Մեր երկրում ավելի քան 4000 սփյուռքահայ ուսանող կա։ Մի մասը Հայաստանում է կրթություն ստանալու նպատակով, սակայն շատ են այն երիտասարդները, ովքեր որոշել են հաստատվել հայրենիքում։ Մեծ է նաև Հայաստանի քաղաքացիություն ընդունած սփյուռքահայ երիտասարդների թիվը։ Սփյուռքահայ ուսանողները Հայաստանում բավականին խնդիրներ ունեն, որոնց լուծման անհրաժեշտությունը կա։ Այդ խնդիրների մասին զրուցում ենք սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ ՍԱՄՎԵԼ ՄԿՈՅԱՆԻ և նշված կառույցի երկրների պալատի Սիրիայի ներկայացուցիչ ՍԱՐԳԻՍ ԲԱԼԽՅԱՆԻ հետ։
Ինչպես նշում են մեր զրուցակիցները, սփյուռքահայ ուսանողների թերևս ամենամեծ խնդիրն ուսման վարձն է և ուսանելու տարիներին ռոտացիոն համակարգին մասնակցելու անհնարինությունը։ Սփյուռքահայ ուսանողներն ուսման վարձը վճարում են 30 տոկոսով ավելի, ինչպես արտասահմանցի ուսանողները։ Բացառություն են միայն ջավախահայերը, որոնց վարձավճարները 1-2 տարի առաջ հավասարեցրին հայաստանցի ուսնողների վարձավճարներին։ Սփյուռքահայ ուսանողները, այդ թվում` ջավախահայերը, բուհերում հնարավորություն չունեն մասնակցելու ռոտացիոն համակարգին։ Վճարովի համակարգում սովորող ուսանողները բարձր առաջադիմության դեպքում տեղափոխվում են անվճար համակարգ, իսկ անվճար համակարգում սովորող ցածր առաջադիմությամբ ուսանողները՝ վճարովի։ Այս սկզբունքից օգտվել սփյուռքահայ ուսանողները չեն կարող։ Սամվել Մկոյանը նշում է, որ սփյուռքահայ ուսանողների խորհրդի ակտիվիստների մեծ մասն ունի գերազանց առաջադիմություն, սակայն նրանք ո՛չ կրթաթոշակ են ստանում, ո՛չ ուսման վարձը զեղչելու հնարավորություն ունեն, ո՛չ էլ կարողանում են ռոտացիոն համակարգին մասնակցել։ Եվ սա լուրջ խոչընդոտ է սոցիալապես անապահով սփյուռքահայ ուսանողների կրթությունը շարունակելու ճանապարհին։ «Ճիշտ է, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 70 անվճար տեղ է հատկացնում սփյուռքահայ ուսանողների համար, սակայն դրանք վերաբերում են միայն հայագիտական մասնագիտություններին»,- նշում է Սամվել Մկոյանը։ Շատ դեպքերում սփյուռքահայ ուսանողներին առաջարկվում է բուհ ընդունվել ոչ թե օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգով, այլ մասնակցելով միասնական քննություններին։ Այս դեպքում նրանք կարող են օգտվել նաև անվճար սովորելու իրավունքից։ Այստեղ, սակայն, առաջ են գալիս և՛ լեզվական, և՛ կրթական խնդիրներ։
Երիտասարդները բարձրացնում են նաև Հայաստանում կեցության խնդիրը։ Հանրակացարանները մեզանում քիչ են, իսկ տուն վարձելն ու մյուս կենցաղային հարցերը բավականին թանկ են արժենում սփյուռքահայ երիտասարդների համար։
Կարևոր են նաև հոգեբանական խնդիրները։ Կենցաղը, մշակույթը տարբերություններն էապես տարբերվում են, և սփյուռքահայ ուսանողները, Հայաստան գալով, դրանց հարմարվելու խնդիր ունեն։ Այս հարցում աջակցելու նպատակով սփյուռքահայ ուսանողների խորհրդում ստեղծել են հոգեբանական ակումբ, որտեղ անվճար անհատական հոգեբանական խորհրդատվություն է իրականացվում։ Բացի այդ, մեկնարկում է ինքնաճանաչման, ինքնազարգացման դասընթացների երրորդ փուլը, որն օգնում է հայաստանյան իրականությանն ավելի հեշտ հարմարվելուն։ «Մեր կազմակերպության նպատակներից է` անել ամեն հնարավորը, որ սփյուռքահայ երիտասարդներն արագ ինտեգրվեն հայաստանյան կյանքին»,- ասում է Սամվել Մկոյանը։
Եղած պրոբլեմների մասին բազմիցս բարձրաձայնվել է լրատվամիջոցներով։ Այսօր սփյուռքահայ ուսանողների խորհուրդը մեխանիզմներ է մշակում առկա հարցերը պատկան մարմինների առջև բարձրացնելու ուղղությամբ։
Սարգիս Բալխյանը Հայաստանում սովորել է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում, ուսանել է նաև Սիրիայում և Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ-ի համալսարանում ուսանել է միջազգային հարաբերություններ և ցեղասպանագիտություն։ Համեմատելով մեր երկրի և ԱՄՆ-ի բուհերը` Սարգիսը նշում է, որ կազմակերպական առումով ամերիկյան կրթօջախներն ավելի շատ են աչքի ընկնում, սակայն ինչ վերաբերում է դասախոսներին, ապա Հայաստանում վերջիններս չեն զիջում իրենց ամերիկացի գործընկերներին, եթե չասենք` ավելի բարձր են։ Այլ հարց է ուսանողների լրջությունն ու մոտեցումը կրթական գործընթացներին։ ԱՄՆ-ում ուսանողն ավելի լուրջ է մոտենում իր ուսմանը, քանի որ հսկայական գումար է վճարում գիտելիք ստանալու համար։ Մեզ մոտ ուսանողներն իրենց վճարած գումարի համար չեն ցավում և հետևողական չեն գիտելիք ստանալու հարցում։
Սիրիահայ երիտասարդներին աջակցելու մասին այսօր շատ է խոսվում։ Իրականում արվո՞ւմ են նման քայլեր։ Սարգիս Բալխյանը նկատում է, որ վերջին շրջանում կառավարությունը տարբեր որոշումներ է կայացրել նրանց հոգսը թեթևացնելու համար։ Մասնավորապես, սիրիահայ ուսանողների ուսման վարձը հավասարեցվել է հայաստանցիների ուսման վարձին, բացի այդ, նախապատրաստական կուրսում սիրիահայերին տրամադրում են 50 տոկոս զեղչ։
Սարգիսը, որ ունի Սիրիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն, որոշել է մշտապես հաստատվել Հայաստանում։ «Իմ ծննդավայրը Սիրիան է, ես շատ եմ սիրում Սիրիայի ժողովրդին, արաբներին, բայց ի վերջո հայ ժողովրդի միակ ապագան Հայաստանի սահմանների ներսում է։ Որքան էլ ուզենանք մեր սփյուռքը պահպանել, քանի որ այն սատար է կանգնում մեր հանրապետությանը, միևնույն է, հայրենադարձության ծրագրեր իրականացնելով` ավելի կօգնենք Հայաստանի հզորացմանը։ Հայաստանը գուցե հնարավորություն չունենա նպաստելու հայրենադարձության խնդիրներին, բայց այն հայը, ով նվիրված է Հայաստանին, պետք է թեկուզ շատ զիջումների գնով գա ու հաստատվի հայրենիքում։ Դրա համար քաջություն է պետք ու կամք»,- ասում է Սարգիսը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ