Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ռուսական շոու, հայկական կորդեբալետ

Ռուսական շոու, հայկական կորդեբալետ
26.10.2023 | 15:36

Դիտեցի ռուսական ОРТ հեռուստատեսությամբ Նիկոլ Փաշինյանին նվիրված ծավալուն հաղորդաշարը:

Հոգեբաններ, քաղվերլուծաբաններ, փորձագետներ ու կոնֆլիկտաբաններ, էլեկտրիկներ, մանկավարժներ ու գինեկոլոգներ էին բերել տաղավար ու միասին դատում ու դատափետում էին վերջինիս:

Նեղ մասնագիտականով ով ինչ կարող էր ասաց, որակումներ ու գնահատականներ տվեց:

Մասամբ՝ ճիշտ, մասամբ՝ ուռճացած:

Մաղձի, մեղադրանքների, դատապարտումների հեղեղ էր եթերում:

Մոտ մեկ ժամ քննարկում էին մեկ անհատի:

Հասկանալի էր, որ պատվեր էր, լավ էին պատրաստվել, բեմադրությունը մշակված էր, հասկանալի էր, որ նպատակը ռուս և հատկապես ՌԴ-ում բնակվող հայ հասարակության շրջանում նեգատիվ տպավորություն ու կարծիք ձևավորելն էր, թշնամու կերպար ստեղծելն էր, քաղաքականապես նվաստացնել-փչացնել-ոչնչացնելն էր:

Բայց այս շոու-պրոպագանդան, որքան էլ իր ցանկալի էֆեկտը ապահովեց, այդուհանդերձ՝ ինչ-որ տեղ էլ ավելի նպաստեց վերջինիս հեղինակության բարձրացմանը:

Ինչպես ասում են՝ հակագովազդն էլ է գովազդ:

Դուք նրան ինչքան «խփում եք» նրա վարկանիշն ավելի է բարձրանում, նա ավելի է ուժեղանում, լեզուն երկարում:

Ներքաղաքական գործընթացներում ընդդիմության գործելաոճը ձեզ վկա:

Ընդհանրապես, եթե մեկի մասին խոսում կամ այդ մեկին քննարկում են առանց իր ներկայության, այն էլ ժամերով, այն էլ կարծես լուրջ մարդիկ ու մասնագետներ՝ ուրեմն այդ մեկն իրենից ինչ-որ բան ներկայացնում է, այդքան կա, կամ ոմանց ցավացրել կամ խանգարել է, որ իր մասին խոսեն, քննարկեն, թեկուզ և վատաբանեն ու լուտանք թափեն:

Անգամ Փաշինյանը ով գիտի հաճելիորեն զարմացել է, որ իրեն բերել են առաջին պլան:

Թքած, որ վատաբանում ու վարկաբեկում էին:

Նա դրանից բնավ չի ազդվում:

Էլ ե՞րբ էինք տեսել, որ ռուսական թիվ առաջին ալիքը հատուկ հաղորդումով անդրադառնար որևէ լիդերի, այն էլ մոտ մեկ ժամ տևողությամբ:

Ենթադրում եմ մեկ-երկու դեպք:

ժամանակին՝ Սաակաշվիլիին, վերջերս էլ՝ Զելենսկուն:

Ինչևէ, ասացին, խոսեցին, նկարագիրը տվեցին:

Հայաստանից ժամանած հատուկ հյուրն էլ բոլորի խոսքը «շաքարով կտրեց» ու մի լավ ծաղկացրեց երեկոն:

Այդ հաղորդման մասին մերոնք ևս գնահատականներ տվեցին,

դատապարտեցին, ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինին կանչեցին ԱԳՆ, նրան բողոքի նոտա հանձնեցին, ռուսական ռազմաբազայի անպետք լինելու, նրա դուրսբերման, ռուսական լրատվականների Հայաստանում հեռարձակումը, ռուսերեն լեզուն արգելելու, ռուսներին Հայաստանից քշելու կոչեր հնչեցին:

Բայց հանուն արդարության պետք է ասենք, թե այդ հաղորդումը ինչի՞ արդյունքն ու արձագանքն էր:

Նախ՝ վերը թվարկածն արդեն իսկ հնչում էին հայ բարձրաստիճան ղեկավարների կողմից մինչ այս հաղորդման հեռարձակումը:

Գրեթե ողջ հայկական մեդիան ևս լծված էր հակառուսական տրամադրություններ գեներացնելով:

Իսկ որ այս ամենի մեխն է՝ վարչապետը ցանկացած արևմտյան հարթակում բացահայտ մեղադրում ու վատաբանում էր ՌԴ բարձրաստիճան ղեկավարությանը, պարտության, պատասխանատվության, արածի ու չարածի ողջ բեռը բարդում Ռուսաստանի վրա, արհամարհում էր առաջարկները, հանդիպումները:

Եթե Հայաստանում գիտենք, թե Նիկոլ Փաշինյան կերպարն ով է՝ իր արած-չարածով հանդերձ և որին կարող ենք բացահայտ քննադատել ու սուր գնահատականներ տալ, ապա նույնը չէ Պուտինի մասով:

Պուտինն իր երկրի, ժողովրդի համար մեծ հաշվով որպես նախագահ սիմվոլ է:

Նա հեղինակություն է՝ ընդունենք, թե չընդունենք:

Հետևաբար՝ երբ Ռուսաստանի ու անձամբ Պուտինի հասցեին անձնական վիրավորանքներ է հասցվում, «Հայկական ժամանակը» Պուտինին «նեղացած հարս» է անվանում՝ ենթադրելի է, որ դրանից հետո ռուսական կողմն այդ ամենը հենց այնպես չի մարսելու, անարձագանք ու անհետևանք չի թողնելու:

Բազմիցս եմ ասել՝ ՌԴ-ի մեր հանդեպ ոչ բարեկամական և ոչ դաշնակցային վարքի մասին, սուր դատապարտել եմ, մեղադրել:

Ասել եմ նաև նման վարքի պատճառներն ու հիմքերը:

Բայց և ասել եմ, որ չտա Աստված, որ ռուսը դառնա մեզ թշնամի:

Որ մեզ պետք չէ սրել ու փակուղի տանել հայ-ռուսական հարաբերությունները:

Հետևանքներն անդառնալի են լինելու:

Չի կարելի, հասկացե՛ք:

Պետությունների միջև հարաբերությունները, այն էլ մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ անձնական, հուզական, ամբիցիաների, քենապահության ու քինախնդրության դաշտի մակարդակի հարցեր չեն:

Այդ ամենը մեզ, մեր պետությանը ոչինչ չի տա, բացասականից բացի ոչ մի դրական կողմ չունի:

Ընդհակառակը՝ պետք է վերբեռնել հարաբերությունները ՌԴ-ի հետ, խոսել, բանակցել, չնայած որ այս իշխանությունների պարագայում այն կարծես բացառվում է:

Մինչ մենք նեղացկոտի դիրք ընդունած՝ արհահամարում ենք վերը թվարկածը՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Բաքվում քննարկում է Ադրբեջանի հետ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը։

Ե՞րբ եք հասկանալու, որ մեզանից պրոհայկական ոչ մեկը չի կարող լինել:

Ե՞րբ եք հասկանալու, որ սա երկիր է, ոչ թե կոպերատիվ կամ մանկապարտեզ:

Ե՞րբ եք վերջապես մտածելու և գործելու պետականամետի դիրքերից,

Ե՞րբ եք առաջնորդվելու պետական ու ազգային շահերով, անվտանգության դոկտրինով, այլ ոչ թե արկածախնդրությամբ, էմոցիաներով ու ամբիցիաներով:

Ի վերջո՝ ե՞րբ եք սթափվելու ու լրջանալու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1951

Մեկնաբանություններ