Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Վերացարկենք ճշգրտությունը, որպեսզի ամբողջացնենք ճշմարտությունը

Վերացարկենք  ճշգրտությունը, որպեսզի ամբողջացնենք ճշմարտությունը
30.01.2024 | 19:10

2020 թվականի աշնան ցավալի պարտությամբ պատերազմն իրականում վաղուց էր սկսվել: Այն ընդհանրապես չէր ավարտվել 90-ականների հրադադարի պայմանագրով: Եվ ժամանակին անչափ տեղին էր Վազգեն Սարգսյանի կոչը, որ, «ժողովուրդ, զգոն եղեք, պատերազմը չի ավարտվել»: Այն շուրջ քառորդ դար շարունակվում էր մեր նկատմամբ թուրք-ազերիների կիրառած տնտեսական, լրատվական, ճանապարհային շրջափակմամբ, իրենց երկրներում հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզչությամբ: Եվ այսօր էլ ակնհայտ է , որ այն շարունակվում է։
Մշակութային ասպարեզում ևս ամենօրյա պատերազմ է եղել:

Ցավոք, հաճախ թշնամին կարողացել է վիրավորել մեր սիրտն ու թունավորել մեր գիտակցությունը: Այդպիսի մի օրինակ է գլոբալիզմի (որի տարատեսակներից մեկը նաև տխրահռչակ պանթուրանիզմն է) գրական գաղափարախոս ՈՒմբերտո Էկոյի խոսքը, որը մերային մոդայամոլ (մեղմ եմ ասում) ոմանք պատճենեցին ու փորձեցին տարածել որպես գաղափարախոսություն: Այն է, որ «ՈՒմբերտո Էկոն Ժան Կլոդ Կարիերի հետ մի զրույցի ժամանակ հիշում է իտալացի հեղինակներից մեկի «թևավոր» խոսքը․ «Հնարավոր չէ լինել բուլղարացի մեծ բանաստեղծ»: Էկոն բացատրում է, որ այդտեղ արհամարհանք չկա փոքր ազգերի հանդեպ: Նշելով, որ խոսքն այս դեպքում ոչ այնքան Բուլղարիայի մասին է, որքան ցանկացած փոքր երկրի, նա ասում է․ «....Նախ` եթե անգամ լիներ մեծ բանաստեղծ, նրա լեզուն բավարար չափով հայտնի չէ, ուրեմն մեր ճանապարհները երբեք նրա հետ չեն հատվի: Այնպես որ` եթե «մեծ» նշանակում է «հանրահայտ», ապա կարելի է լինել լավ բանաստեղծ և չլինել հանրահայտ: Մի անգամ ես Վրաստանում էի, և ինձ ասացին, որ իրենց ազգային պոեմը` Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» մեծագույն գլուխգործոց է: Հավատում եմ, բայց այդ պոեմն այնպիսի արձագանք չի ստացել, ինչպիսին ունեցել են Շեքսպիրի պիեսները:
Երկրորդ` եթե մշակվի մի այնպիսի գիտակցություն, որն ունակ լինի մտածել համաշխարհային մասշտաբով, պետք է տվյալ երկիրը հայտնվի պատմական մեծ իրադարձությունների կենտրոնում»:
Վերոհիշյալ անմտությունը մանրամասն լուսաբանվել է ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի «Երկունք» պաշտոնաթերթի 2019 թվականի հունիսյան համարի «Խախտել ճշգրտությունը, որպեսզի չխախտենք ճշմարտությունը» հարցազրույցում (Խ. Գասպարյան - Լ. Սարգսյան ), «Հրապարակ» օրաթերթում 2010 թվականին ( Խ. Գասպարյանի հոդվածում):
Առաջին վիճակահարույց հարցը հենց «խախտել ճշգրտությունը, որպեսզի չխախտենք ճշմարտությունը» բառակապակցությունն է, որը գրականագիտական քաղաքականության հստակ մանիֆեստային հայտարարություն է (ասածս հետագայում կապացուցվի հարցազրույցի այլ մանրամասերի քննարկման ժամանակ), թեև արտաքուստ խոսքը վերաբերում է թարգմանչական գործին և թարգմանչի առջև ծառացած խնդիրներին:
19- րդ և 20-րդ դարերում աբստրակցիոնիզմին հարողները, ապա 20-րդ և 21-րդ դարերի միֆական ռեալիզմի ներկայացուցիչները ճշգրտության վերացարկմամբ` բառի իմաստի և երևույթի ճշմարտացիությունը բնորոշող կարևորագույն դետալը խոշորացնելով, էականի տարանջատմամբ անէականից, կարողացել են ամբողջացնել ճշմարտությունը և ստեղծել գրական մեծագույն արժեքներ:
Իսկ գլոբալիստներն ընդամենը «վերացարկում» (հեռացում, շեղում) իմաստը փոխարինում են «խախտում» (քանդում` ամենաբնորոշ հոմանիշն է) իմաստով և արդյունքում ստանում են իրենց ձեռնտու քաոսիկ վիճակը` ամբոխավարության ահեթեթությունը: Հույս ունեմ, որ մերոնք այդ շփոթին հետևում են անգիտակցաբար` զուտ մոդայիկ լինելու պահանջից, վճարովի պատվեր ստանալու և գնահատված լինելու պահանջից: Ընդ որում, կյանքը ևս մեկ անգամ` արդեն մեր սերնդին, ապացուցեց, որ տիեզերքն ու մեր աշխարհը անչափ ճշգրիտ են ստեղծված և այդ ճշգրտության մեկ դետալի խախտումն արդեն ճշմարտության խեղաթյուրում է առաջացնում :
Մեծ լեզվաբաններ Հր. Աճառյանի «Հայերենի արմատական» և Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական» բառարններում «խախտել» բառն առաջինում բնորոշվում է` ա) խարխուլ և անհաստատ, բ) խախուտ, քանդված, գ) քակտում, տեղից հանել... Իսկ երկրորդում` ա) խանգարել որևէ բանի շարունակվելուն, ընդհատել, դադարեցնել, բ) չկատարել որևէ բան , զանց առնել, չկիրառել, գ) թուլացնել, խախուտ դարձնել, դ) դրժել խոստացածը, սահմանվածը չիրագործել , պայմանից , խոստումից հրաժարվել, ե) տեղահան անել, զ) քակել, ետ տանել, քանդել, է) եղծել, խաթարել, թ) պառակտել , ջլատել:
Ահա` պառակտված , ջլատված, եղծված, խաթարված, քանդված, դրժված և չշարունակվող ճշգրտությամբ ինչպե՞ս կարելի է հասնել ճշմարտության: Անհեթեթություն է:
Ընդհանրապես որևէ լուրջ գրական արժեք չստեղծած, սակայն հնարավոր բոլոր գրական ժանրերում բոլոր հնարավոր դափնիների կրող ( աշխարհն իրենց՝ գլոբալիստների ձեռքերու՞մ չէ) ՈՒմբերտո Էկոն, մեջբերելով իտալացի մի հեղինակի «չի կարող լինել բուլղարացի մեծ բանաստեղծ» անհեթեթ խոսքը` այն դրոշ է դարձրել և մեկնաբանել է գլոբալիզացիայի ձեռնտու դիրքերից ինչն էլ հաճույքով և կամակատարի նվիրվածությամբ տարփողում են արդեն «մերոնքականները»: Իբր, եթե մի լեզվով քիչ մարդիկ են խոսում և կարդում, ապա այդ լեզուն մեծ չէ` տարածված չէ, հանրահայտ չէ։ Եվ այդ լեզվով մեծատաղանդ ստեղծագործողը չի կարող լինել մեծ բանաստեղծ կամ մեծ գրող: Եվ, ընդհանրապես, այդ լեզուն չի կարող ներկայացնել մեծ մտածողների և ունենալ մեծ գրականություն:
Բացարձակ հավասարություն դնելով «հանրահայտություն» և «մեծություն» իմաստների միջև` գլոբալիստները հերթական անգամ, շիլաշփոթ են ստեղծում և կեղծ տեսությունների միջոցով մարդկանց ուղեղներում սերմանում... քաոսիկ վիճակ:
Եվ նույնիսկ չեն ամաչում սուտ վկայություն տալուց : Արդյո՞ք սուտ վկայություն չէ «իտալացի մի հեղինակի» արտահայտությունը` բամբասանքի մակարդակի խոհանոցային զրույց: Իտալացի այդ հեղինակն անուն չունի՞: Նա գրական գործ չունի՞, որ, գոնե, գրքով նրան իմանանք:

Ո՞վ է նա: Մտացածին, հորինովի մա՞րդ է, ֆե՞յք է:

Թե՞ կա մեկը, որը գրական արժեք չի ստեղծել և սովորական փնթի գրչակ է, որի անունն ամենևին հեղինակություն չէ: Այդ դեպքում ինչու՞ են նրա փնթի մտքերը գաղափարախոսություն դարձնում:
Հիմա քննարկենք «հանրահայտ» ու «մեծ» հասկացությունները: Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական» բառարանում արվեստին և մասնավորապես գրական գործի արժեքին և գրողին վերաբերվող «մեծի» հետևյալ իմաստներն են հարիր...5) զգալի, նշանակալի, նշանավոր, 6) կարևոր, իր նշանակությամբ` դերով շատ խոշոր, 7) թանկ, թանկագին...9) անվանի, տաղանդավոր, շատ շնորհալի, որևէ տեսակետից մեծատաղանդ...11) արժեքով նշանակալից, մեծարժեք...12) շատ նշանավոր, անմոռաց...
«Հանրահայտ» բառն իր հերթին բացատրվում է որպես ա) բոլորին հայտնի, բ) բացահայտ, բացարձակապես հայտնի, գ) հանրահռչակ... իմաստներով:
Ինչպես տեսանք` լեզվաբանական տրամաբանության տեսակետից ոչ «մեծն» է բացատրվում «հանրահայտով» և ոչ էլ` «հանրահայտն» է բացատրվում «մեծով»:
Նաև մի փոքր էքսկուրս կատարենք առօրեական տրամաբանության ոլորտը, որից էլ սարսափում են գլոբալիստները: Մարդկության կեսից ավելին չգիտի տրիլիոն թվի գոյության մասին: Միաժամանակ բոլորը գիտեն 100-ի մասին: Ամեն օր յուրաքանչյուրս տասնյակ և ավելի անգամ խոսում ենք 100 դրամի, ռուբլու և դոլարի մասին, գործարքներ ենք կատարում:

Փաստորեն 100-ն ավելի հանրահայտ թիվ է, քան հաճախ նույնիսկ չհիշվող տրիլիոնը: Հիմա ամենօրյա օգտագործող ու արտաբերվող 100-ն ավելի մե՞ծ է քիչ օգտագործվող և անհանրահայտ տրիլիոնից կամ ․․․ նույնիսկ միլիարդից: Անհեթեթությու՛ն:
Հայաստանի յուրաքանչյուր բարձր դասարանցի հաստատ գիտի շոու բիզնեսի «աստղերի» մասին: Սակայն այդ նույն պարմանիների մեծ մասը նույնիսկ չի լսել պրոֆեսիոնալ երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի կամ երաժիշտ Կոնստատին Օրբելյանի մասին: Փաստորեն շոու բիզնեսի «աստղերն» ավելի հանրահայտ են:
Հիմա նրանք իրենց սիրողական կլկլոցով ավելի մե՞ծ են, քան պրոֆեսիոնալ այդ լուրջ երաժիշտները: Համեմատելը նույնիսկ անհեթեթություն է:
Նորօրյա տեխնոլոգիաները կարող են հանրահայտ դարձնել ցանկացած ոչնչության կամ նույնիսկ հորինովի մարդկանց և սոսկ մտացածին ֆեյքերի։ Ֆեյքերը մե՞ծ են արդյոք։ Կատարյալ անհեթեթություն։ Ահա նման համաշխարհային շիլաշփոթի են ձգտում գլոբալիստները։
Ընդհանրապես քաոսի սերմանման, խառնակությունների նախաստեղծ տեսության և գործնականի ամենահզոր միջոցը անհեթեթությունների տարփողումն է, չարժեքների գերադասումը արժեքներից, որով ամլացնում են մարդու հիշողությունն ու վերլուծելու կարողությունը՝ նրան զոմբիացնելով և մանկուրտ դարձնելով։
Սակայն այլևս չի կարելի։ Գոնե Հայաստանում սուտ վկայություններ տալ և խառնակել այլևս չի կարելի, որովհետև մենք մեր բնօրրանում բազում այլ խնդիրներ ունենք։ Հայերեն չի կարելի, որովհետև այդ լեզվով Աստվածներն են խոսել, որի մասին վկայում է Բայրոնը։ Մի՞թե պարզ չէ, որ սուտ վկայությունն ու ամբաստանությունը, խառնակությունն ու իսկական արժեքների ծանակումը հոգեպես մահացնում է ժողովրդին, ոտնահարում նրա ինքնությունը, ստորացնելով այլոց առջև՝ պարտադրելով անարժանապատիվ գոյի կեցություն։
Եթե Մեծեր չունենք, ապա չունենք և չենք ունեցել մեծագործություններ։ Որովհետև կամ Մեծերն այդ մեծագործությունները կատարում, կամ էլ Մեծերն են ժողովրդին մեծագործությունների առաջնորդում։ Մի՞թե զրոյական են մեր Ավարայրն ու Սարդարապատը, Մուսա լեռն ու Շուշին, Ռայխստագի առջև մեր հաղթական «Քոչարին», Եղեռնից հետո մեր հառնելնու ԽՍՀՄ-ի համակարգում ամենաբարգավաճ ու ծաղկուն հանրապետության կառուցումը․ մեր ողջ մաքառումն ու ստեղծագործ գոյությունը․․․

Այնինչ պատմահայր Խորենացին էր, կարծես, հենց այս օրերի համար ասել, որ «թեև մենք փոքր ածու ենք, բայց ունենք մեծագործություններ, որոնցով կարող ենք հպարտանալ»։ Ժխտե՞նք պատմահորը հանուն գլոբալիզմի չնչին հուդայականության երեսուն արծաթի։

Բայց կարո՞ղ ենք ժխտել․․․
Եվ մի՞թե մեծ չէ արդի ազգերից հնագույն ժողովրդի լեզուն, որն իր մեջ ներառել է աշխարհի հիշողությունը՝ կրելով առաջին ժողովուրդներ շումերների ու խեթերի, ղպտիների ու լուվիացիների, մեդիացիների ու բաբելացիների․․․ լեզվաշերտերը։ Աշխարհի բոլոր հուդաներին ու նրանց վարձք 30 արծաթները պարկերով, թեկուզ, լցնենք կշեռքի մի նժարին՝ էլի չեն կարող տեղարշարժել, գետնից պոկել աշխարհի հիշողությունն ու պատմությունն իր մեջ ամբարող հայոց լեզվի ծանրակշիռ նժարը։
Մի՞թե մեծ չէ աշխարհում հայտնի առաջին ազատագրական պայքարի և հաղթանակի իրողությունը՝ հինգ հազար տարի առաջ մեր Նահապետ Հայկի ապստամբելն ու հաղթելը Բաբելոնի տիրակալ Բելին, որով հիմք դրվեց հայկազուններիս ժողովուրդ դառնալու գործընթացին։
Մի՞թե մեծ չէ մ․թ․ա․ 2-րդ հազարամյակում Հայկի թոռ Արամի աշխարհակալ արշավանքների նշանակությունը, որով եգիպտական փարավոնների գահին մի քանի դար բազմեցին Արամի հետնորդները՝ Հայքի թագավորական տան զարմերը, հունական արտասանությամբ՝ հիքսոսները։ Եվ արևելյան աշխարհը Արամ առաջնորդին հետևող ժողովրդին ու բանակին ճանաչեց որպես արամյանցներ՝ արմյաններ։ Եվ Արամ աշխարհակալի արշավանքների հետևանքով աշխարհի մյուս ժողովուրդները սովորեցին հացահատիկի ու խաղողի մշակումը, կաթնամթերքի ու կաշվի մշակումը, երկաթի ու ոսկու մշակումը․․․․ Քաղաքակրթություն տվեցինք աշխարհին և արդյո՞ք դա մեծագործություն չէր։
Եվ աշխարհի ժողովուրդներին արի «քաջ» - արիականության կեցության ձևն ու գաղափարախոսությունը տվեցինք Արարատ լեռան երկրի Արամ առաջնորդի առնական բանակի կողմից, որը, ցավոք, հիմա յուրացվել է այլոց կողմից ու անտեսվում է դրա հայկական հիմքը ։
Պատմական այս անդրադարձը կատարում եմ, որովհետև վերոհիշյալ ՈՒմբերտո Էկոն նաև նշել էր, որ հնարավոր է մեծ գրականություն ստեղծել՝ լինելով պատմական իրադարձությունների կիզակետում։ ՈՒ մերոնք դա կրկնում են այն ենթատեքստով, որ մեր օրերում Հայաստանը և հայ ժողովուրդը, իբր, դուրս է մնացել պատմական մեծ իրադարձություններից ։ Միամի՞տ, թե՞ մտածված հավկուրություն է․․․
Մի՞թե պատմական մեծ իրադարձություն չէր 90-ականների Արցախյան ազատամարտն ու հաղթանակը, որով ոչ միայն Արցախի ժողովուրդը կարողացավ ապացուցել իր գոյության իրավունքը, ոչ միայն հայ կամավորն ապացուցեց իր խիզախությունն ու անձնազոհությունը, այլ նաև ջարդեցինք ռադիկալ մուսուլմանական տեռորիստական վարձու այլազգի խմբավորումներին, թույլ չտվեցինք, որ նրանք դեռ 1990-ականներից Կովկասը դարձնեն Սիրիայի և Իրաքի նման լայնածավալ արյունոտ թատերաբեմ։ Մենք նաև կրծքով փակեցինք համաշխարհային քաղաքակրթությանը վտանգ սպառնացող պանթուրանական ծրագրերը։ Փառք ու պատիվ հայ կամավորին, զինվորին ու ազատատենչ արցախցուն։ Աշխարհը պարտավոր էր նրանց ըստ արժանվույն գնահատել, ինչը, ցավոք, չեղավ։ Եվ այսօր կրկին հայ ժողովուրդն է միայնակ կրծքով պաշտպանում համաշխարհային քաղաքակրթությունը։
Եվ արդյո՞ք գրողն ապրում է միայն առօրյայով։ Սա՞ է գլոբալիստների հղումը։ Անհեթեթությու՞ն չէ այն․․․
Եվ, ընդհանրապես, Մեծ գրող կարող է լինել միմիայն նա, ով ծառի պես արմատներ ունի իր հայրենի հողում։ Ով իր ազգի և համաշխարհային քաղքակրթության հիշողությունն է ամբարել իր մեջ։ Եվ դա կրելով ՝ ապրում է նաև այսօրվա աշխարհի և երկրի հոգսերով։ Եվ իր յուրաքանչյուր բառի համար պատասխանատու է պատմության առջև, ներկային ու ապագային։ Մի խոսքով ՝ պատասխանատու է Աստծո առջև։ Սա է նվաստիս կարծիքը։
Մի՞թե մեծ չէ մ.թ․ա․ 2-րդ դարում հայկազուն Արտաշեսի կողմից հայկազուն Երվանդունիների տրոհված թագավորություններն ու իշխանությունները միավորելով ողջ Հայկական Լեռնաշխարհում և դրան միացնելով լեռնաշխարհից դուրս բոլոր հայալեզու տարածքները «ըստ հայոց լեզվի տարածվածության՝ այդպես է պնդում քերթողահայր Խորենացին»՝ կրկին վերականգնեց Արամ Նահապետի օրոք սահմանված մեր պատմական հայրենիքը՝ Մեծ Հայաստանը - ծովից ծով Հայաստանը։ Եվ երկրի չորս ծագերում սահմանաքարեր կանգնեցրեց, որ բոլորն իմանան՝ սա Հայաստանն է։
Եվ չունե՞նք այսօր մեր ժողովրդի միասնականության և հավաքականության չարենցյան կոչ-պատգամը, հանուն հայրենիքի ինքնակիզման և անձնազոհության տերյանական պատգամը, ժողովրդի վիշտն ու երազանքները սրտում ամփոփելու և դրանցով ապրելու թումանյանական պատգամը, Աստծով մարդանալու նարեկյան պատգամը, մայր բնությամբ մեզ ճանաչելու սահյանական պատգամը, անարդարության դեմ միշտ խիզախելու սևակյան պատգամը, մայրապաշտության շիրազյան պատգամը, Էրգրի մորմոքի ու վերադարձի գալշոյանական ու դավթյանական պատգամները․․․

Որն ասե՞մ․․․

Մի՞թե նրանք Մեծեր չեն և դրանք Պատգամներ չեն։ Դրանց հետևելն այլևս իմա՞ստ չունի։ Մենք անմշակույթ և անպատմություն, անհիշողություն հավաքածու՞ ենք, լավագույն դեպքում մանկուրտված ամբո՞խ ենք․․․

Այս է գլոբալիստների «խորիմաստ» մանիպուլյացիաների ենթաքեստը։
Մեծեր չունեցած և մեծ գրականություն չունեցած ազգի երիտասարդն ընդհանրապես կսկսի արհամարհել մայր լեզուն և նրանով առկա տպագիր խոսքը, այլևս չի կարդա մայրենիով՝ կօտարվի նրանից։ Ինչու՞ կարդա, եթե նման դասախոս «գիտուններն» են ասում, որ մեր փոքր՝ քիչ տարածված լեզվով արժեքավոր ոչինչ չեն կարող ստեղծել։
Գրական լեզվից օտարվելով՝ նա կօտարվի նաև իր ինքնությունից, որովհետև կամ կսկսի մտածել օտար լեզվով, կամ կմտածի փողոցային խղճուկ բառապաշարով, կամ, լավագույն դեպքում, սոսկ տարածքի բարբառով։ Ամեն դեպքում խախտվում է ժողովրդի Միասնական Մտածողության հիմքը։ Որովհետև գրական հայերենը մեր հավաքականությունը և միասնությունն ապահովող կարևորագույն ու կայուն միջոցն է, հայ ժողովրդի Գոյաբանական կոդի ավիշն է։

Գլոբալիստներիդ ծանո՞թ է նվաստիս այդ տեսակետը, որը ես ձևակերպել եմ դեռևս 3-րդ հազարամյակի սկզբներին։

Ինչու՞ ես՝ մշտապես արտերկրներ կամ չոլեր աքսորյալս, աստանդական ճգնավորս պիտի ձեզ՝ տիտղոսակիր ու դափնեկիր «գիտուններիդ» այսքանը բացատրեմ։ Անհեթեթությու՞ն չէ․․․
ՈՒշքի եկեք․ մենք հզոր ենք մեր ինքնատիպությամբ ու հավաքականությամբ, մեր ինքնագիտակցմամբ ու մեր մեկ ընդհանուր նպատակով՝ կրկին ծաղկեցնել Ավետյաց Երկիր Հայաստանը։
Մենք դատապարտված ենք հաղթելու և Ապրելու։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 2288

Մեկնաբանություններ