Սեպտեմբերի 8-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամը Շուշիում հանդիսավորությամբ բացել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը: Արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:
Ըստ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանի` կրթօջախը հիմնովին վերակառուցվել է Ռուսաստանի հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում ամրացվել, վերակառուցվել են դպրոցի եռահարկ և երկհարկանի երկու մասնաշենքերը` միմյանց միացնող միջանցքներով (ընդհանուր մակերեսը` 7300 քմ): Հիմնանորոգված դպրոցում արդեն գործում են 20 հյուրընկալ և ընդարձակ դասասենյակներ, երկու լաբորատորիա, 10 մասնագիտական կաբինետ, գրադարան, դահլիճ, սպորտդահլիճ: Ֆիզկուլտուրայի դասերը կանցկացվեն նաև բացօթյա սպորտհրապարակում: Դպրոցում կգործի խոհանոցով ճաշարանը, իսկ նորակառույց ենթակայանն ու կաթսայատունը կապահովեն շենքի կանոնավոր էլեկտրամատակարարումն ու ջեռուցումը:
Ըստ Հ. Գրիգորյանի, դպրոցում գործող երկու համակարգչային սենյակները հիմնվել են ԱՄՆ-ի արևելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ (հովանավորներ` Անահիտ Պէյլերյան, Արթուր և Լուկրետիա Յաղջյաններ, Վազգեն և Անի Գասապյաններ, Ջոզեֆ և Ջեննիֆեր Օղուռլեյաններ, «Աճեմյան» հիմնադրամ), իսկ դասասենյակները, դահլիճն ու սպորտդահլիճը` հիմնադրամի Իտալիայի նորաստեղծ գրասենյակի ջանքերով հանգանակված գումարներով:
«Այսպիսի հոյակապ դպրոց ունենալու համար երախտապարտ ենք Ռուսաստանում ապրող մեր հայ համայնքին և «Հայաստան» հիմնադրամին: Սա մեր եռամիասնության լավագույն դրսևորումներից է: Այս կրթօջախը մենք վերստացանք ոչ թե դրամահավաքի, այլ ազգային տուրքի արդյունքում»,- նշել է դպրոցի տնօրեն Նազիկ Նալբանդյանը:
Նշենք, որ ներկայումս դպրոցում սովորում է ավելի քան 330 աշակերտ: Կրթօջախի ամբողջական հիմնանորոգումը նպատակ ունի վերականգնելու նախկինում այստեղ սովորող շուրջ 1200 աշակերտների թիվը:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ