Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հետաքրքրությունների դեգրադացիա

Հետաքրքրությունների դեգրադացիա
12.08.2023 | 13:50

Ամիսներ շարունակ առաջնագծի կահավորման, զորքի ուժեղացման թեմաներով բազմաթիվ նախաձեռնություններ եմ անում ընկերներիս հետ ու այդ մասին հրապարակումներով հանդես գալիս մեդիայում, սոցցանցերում` փորձելով հնարավորինս շատ մարդկանց ներգրավել ազգային այդ աշխատանքի մեջ։

Հատուկենտ մարդ է արձագանքում, որպես կանոն` միշտ նույն կամ գրեթե նույն մարդիկ։

Մյուսները կամ չեն տեսնում, կամ չտեսնելու տալով, լուռ անցնում են կողքով (мимо) և հավանաբար հեգնելով։

Բայց երբ մի կեսբերան նյութ է լինում, ասենք, բարձրակրունկ կոշիկների կամ պայմանական Պողոսի շան առողջության մասին, միանգամից ակտիվանում են լռակյացներն ու գործի անցնում մեկնաբանություններով, մեծ մասամբ նաև գործնական աշխատանքով, փող հավաքելով շան համար, միավորելով ջանքերը շունիկին օգնելու և այլնի համար։

Օրերս Երևանի հյուսիսային պողոտայով անցնում էի, ու աչքիս տեսածը սարսափելի էր։ Գրեթե մերկ հայ աղջիկներ, անհոգ ծիծաղով քայլող ընտանիքներ, սրճարաններում բառացիորեն փռված պաշտոնյաներ ու գործարարներ, երջանիկ ժպիտով պաղպաղակ հոշոտողներ:

Նայում էի ու մտածում` այս մարդիկ գուցե չգիտե՞ն, որ Արցախում սով է, որ սահմանին ամեն րոպե կրակոց է, որ մեր երկիրը ամեն օր կարող է պայթել նոր պատերազմի մեջ ու որ մենք բոլորս մեծ, շա՜ա՜ա՜ա՜տ մեծ աղետի մեջ ենք։

Չգիտե՞ն, թե՞ թքած ունեն։ Ամեն ինչ էլ գիտեն, բայց համարում են, որ դա չպետք է խանգարի իրենց կյանքը վայելելուն։ Մի կյանք են ապրում, պիտի վայելեն ու չմտածեն խնդիրների մասին։

Սա տխուր, բայց բնական ախտորոշում է մեզ նման հանրության համար։

20-րդ դարի գերմանացի հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկն իր վեպերում ներկայացնում էր հենց այդպիսի հանրություն, որը պատերազմից հետո կորցրել էր կապը իր հայրենիքի ու ապագայի հետ, գերադասելով խնջույքները։

«Կորուսյալ սերունդ» էր անվանում Ռեմարկն այսպիսի հանրությանը, հույս ունենալով, որ ժամանակի ընթացքում այն կվերականգնվի։

Հայաստանը, սակայն, ժամանակ չունի։

Մենք ամեն օր ավելի ենք գլորվում դեպի անդունդի հատակը, իսկ այնտեղ այլևս ոչ մի խնջույք չի լինի, լինելու է միայն թուրքի յաթաղան ու ցեղասպանություն հենց Երևանի կենտրոնում, երեխաների առևանգում, սպանություններ, բռնություններ Գյումրիում, Վանաձորում, մյուս բոլոր մեծ ու փոքր բնակավայրերում։

ՈՒ այն ժամանակ էլ չի լինելու ժամանակի մեքենա, որ այսօրվա անհոգ մարդիկ վերադառնան անցյալ, շտկեն իրենց հանցավոր անգործությունը։

Այն ժամանակ առաջին հարվածի տակ ընկնելու են հենց այսօրվա անտարբեր, անհայրենիք, անհոգ մարդիկ, իսկ մենք շարունակելու ենք կռիվ տալ` գոնե պատվով զոհվելու և երկիրը հաջորդ ապրող ազգային սերուդներին փոխանցելու համար։

Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1647

Մեկնաբանություններ