Սին հույսեր չպետք է ունենալ
06.11.2020 | 10:20
ԱՄՆ-ը ընտրում է իր 59-րդ նախագահին։ Իրեն ժողովրդավարության «հայր» համարող այս երկրում ընտրությունների նախօրյակին այնպիսի իրավիճակ էր, որ զենքի խանութներն արագ դատարկվել էին, մարդիկ զենք էին գնում՝ «նախապատրաստվելով» հետընտրական զարգացումներին։ Հաշվի առնելով թեկնածուների ձայների չնչին տարբերությունը՝ հետընտրական թեժ գործողությունները չեն բացառվում։ Մինչ այդ հիշենք, թե նախընտրական շրջանն ինչով առանձնացավ։
Աշխարհի բոլոր երկրներին քաղաքական, ընտրական մշակույթի դասեր տվող ԱՄՆ-ը շա՜տ «մշակութային» նախագահի թեկնածուներ ուներ։ Նրանց դեբատների որակը, մեղմ ասած, ոչ քաղաքական էր, ոչ հետաքրքիր, ոչ էլ, առավել ևս, միտք ու գաղափար կար այդ ամենում, պարզունակ ու ցածրակարգ էր, մինչդեռ խոսքը աշխարհի զարգացած և գերտերություն համարվող երկրի մասին է, նրա նախագահի ապագայի տեսլականի։ Նրանց նախընտրական տեսահոլովակներն էլ հուսադրող չէին. սկսվում էին իբր ռասիզմի մերժմամբ և ավարտվում միասեռականների քարոզով։ Անգամ ընտրությունների շեմին պահպանողական Թրամփը, հանուն ԼԳՏԲ համայնքի քվեի, սկսեց նրանց կողմն անցնել։
Ընդհանրապես, ԱՄՆ-ում շատ անտրամաբանական բաներ կան, բայց այս երկիրն իրեն կարող է թույլ տալ ունենալ այսպիսի ղեկավարներ, որովհետև իրականում այնտեղ աշխատում են համակարգերը, ինստիտուտները, իսկ թե ձևական առումով ով կլինի նստած Սպիտակ տանը, երկրորդական է։
Այս առումով, երբ Հայաստանում ոմանք մեծ հույսեր են կապում այս կամ այն թեկնածուի ընտրության հետ, թե նա կարող է մեր տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը փոխել, հասնել ու թրի մեկ հարվածով կանգնեցնել պատերազմը, մեղմ ասած, ծիծաղելի է։ Իհարկե, պայմանավորված դեմոկրատ կամ պահպանողական ղեկավարի ընտրությամբ, ԱՄՆ-ի քաղաքականության որոշ շեշտադրումներ կարող են փոխվել, բայց էությունը, այս տարածաշրջանում նրա հետապնդած շահերը չեն փոխվել երբեք ու չեն փոխվելու։ Ի տարբերություն ոմանց իրավիճակային արտաքին քաղաքականության, ԱՄՆ-ը հստակ ձևակերպված հայեցակարգ ունի և անխախտ գնում է այդ ուղղությամբ, ավելին, յուրաքանչյուր նախագահ ինքն է ենթարկվում այդ կանոններին, ոչ թե դրանք ենթարկում իրեն։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ