«Իրատեսը» Ազգային ժողովի նախագահ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ հարցրեց՝ ի՞նչ գնահատական կտա հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Ի պատասխան ԱԺ խոսնակը կարևորեց, թե առաջին հերթին միջազգային հանրությանը պետք է կարողանանք փոխանցել ամբողջ եղելությունը:
-Ադրբեջանի կողմից Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ սադրիչ գործողություններ են տեղի ունեցել: Այդ գործողությունները մեր զինված ուժերի կողմից արժանացել են համարժեք պատասխանի: Կանխվել են դիվերսիայի փորձերը: Ինչպես միշտ, Ադրբեջանի զինված ուժերն այս անգամ ևս չեն բավարարվում միայն մեր զինվորականների ուղղությամբ արձակվող կրակոցներով, գնդակոծում են նաև քաղաքացիական բնակչությանը, գյուղերը, տեսանք, որ արկերից մի քանիսն ընկել են խաղաղ գյուղերի տների վրա: Այս ամենը խիստ դատապարտելի է, դրանք միջազգային բոլոր կոնվենցիաների ակնհայտ ճչացող խախտումներ են: ՀՀ ԱԳՆ-ն և խորհրդարանականներն իրենց խողովակներով այս ամենի մասին պարբերաբար և շատ մանրամասն տեղեկացնում են Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներին և այն բոլոր կառույցներին, որտեղ Հայաստանը որևէ անդամություն ունի:
-Ինքներդ ի՞նչ կառույցների եք նամակներ հղել:
-Տեղեկացնող նամակներ եմ ուղարկել Եվրոպական պառլամենտի ղեկավարին, ԵԱՀԿ խորհրդարանական վերհաժողովի նախագահին, ինչպես նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մեր գործընկերներին: Վերլուծությունները տարբեր են, տեսակետ կա, որ Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է պարպել իր երկրի ներսում առաջացած դժգոհությունը և այն ուղղել իրենց կողմից մշտապես թշնամի հռչակված ՀՀ-ի, հայ ժողովրդի ուղղությամբ: Հատկանշանական է, որ այս օրերին տեղի ունեցող գործողությունները որևէ կերպ չեն առնչվում Արցախին, այլ տեղի են ունենում Հայաստանի սահմանի ուղղությամբ:
-ՀԱՊԿ-ն արձագանքն ինչպե՞ս է գնահատում:
-Ընթացիկ, ըստ էության՝ խաղաղություն հաստատելու կոչեր են: ՀԱՊԿ-ի մեր գործընկերները տեղեկացված են այն մասին, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և այլ միջամտության կարիք չկա:
-ՈՒկրաինայի հայտարարության մասով ի՞նչ կասեք:
-Բարեկամ կամ հարևան ժողովրդի հետ միշտ էլ աշխատելու տեղ ունենք:
-2016-ի ապրիլյան պատերազմի ու այս օրերի սահմանային լարվածությունը համեմատելի՞ է:
-Մեր զինվորների անձնազոհ պահվածքը, մեր սպայական կազմի պրոֆեսիոնալիզմը բարձր եմ գնահատում մշտապես՝ և՛ նախկինում, և՛ այժմ: Տարբերություն կա այլ հարթությունում՝ ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարության դիրքորոշումների առումով: Այս պահին չէի ցանկանա համեմատականներ անել, նույնիսկ եթե այժմյան իրավիճակի ու ղեկավարության վարած քաղաքականության առավելություններն ընդգծելու լինեի: Պատմությունը միշտ ամեն ինչ իր տեղն է դնում: Ինչ վերաբերում է համեմատականներ անցկացնելու անհրաժեշտությանը, ապա կարող եք թերթել սոցիալական ցանցերի ձեր օգտահաշիվների լրահոսը և պատասխանն առավել քան պարզ կլինի:
Ճեպազրույցը՝
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ