Հիմա ավելի հաճախ եմ մտածում սահմանին կանգնած զինվորի մասին: Նույնիսկ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞վ ավելի օգտակար կլինեի Հայաստանին՝ վրձնո՞վ, թե՞ զենքով… Բոլոր խոսակցությունները դառնում են անհեթեթ ու անկարևոր, եթե սահմանը պաշտպանված չէ, եթե հողդ կամ անկախությունդ կորցնելու վտանգ կա: Ես հույս ունեմ՝ մենք այնքան կզարգացնենք մեր երկիրը, որ մոտ ապագայում 18 տարեկան տղաների փոխարեն սահմանի բոլոր հատվածներում կկանգնեն արհեստավարժ զինվորականները: Ես ակնածանքով խոնարհվում եմ մեր զինվոր տղաների առաջ:
Վստահ եմ, որ նրանք սահմանից իջնելու են ավելի ուժեղ ու նպատակասլաց և շատ ավելի խորն են գիտակցելու ամուր հայրենիք ունենալու կարևորությունը: Յուրաքանչյուր երկրի դերակատարումը աշխարհում պայմանավորված է իր մրցունակությամբ: Մենք պիտի հասկանանք, որ մեր հեռավոր նախնիների փառքը՝ ռազմական, մշակութային, չի կարող մշտական այցեքարտ դառնալ մեզ համար աշխարհի հետ շփվելիս, մենք պիտի հետ չմնանք նաև ժամանակի ռիթմից: Երկրներ կան, որոնք ոչ վաղ անցյալում բարձրացան բառացիորեն անապատի վրա, այսօր և՛ պաշտպանված են, և՛ բարձր մշակույթ ունեն: Ես այնքան էլ չեմ սիրում տաղանդավոր բառը, բայց մենք իրոք տաղանդավոր ազգ ենք և գոյապահպանության ուրիշ միջոց չունենք, բացի տաղանդից: Մեր երազանքները հակառակ համեմատական են մեր հնարավորություններին: 90-ականների Հայաստանում ցրտի ու խավարի մեջ ապրող մարդիկ մի կտոր հացի մասին չէին երազում, նրանց երազանքները անհավանական համարձակ էին առանց որևէ երաշխիքի, առանց սահմանի… Երբ մարդիկ հասնում են ինչ-որ կայուն ու բարեկեցիկ հանգրվանի, շատ առարկայական երազանքներ են ունենում. նրանք գիտեն՝ մինչև ուր կարող է ձգվել իրենց թռիչքը:
Ես ուզում եմ, որ Հայաստանում մարդիկ կառուցեն իրենց կյանքը, և նրանց երազանքները առաստաղ ունենան: Խաղաղ, անկորուստ, բարեկեցիկ ու իրատեսական երազանքներով լի տարի եմ մաղթում բոլորիս:
Գայանե Պողոսյանի (Gayane Poghosyan) ֆեյսբուքյան էջից