Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Սյունիքը սոցցանցերում միալար բզզալու տեղ չէ

Սյունիքը սոցցանցերում միալար բզզալու տեղ չէ
27.04.2023 | 22:18

Երեկ զանգահարել, խոսում էի երեք տեղից վիրավորված Սյունյաց զորքի հրամանատարի հետ. փառք Աստծո, առողջական վիճակն արդեն կայուն է:

Հարցիս՝ ինչպե՞ս է, ասաց՝ մարտունա՛կ:

Հրաշալի է, շուտով կլինի իր պոստում, Սյունյաց զորքը ավելի կզորանա:

Հերոս կերտելու, Զանգեզուրի լեռներին թշնամու քթի տակ արծվի պես պարող՝ «ջան, Արմեն, ջան» ասելու իրավունք և ժամանակ չունենք:

Դասերը լուռ քաղելու և պատվով գործելու ժամանակներ են:

Սյունիքը սոցցանցերում միալար բզզալու տեղ չէ, անմնացորդ գործելու տեղ է:

Իսկ երևանյան որոշ կաթնակեր լրագրողների կուզեի խորհրդի կարգով ասել՝ վերջ տվեք պատվեր կատարելուն, առաջին ու վերջին անգամը լինի՝ ընկնել սյունյաց սար ու ձոր, փնտրել ու գտնել երեք մանեթանոց լացող, բազմազավակ ու կիսագրագետ կնոջ, ձեռուոտից ընկած ծերի ու նրանց միջոցով ընկճել ժողովրդի ոգին, թշվառության ու վախի մթնոլորտ տարածել: Կամ՝ այս օրերին ապատեղեկատվություն, թշնամություն տարածել, իրար դեմ հանել գյուղի մարդկանց, սևացնել Ազատամարտի քաջերին, ներքաշել նրանց ճղճիմ բամբասանքների մեջ՝ միայն մի կողմին լսելով:

Դուք չեք կարող իմանալ, թե ձեր «անմեղ» բամբասանքից հետո ինչեր կարող են կատարվել, ինչպիսի ճակատագրական բաներ. առհավետ խզվում են տասնամյակների ընկեր-բարեկամական կապեր, ինչը միայն վնասում է գյուղի համախմբվելուն:

Ձեր մի անզգույշ, պառակտիչ բառը կարող է այստեղ զենքեր շարժել, դեռ լավ է՝ ձեր խելքին չենք, հսկա գերխնդիրներ կան:

Պատերազմական գոտի մուտք գործելուց առաջ՝ որքան էլ «ազդեցիկ» միջնորդագրերով, բարի եղեք նախապես խորհրդակցել իրավիճակին տիրապետող զորական ուժի հետ, լինի՝ աշխարհազոր, թե՝ սյունյաց բանակ:

Սա ձեզ համար էռատո շոու չէ, ոչ էլ՝ կնանոց բազար ու մանկամսուր:

Սյունիքը «Լալուն Մաշուն» տունը չէ, որ ինչ պատեհապաշտ ուզի՝ այս թեժ օրերին գրի, կամ մուտք գործի, իրավիճակն ավելի սրի՝ դիտումներ հավաքելու նպատակով:

Եթե լավը չեք կարողանում անել, ձեր գրով չեք կարողանում սարեր շարժել, ցավի դարմանն անել, վատն էլ մի արեք, էլ ավելի մի թեժացրեք իրավիճակը ձեր ճղճիմագրությամբ, մի շեղեք մարդկանց իրենց հիմնական գործից:

Այն, ինչ չի կարող թշնամին անել, տանու չարագործը կարող է մեծ հաջողությամբ թևեր փշրել:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 16246

Մեկնաբանություններ