Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Է բա վերջը՞

Է բա վերջը՞
21.08.2023 | 08:35

Վերջն՝ ասեմ. ՄԱԿ-ում, Հայաստանի դիմումի համաձայն, նիստ էր:

Կարծես բանաձի կամ գոնե որոշման ընդունման պահանջ պետք է հնչեր, բայց այդպես էլ չհնչեց:

Առաջին դիվանագետի ողջ ելույթը՝ էմոցիոնալ ու մելամաղձոտ խոսքերով շաղախված դեպքերի ու իրադարձությունների խրոնոլոգիա- հաշվետվություն էր:

Դիվանագիտական կոպիտ թերացումներն ու բացթողումներն ակնհայտ էին:

Պահանջ-առաջարկ չկար, եթե կար էլ, ապա խեղվեց, ինքնաբերաբար առաջ քաշվեց այլ եզրույթ, խոսույթն ինքնըստինքյան փոխվեց, ինչն էլ տարավ փակուղի:

Հետևաբար, նիստի ողջ բովանդակությունն ու նախատեսված օրակարգն ապականվեց:

Նիստում Լեռնային Ղարաբաղի, հակամարտության մասին բառ չկար, տարածքային վեճ, ինքնորոշման իրավունքի բարձրաձայնում՝ ևս:

Խոսույթը բացառապես Արցախում հումանիտար աղետն էր ու արցախացիների սոցիալական վիճակը:

Արդյունքում՝ ասացին, խոսեցին, լսեցին, իսկ վերջում՝ առանց բանաձևի, առանց որոշման կամ սանկցիաների, առանց որևէ պարտավորեցման, անգամ առանց հայտարարության «ցրվեցին տներով»:

Մերոնք էլ՝ ձեռնունայն, բայց և «բարոյական հաղթանակով» վերադարձան Հայաստան:

Արձանագրում ենք հետևյալը.

Հայաստանը ՄԱԿ ԱԽ էր գնացել Արցախում օրհասական վիճակի վերաբերյալ զուտ ինֆորմացիա տրամադրելու, այլ ո՛չ թե բանաձի կամ որոշման ակնկալիքով, ուր մնաց՝ պահանջով:

Իսկ եթե անգամ նպատակադրված գնացել էր բանաձևի հետևից, ապա իր իսկ թերի ու բոկոտն լինելու պատճառով ձախողեց այն:

Ակնհայտ էր, որ նիստից առաջ ԱԽ անդամ պետությունների հետ արտաքին քաղաքական աշխատանք ընդհանրապես չէր տարվել:

Իսկ Անվտանգության Խորհրդի որոշում չընդունվեց նաև այն պարզ պատճառով, որ այն պահից սկսած, երբ Հայաստանի գործող իշխանությունը, թեկուզ բանավոր, Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, հրաժարվել է պաշտպանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և իր՝ արցախահայության հանդեպ ստանձնած անվտանգության երաշխավորի պարտականություններից, ապա աշխարհը համարում է՝ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը, Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանի տարածքը, Արցախում առկա աղետը՝ զուտ հումանիտար խնդիր, որը կարող է լուծվել նաև՝ Ադրբեջանի տարածքից առաջին անհրաժեշտության ապրանքներ ապահովելով։

Դրա համար էլ շատերը դեմ չէին Բաքվի առաջարկած Աղդամի ճանապարհից օգտվելուն:

Այնպես որ աշխարհը չի հանդուրժում գավառական «շուստրիությունները»:

Դու չես կարող Արցախը Ադրբեջանի մաս հայտարարելով փորձես Արցախը «գցել»միջազգային հանրության գրպանը։

Ինչ խոսք, արտաբերված հումանիստական տեքստի բովանդակությունը, անգամ հռետորաբանությունը բարոյահոգեբանական տեսանկյունից փայլուն էր:

Ինչ խոսք, կային երկրներ (հատկապես Արևմուտքի), որոնք հանդես եկան հայանպաստ հայտարարություններով:

Շատերը գիտակցում են պահի լրջությունը և կասկածի տակ չեն դնում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը:

Անգամ թուրք մտավորականներ ու ձախակողմյան գործիչներ են բարձրաձայնում Լեռնային Ղարաբաղում վերահաս ցեղասպանության վտանգի մասին, հանդես գալիս Լաչինի միջանցքի ապաշրջափակման ու հումանիտար աղետի վերացման կոչերով:

Դե, իսկ մեր ոխերիմ բարեկամի և դաշնակցի դիրքորոշումը սինխրոն էր Ադրբեջանի, Թուրքիայի ու Ալբանիայի հետ:

ՌԴ ներկայացուցիչը պետք է Արցախը դիտարկեր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո՝ ուղիղ հղում կատարելով Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուն։

Իհարկե, չենք զարմանում:

ՈՒնենք այն, ինչ ունենք:

Արձանագրում ենք նաև այն, որ ՄԱԿ ԱԽ-ն ևս անգործունակ է:

Գաղտնիք չէ, որ ՄԱԿ-ն արդեն մի քանի տասնամյակ է, որ գտնվում է խորը ճգնաժամի մեջ և լուրջ դերակատարում չունի միջազգային արենայում:

Վերջինս զուրկ է իր իսկ որոշումների իրագործման մեխանիզմներից:

Հետևաբար, ՄԱԿ-ից և ցանկացած այլ վերպետական կառույցից լուրջ սպասելիքներ չպետք է ունենալ:

Այնպես որ, ՄԱԿ-ն էլ որպես կառույց «նահատակվել» է։

Եվ դա ունի նաև իր լավ կողմերը.

ոչ մեկն էլ թող չասի՝ «միջազգային հանրությունը թույլ չի տա, ՄԱԿ-ը կդատապարտի, կպատժի ու նման բաներ»:

Այսուհետ միայն ուժով են լուծվելու հարցերը, իսկ

ՄԱԿ-ն ու նման կառույցները միշտ ուժեղի կողմն են լինելու, կամ գոնե ուժեղին չեն նեղացնելու ու դատապարտելու:

Իսկ դա հուշում է մի բան, որ հույս կարելի է դնել բացառապես մեզ վրա:

Ինչպես նաև գիտակցել, որ Արցախյան հակամարտության այս փուլը ևս ուժով է լուծվելու։

Այլ տարբերակ չի մնացել, քանի որ այլ մեխանիզմները չեն գործում:

Մեզ թողել են մի ելք՝ պայքարել սեփական հայրենիքում ապրելու համար:

Մենք կանգնած ենք մեզ պարտադրված անխուսափելի պատերազմի առաջ:

Մեզ կրկին կհարգեն ու մեզ հետ հաշվի կնստեն միայն ուժի գործոնով։

Երբ տեսնեն, որ ինքներս պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքն ու առաջնորդվել բացառապես պետական ու ազգային շահերով:

Այնպես որ՝ Արցախի գոյության հարցը լուծվելու է ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ-ում և այլ ատյաններում, այլ Մռավի, Ջերմուկի, Իշխանասարի բարձունքներում:

Լուծեցինք այդ խնդիրը՝ ապահով և անվտանգ կլինի նաև Հայաստանի Հանրապետությունը, քանի որ Հայաստանի պետականությունն ուղիղ կապ ունի Արցախի գոյության հետ:

Սա այն ճշմարտությունն է, որն ապացույցի կարիք այլևս չունի։

Իսկ մինչ այդ, դեռ ականատեսն ենք լինելու՝ ՄԱԿ

ԱԽ-ում անպատիժ մնացած Ադրբեջանի ավելի սաստիկ ճնշումներով վաքագծին, ամենաթողությանը:

Ադրբեջանը տոնում է իր «հաղթանակը»:

Եվ այդ «հաղթանակից արբած» կրակում է ամենուրեք, սադրում, գերի վերցնում, նոր պահանջներ առաջ քաշում:

ՈՒ սա հատկապես ԱԽ նիստից հետո, երբ վերջնականապես համոզվեց, որ ինչ էլ անի, ինչ էլ իրեն թույլ տա՝ մարսելու է:

Որ իր ցանկությունների իրականացման հարցում՝ միջազգային հանրությունը, միջազգային իրավունքն իրեն ոչնչով չեն կարող սահմանափակել կամ արգելել:

Այնպես որ, Ադրբեջանը կանգ չի առնելու:

Նա չի հրաժարվելու իր մտադրություններից:

Նրանք այն աստիճան են «հաբռգել», որ երբ ուզեն կարող են իրենց թույլ տալ անվարան մտնել «Սյունիք» օդանավակայան, կրակ բացել, անարգել հեռանալ, հետո էլ սպառնալ, թե այն «թանգարանային նմուշի» կվերածեն:

Ադրբեջանը զգուշացնում է, որ թույլ չի տա իրականացնել Երևանից Կապան կանոնավոր ուղևորափոխադրումներ:

Այնպես ինչպես ՀՀ իշխանությանն արգելել է շահագործել Սոթքի հանքը, չի թույլատրել մետալուրգիական գործարանի կառուցումը Երասխում:

Էլ չեմ խոսում՝ Արցախ մտնող համացանցի մալուխի կտրման մասին, որով կայուն կապն Արցախում խափանվել է:

(Ի դեպ, հատուկ շնորհակալություն եմ հայտնում Վահրամ Մաթևոսյանին՝ անջատված ինտերնետի պայմաններում

«ArtsakhX»-ի գործադրումով Արցախի ներսում անխափան ինտերնետ կապ ապահովելու համար):

Էլ չեմ խոսում՝ Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի միակ ցորենի դաշտից հացահատիկ հավաքելն արգելելու, գյուղացիների ու գյուղտեխնիկայի վրա կրակելու, սովից մահացած 40-ամյա տղամարդու, արցախցի աղջկա դիակի՝ Արցախում հուղարկավորությունը թույլ չտալու մասին:

Չէ, ո՞նց կլինի. երկրի պաշտպանությունն ամեն գնով ամրապնդելու, մեր ուժերը վերականգնելու, Ադրբեջանի յուրաքանչյուր սադրանքին կոշտ հակազդեցություն ցույց տալու փոխարեն այս վարչակարգը պետք է 6 միլիոն դոլար վատնի Snoop Dog-ի համերգի վրա, անիմաստ փառատոններ կազմակերպի, ոստիկանությունով «զինի» Երևանը, պարգևավճարներ «ցփնի» իր հավատարիմ կամակատարների վրա և այդ ամենով բթացնի հասարակության գիտակցությունը, հնարավորինս սահուն և անցնցում էլ անցկացնի Արցախի հանձնումը:

Մանավանդ, որ նրանց մոտ այդ ամենը գերազանց ստացվում է, ժողովուրդն էլ լուռ համակերպվում է:

Հիշում ենք, թե ինչպես որոշվեց, որ Սև լճի և այն ձնոտ սարերի համար կռիվ տալը իմաստ չունի, որ պետք լինի 7 գյուղ էլ անկլավի կարգավիճակով կտրվի թշնամուն:

Հետևանքները տեսնում ենք:

Հիշում ենք, թե ինչպես թշնամու վերահսկողության տակ «հանկարծակի» հայտնվեց Գորիս-Կապան ճանապարհի մի կտորը, որով ողջ ճանապարհը կաթվածահար եղավ և առ այսօր այն չի օգտագործվում:

Թե ինչպես Արցախը սնուցող գազատարն ու ինտերնետային մալուխը կտրվեց, Սարսանգը ջրազրկվեց:

Այ այս ամենի հետևանքները հիմա արդեն զգու՞մ եք։

Հետո էլի՛ հիշելու բաներ ենք ունենալու, եթե, իհարկե, հիշող մնա:

Այսպիսով՝ սա է մեր դառը իրականությունը, որի հետ պետք է առերեսվել բայց և չհամակերպվել:

Շտկել իրավիճակը, հաղթահարել այս գաղջ մթնոլորտը, դուրս գալ պարտվածի բարդույթից ու համընդհանուր կոնսենսուսով ձևավորել պայքարի ճանապարհային քարտեզ՝ դա է այսօրվա հրամայականը:

Պետք է հասկանանք, որ մենք ենք ստեղծում մեր իրականությունը․

ինչպիսին ենք, այդպիսին էլ կլինի մեր իրականությունը։

Մենք պետք է թելադրենք, թե ինչպիսի իրականության մեջ պետք է ապրենք։

Ժամանակը չի կարող մեզ ստիպել ապրել իր կանոններով ու թելադրանքով։

Մենք պետք է ստիպենք ժամանակին ենթարկվել մեզ։

Իսկ տկար ու թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն։

ՈՒժեղ, հզոր, ոչ մի բանից չվախեցող, պայքարի մեջ գտնվող ժողովրդին հասնում է հզոր իրականություն։

Այնպես որ, բա՛վ է էմոցիաներով ազգի ճակատագիր որոշեք:

Էմոցիաներով «ղեկավար» բերեցինք իշխանության, «թագավոր» կարգեցինք, էմոցիաներով երկիր քանդեցինք, էմոցիաներով պատերազմ արեցինք, հիմա էլ էմոցիաներով փորձում ենք երկիր կառավարել:

Ոչ վաղ անցյալում, կար մի ժամանակ, երբ չէինք սպասում, մեզ չէին ասում՝ հրաման չկա կրակելու.

թուրքը գլուխը բարձրացնում էր, խփում էինք ու դրա համար ոչ թե պատժվում այլ խրախուսվում էինք:

Դրա համար էլ խրամատում լուռ վեր ընկած էին, ոչ թե այսօրվա պես՝ գան մտնեն մեր խրամատ ու զինվոր գերեվարեն, խրամատն էլ իրենցով անեն:

91-92-ին պայքարող ազգ էինք:

Նորից այդպիսինն ենք դառնալու, ուզենք թե չուզենք:

Մեր թշնամիններն այլ տարբերակ մեզ չեն թողնում:

Մեր հարևանած քոչվորը բնավ խաղաղության մտադրություն կամ ձգտում չունի:

ՈՒ՞մ հետ ես պատրաստվում խաղաղ ապրել:

Ինչպե՞ս խաղաղ ու հանգիստ ապրես մի հարևանի հետ, ով անգամ հարյուր տարվա պատմություն չունի, բայց քո ամբողջ հայրենիքն իրենն է համարում, ովքեր իրենց երեխաներին մանկապարտեզից ու դպրոցի նստարաններից սկսած թունավորում են՝ ասելով, որ հայերն իրենց ոխերիմ թշնամիներն են, որ մենք ինչ ունենք՝ իրենցն է, որոնք էլ մեծանալով ու զինվոր դառնալով՝ գալիս ու կտրում են մեր զինվորի գլուխը, սպանում են, ավիրում ու սեփականաշնորհում մեր արժեքները:

Սա գիտեին մեր պապերն ու հայրերը, սա գիտենք ու տեսնում են մենք:

Միակ ելքը դրանց տեղը ցույց տալն է:

Ցավոք, առ այսօր այս երկրի սահմանները գծվում են արյունով ու քրտինքով:

Ցավոք, պատերազմը մեզ պարտադրված է:

Ցավից տառապող հայրենիք, կորստից տառապող ժողովուրդ, գիտակցի՛ր այսօրվա հրամայականը:

Մի՛ համակերպվիր նվաստացման, պարտվածի ու կորստի հետ:

Ե՞րբ չենք ունեցել թե՛ պարտություն և թե՛ հաղթանակ:

Մի՛ հիասթափվիր, ուշքի՛ եկ, ոտքի՛ կանգնիր, հա՛յ ժողովուրդ:

Այդ տեսակ փոս գոյություն չունի, որից հնարավոր չլինի դուրս գալ:

Սա էլ ենք հաղթահարելու, այս վիճակից էլ ենք դուրս գալու:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2604

Մեկնաբանություններ