ-ի և եվրոպական երկրների վաղեմի գործընկերն է ՆԱՏՕ-ի առումով և էապես ինտեգրված է Եվրամիության կառույցներում։ Սակայն այդ հանգամանքը գնալով ավելի է կորցնում իր նշանակությունը։ Մինչդեռ Իրանն ունի անվիճելի գեոռազմավարական առավելություններ, քանի որ գտնվում է Կենտրոնական ու Հարավային Ասիայի, ինչպես նաև Կասպից ծովի և Պարսկական ծոցի հարևանությամբ։ Այն տարածաշրջաններում, ուր Թուրքիան փորձում է գերակշռություն ձեռք բերել, այսինքն` Բալկաններում, Սև ծովում, Կովկասում և Մերձավոր Արևելքում, ԱՄՆ-ը չունի նրա ծառայությունների կարիքը։ Ընդհակառակը, Թուրքիան այստեղ հանդես է գալիս որպես ԱՄՆ-ի մրցակից, իսկ գործնականում` արդեն հակառակորդ։
Այսպիսով, Ռուսաստանի կողմից Իրանի «հանձնումը» գոնե որոշ ժամանակ հանգեցնելու է Իրանի դերի ու նշանակության նվազման` տարածաշրջանային ու համաշխարհային առումով։ Դա ամենամեծ հնարավորությունը կտա Իրանին շրջափակելու և նրա վրա չտեսնված ճնշում գործադրելու համար, ինչն արդեն իսկ զգալի է նրա պահվածքում։ Իրանը փորձում է որոշ զիջումների ու հանդուրժողական պահվածքի միջոցով եվրոպական պետություններին ցույց տալ, որ իր հետ կարելի է հարաբերություններ կառուցել նաև առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Բայց այդ քաղաքականությունը հեռանկար չունի, քանի որ առաջատար եվրոպական պետություններն արդեն չեն սկսի փորձարարությամբ զբաղվել Իրանի հետ խաղերում, քանի որ ոչնչի չհասան վերջին տասը տարվա ընթացքում։ Իրավիճակի կառավարման ղեկն ԱՄՆ-ի ձեռքին է, և Վաշինգտոնը նախաձեռնությունն այլևս չի զիջի եվրոպացիներին, քանի որ Ռուսաստանի ներկա քաղաքականությունը գործնականում ավարտում է Իրանի շրջափակումը։ Պետք է ավելացնել, որ Ռուսաստանի հետ կապված մի խնդիր էլ կա` նրա միջոցով ներքաշել Չինաստանին այս հակաիրանական ակումբի մեջ և դրանով իսկ վերջնականապես սպանել շրջափակումը ճեղքելու Իրանի բոլոր հույսերը։ ԱՄՆ-ի, Եվրամիության և Ռուսաստանի այս քաղաքականությունը կառուցված է այն հեռանկարից ելնելով, երբ հնարավոր կլինի Իրանին բերել ենթակայության և արևմտյան հանրության տեսանկյունից համարժեք կեցվածքի։ Սակայն ներկայումս Արևմուտքին ժամանակավորապես պետք է նաև Թուրքիան` Իրանի դերն անտեսելու համար։ Դժվար է ասել, թե որքան կտևի այս հերթական փորձարարությունը, բայց նշված ծառայությունը Թուրքիայի կողմից այնքան էլ հասկանալի ու առարկայական չէ։ Պետք է ենթադրել, որ արևմտյան հանրությունն ու Ռուսաստանը փորձում են Իրանին ցույց տալ, թե Թուրքիան էլ է իրենց հետ, և Թեհրանը չի կարող որևէ մեկի վրա հույս դնել շրջափակումը ճեղքելու առումով։ Բայց Թուրքիային այդ գործառույթը բոլորովին էլ ցանկալի չէ, և Անկարան այդ խնդիրը կիրագործի առանց ոգևորության, բայց ստիպված։ Համենայն դեպս, Ռուսաստանի այսպիսի պահվածքը, այսպես թե այնպես, կհանգեցնի ԱՄՆ-ի ու Եվրամիության համար Իրանի դերի ուժեղացման քաղաքականության հետաձգման, և Թուրքիայի պահանջվածությունն Արևմուտքում ու Ռուսաստանում ժամանակավորապես կմեծանա։
Եթե վերոնշյալ հանգամանքները հանգեցնեն Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացման, դա կարող է հանգեցնել որոշ ենթակառուցվածքային ծրագրերի տապալման, որոնցով խիստ շահագրգռված է Հայաստանը։ Այսինքն` գազի արտահանման, հարավային ուղղությամբ երկաթուղու կառուցման նախաձեռնությունների, թեպետ Իրանն ավելի պակաս չի հետաքրքրված այդ ծրագրերով։ Անշուշտ, աղետ տեղի չի ունենա, և լուրջ տարաձայնություններ էլ չեն ծագի, սակայն որոշ ծրագրեր կարող են վերանայվել, և դրանց իրականացումը կարգելակվի։ Բայց այդ ամենն էական չէ այն իրողության համեմատությամբ, որ ռուս-հայ-իրանական ռազմավարական դաշինքի ձևավորումը կարող է տապալվել։ Ընդ որում, անվստահությունն այս երեք երկրների միջև կաճի, և «երրորդ ուժը», տարածաշրջանում բոլորին խաբելով, կառաջարկի Արևմուտքի տեսանկյունից ավելի համարժեք հեռանկար։ Միաժամանակ, այնպիսի խոշոր պետություն, ինչպիսին Իրանն է, չի կարող մնալ առանց արտաքին աշխարհից առաջարկների ու դրական նախաձեռնությունների։ Իրանը կարող է պատասխանել Ռուսաստանի «դավաճանությանը» դեպի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը թռիչք կատարելով, ինչն էլ, իր հերթին, կբերի մի շարք տարածաշրջաններում Թուրքիայի գործառույթների փոխանցմանն Իրանին, որը պատրաստ կլինի լուծել շատ խնդիրներ` նոր դիրքեր ու գործընկերներ ձեռք բերելու համար։ 1992-2009-ին Ռուսաստանն առնվազն երեք անգամ «հանձնել» է Իրանին, գնալով զիջումների մե՛րթ ԱՄՆ-ի, մե՛րթ Եվրամիության, մե՛րթ Իսրայելի հետ։ Դա շարունակվել չի կարող, մանավանդ որ տարածաշրջանում ավելի ու ավելի են ուժեղանում Չինաստանի դիրքերը, որն Իրանից տարեկան գնում է 80-90 մլն տոննա նավթ, և որն Իրանի նկատմամբ ճնշում կգործադրի միայն վերջինիս հետ ապագայում ավելի սերտ հարաբերություններ ստեղծելու նպատակով։ Ռուսաստանի կողմից Իրանի շահերի «հանձնումը» կհանգեցնի ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորման արագացման, ինչը նկատելի սրբագրումներ կմտցնի Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և այլ տարածաշրջաններում ու հատկապես Աֆղանստանում, որտեղ Իրանն ավելի դրական կտրամադրվի ԱՄՆ-ի մտադրությունների նկատմամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆv

Դիտվել է՝ 1701

Մեկնաբանություններ