Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ «ՎՃՌԱԿԱՆ ՄԱՐՏԻՆ»

ՀԵՐԹԱՊԱՀ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ «ՎՃՌԱԿԱՆ ՄԱՐՏԻՆ»
11.12.2009 | 00:00


Երեկ Հայ ազգային կոնգրեսը Մարտիրոս Սարյանի արձանի մոտից երթ իրականացրեց մինչև Մյասնիկյանի արձան։ Իսկ այնուհետև Վազգեն Սարգսյան, Նալբանդյան փողոցներով` դեպի Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների տարբեր գրասենյակներ։ Երթը նվիրված էր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան։ Սակայն, միևնույն ժամանակ, սա արմատական ընդդիմության առաջին հրապարակային գործնական միջոցառումն էր երկարատև ընդմիջումից հետո։ Նկատի ունենալով, որ երթը թեպետ բազմամարդ չէր, այնուհանդերձ, խիստ սակավ էլ չէր, կարելի է ենթադրել, որ արմատական ընդդիմությունը փորձում է վերականգնել հրապարակային գործողությունների ռեժիմը։
Դեռ ոչ շատ վաղուց ՀԱԿ-ի տարբեր մակարդակի առաջնորդները և հատկապես նրա համակարգողի գործառույթներն իրականացնող Լևոն Զուրաբյանը նշում էին, որ կոնգրեսն ինքնանպատակ հանրահավաքներ, երթեր կամ նստացույցեր անցկացնելու նպատակ չունի։ Հրապարակային միջոցառումները պետք է լինեն իմաստավորված, հասցեավորված, ինչպես նաև ընդգրկեն ընդդիմության համախոհների հնարավորինս լայն զանգված։ Սակայն Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը հազիվ թե այն առիթն էր, որ ընդդիմությունը հենց այնպես երթ իրականացներ։ Այդ թեմայով կարելի էր կազմակերպել կոնֆերանս որևէ դահլիճում, ուր կրկին ներկա կլինեին Հայաստանում միջազգային կառույցների ու դեսպանատների ներկայացուցիչները, որոնք շատ պարտաճանաչ են նման միջոցառումներին մասնակցելու առումով։ Ըստ այդմ, կարելի է ենթադրել, որ երեկ տեղի ունեցած երթը նախապատրաստական նախերգանքն էր նոր սպասվող այլ հրապարակային գործողությունների, որոնց ժամանակ ընդդիմությունը կարող է հետապնդել տարբեր նպատակներ։
Սակայն արժե, թերևս, փորձել հասկանալ, թե ինչ շարժառիթներ են մղում ընդդիմությանը նոր հրապարակային ակցիաների ձեռնարկման` քաղաքական սեզոնի ավարտին։ Ամենից առաջ և, բնականաբար, դա թիվ 10 մեծամասնական ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններն են, ուր թեկնածություն է առաջադրել այժմ կալանքի տակ գտնվող ՀԱԿ-ի առաջատար գործիչ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական տեսանկյունից միանգամայն նորմալ է և նույնիսկ պարտադիր ընդդիմության աջակցությունը կալանքի տակ գտնվող համախոհին, որը միաժամանակ հավակնում է խորհրդարանական մանդատի և ընտրվելու դեպքում, փաստորեն, կդառնա ՀԱԿ-ի միակ ներկայացուցիչը խորհրդարանում (եթե, իհարկե, մանդատից չզրկվի դատարանում կայացված դատավճռի պատճառով)։ Բայց թիվ 10 ընտրատարածքում ընկերոջն աջակցելու ցանկությունն արմատական ընդդիմության ակտիվացման միայն ֆորմալ կամ տեսանելի շարժառիթն է։ Մինչդեռ գոյություն ունեն նաև առաջին հայացքից ոչ այնքան տեսանելի, բայց ոչ պակաս կարևոր այլ պատճառներ։
Հարկ է նշել, որ դրանցից, թերևս, ամենաառարկայականն այն է, որ անցած ժամանակահատվածում իր, մեղմ ասած, ոչ այնքան համարժեք գործողություններով հենց իշխանությունը նպաստեց ընդդիմության ակտիվացմանը։ Խնդիրը տվյալ պարագայում առնչվում է ոչ այնքան իշխանությունների արտաքին քաղաքականությանը և այդ համատեքստում հատկապես հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակին, որքան ներքին և տնտեսական կացությանը։ Ցավոք, այն բարեփոխումները, որ իշխանությունը խոստացել է բնակչությանն ինչպես ընտրությունների շրջանում, այնպես էլ դրանից հետո, լավագույն դեպքում չափազանց դանդաղ են կյանքի կոչվում, իսկ ավելի հաճախ` ուղղակի չեն շարժվում տեղից։ Դրա լավագույն ապացույցը կարելի է համարել հանրապետության վարչապետի խոստովանությունը, որ մեր հասարակությունը խիստ հանդուրժողաբար է վերաբերվում կոռուպցիայի երևույթին և չի ընդգրկվում դրա դեմ ակտիվ պայքարում։
Արդարացի դիտարկում է, անշուշտ, որովհետև կոռուպցիան ցանկացած պետության մեջ հաղթահարվում է միայն պետության ու հասարակության համատեղ ուժերով։ Բայց հենց համատեղ, որովհետև հասարակությունը ոչինչ անել չի կարող, եթե պետական համակարգը ոչ միայն չի պարունակում կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտ բաղադրիչներ, այլև ինքն է դարձել կոռուպցիայի ամրոց։
Ապացույցների համար շատ հեռու գնալ պետք չէ, բավական է մտաբերել նոյեմբերի վերջին երկու ցմահ դատապարտյալների փախուստը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ընդ որում, կրկնական փախուստը, որովհետև հիշյալ անձինք մի անգամ էլ նույնպիսի հաջողությամբ փախուստ էին կատարել Գորիսի բանտից, սակայն որոշ ժամանակ անց հայտնաբերվել և վերադարձվել էին կալանավայր։ Այս գործի կապակցությամբ դեկտեմբերի 1-ից պաշտոնական անփութության մեղադրանքով կալանվել են այդ քրեակատարողական հիմնարկի երեք աշխատակիցներ։ Եվ միայն երեկ տարածվեց տեղեկություն, որ վերջապես պատասխանատվության են կանչվել նաև տվյալ հիմնարկի անվտանգության ապահովման գծով պատասխանատու պետի տեղակալն ու ցմահ դատապարտվածների բաժնի պետը։ Այսինքն` տասն օրից ավելի անհրաժեշտ եղավ վերոնշյալ հիմնարկությունը վերահսկող նույնիսկ ոչ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին անփութության համար մեղադրանք առաջադրելու։ Իսկ բարձրաստիճաննե՞րը...
Այսպիսով, ընդդիմության ակտիվացման առաջին և հիմնական առիթը տնտեսական անկումն է, վատթարացող սոցիալական վիճակը և իրավական անարդարությունը, որոնց հաղթահարման ուղղությամբ իշխանության ձեռնարկած միջոցառումները սպասված արդյունքը չեն տվել և, ըստ այդմ, չեն նվազեցրել ընդդիմադիր տրամադրությունները հասարակության բավականին լայն շերտերում։ Երկրորդ պատճառը, անշուշտ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պատճառով նոր ընդդիմադիր ձևաչափի ստեղծման փորձերն են, ինչը չէր կարող ՀԱԿ-ի գործիչների մոտ բնական խանդ չառաջացնել։ Այսինքն, մինչ ՀԱԿ-ը երկար ժամանակ զբաղված էր զուտ գրասենյակային գործունեությամբ և տարբեր, իր տեսանկյունից գուցե և հիմնավոր պատճառաբանություններով հրաժարվել էր հրապարակային միջոցառումների անցկացումից, ընդդիմադիր դաշտում իրենց դրսևորելու հայտ են ներկայացրել այլ քաղաքական ուժեր։ Ընդ որում, այդ կուսակցություններից «Ժառանգությունն» ու ՆԺԿ-ն, որոնք թեպետ ընդգրկված չեն ՀԱԿ-ում, սակայն վերջին մեկուկես տարում գրեթե միշտ կանգնած են եղել Տեր-Պետրոսյանի կողքին, այսօր մի տեսակ զատվել են ՀԱԿ-ից և ավելի ակտիվ գործունեություն են ծավալում նույն 12-ի ձևաչափի շրջանակներում, ինչը նույնպես չէր կարող արմատական ընդդիմության առաջնորդներին չմտահոգել։ Մամուլի տարբեր միջոցներում էլ բազմիցս եղել են հղումներ, որ կոնգրեսի գործիչների որոշակի շրջանակ աստիճանաբար սկսել է լրջորեն դժգոհել Տեր-Պետրոսյանի պասիվ մարտավարությունից և պահանջել առաջին նախագահից անցնել ակտիվ հրապարակային միջոցառումների, սպառնալով հակառակ դեպքում անգամ լքել ՀԱԿ-ի շարքերը։
Անշուշտ, դժվար է ասել, թե կոնգրեսի ներքին խոհանոցի վերաբերյալ տարածվող այդ լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը։ Սակայն ընդդիմության նոր, անսպասելի ակտիվացումը հուշում է, որ ՀԱԿ-ը, թերևս, ունի ինչպես մինիմում, այնպես էլ մաքսիմում ծրագիր։ Մինիմում ծրագիրը, հավանաբար այն է, որ արմատական ընդդիմությունը, ըստ ամենայնի, իր աջակցությունն է ցույց տալու թիվ 10 մեծամասնական ընտրատարածքում առաջադրված իր թեկնածուին` աշխատելով ապահովել վերջինիս ընտրությունը։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ հրապարակային միջոցառումների ընթացքում հասարակական լայն զանգված հավաքելու դեպքում ընդդիմությունը կրկին ասպարեզ չի բերի հեղափոխական կարգախոսներն իշխանափոխության մասին։ Այսինքն, ինչպես երեկվա երթի գործողությունը, այնպես էլ առաջիկայում, մասնավորապես դեկտեմբերի 18-ին և հունվարի 8-ին գումարվելիք հանրահավաքները միտված են ստուգելու հասարակական տրամադրությունները։ Եթե սոցիալական իրավիճակից նեղված բնակչության լայն զանգվածները կրկին դուրս գան փողոց ու լցնեն Մատենադարանին կից հրապարակը, ընդդիմությունը հնարավորություն կստանա երկու տարի առաջ սկսած գործընթացը կրկնելու, և այդ դեպքում օրակարգ կգան արտահերթ ընտրություններ անցկացնելու նոր պահանջներ ու կարգախոսներ։
Իսկ եթե հանրությունն իր մեծամասնության մեջ անտարբերությամբ արձագանքի ընդդիմության հրապարակային գործողությունների նոր ալիքին, ՀԱԿ-ը սկզբունքորեն դարձյալ ոչինչ չի կորցնում։ Որովհետև դրանով, նախ, իր աջակցությունն ու օժանդակությունն է ապահովում կալանքի տակ գտնվող Նիկոլ Փաշինյանին, մյուս կողմից էլ` յուրաքանչյուր հրապարակային միջոցառում առնվազն սեփական համակիրների զանգվածը մի անգամ էլ համախմբելու, նրան ոգևորելու, ապագա հնարավոր մարտավարությունը ճշգրտելու առիթ է։
Իշխանությունը, սակայն, այս ամենին հակադրելու քիչ բան ունի։ Այդ թվում` անցած ժամանակահատվածում այդպես էլ չունեցավ ընդդիմության հետ իրական երկխոսություն սկսելու վճռականություն։
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1472

Մեկնաբանություններ