Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՈՉ ԹԵ ՊԱՐԶԱՊԵՍ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ

ՈՉ ԹԵ ՊԱՐԶԱՊԵՍ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ
13.01.2012 | 00:00

Նախագահական ընտրություններում Վիկտոր Յանուկովիչի և «Տարածաշրջանների կուսակցության» հաջողությունը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում` սոցիալական և տնտեսական, բայց նախ և առաջ նրանով, որ ՈՒկրաինայում բնակչության թվով գերակշռում են հարավարևելյան և կենտրոնական մարզերը։ ՈՒկրաինական քաղաքականության երկու հիմնական «բևեռները»` Արևելքն ու Արևմուտքը, մնում են իրենց ավանդական դիրքերում, և իշխանության խնդիրը լուծվեց կենտրոնական մարզերում, որոնց բնակչությունն ավելի քիչ է քաղաքականացված և «զզված» է ամեն տեսակի «կողմնակի» գաղափարներից, երկրում տնտեսական և քաղաքական կայունության բացակայությունից։ Երևան է եկել ոչ թե պարզապես նոր իշխանություն, այլ նոր իրավիճակ, որը, այնուամենայնիվ, քիչ է տարբերվում նախընթաց ժամանակաշրջաններից։ Վիկտոր Յուշչենկոն անձնավորում է մի տեսակ չափավոր ուկրաինական ազգայնականությունը, որը սնունդ է տալիս ազգայնականության ավելի կոշտ ձևերի։ Այդուամենայնիվ, Յուշչենկոն ու նրա թիմը միանգամայն հաջողությամբ ու տևականորեն հենվում էին Արևմտյան ընկերակցության օգնության ու աջակցության վրա։ Յուլյա Տիմոշենկոն նույնպես, ինչպես և Յուշչենկոն, հենվելով Արևմուտքի վրա, ավելի ազատական դիրքեր էր հետապնդում, ձգտելով իրատեսորեն վերաբերվել ոչ միայն Արևելքին, այլև Արևմուտքին։ Տիմոշենկոն ու նրա «Բատկովշչինա» կուսակցությունը մոտ էին քաղաքական հաղթանակին, և, ըստ էության, նրան չհերիքեց բնակչության որոշ խավերի աջակցությունը ինչպես կենտրոնական, այնպես էլ արևմտյան մարզերում։ ՈՒկրաինայի քաղաքական կյանքում ազդեցության երեք «բևեռների», ինչպես նաև այլ ազդեցիկ խմբավորումների տևական գոյությունը վկայում է, որ երկրի իրավիճակը դեռևս չի կայունացել, և բանը միայն կայունությունը չէ։ Ինչպես «նարնջագույն» հեղափոխության պարագլուխների, այնպես էլ հիմա` նրանց ընդդիմախոսների օրոք, ՈՒկրաինան շարունակում է մնալ պառակտված երկիր, ընդ որում, նույնիսկ ոչ թե երկու, այլ երեք մասի։ Լիովին հասկանալի է, որ ուկրաինական ազգի գոյության պայմաններում օբյեկտիվորեն գոյություն ունի երկու կամ երեք ուկրաինական ազգություն։ Արևմտյան ՈՒկրաինան Կենտրոնական Եվրոպայի միանգամայն ամբողջական, յուրօրինակ երկիր է, որն օժտված է այնպիսի ազգերի հետ ընդհանուր գծերով, ինչպիսիք են լեհերը, սլովակները, հունգարները, չեխերը, հորվաթները։
ՈՒկրաինայի խնդիրը հիշեցնում է նախկին Հարավսլավիայի իրողությունները, որտեղ մեկտեղված էին ցեղակից, բայց և հսկայական տարբերություններ ունեցող ժողովուրդներ։ Ընդ որում, այդ տարբերությունները ոչ թե հարավարևելյան ու արևմտյան մարզերի, այլ արևմտյան և կենտրոնական մարզերի միջև են։ Ինչ վերաբերում է հարավարևելյան մարզերին, ապա այստեղ բնակչությունը ոչ թե ուկրաինացիներ են, այլ, ավելի շուտ, ռուս ժողովրդի խոշոր ազգային խումբ։ Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի գոյության ամբողջ ընթացքում ՈՒկրաինայի հարավարևելյան մարզերի բնակչությունը համարվում էր արհեստականորեն ՈՒկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ մտցված, իսկ իրականում իրեն զգում էր որպես ռուս գերազգի մաս։ Դոնեցկի, Լուգանսկի, մասամբ նաև Խարկովի մարզերի բնակչության 60-80 տոկոսը կազմում է ռուս ժողովրդի «ուկրաինական ճյուղը»։ Վիճակը խիստ խնդրահարույց է նաև Մերձդնեպրում, որտեղ գտնվում են այնպիսի ռուսականացած քաղաքներ, ինչպիսիք են Դնեպրոպետրովսկը, Զապորոժիեն, Դնեպրոձերժինսկը, Օդեսան, Նիկոլաևը և այլն, թեև այդ քաղաքները շատ արագ ուկրաինացվում են։ Արևմտյան ՈՒկրաինան երբեք չի հաշտվի այն բանի հետ, որ 20 մլն ուկրաինացիները ենթարկվեն մեկ այլ ուկրաինական ազգության, որոնք ազգային և աշխարհաքաղաքական գերակայությունների մասին այլ պատկերացումներ ունեն։ Հետաքրքրություն է ներկայացնում այն, որ Արևմտյան ՈՒկրաինայում, ինչպես նաև Կիևում ու այլ խոշոր քաղաքներում շատ քաղգործիչներ և առհասարակ հասարակության այն խավերը, որոնք տրամադրված են եղել պահպանելու ուկրաինական «մեծապետությունը» և ձգտել են անգամ ընդլայնել ՈՒկրաինայի սահմանները, հիմա ավելի ու ավելի են ձգտում բաժանվել հարավարևելյան մարզերից։ Ավելին, Արևմտյան ՈՒկրաինայում սաստկանում են ՈՒկրաինայից բաժանվելու տրամադրությունները։ Հիրավի ուկրաինական արժեքներն ամբողջ ՈՒկրաինայի վրա տարածելու, Կիևի իշխանությանը տիրանալու, իր կարողությամբ արտաքին քաղաքականություն վարելու որոշ փորձերից հետո արևմտյան ուկրաինացիները հասկացան, որ դա միանգամայն անիրական «ձեռնարկ» է և հարկավոր է հնարավորինս շուտ «պոկվել» մնացած ՈՒկրաինայից։ ՈՒնիատական ուկրաինական եկեղեցին շարունակում է մնալ «արևմտաուկրաինական» ազգի և Արևմտյան ՈՒկրաինայի` որպես առանձին երկրի գոյության հիմնապայման։
Ներկայումս ՈՒկրաինայի քաղաքական խավը վերաձևավորման, քաղաքական նոր ուժերի, այդ թվում` տարածաշրջանային քաղաքական կուսակցությունների կայացման շրջան է ապրում։ Ըստ էության, տարածաշրջանային քաղաքական կուսակցություններ գոյություն ունեն, բայց նրանց տարածաշրջանային պատկանելությունը դեռևս հռչակված չէ։ Ընդ որում, հենց հարավարևելյան շրջաններն են դարձել առավել ազդեցիկ ու կայացած տարածաշրջանային կուսակցության` «Տարածաշրջանների կուսակցության» ստեղծման նախաձեռնողը։ Այդ կուսակցությունն ու Վ. Յանուկովիչի թիմը միանգամայն հաջողությամբ ցույց տվեցին, որ տարածաշրջանների կուսակցությունը կարող է վերցնել իշխանությունը Կիևում և իր կամքը թելադրել ամբողջ ՈՒկրաինային։ Ակնհայտ է, որ հաջորդ խորհրդարանական, ապա նաև նախագահական ընտրությունները կդառնան որոշակիորեն դեպի Արևմտյան ՈՒկրաինա կողմնորոշված քաղաքական կուսակցությունների ձևավորման ու հաստատման ասպարեզ։ Եթե նկատի առնենք, որ, օրինակ, Վ. Յուշչենկոյի կուսակցությունը հիմնականում հենվում էր արևմտյան մարզերի վրա, ապա դա ևս տարածաշրջանային կուսակցություն էր։ Յու. Տիմոշենկոն մշտապես փորձում էր չեզոքացնել այդ բևեռական կողմնորոշումն ու ազդեցությունը, սակայն դրանից ոչինչ չէր ստացվում։ Թեև չի կարելի բացառել, որ ՈՒկրաինայում կան քաղաքական այնպիսի ուժեր (ինչպես ձախ-կենտրոնամետ, այնպես էլ աջ-ազատական բնույթի), որոնք պատրաստ են պայքար մղելու հանուն ՈՒկրաինայի ամբողջականության։ Այս առումով, ազատականների իրատեսությունը լիովին համապատասխանում է կոմունիստների ու մյուս ձախ կուսակցությունների ձգտումներին։ Այդուամենայնիվ, ՈՒկրաինան կանգնած է տրոհման շեմին, և դա չեն ժխտում առավել հոռետեսորեն տրամադրված քաղաքագետները, ովքեր մինչ այդ ոչ մի պարագայում այդ բանը հնարավոր չէին համարում։
Արտաքին ազդեցիկ ուժերն ուշադրությամբ հետևում են ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, բայց ներկա փուլում նախընտրում են չմիջամտել այդ գործընթացներին։ Երկարամյա փորձերից ու դրամատիկ ապրումներից հետո, Ռուսաստանը, վերջապես, հասավ «նվազագույն ծրագրի» իրականացմանը, նպաստելով, այսպես կոչված, ռուսամետ ուժերի իշխանության գալուն։ Վ. Յանուկովիչը մի շարք քայլեր ձեռնարկեց ամրապնդելու Ռուսաստանի դիրքերը Սևաստոպոլում, երկրի հարավ-արևելքի արդյունաբերական կենտրոններում, վառելիքամատակարարման համակարգում և այլ ոլորտներում։ Դրանով իսկ նա կատարեց իր մի շարք խոստումները, բայց ժամանակն է, որ Ռուսաստանն էլ կատարի ՈՒկրաինայի տնտեսության ամրապնդման մի շարք առաջադրանքներ։ Սակայն 46-միլիոնանոց երկրի տնտեսությանն աջակցելը նման չէ այնպիսի ոչ մեծ պետություններին աջակցելուն, ինչպիսին, ասենք, Բելառուսն է, որի հետ կապված մեծ խնդիրներ կան։ ՈՒկրաինայի հանրությունը, և առաջին հերթին ձեռներեցները, տնտեսական գործունեության ավելի նպաստավոր պայմաններ են ակնկալում` հույսեր կապելով Ռուսաստանի հետ։ Այդ ակնկալիքների հօդս ցնդելն ու Ռուսաստանի քաղաքականությունից հիասթափությունը, որ շատ շուտով տեղի կունենա, կհանգեցնեն նույն իրավիճակին, ինչ եղել է ՈՒկրաինայում նախորդ կառավարող վարչախմբերի օրոք։ Առայժմ ուկրաինական տնտեսությունը զգալի անկում է ապրում, և ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ՈՒկրաինայի արևմտյան գործընկերներն ի վիճակի չեն կասեցնելու այդ անկումն ու փրկարար դեղատոմսեր առաջարկելու։ Ռուսաստանն ի վիճակի չէ առաջարկելու էներգառեսուրսների գների զգալի իջեցում և ոչ էլ խոշոր վարկեր, որոնք էապես կփոխեին իրավիճակը։ Մոսկվան էական ոչինչ չի կարող առաջարկել նաև մետալուրգիայի և առհասարակ ծանր արդյունաբերության ոլորտում և շատ շուտով կկորցնի ՈՒկրաինայի վրա ներգործության լծակները, որն այլևս չի ձևացնի, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը հանգեցրել է տնտեսական առաջընթացի։
Մոսկվայում սկսում են հասկանալ, որ ռուսամետ ուժերն ՈՒկրաինայում է՛լ ավելի են կորցրել իրավիճակի հսկողությունը, քան եղել է ազգայնականների ու ազատականների օրոք։ Արևմտյան ՈՒկրաինան այլևս չի լինի սպասողի դերում, այլ կանցնի քաղաքական հարձակման, կազմալուծելով ամբողջ երկիրը, ինչը չի կարող ազդեցություն չգործել Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Ռուս քաղաքագետներն ավելի ու ավելի հաճախ և ավելի ու ավելի անորոշ են առաջադրում ՈՒկրաինայի տարածքային-պետական ամբողջականության պահպանման նպատակահարմարության հարցը։ Այդ քաղաքագետների թվին են պատկանում արդեն ոչ միայն, այսպես կոչված, «պետականամետներն» ու «հայրենասերները», այլև ազատական ու արևմտամետ փորձագետները։ Դա արդյունք է նախկին գործընթացների իմաստավորման, ինչի հետևանքով ավելի հասկանալի է դարձել, որ ապագա իրադարձություններն ՈՒկրաինայում Ռուսաստանի անվտանգությանն ու բարեկեցությանը առավել լուրջ սպառնալիք կդառնան։ Կասկածներ են առաջանում, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի ուժի կենտրոնների որոշ չեզոքությունը կարող է բացատրվել այն բանի ըմբռնմամբ, որ ՈՒկրաինան թևակոխել է փլուզման արագացման մի ժամանակաշրջան, ինչը հսկայական խնդիրներ կառաջադրի Ռուսաստանին և կարող է ծանրագույն հարված հասցնել մի շարք տարածաշրջաններում նրա ունեցած դիրքերին։ Ամերիկյան ու բրիտանական քաղնախագծողները, որոնք ՈՒկրաինան դիտարկում են, առաջին հերթին, որպես հզոր արգելապատնեշ Եվրոպայի ու Ռուսաստանի միջև և նրան են վերապահում, նախ և առաջ, այդ գործառույթները, սպասում են պառակտման ու փլուզման նոր գործընթացների, որոնք լայնածավալ առճակատում կառաջացնեն Եվրոպայում։ Այդ առճակատումն ինչ-որ չափով կարող է վնաս հասցնել ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ Եվրոպայի աշխարհաքաղաքական շահերին, իսկ վերջինս ամենևին պատրաստ չէ նման մեծ պետության փլուզման հետ կապված իրադարձություններին։ Դա, անշուշտ, կշոշափի բոլոր սահմանակից երկրների` Լեհաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունգարիայի, Սլովակիայի շահերը, բայց ոչ պակաս ազդեցություն կգործի նաև Գերմանիայի և Ֆրանսիայի շահերի ու անվտանգության վրա։ ՈՒկրաինայի փլուզումը նաև բուն Եվրոպայի պառակտման առավել արդյունավետ եղանակ է, այդ թվում, մեծ եռյակի` Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ձևավորվող ալյանսի։ Եվրոպայի հենց կենտրոնում կստեղծվի 20-միլիոնանոց արևմտաուկրաինական պետություն, որն անմիջապես առճակատման մեջ կմտնի Ռուսաստանի, հնարավոր է նաև Ռումինիայի, Լեհաստանի և այլ պետությունների հետ։ Հազիվ թե ՈՒկրաինայի փլուզումը ցավագին չլինի, տեղի ունենա առանց տարատեսակ հավակնությունների` նախ և առաջ տարածքների հարցերով։ Դա կարող է պատճառ դառնալ տեղահանված անձանց ու փախստականների մեծ հոսքի, սոցիալական և տնտեսական ճգնաժամի, ՈՒկրաինայի ներսում հարաբերությունների խարխլման։
ԱՄՆ-ն ու նրա արևմտյան գործընկերները քաղաքական և նյութական բավականին լուրջ միջոցներ են ծախսել ՈՒկրաինայում խոշորածավալ փորձարկումներ անցկացնելու համար, որոնք հանգեցրել են ամերիկյան ռազմավարության լիակատար ձախողմանը, այդ թվում` Սև ծովի ավազանում (ամերիկացիները դրանք կապում էին Եվրասիայում նվաճողամտության իրականացման անչափ հեռանկարային ծրագրերի հետ)։ Դժվար է պատկերացնել, թե հետագայում ԱՄՆ-ի մտքով կանցնի կրկնել ու շարունակել փորձերն ՈՒկրաինայում։ Նա, ավելի շուտ, Ռուսաստանին և ՈՒկրաինայում նրա դրածոներին հնարավորություն կտա համոզվելու, որ Կիևում ռուսամետ ուժերի իշխանության գալով հարցեր չեն լուծվում` ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական։ ՈՒկրաինայի փլուզումը, Արևմուտքում նոր պետության ստեղծումն ավելի հեռանկարային ու նպաստավոր, իսկ գլխավորը` ավելի քիչ ծախսատար խնդիր է։ Հազիվ թե այդ փլուզումը հանգեցնի հարավսլավական մոդելի, բայց հակամարտության ու առճակատման մակարդակը բավականին բարձր կլինի։ Դրա հետ մեկտեղ, Արևմտյան ՈՒկրաինայի առանձնացումը բնավ էլ չի հանգեցնի ՈՒկրաինայի «հիմնական» մասում առկա ներքին խնդիրների լուծմանը։ Արևմտաուկրաինական խնդիրը համաուկրաինական խնդրի մի մասն է միայն, որն ամենևին էլ զատված չէ միջտարածաշրջանային ներքին հակասությունների գաղափարից։ Մերձդնեպրի, տափաստանային ՈՒկրաինայի և մերձսևծովյան ընդարձակ տարածքների բնակչության ազգային ինքնագիտակցությունը նկատելիորեն տարբերվում է հարավարևելյան շրջանների բնակչության ինքնագիտակցությունից։
Ըստ էության, ՈՒկրաինայի բոլոր հարևան պետությունները, նախ և առաջ Ռուսաստանն ու Ռումինիան, այս կամ այն ձևով տարածքային պահանջներ են ներկայացնում նրան։ Հարցականի տակ է նաև Հարավային Բեսարաբիայի, Հյուսիսային Բուկովինայի ու Ղրիմի պատկանելությունն ՈՒկրաինային։ Թուրքիան Ղրիմը համարում է իր ազդեցության և նեոօսմանական կայսրության մեջ ներառման հեռանկարային գոտի։ Լեհաստանն իրեն շատ թե քիչ կոռեկտ է դրսևորում, բայց, այսպես թե այնպես, ազդանշաններ է ուղարկում լեհերի իրավունքների և ՈՒկրաինայում լեհական պատմական ժառանգության խնդրով։ ՈՒկրաինայի ծայրահեղ արևմուտքում իր քաղաքական հավակնություններն է հայտարարում Անդրկարպատյան մարզը։ Ահա սա՛ է իրողությունը։ ՈՒկրաինան բոլոր հնարավորություններն ուներ դառնալու ուժեղ և ազդեցիկ պետություն Եվրոպայում, բայց դա տեղի չունեցավ, և առաջին հերթին ուկրաինական ազգի միասնության բացակայության պատճառով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 858

Մեկնաբանություններ