Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նպատակ ունեն ապառազմականացնելու Թուրքիան

ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նպատակ ունեն  ապառազմականացնելու Թուրքիան
11.06.2013 | 00:22

Քաղաքական հրապարակումներում այն կարծիքն է տարածված, որ Մեծ Բրիտանիան, ինչպես և ԱՄՆ-ը, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության կողմնակից է։ Սակայն Մեծ Բրիտանիան փոքր-ինչ այլ կերպ է պատկերացնում Թուրքիայի դերը միջազգային գործուն քաղաքականության մեջ, քան ԱՄՆ-ը։ Բրիտանացի քաղաքագետները դա բացատրում են նրանով, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ ակտիվ հարաբերություններ ունի սկսած 1945-ից, մինչդեռ Մեծ Բրիտանիան այդ երկրի հետ հարաբերությունների բազմադարյա ճանապարհ է անցել։ Մեծ Բրիտանիան արդի փուլում Թուրքիայի քաղաքականությունը համարում է ճգնաժամային, որը հետևանք է նրա նոր հավակնությունների և դրանց իրացման անկարողության։ Մեծ Բրիտանիան, որն իր նոր տեղն է փնտրում աշխարհում, հասկանում է Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներն ու այնտեղ տիրող իրավիճակը։ ԽՍՀՄ-ի փլուզումից և Եվրասիայում ու Մերձավոր Արևելքում նոր հեռանկարների առաջացումից հետո, Մեծ Բրիտանիան, երբեմն սեփական ջանքերով, երբեմն էլ ԱՄՆ-ի աջակցությամբ, Թուրքիայի առնչությամբ հասել է հետևյալ արդյունքներին.

. Թուրքիային համոզել է, որ Եվրասիայում նրա պանթյուրքական ծրագրերի իրականացումն անհնար է, ինչն այդ ուղղությամբ նրա ջանքերը վերածել է սովորական տարածաշրջանային քաղաքականության,
. ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից վերահսկվող միջազգային ֆինանսական կազմակերպությունների քաղաքականությունը հանգեցրել է Թուրքիայի տնտեսական խոր ճգնաժամի, նրա արդյունաբերական արտադրության զգալի անկման, սոցիալական խնդիրների սրման, ինչն ավելի անկախ լինելու նրա ձգտման պատասխանն է,
. տնտեսական ճգնաժամի հետևանքով Թուրքիան հրաժարվել է լայնորեն տարփողված պաշտպանական ծրագրի իրականացումից, որը ենթադրում էր 150 մլրդ դոլար ծախսել զինված ուժերի արդիականացման համար,
. Թուրքիան կորցրել է Բալկաններում լուրջ դիրքեր գրավելու հույսերը, ինչը մտնում էր նեոօսմանիզմի դոկտրինի մեջ և ենթադրում էր իր ազդեցությունը տարածել Օսմանյան կայսրության երկրների վրա, օգտագործելով ոչ թուրքական մուսուլմանական բնակչությանն ու նրանց պետական կազմավորումները,
. «տորպեդահարվել» է կիպրական խնդրի կարգավորումը, որի հետևանքով Թուրքիան արդյունքի չի կարողանում հասնել Հյուսիսային Կիպրոսի հարցում, ինչը զգալի միջոցներ է խլում և սպառնալիքի տակ դնում նրա արտքաղաքական գերակայությունները,
. Թուրքիան ստիպված էր երկխոսության գնալ քրդերի հետ, նրանց տալով որոշ իրավունքներ, ճանաչելով դրանց ընդլայնման անհրաժեշտությունը, ինչը, այսպես թե այնպես, երկրի իրադրությունը դարձնում է անկայուն և անկանխատեսելի,
. Թուրքիային մասնակից դարձնելով Հյուսիսային Կովկասի իրադարձություններին, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան լուրջ առճակատման ասպարեզ են ստեղծել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, դրանով իսկ սպառնալիքի տակ դնելով նրա տնտեսական շահերը Ռուսաստանում,
. Թուրքիային ոչ այնքան շահեկան պայմաններով «կապելով» Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծին, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նրան ներքաշել են Ռուսաստանին, Իրանին ու Չինաստանին դիմակայող աշխարհատնտեսական բլոկի մեջ, ինչը նրանից լրացուցիչ ջանքեր կպահանջի այդ պետությունների հետ հարաբերությունները կարգավորելու համար,
. ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ուղղակի առնչություն ունեն Թուրքիայի չափավոր իսլամական վերնախավի քաղաքական հաջողությանը` օգտագործելով ստեղծված պայմանները,
. թուրքական ներքին քաղաքականության մեջ, անգլոսաքսոնական բլոկի համար աննպաստ միտումների պայմաններում, զինվորական հրամանատարությունն ու ավանդական աջ կուսակցությունները կախման մեջ դնել այդ բլոկից,
Իրաքի գործողությանը Թուրքիայի մասնակցությունից կամ չմասնակցությունից անկախ, նա կդրվեր այնպիսի պայմանների մեջ, որ հազիվ թե կարողանար շատ թե քիչ ազատորեն գործել Հյուսիսային Իրաքում, քանի որ Իրաքում քրդական պետության ստեղծման հարցը ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից կամ լուծվելու էր գործողությունից հետո կամ լուծվել էր շատ ավելի վաղ, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան տարբեր չափերով, բայց, համենայն դեպս, շահագրգռված են Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքական ներկայության թուլացմամբ` կապված Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրենց աշխարհաքաղաքական գործընկերությունը վերակառուցելու, Վրաստանն ու Ադրբեջանը որպես ամերիկյան ավիացիայի այլընտրանքային բազավորման վայր օգտագործելու մտադրությունների հետ։
Թուրքիայի հետ Եվրամիության համագործակցության անվտանգ ռեժիմ մշակելու Ֆրանսիայի ու Գերմանիայի ձգտումը մեծապես կողմնորոշված է այն բանին, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան մտադիր են Թուրքիան օգտագործելու ընկերակցության կազմալուծման համար։ Հնարավոր է, որ եթե ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այդ նպատակները չունենային, Ֆրանսիայի ու Գերմանիայի համար ընդունելի լիներ Թուրքիայի միացումը Եվրամիությանը։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի այդ աջակցությունը միտված է ոչ թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, որոնք վատացան Իրաքի գործողության ժամանակ, այլ տեղի է ունենում անգլոսաքսոնական բլոկի եվրոպական քաղաքականության շրջանակներում։ Թուրքիան ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից դիտվում է սոսկ որպես մերձավորարևելյան և եվրոպական քաղաքականության գործիք։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է քննության առնել Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դիրքորոշումների տարբերությունը։
ԱՄՆ-ը Մերձավոր և Միջին Արևելքի, Եվրասիայի տարածաշրջաններում ունի փոքր-ինչ այլ նպատակներ ու խնդիրներ, քան Մեծ Բրիտանիան։ Նրանց շահերի զուգադիպման դեպքում ԱՄՆ-ը անհամեմատ ավելի մեծ պատասխանատվություն է կրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Մեծ Բրիտանիան նախընտրում է այդ տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին միջամտել իր երկարաժամկետ ռազմավարության շրջանակներում, օգտագործելով իրավիճակային գործընկերներին և խուսափելով իրադարձություններին իր անմիջական մասնակցությունից։ ԱՄՆ-ն աշխատում է այդ տարածաշրջաններում ստեղծել վերահսկողության և անվտանգության մի ունիվերսալ համակարգ։ Նա չի կարողանում վերջնական որոշում կայացնել աշխարհաքաղաքական կառավարման գործառնական համակարգերի ստեղծման առնչությամբ, քանի որ դա շատ ծախսատար նախաձեռնություն է և ինքնըստինքյան առճակատման բնույթ է կրում։ ԱՄՆ-ն առայժմ բավարարվում է կիսատ-պռատ որոշումներով և բազմաթիվ լուրջ խնդիրների է բախվում։ Դրանցից մեկը Թուրքիայի չափավոր իսլամականների թիմի քաղաքականությունն է։ ԱՄՆ-ը Իրաքում բախվեց Թուրքիայի անկանխատեսելի վարքագծի մի անսովոր խնդրի։ Թեև Մեծ Բրիտանիան Թուրքիայի այդ վարքագիծը համարում է միանգամայն կանխատեսելի, շարքային իրադարձություն տարածաշրջանի պատմության մեջ և հույս ունի Թուրքիան վերադարձնել ենթակա վիճակի, բրիտանացի քաղաքագետները հասկանում են, որ դա հնարավոր է, ելնելով Մեծ Բրիտանիայի շահերից, որոնք, այսպես թե այնպես, ավելի նեղ են, քան ԱՄՆ-ի շահերն ու խնդիրները։ ԱՄՆ-ը չի կարող շարունակել տարածաշրջանի ռազմավարական պլանավորումը այնքան լուրջ խնդրի առկայության պայմաններում, ինչպիսին թուրքականն է։ Միաժամանակ, թուրքական թեման միշտ կարևոր տեղ է գրավել ամերիկյան հետախուզական և վերլուծական գործունեության մեջ։ ԱՄՆ-ը չի կարող չհասկանալ, որ ինքը բախվել է ոչ թե թուրքական քաղաքականության ժամանակավոր, այլ նոր երևույթի, և որ Մերձավոր Արևելքում իր քաղաքականության իրականացման գործում չի կարող հենվել Թուրքիայի վրա։ ԱՄՆ-ը աշխարհառազմավարական նոր կառուցվածք է որոնում Մերձավոր Արևելքում, և այդ ընդարձակ տարածաշրջանում ժողովրդավարության հաստատման նրա հռչակած ծրագրերը մեծ չափով կապված են ռազմավարական նոր գործընկերներ գտնելու ձգտման հետ։
ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի այս նպատակների ու շահերի կապակցությամբ, փաստորեն, ակնհայտ են դառնում նրանց ծրագրերը Թուրքիայի առնչությամբ։ Բնութագրելով այդ ծրագրերը, կարելի է պնդել, որ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան բոլոր հնարավորությունները կգործադրեն երկրի ներսում իրադրությունը խարխլելու, քաոսի տարրեր առաջացնելու, տնտեսական ճգնաժամը խորացնելու, Արևմուտքի հետ քուրդ հասարակության կանոնավոր հարաբերությունների հաստատման նպատակով քրդական միջավայրում նոր ազատական քաղաքական ուժեր ձևավորելու, իսլամական արմատական և ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը խափանելու, քաղաքական կուսակցությունների ու խմբավորումների միջև առճակատումն ուժեղացնելու ուղղությամբ։ Սակայն այդ իրավիճակը խոչընդոտ կդառնար Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ճանապարհին, ուստի ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան արագացնում են ինտեգրման, անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ դեկտեմբերին որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու գործընթացները։ Հնարավոր է, որ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրամիության պաշտոնական համաձայնությունից հետո ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ջանքեր գործադրեն Թուրքիայում իրադրությունը ապակայունացնելու ուղղությամբ, նպատակ ունենալով նրան ենթարկել իրենց քաղաքականությանը և թուլացնել արտքաղաքական ասպարեզում։ Բրիտանացի քաղաքագետները պնդում են, որ հեռանկարում Թուրքիայում հավանաբար տեղի կունենա քաղաքական-գաղափարախոսական խմբավորումների, ավելի շուտ, չափավոր իսլամական և աջ կենտրոնամետ խմբավորումների համեմատաբար խաղաղ շրջափոխություն։ Այդ սխեման լիովին ձեռնտու է ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային, քանի որ դա կապահովի կեղծ կայուն իրադրություն` շարունակական անկայունության հայտնի մակարդակի պայմաններում։
ԱՄՆ-ը սկզբունքային որոշում է ընդունել մինչև 2015 թ. վերացնել Ինջիռլիկի ավիաբազան, ինչպես նաև Թուրքիայում եղած ամերիկյան մյուս բազաներն ու ռազմական ենթակառուցվածքը։ Ամերիկացի ու բրիտանացի զինվորականներն անիմաստ են համարում այդ բազաների գոյությունը Թուրքիայում, եթե դրանց լիարժեք օգտագործման երաշխիքներ չկան։ Հնարավոր է, որ Ինջիռլիկի բազան մասամբ պահպանվի, բայց հասցվի տարանցիկ նշանակության մի ոչ մեծ ավիահանգրվանի մակարդակի։
Մեծ Բրիտանիայի զինվորական շրջանակները համարում են, որ ճակատամերձ ավիացիայի 50 ինքնաթիռների մշտական բազավորման և ռազմավարական ավիացիայի վառելիքի լիցքավորման համար անհրաժեշտություն չկա Ինջիռլիկում նման հսկայական օբյեկտ պահելու։ Նրանք առաջարկում են Ինջիռլիկի և «Պրինց Սուլթան» խոշոր բազաները տեղափոխել Պարսից ծոցի փոքր երկրներ` Քաթար և Օման։ Կիպրոսի ու Իրաքյան Քրդստանի ավիաբազաները, ինչպես նաև տարածաշրջանի վեց-յոթ ավելի փոքր օդանավակայանները լիովին բավարար են ռազմավարական ու մարտավարական առաջադրանքների կատարման համար։ Ամերիկացի և բրիտանացի զինվորականները համոզվում են, որ խոշոր ավիաբազաների ժամանակներն անցել են և անհրաժեշտ է ստեղծել ոչ մեծ օբյեկտների ցանց։
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան նպատակ ունեն ապառազմականացնելու Թուրքիան, այսինքն հասնելու նրա զինված ուժերի թվակազմի զգալի կրճատման, մարտական հնացած տեխնիկայի դուրսգրման, իսկ աշխարհում սպառազինությունների արտադրության ցանկացած սցենարի դեպքում Թուրքիան պետք է ձեռք բերի առավելապես ամերիկյան ու բրիտանական տեխնիկա։ Ընդ որում, զինուժի թվակազմի կրճատման, պրոֆեսիոնալ զինված ուժերի պրակտիկայի արմատավորման հարցերը ենթադրվում է լուծել Եվրամիության ճնշմամբ։ Թուրքիան անհանգստացած է այդ ծրագրերից, քանի որ արդեն հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Սենատի պաշտպանության և միջազգային հարաբերությունների կոմիտեները մտադիր են Թուրքիային սպառազինությունների տրամադրման կարգի վերանայման նախաձեռնությամբ հանդես գալ։ Դա կարող է նշանակել, որ կսահմանափակվեն Թուրքիայի կողմից ամերիկյան սպառազինությունների ձեռքբերումը և օգտագործումը։ Ռազմական հետազոտություններով զբաղվող և Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ու պաշտպանության նախարարության համար աշխատող ինստիտուտի մասնագետների կարծիքով, «եթե Թուրքիան այլևս լոյալ չէ իր վաղեմի գործընկերների նկատմամբ, ապա ժամանակն է փոփոխություններ մտցնելու նրա ռազմավարական գործառույթների մեջ, ինչը ենթադրում է Թուրքիայի կարգավիճակի իջեցում` որպես ռազմական տերության»։ Եվրահանձնաժողովն աշխատում է հասկանալ Թուրքիայում ենթադրվող ռազմական վերափոխումների իմաստն ու ձևաչափը և դա ձևակերպել ավելի հստակ։ Սա է այդ հարցում եվրոպացիների միակ խնդիրը։ Բրիտանացի առաջատար ռազմական վերլուծաբան Քրիս Դոննոլիի կարծիքով, ՆԱՏՕ-ից անկախ զինված ուժեր ստեղծող եվրոպացիները պետք է հստակորեն պատկերացնեն Թուրքիայի հնարավոր տեղը եվրոպական զինված ուժերում։ Եթե նա դառնա Եվրամիության անդամ, ապա հաստատ կցանկանա դառնալ եվրոպական պաշտպանական նախաձեռնության մասնակից։ Իսկ եթե Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան հասնեն իրենց նպատակին` եվրոպական անկախ ռազմական դաշնախմբի ստեղծմանը, ապա այստեղ Թուրքիան կդառնա ավելի անցանկալի մասնակից, քան Եվրամիությունում։ ՈՒստի եվրոպացիները հարկադրված կլինեն մշակելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հատուկ ձևաչափ, որը պետք է լինի անպայման ի նպաստ եվրոպական անվտանգության։
ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, պահպանելով որոշակի վերահսկողությունը Թուրքիայի նկատմամբ, կձգտեն վերանայել անվտանգության ու ռազմական ներկայության տարածաշրջանային կառուցվածքը` թուլացնելով Թուրքիայի դերը։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 24843

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ